Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.24
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
08.06.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
08.06.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԳԴ4/0002/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԳԴ4/0002/01/11

Գործ թիվ ԳԴ4/0002/01/11

Նախագահող դատավոր՝ Ե. Դարբինյան

                 Դատավորներ` Ա. Պետրոսյան

                  Ա. Հովհաննիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ Աշոտ Թորգոմի Հարությունյանի, Վլադիմիր Վլադիմիրի Բաղդասարյանի և նրա պաշտպան Ռ.Ռևազյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Ա.Մարտիրոսյանի կողմից հարուցվել է թիվ 50108810 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Վլադիմիր Բաղդասարյանի կողմից «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի 2011 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Վ.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել:

2. 2011 թվականի փետրվարի 16-ին Վ.Բաղդասարյանը և Աշոտ Հարությունյանը գրությամբ դիմել են քննիչ Ա.Մարտիրոսյանին` հայտնելով, որ 2010 թվականի նոյեմբերի 10-ին «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Ա.Սուքիասյանը և Է.Պետրոսյանն ապօրինի մուտք են գործել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան և առանց թույլտվության տեսանկարահանել: Խնդրել են ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն:

Քննիչ Ա.Մարտիրոսյանը 2011 թվականի փետրվարի 17-ին որոշում է կայացրել Վ.Բաղդասարյանի, Ա.Հարությունյանի միջնորդությունը մերժելու և Ա.Սուքիասյանի, Է.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. 2011 թվականի փետրվարի 22-ին թիվ 50108810 քրեական գործի նյութերը ծանոթանալու համար ներկայացվել են Վ.Բաղդասարյանին և նրա պաշտպաններ Ա.Սաղաթելյանին, Ռ.Ռևազյանին, սակայն նրանք հրաժարվել են ծանոթանալ` հայտարարելով, որ միջնորդում են նախքան քրեական գործի ավարտ հայտարարելը և նյութերին ծանոթացնելը Վ.Բաղդասարյանին օրենքով նախատեսված կարգով պարզաբանել առաջադրված մեղադրանքի էությունը և հարցաքննել: Պաշտպաններ Ա.Սաղաթելյանը և Ռ.Ռևազյանը հայտարարել են նաև, որ հաղորդում են տալիս լրագրողներ Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մասին:

Քննիչ Ա.Մարտիրոսյանը 2011 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացրել Վ.Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի էությունը պարզաբանելու և հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու մասին` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

4. 2011 թվականի փետրվարի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2011 թվականի փետրվարի 26-ին Վ.Բաղդասարյանը և Ա.Հարությունյանը բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով պարտավորեցնել քննիչ Ա.Մարտիրոսյանին` իրենց ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն:

2011 թվականի մարտի 23-ին պաշտպան Ռ.Ռևազյանը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով պարտավորեցնել քննիչ Ա.Մարտիրոսյանին` իր և պաշտպան Ա.Սաղաթելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն:

5. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 22-ի դատական նիստի ժամանակ Վ.Բաղդասարյանի պաշտպաններ Ռ.Ռևազյանը և Ա.Սաղաթելյանը հանդես են եկել միջնորդությամբ` խնդրելով դատարանին ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:

6. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին Վ.Բաղդասարյանի և Ա.Հարությունյանի բողոքը, պաշտպան Ռ.Ռևազյանի բողոքը, ինչպես նաև քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու մասին պաշտպաններ Ռ.Ռևազյանի և Ա.Սաղաթելյանի միջնորդությունը մերժելու մասին:

Նույն օրն Առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ, որով Վ.Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ Վ.Բաղդասարյանն ազատվել է նշանակված պատժից:

7. Ա.Հարությունյանի, Վ.Բաղդասարյանի և պաշտպան Ռ.Ռևազյանի վերաքննիչ բողոքների հիման վրա դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 12-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Նույն օրը Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Վ.Բաղդասարյանի պաշտպաններ Ռ.Ռևազյանի և Ա.Սաղաթելյանի վերաքննիչ բողոքները մերժելու և Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Վ.Բաղդասարյանի պաշտպաններ Ռ.Ռևազյանը և Ա.Սաղաթելյանը, որոնք Վճռաբեկ դատարանի 2012 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ վերադարձվել են` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել Ա.Հարությունյանը, Վ.Բաղդասարյանը և նրա պաշտպան Ռ.Ռևազյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

9. Վ.Բաղդասարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի նոյեմբերի 10-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Սևան քաղաքի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող շենքում խոչընդոտել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի մասնագիտական օրինական գործունեությանը, այն է` ձեռքով հարվածել է Է.Պետրոսյանի դեմքին և շենքից դուրս գալու պահանջներ ներկայացնելով` թույլ չի տվել կատարել նկարահանումներ:

10. Վ.Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքի էությունը պարզաբանելու և նրան հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու մասին քննիչ Ա.Մարտիրոսյանի 2011 թվականի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված է. «Իսկ ինչ վերաբերում է Ա.Սաղաթելյանի և Ռ.Ռևազյանի կողմից 10.11.2010 թ-ին Արփի Արտաշեսի Սուքիասյանի և Էդուարդ Հովհաննեսի Պետրոսյանի կողմից ՀՀ քր. օր.-ի 147 հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու մասին արված հաղորդմանը, ապա փաստի վերաբերյալ քրեական գործում առկա է 17.02.2011 թ-ին կայացված որոշում քրեական գործի հարուցումը մերժելու և Արփի Արտաշեսի Սուքիասյանի և Էդուարդ Հովհաննեսի Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, 131-132-րդ էջեր):

11. Վ.Բաղդասարյանը, Ա.Հարությունյանը և պաշտպան Ռ.Ռևազյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, նախաքննության մարմնի 2011 թվականի փետրվարի 17-ի և 2011 թվականի փետրվարի 22-ի որոշումները բողոքարկել են Առաջին ատյանի դատարան` խնդրելով պարտավորեցնել քննիչ Ա.Մարտիրոսյանին ներկայացված հաղորդումների հիման վրա հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 32-33-րդ և 36-37-րդ էջեր):

12. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի մարտի 12-ին որոշում է կայացրել Վ.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: Նույն դատական ակտով որոշվել է Վ.Բաղդասարյանի և Ա.Հարությունյանի բողոքը քննության առնել քրեական գործի դատաքննության ընթացքում (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 42-րդ էջ):

13. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի հուլիսի 13-ի որոշման մեջ նշել է. «(…) Այսպիսով, ինչպես հստակ երևում է վերը շարադրվածից, դեպքի վայր հանդիսացող Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 6/5 հասցեում գտնվող տարածքը հասարակական նշանակության տարածք է, այն որպես բնակարան չի օգտագործվել և չէր կարող օգտագործվել, ուստի Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի կողմից չէր կարող խախտվել ամբաստանյալ Վ.Բաղդասարյանի և քաղաքացի Աշոտ Հարությունյանի, ինչպես իրենք են նշում բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, իրավունք, որը տվյալ դեպքում ընդհանրապես գոյություն չի ունեցել (ի դեպ, ամբաստանյալ Վ.Բաղդասարյանն իրավական առումով ընդհանրապես ոչ մի առնչություն չունի մատնանշված հասարակական նշանակության տարածքի հետ):

Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու մասին, ենթակա է մերժման այն հիմքով, որ դատաքննությամբ Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի կողմից ազգային, ռասայական, կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ թույլ տալու, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել: Ա.Սուքիասյանը և Է.Պետրոսյանը, իրականացնելով օրենքով սահմանված իրենց մասնագիտական օրինական գործողությունները, փորձել են իրենց իրավասության սահմաններում տեղեկատվություն ստանալ ք.Սևան Դեմիրճյան 6/5 հասցեում գործող կրոնական կազմակերպության վերաբերյալ: Նշված գործողությունները կրոնական թշնամանք հարուցելու հատկանիշներ չեն պարունակում, ուստի և որպես այդպիսիք գնահատվել չեն կարող: Հարկ է նշել նաև, որ լրագրողները մինչ հիշյալ շինություն մտնելը նույնիսկ չեն իմացել, թե հատկապես որ կրոնական կազմակերպության հավաքատեղի է այն հանդիսանում» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, 155-156-րդ էջեր):

14. Վ.Բաղդասարյանը և պաշտպան Ռ.Ռևազյանն իրենց վերաքննիչ բողոքներում, ի թիվս այլնի, փաստարկել են նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար դատախազին դիմելու խնդրանքով պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, 8-12-րդ և 16-20 էջեր):

15. Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման մեջ փաստարկել է. «(…) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով քրեական գործի ներկայացված նյութերը, հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքները պետք է մերժել` նկատի ունենալով, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա.Հարությունյանի և պաշտպանական կողմի դիմումների, հաղորդումների և միջնորդության վերաբերյալ տրվել են լիարժեք և սպառիչ պատասխաններ, իսկ վերաքննիչ դատարանում լրացուցիչ որևէ փաստարկ չի ներկայացվել, անձի իրավունքները և ազատությունները խախտված չեն, ուստի կայացվել է օրինական, պատճառաբանված և հիմնավորված որոշում, որպիսին բեկանելու հիմքերը բացակայում են» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, 193-196-րդ էջեր):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

16. Բողոքների հեղինակները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերները նշել են, որ Առաջին ատյանի դատարանը, քրեական գործի շրջանակներում քննության առնելով քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին Ա.Հարությունյանի, Վ.Բաղդասարյանի և պաշտպան Ռ.Ռևազյանի բողոքները, թույլ է տվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգը սահմանող քրեադատավարական նորմերի խախտում: Մասնավորապես, խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն առ այն, որ բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, մինչդեռ հիշատակված բողոքների կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել այն ստանալու պահից ավելի քան 4 ամիս անց:

17. Ըստ բողոքների հեղինակների` Առաջին ատյանի դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ, հետևաբար Վերաքննիչ դատարանը, դրա դեմ բերված վերաքննիչ բողոքները քննելով կոլեգիալ` երեք դատավորի կազմով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ և 387-րդ հոդվածների պահանջների խախտում:

Բողոքների հեղինակներն անդրադարձել են նաև քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին բողոքների, ինչպես նաև քրեական գործ հարուցելու համար դատախազին դիմելու մասին միջնորդության հիմնազուրկ լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերում առկա դատողություններին՝ փաստարկելով, որ դրանք իրավաչափ չեն:

Ա.Հարությունյանն իր բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իրեն չի ծանուցել իր կողմից բերված բողոքի քննության օրվա մասին, ինչի արդյունքում ինքը զրկվել է դրա վերաբերյալ դատարանում բացատրություններ տալու իրավունքից:

18. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքներ բերած անձինք խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթն ավարտված լինելու դեպքում նախաքննության մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների քննության կարգի հետ կապված առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

 

I. Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) բողոքարկումը դատարան` գործով մինչդատական վարույթն ավարտված լինելու պարագայում

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. մինչդատական վարույթն ավարտված լինելու պարագայում նախաքննության մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները ենթակա են քննության քրեական գործի հետ համատեղ, գործն ըստ էության քննող դատարանի կողմից, թե առանձին վարույթով, մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատարանի կողմից:

20. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Դատարանի լիազորություններն են (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում` այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին: Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը: Վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր: Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն:

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին»:

Մեջբերված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է և կոչված է ապահովելու դատական պաշտպանության համընդհանուր իրավունքի արդյունավետ իրացումը քրեական դատավարության սկզբնական փուլում:

21. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ն.Միսակյանի գործով կայացված որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորալ այն մասին, որ.

«(…)

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (…)» (տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

22. Սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար նաև Ն.Միսակյանի գործով որոշման մեջ արձանագրված գործառույթների արդյունավետ կենսագործումն ապահովելու նպատակով ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նախատեսել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության տեսակները և դրանց իրականացման կարգը: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության իրականացման կարգը՝ որպես նման վերահսկողության օբյեկտ հռչակելով հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները, իսկ որպես վերահսկողության առարկա` այդ որոշումների և գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Վերոգրյալից հետևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին:

23. Դատարանի՝ սույն որոշման նախորդ կետում նշված լիազորությունն արդյունավետ և հնարավորինս արագ կերպով իրականացնելու, անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու նպատակով քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է վերահսկողության իրականացման հատուկ ընթացակարգ (դատավարական ձև), որն իր բնույթով էականորեն տարբերվում է քրեական գործի քննության կարգից: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասը դատարանին պարտավորեցնում է բողոքը քննել միանձնյա` այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, իսկ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանում դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր:

Ընդ որում, «Նարեկ» ՍՊԸ-ի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) դատական կարգով բողոքարկման ենթակա են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունները և որոշումները, որոնք կայացվել են մինչև գործն ըստ էության լուծելու համար դատարան ուղարկելը: Սահմանելով հետագա դատական վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը հետաքննության և նախաքննության մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման որևէ սահմանափակում չի նախատեսում` կապված գործի քննության դատավարական փուլի հետ: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախաքննության ավարտված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների դատական բողոքարկման համար: (…)» (տե՛ս «Նարեկ» ՍՊԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0050/11/08 որոշման 22-րդ կետը):

24. Սույն որոշման 20-23-րդ կետերում և համապատասխանաբար նաև Ն.Միսակյանի և «Նարեկ» ՍՊԸ-ի գործերով որոշումներում շարադրված իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթն ավարտված լինելու պարագայում նախաքննության մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները ենթակա են քննության մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատարանի կողմից՝ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված վերահսկողության իրականացման ընթացակարգի (դատավարական ձևի) պահպանմամբ:

Հակառակ դեպքում, եթե այդ բողոքները քննության առարկա դարձվեն քրեական գործն ըստ էության քննող դատարանի կողմից, ապա այդ գործի քննության ընթացքում արդյունավետ կերպով չեն կենսագործվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրները: Արդյունքում` բողոքաբերը կզրկվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից:

II. Քրեական գործ հարուցելու համար դատախազին դիմելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման անթույլատրելիությունը

25. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է պատասխանել նաև հետևյալ հարցին. դատավարության մասնակիցների` քրեական գործ հարուցելու համար դատախազին դիմելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա՞ է արդյոք վերաքննիչ բողոքարկման:

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.

5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:

27. Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է որևէ իրավանորմ, որը կսահմաներ քրեական գործ հարուցելու համար դատախազին դիմելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքը:

Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն` սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատավարության մասնակիցների` քրեական գործ հարուցելու համար դատախազին դիմելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ:

28. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Բաղդասարյանի և Ա.Հարությունյանի դիմումի կապակցությամբ, որտեղ վերջիններս խնդրել էին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և կատարել նախաքննություն, քննիչ Ա.Մարտիրոսյանը 2011 թվականի փետրվարի 17-ին որոշում է կայացրել Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Քրեական գործի նյութերին ծանոթացնելիս Վ.Բաղդասարյանի պաշտպաններ Ա.Սաղաթելյանը և Ռ.Ռևազյանը հայտարարել են, որ հաղորդում են տալիս լրագրողներ Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մասին: Միևնույն ժամանակ պաշտպանության կողմը միջնորդել է Վ.Բաղդասարյանին պարզաբանել առաջադրված մեղադրանքի էությունը և հարցաքննել: Քննիչ Ա.Մարտիրոսյանը 2011 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացրել նշված միջնորդությունը մերժելու մասին: Որոշման մեջ քննիչն անդրադարձել է նաև պաշտպաններ Ա.Սաղաթելյանի և Ռ.Ռևազյանի հաղորդմանը` նշելով, որ փաստի առթիվ քրեական գործում առկա է Ա.Սուքիասյանի և Է.Պետրոսյանի նկատմամբ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 3-րդ և 10-րդ կետերը):

Վ.Բաղդասարյանը և Ա.Հարությունյանը, ինչպես նաև պաշտպան Ռ.Ռևազյանը քննիչի վերոգրյալ որոշումների դեմ բողոք են ներկայացրել Առաջին ատյանի դատարան (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի մարտի 12-ին որոշում է կայացրել Վ.Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: Նույն դատական ակտով որոշվել է Վ.Բաղդասարյանի և Ա.Հարությունյանի բողոքը քննության առնել քրեական գործի դատաքննության ընթացքում (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 22-ի դատական նիստի ժամանակ պաշտպաններ Ռ.Ռևազյանը և Ա.Սաղաթելյանը հանդես են եկել միջնորդությամբ` խնդրելով դատարանին ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել նախաքննության մարմնի որոշումների դեմ Վ.Բաղդասարյանի, Ա.Հարությունյանի և պաշտպան Ռ.Ռևազյանի բողոքները մերժելու մասին: Նույն որոշմամբ Առաջին ատյանի դատարանը մերժել է նաև քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու մասին պաշտպանների միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ և 13-րդ կետերը):

Վերաքննիչ բողոքներում Վ.Բաղդասարյանը և պաշտպան Ռ.Ռևազյանը վիճարկել են նաև դատաքննության ընթացքում պաշտպանության կողմի արված միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ փաստարկել է, որ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը):

29. Սույն որոշման 26-27-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի հետևյալ խախտումները.

ա) Առաջին ատյանի դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված` մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների նկատմամբ դատական վերահսկողության իրականացման ընթացակարգը (դատավարական ձևը), նախաքննության մարմնի որոշումների դեմ Վ.Բաղդասարյանի, Ա.Հարությունյանի և պաշտպան Ռ.Ռևազյանի բողոքները քննության է առել քրեական գործի հետ համատեղ: Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման է ենթարկել քրեական գործի քննության ընթացքում և վերոգրյալ խախտումը վերացնելու փոխարեն դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

բ) Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն, որ դատավարության մասնակիցների` քրեական գործ հարուցելու համար դատախազին դիմելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, Վ.Բաղդասարյանի և Ռ.Ռևազյանի վերաքննիչ բողոքների հիման վրա դատական ստուգման է ենթարկել նաև պաշտպանության կողմի միջնորդությունը մերժելու մասով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը:

30. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու վերաբերյալ Ա.Հարությունյանի, Վ.Բաղդասարյանի և Ռ.Ռևազյանի բողոքները մերժելու մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ինչ վերաբերում է բողոքաբերների կողմից բարձրացված մյուս հարցերին (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արձանագրված խախտումների առկայության պայմաններում նպատակահարմար չի գտնում անդրադառնալ դրանց:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու վերաբերյալ Ա.Հարությունյանի, Վ.Բաղդասարյանի և պաշտպան Ռ.Ռևազյանի բողոքները մերժելու մասին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան