Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.10.03/48(922).1 Հոդ.1069.32
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
08.06.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
08.06.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ1/0025/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ1/0025/01/11

Քրեական գործ թիվ ԿԴ1/0025/01/11

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

    Դատավորներ`  Ե. Դարբինյան

                   Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

 

Հ. Ղուկասյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Լ.Պողոսյանի

 

2012 թվականի հունիսի 8-ին

Երևան քաղաքում 

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վլադիկ Վաչագանի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ.Խաչատրյանի պաշտպան Լ.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի փետրվարի 11-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 20103011 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Վլադիկ Խաչատրյանի կողմից սպանության փորձ կատարելու փաստի առթիվ:

2011 թվականի փետրվարի 11-ին Վ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Վ.Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել:

Նույն օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Վ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2011 թվականի մարտի 14-ի որոշմամբ Վ.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով նոր մեղադրանք է առաջադրվել:

2011 թվականի մարտի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 20-ի դատավճռով Վ.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ Վ.Խաչատրյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց:

Վ.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառմամբ Վ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:

3. Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Խաչատրյանի պաշտպան Լ.Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի հունվարի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Վ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, և նա դատապարտվել է հետևյալ արարքների համար.

2011 թվականի հունիս ամսին Վ.Խաչատրյանը և Աբովյան քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 12 շենքի 15-րդ բնակարանի սեփականատեր Սերգեյ Թադևոսյանը բանավոր համաձայնության են եկել, որ վերջինս վաճառում է հիշատակված բնակարանը և կից ավտոտնակը 65.000 ԱՄՆ դոլարով, իսկ Վ.Խաչատրյանը գնում է այն: Պայմանավորվածության համաձայն` գործարքը փաստաթղթային ձևակերպում պետք է ստանար 1,5 տարվա ընթացքում, երբ Վ.Խաչատրյանն աստիճանաբար վճարեր այդ գումարը: Դրանից հետո Վ.Խաչատրյանը որպես կանխավճար Ս.Թադևոսյանին է տվել 3.000 ԱՄՆ դոլար և 2010 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ընտանիքով տեղափոխվել է Ս.Թադևոսյանի բնակարան, իսկ վերջինս, տեղափոխվելով ավտոտնակին կից սենյակ, շարունակել է օգտվել բնակարանի կոմունալ հարմարություններից: Մինչև 2010 թվականի նոյեմբեր ամիսը Վ.Խաչատրյանը Ս.Թադևսյանին բնակարանի դիմաց որևէ գումար չի տվել, վերջինս պահանջել է ազատել բնակարանը, սակայն Վ.Խաչատրյանը չի համաձայնել` պահանջելով վերադարձնել 3.000 ԱՄՆ դոլարը: Դրանից հետո Ս.Թադևոսյանը լոգարանից օգտվելու պատրվակով մտել է բնակարան, այնտեղից դուրս հանել Վ.Խաչատրյանի կնոջը և թոռնիկներին և այլևս թույլ չի տվել, որ Վ.Խաչատրյանի ընտանիքը բնակվի նշված բնակարանում: Բնակարանում մնացած գույքը և որպես կանխավճար տված գումարը հետ վերցնելու նպատակով Վ.Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանության Կոտայքի բաժին: Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Մ.Կիրակոսյանը 2011 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին` դիմումի մեջ նշված փաստերի՝ քաղաքացիաիրավական բնույթ կրելու պատճառաբանությամբ: Նշված որոշումը սահմանված ժամկետում հանձնվել է Վ.Խաչատրյանին: 2011 թվականի փետրվարի 11-ին` ժամը 12-ի սահմաններում, Վ.Խաչատրյանը դատարան դիմելու համար նյութերը վերցնելու նպատակով գնացել է ավագ քննիչ Մ.Կիրակոսյանի աշխատասենյակ, որտեղ պատահաբար հանդիպել է Ս.Թադևոսյանին: Աշխատասենյակում Վ.Խաչատրյանը Ս.Թադևոսյանից պահանջել է վերադարձնել որպես կանխավճար տված 3.000 ԱՄՆ դոլարը և իր ընտանիքին պատկանող՝ Ս.Թադևոսյանի բնակարանում մնացած գույքը, սակայն հատկապես գումարը վերադարձնելու մասին մերժողական պատասխան լսելով` բռնել է Ս.Թադևոսյանի վերարկուի թևից, մյուս ձեռքով իր գրպանից հանել է աշխատանքի վայրում օգտագործվող և սրելու նպատակով պատահաբար իր մոտ մնացած խոհանոցային դանակը և ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով մի քանի հարված է փորձել հասցնել Ս.Թադևոսյանի որովայնի և կրծքավանդակի հատվածին, սակայն վերջինս կարողացել է խույս տալ հարվածներից, հետ է քաշվել` բռնելով Վ.Խաչատրյանի ձեռքը: Այդ ընթացքում քննիչ Մ.Կիրակոսյանը Վ.Խաչատրյանին մի կողմ է հրել, գցել է բազմոցի վրա և բռնել ձեռքը, որում եղել է դանակը: Բղավոցներից աշխատասենյակ է մտել նույն քննչական բաժանմունքի քննիչ Լ.Գրիգորյանը, որի միջամտությունից հետո Վ.Խաչատրյանը տվել է դանակը, արդյունքում` Վ.Խաչատրյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

Այնուհետև Վ.Խաչատրյանը, դեռևս գտնվելով քննիչ Մ.Կիրակոսյանի աշխատասենյակում, դիտավորությամբ ձեռքով հարվածել է Ս.Թադևոսյանի դեմքին` պատճառելով առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

6. Քրեական գործի քննության ընթացքում տուժող Ս.Թադևոսյանը հետևյալ բովանդակությամբ ցուցմունք է տվել. «(…) այդ պահին նա փակեց իմ ճանապարհը, վերարկուի աջ թևի միջից հանելով մի սուր ծայրով դանակ, բռնելով իմ վերարկուի թևից, բղավելով, որ ես միևնույնն է քեզ սպանելու եմ, սկսեց դանակով հարվածներ հասցնել փորիս և կրծքիս մասերին: Այդ ժամանակ քննիչ Մ.Կիրակոսյանը վրա հասավ, բռնեց նրա ձեռքը, դանակը մի կերպ առավ և թույլ չտվեց, որ նա շարունակեր ինձ հարվածել և վնասել (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, 14-15-րդ էջեր):

7. Վկա Մ.Կիրակոսյանը հետևյալ բովանդակությամբ ցուցմունք է տվել. «(…) Այդ պահին Վ.Խաչատրյանն իր վերարկուի աջ թևի միջից քաշեց ու դուրս բերեց մի սույր ծայրով խոհանոցային դանակ, աջ ձեռքում բռնելով, իսկ մյուսով էլ բռնելով Ս.Թադևոսյանի վերարկուից, ասաց` տես թե ինչ եմ անելու, խփելու եմ քեզ սպանեմ միևնույնն է, փողս չես տալիս ու դանակի ծայրի սուր մասով երեք անգամ հարվածներ հասցրեց Ս.Թադևոսյանի որովայնի ու կրծքավանդակի վրա: Ս.Թադևոսյանն այդ պահին հետ էր քաշվում ու բռնեց Վ.Խաչատրյանի ձեռքը: Ես բղավեցի, որ վերջ տա, չհարվածի ու տեղիցս արագ վեր կենալով` հասա Վլադիկին, բռնեցի ձեռքից, որ չհարվածի, վնասազերծեցի նրան (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, 35-37-րդ էջեր):

Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում պատասխանելով նախագահող դատավորի հարցին` Մ.Կիրակոսյանն ասել է. «Չգիտեմ ինչն էր խանգարում, որ հարվածեր, ես մտածում եմ, որ տուժողը պաշտպանվել է, դա է նպաստել, որ հարված չլինի» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, 149-151-րդ էջեր):

8. Ամբաստանյալ Վ.Խաչատրյանը հերքել է Ս.Թադևոսյանին դանակով հարվածելու հանգամանքը՝ հայտնելով, որ վերջինիս ուղղությամբ դանակը ձեռքին որևէ շարժում չի կատարել, այլ ընդամենը ցանկացել է վախեցնելու միջոցով հետ ստանալ իր գումարը (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, 47-49-րդ, 71-72-րդ և 97-100-րդ էջեր):

Ամբաստանյալ Վ.Խաչատրյանն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել գրություն, որտեղ հայտնել է, որ նախապես տեղյակ է եղել այն մասին, որ տուժող Ս.Թադևոսյանը 2011 թվականի փետրվարի 11-ին` ժամը 11-12-ի սահմաններում, գնալու է քննիչ Մ.Կիրակոսյանի աշխատասենյակ: Այդ օրն առավոտյան իր անձնական ավտոմեքենայով եկել և սպասել է մինչև Ս.Թադևոսյանը մտել է ոստիկանության շենք, որից հետո` մոտ 10 րոպե անց, բարձրացել է քննիչի աշխատասենյակ, որտեղ հանդիպել է Ս.Թադևոսյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 134-139-րդ էջեր):

9. Տուժող Ս.Թադևոսյանի մոտ դանակի գործադրմամբ պատճառված որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել (տե՛ս դատաբժշկական փորձագետի թիվ 17 եզրակացությունը, քրեական գործ, հատոր 1-ին, 38-39-րդ էջեր): Դեպքի պահին Ս.Թադևոսյանի հագին եղած հագուստների վրա ծակած-կտրած վնասվածքներ նույնպես առկա չեն եղել (տե՛ս դատահետքաբանական փորձագետի թիվ 238 եզրակացությունը, քրեական գործ, հատոր 1-ին, 107-108-րդ էջեր):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործի քննության ընթացքում ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 25-րդ, 126-127-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ դատարանները ճիշտ չեն գնահատել քրեական գործում առկա ապացույցները, ինչի հետևանքով ամբաստանյալ Վ.Խաչատրյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական: Ըստ բողոքաբերի` քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր, որ Վ.Խաչատրյանի դիտավորությունն ուղղված է եղել Ս.Թադևոսյանին ապօրինաբար կյանքից զրկելուն, և այն ավարտին չի հասցվել` Վ.Խաչատրյանի կամքից անկախ հանգամանքներում: Ամբաստանյալը, նպատակ ունենալով վախեցնելու միջոցով հետ ստանալ իր գումարը և գույքը, Ս.Թադևոսյանի հասցեին տվել է սպանության սպառնալիք, հետևաբար նրա արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2011 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը և Վ.Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով (սպանության փորձ) և 137-րդ հոդվածով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) նախատեսված հանցակազմերի հատկանիշների ճիշտ մեկնաբանման կապակցությամբ: Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քրեաիրավական վերլուծության ենթարկել վերոնշյալ հանցակազմերը` նպատակ ունենալով դրանցով արգելված արարքների համար քրեական պատասխանատվության ոլորտում ապահովել օրենքի միատեսակ կիրառություն:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալ Վ.Խաչատրյանի արարքում սպանության փորձի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում սպանության, այսինքն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

15. Ինչպես երևում է վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից, ՀՀ քրեական օրենսդրությունը քրեական պատասխանատվություն է սահմանում ոչ միայն սպանության կամ դրա փորձի, այլ նաև այդպիսի արարք կատարելու իրական սպառնալիքի համար:

Սպանության, ինչպես նաև հանցափորձի քրեաիրավական բնութագրերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Բաղդասարյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններից հանրային առավել բարձր վտանգավորությամբ առանձնանում է սպանությունը: Սպանության օբյեկտ են հանդիսանում հասարակական այն հարաբերությունները, որոնք ուղղված են մարդու կյանքի անվտանգության ապահովմանը: Այլ կերպ ասած` նշված հանցագործության անմիջական օբյեկտը յուրաքանչյուր մարդու կյանքն է, որը ենթակա է քրեաիրավական պաշտպանության նրա ծնվելու պահից մինչև մահ:

Օբյեկտիվ կողմից սպանությունը դրսևորվում է մեկ ուրիշին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու մեջ, որը կարող է կատարվել և՛ գործողությամբ, և՛ անգործությամբ: Գործողությամբ կատարվող սպանությունը կարող է տեղի ունենալ տուժողի վրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ներգործության միջոցով: Անգործությամբ պատճառված մահվան համար կարող է քրեական պատասխանատվություն առաջանալ միայն այն ժամանակ, երբ հաստատվի, որ անձն անհրաժեշտ գործողություններով չի կանխել վրա հասնող մահը, թեև տվյալ կոնկրետ իրադրությունում ոչ միայն պարտավոր էր, այլև իրական հնարավորություն ուներ դա անելու:

Օբյեկտիվ կողմից սպանությունը բնութագրվում է նաև հանցավոր արարքի և առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքների միջև պատճառական կապի պարտադիր առկայությամբ:

Քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Ուղղակի դիտավորության դեպքում հանցավորը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկանում է տուժողին մահ պատճառել: Անուղղակի դիտավորության դեպքում անձը գիտակցում է, որ ուրիշի կյանքի համար վտանգավոր արարք է կատարում, նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորությունը, չի ցանկանում, բայց գիտակցաբար թույլ է տալիս տուժողի մահվան առաջացումը կամ անտարբերություն է դրսևորում այդ հետևանքի առաջացման նկատմամբ:

(…)

Օբյեկտիվ կողմից հանցափորձը բնութագրվում է`

1. գործողությամբ (անգործությամբ), որն անմիջականորեն ուղղված է հանցանքի կատարմանը,

2. հանցագործությունն անձի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով:

Հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում, այլ կերպ` հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումն սկսվում է, սակայն չի ավարտվում: Նյութական հանցագործության դեպքում չի առաջանում օրենքով նախատեսված հետևանքը, կամ հետևանքն առաջանում է, սակայն ոչ հանցավորի դիտավորությամբ նախատեսվածը (օրինակ` սպանության փորձի ժամանակ տուժողը ոչ թե մահանում է, այլ ստանում է ծանր մարմնական վնասվածք): Ուստի այն դեպքերում, երբ հանցագործության փորձի ժամանակ առաջանում են այնպիսի հետևանքներ, որոնք ոչ թե հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված, այլ մեկ ուրիշ ավարտված հանցագործության հատկանիշներ են, ապա դրանք կլանվում են հանցավորի դիտավորությամբ ընդգրկված հանցագործության փորձի մեջ և ինքնուրույն չեն որակվում:

Հանցափորձը բնութագրող հաջորդ հատկանիշն այն է, որ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում: Սուբյեկտիվ կողմից հանցափորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ» (տե՛ս Արարատ Վազգենի Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 14-րդ և 16-րդ կետերը):

16. Հիմք ընդունելով վերոգրյալ վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության փորձը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Այլ խոսքով՝ սպանության փորձի դեպքում հանցավորը գիտակցում է իր գործողության (անգործության) հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսում է մեկ ուրիշի մահը վրա հասնելու հնարավորությունը կամ անխուսափելիությունը և ցանկանում է դրա առաջանալը, սակայն մահացու հետևանքը վրա չի հասնում նրա կամքից անկախ պատճառներով (զոհի ակտիվ դիմադրություն, այլ անձանց միջամտություն, տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալ և այլն):

17. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության սպառնալիքի հետ մեկտեղ այն պատասխանատվություն է նախատեսում առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու իրական սպառնալիքի համար: Այսինքն` նշված հանցակազմի օբյեկտը հավաքական բնույթ է կրում, այն բաղկացած է մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև սեփականության անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններից:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է ակտիվ գործողություններով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքով: Սպառնալիքը մարդու նկատմամբ հոգեբանական հարկադրանքի ձև է, որը նպատակ է հետապնդում վախեցնել նրան, առաջացնել տագնապի, սեփական անվտանգության կամ գույքի համար անհանգստության զգացում: Այս հանցակազմի իմաստով սպառնալիքի արտահայտման եղանակները կարող են տարբեր լինել, ինչն արարքի որակման համար նշանակություն չունի: Այն կարող է արտահայտվել բանավոր, գրավոր, որոշակի գործողություններով (օրինակ` զենքը ցուցադրաբար թափահարելով):

ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը ձևական է, այսինքն՝ հանցանքն ավարտված է համարվում սպառնալիքը տալու պահից: Հնարավոր են դեպքեր, սակայն, երբ սպառնալիքը տրվել է գրավոր ձևով, և այն ինչ-որ պատճառով չի հասել հասցեատիրոջը: Նման դեպքերում հանցանքն ավարտված կհամարվի այն ժամանակ, երբ տուժողը ծանոթանա սպառնալիքի բովանդակությանը:

18. Քննարկվող հանցակազմի պարտադիր հատկանիշներից են սպառնալիքի կոնկրետությունը և իրական լինելը: Տվյալ դեպքում կոնկրետությունը ենթադրում է այն հանգամանքի հստակեցում, թե ինչպիսի վնաս է սպառնում պատճառել հանցավորը` սպանել, առողջությանը ծանր վնաս պատճառել, թե խոշոր չափի գույքային վնաս հասցնել: Ընդ որում, սպառնալիքի իրականացման եղանակների մասին հայտարարելը արարքի որակման համար նույնպես նշանակություն չունի:

Սպառնալիքն իրական է համարվում այն դեպքում, երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից: Այլ կերպ ասած` տուժողը պետք է կարծի, որ սպառնալիքի իրականացումը հնարավոր է: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սպառնալիքի իրական լինելը հավաստելու համար տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումը կարևոր է, սակայն արարքի որակման համար այն ածանցյալ նշանակություն ունի, առաջնայինն օբյեկտիվ իրադրության գնահատումն է: Հնարավոր են դեպքեր, երբ օբյեկտիվ իրադրությունը հիմք չի տալիս սպառնալիքն իրական գնահատելու համար, սակայն անձն իր հոգեկան լարված վիճակի, հոգեկան առանձնահատկությունների կամ այլ պատճառներով իրականությունը խեղաթյուրված է ընկալում` կարծելով, թե սպառնալիքն իրական է: Օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, հանցավորի և տուժողի միջև հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը և այլն: Հետևաբար սպառնալիքի իրական լինելու հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է լուծվի` գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` տուժողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով:

19. Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով արգելված արարքը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Այսինքն` հանցավորը գիտակցում է, որ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք տալով` տուժողի վրա հոգեբանական ազդեցություն է գործադրում` վերջինիս մոտ առաջացնելով վախի, անվստահության զգացողություն, նախատեսում և ցանկանում է նշված հետևանքների առաջացումը: Հանցագործության շարժառիթները կարող են տարբեր լինել` վրեժ, խանդ, անձնական անբարյացկամ հարաբերություններ և այլն:

20. Այսպիսով, հիմք ընդունելով նախորդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպանության փորձի ժամանակ հանցավորի դիտավորությունն ուղղված է տուժողին կյանքից զրկելուն, և նա այդ ուղղությամբ որոշակի գործողություններ է կատարում, սակայն հանցագործությունը մինչև վերջ չի հասցնում` իր կամքից անկախ հանգամանքներով (զոհի ակտիվ դիմադրություն, այլ անձանց միջամտություն, տուժողին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալ և այլն): Այլ խոսքով՝ սպանության փորձի ժամանակ սպանության հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումը սկսվում է, սակայն հետևանքը՝ տուժողի մահը, վրա չի հասնում հանցավորի կամքից անկախ պատճառներով: Մինչդեռ սպանության սպառնալիքի պարագայում հանցավորի գործողությունները սահմանափակվում են միայն այս կամ այն կերպ սպառնալիք տալով, իսկ նրա դիտավորությունն ուղղված է տուժողի հոգեկան առողջությանը վնաս պատճառելուն` նրա մոտ սեփական կյանքի համար տագնապի զգացողության առաջացմանը: Այսինքն` սպանության սպառնալիքը ենթադրում է միայն հոգեբանական բռնություն, այլ ոչ թե ֆիզիկական:

21. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ ստորադաս դատարանները հաստատված են համարել այն, որ 2011 թվականի փետրվարի 11-ին` ժամը 12-ի սահմաններում, Վ.Խաչատրյանը դատարան դիմելու համար նյութերը վերցնելու նպատակով գնացել է քննիչ Մ.Կիրակոսյանի աշխատասենյակ և այնտեղ պատահաբար հանդիպել Ս.Թադևոսյանին: Քննիչի աշխատասենյակում Վ.Խաչատրյանը Ս.Թադևոսյանից պահանջել է վերադարձնել 3.000 ԱՄՆ դոլարը և իր ընտանիքին պատկանող գույքը, սակայն լսելով հատկապես գումարը վերադարձնելու մասին մերժողական պատասխան` բռնել է Ս.Թադևոսյանի վերարկուի թևից, մյուս ձեռքով իր գրպանից հանել աշխատանքի վայրում օգտագործվող և սրելու նպատակով պատահաբար իր մոտ մնացած խոհանոցային դանակը և ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով մի քանի հարված է փորձել հասցնել վերջինիս որովայնի և կրծքավանդակի հատվածին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Ամբաստանյալ Վ.Խաչատրյանը հերքել է Ս.Թադևոսյանին դանակով հարվածելու հանգամանքը` հայտնելով, որ վերջինիս ուղղությամբ դանակը ձեռքին որևէ շարժում չի կատարել, այլ ընդհամենը ցանկացել է վախեցնելու միջոցով հետ ստանալ իր գումարը: Տուժող Ս.Թադևոսյանի մոտ դանակի գործադրմամբ պատճառված որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել, դեպքի պահին Ս.Թադևոսյանի հագին եղած հագուստների վրա ծակած-կտրած վնասվածքներ նույնպես առկա չեն եղել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

22. Միևնույն ժամանակ քրեական գործում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ամբաստանյալ Վ.Խաչատրյանը քննիչ Մ.Կիրակոսյանի աշխատասենյակում պատահաբար չի հանդիպել տուժող Ս.Թադևոսյանին: Վ.Խաչատրյանը հայտնել է, որ տեղյակ է եղել այն մասին, որ Ս.Թադևոսյանը 2011 թվականի փետրվարի 11-ին` ժամը 11-12-ի սահմաններում, գնալու է քննիչ Մ.Կիրակոսյանի աշխատասենյակ և նախապես սպասել է, մինչև վերջինս մտել է ոստիկանության շենք, որից մոտ 10 րոպե անց բարձրացել է քննիչի աշխատասենյակ և հանդիպել նրան (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Բացի այդ, ինչպես տուժող Ս.Թադևոսյանը, այնպես էլ քննիչ Մ.Կիրակոսյանն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ ամբաստանյալ Վ.Խաչատրյանը, մի ձեռքով բռնելով Ս.Թադևոսյանին, մյուսով իր վերարկուի թևի միջից է հանել խոհանոցային դանակը, որով փորձել է հարվածել տուժողին (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):

23. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սույն որոշման նախորդ կետում նշված փաստական տվյալները որևէ գնահատականի չեն արժանացրել, այլ ապացույցների բավարար համակցությամբ չեն հերքել դրանք և այդ պայմաններում հաստատված են համարել այն, որ Վ.Խաչատրյանը դատարան դիմելու համար նյութերը վերցնելու նպատակով է գնացել քննիչ Մ.Կիրակոսյանի աշխատասենյակ և այնտեղ պատահաբար է հանդիպել Ս.Թադևոսյանին, ինչպես նաև այն, որ Վ.Խաչատրյանը գրպանից է հանել պատահաբար իր մոտ մնացած խոհանոցային դանակը և դրանով փորձել հարվածել Ս.Թադևոսյանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ստորադաս դատարանները որևէ գնահատական չեն տվել Առաջին ատյանի դատարանում նախագահող դատավորի հարցին վկա Մ.Կիրակոսյանի կողմից տրված հետևյալ պատասխանին. «Չգիտեմ ինչն էր խանգարում, որ հարվածեր, ես մտածում եմ, որ տուժողը պաշտպանվել է, դա է նպաստել, որ հարված չլինի» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

24. Բացի այդ, գործի նյութերով հաստատված է, որ ամբաստանյալի և տուժողի միջև դեպքին նախորդող ժամանակահատվածում առկա են եղել լարված փոխհարաբերություններ, մասնավորապես Ս.Թադևոսյանն իր բնակարանից վտարել է Վ.Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, իսկ հետագայում հրաժարվել է վերադարձնել բնակարանում մնացած Վ.Բաղդասարյանի ընտանիքին պատկանող գույքը և վերջինիս կողմից բնակարանը գնելու նպատակով տրված 3.000 ԱՄՆ դոլար կանխավճարը: Նշված գույքն ու գումարը հետ ստանալու նպատակով Վ.Խաչատրյանը դիմում է ներկայացրել ոստիկանության Կոտայքի բաժին, որի հիման վրա նախապատրաստված նյութերով քննիչ Մ.Կիրակոսյանը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել պարզելու հանցավոր ոտնձգության պահին ամբաստանյալ Վ.Խաչատրյանի մոտ առկա հոգեկան ապրումները, հույզերը, չի պարզվել, թե ընդունա՞կ էր արդյոք վերջինս տվյալ պահին խելամիտ և բազմակողմանիորեն կշռադատելու և գիտակցելու իր արարքի հետևանքները:

Վճաբեկ դատարանը գտնում է, որ առանց վերը նշված հանգամանքները պարզելու ամբաստանյալ Վ.Խաչատրյանի արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալ հնարավոր չէ:

25. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, պատշաճ հետազոտման և գնահատման չեմ ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները: Նշված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով քրեադատավարական օրենքի էական խախտում է, ուստի հիմք է սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության, որը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներով, ինչպես վերաբերելիության և թույլատրելիության առումով, այնպես էլ իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից պետք է պատշաճ հետազոտման և գնահատման ենթարկի գործում առկա ապացույցները, որից հետո միայն սույն որոշման 15-20-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո քրեաիրավական գնահատական տա ամբաստանյալ Վ.Խաչատրյանի կատարած արարքին:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վլադիկ Վաչագանի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան