Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1256.11
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
24.08.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0001/11/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0001/11/12

Գործ թիվ ԵԷԴ/0001/11/12

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

      

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի օգոստոսի 24-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի փետրվարի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է թիվ 12148310 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի մարտի 16-ի որոշմամբ Արմեն Աշոտի Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մարտի 18-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

2011 թվականի ապրիլի 29-ին քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կասեցվել է:

2. 2011 թվականի հունիսի 16-ին մեղադրյալ Ա.Պետրոսյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Ա.Պետրոսյանի մեղադրանքը փոփոխվել է, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 1-ին մասով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2011 թվականի նոյեմբերի 24-ին Ա.Պետրոսյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և ներկայացվել է նախաքննության մարմնին: Նույն օրը քրեական գործի վարույթը վերսկսվել է և Ա.Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 1-ին մասով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ նույն դատարանի 2011 թվականի մարտի 18-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է:

3. 2011 թվականի դեկտեմբերի 26-ին մեղադրյալ Ա.Պետրոսյանի պաշտպան Վ.Աթոյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն` խնդրելով մեղադրյալ Ա.Պետրոսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից` միջին ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձին 6 ամսից ավելի ժամկետով կալանքի տակ պահելն անթույլատրելի լինելու պատճառով, քրեական գործի վարույթը կարճել և Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Ափիյանը 2011 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել մեղադրյալ Ա.Պետրոսյանին կալանքից ազատ արձակելու մասով պաշտպան Վ.Աթոյանի միջնորդությունը մերժելու մասին` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով միջնորդության լուծումը հետաձգվել է` մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

4. 2012 թվականի հունվարի 11-ին պաշտպան Վ.Աթոյանը բողոք է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել դատախազ Ա.Ափիյանի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը և պարտավորեցնել նախաքննության մարմնին մեղադրյալ Ա.Պետրոսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից, ինչպես նաև կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշմամբ պաշտպան Վ.Աթոյանի բողոքը բավարարվել է մասնակիորեն: Նախաքննության մարմինը պարտավորեցվել է վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը, այն է` մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը հաշվել վերջինիս փաստացի արգելանքի վերցնելու օրվանից` 2011 թվականի հունիսի 16-ից և, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, անթույլատրելի համարել կալանքի տակ Ա.Պետրոսյանի հետագա գտնվելը: Քրեական գործի վարույթը կարճելուն և Ա.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն պարտավորեցնելու մասով պաշտպանի բողոքը մերժվել է:

5. Դատախազ Ա.Ափիյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի փետրվարի 13-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

6. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

7. Առաջին ատյանի դատարանը պաշտպան Վ.Աթոյանի բողոքը մասնակիորեն բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, 165-րդ հոդվածով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Արմեն Աշոտի Պետրոսյանին առաջադրված մեղադրանքները դասվում են ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների շարքը, որոնց կատարման համար կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը (…):

Դատախազի այն փաստարկը, որ հանձնման համար կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող հաշվարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետների մեջ, քանի որ գործով մինչդատական վարույթը եղել է կասեցված, այն վերսկսվել է 2011թ. նոյեմբերի 24-ին, այսինքն` մեղադրյալին Հայաստան տեղափոխելու և քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու օրը և հետևաբար այդ օրվանից է պետք հաշվել մինչդատական վարույթի ընթացքում կալանքի ժամկետը, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի խախտում թույլ չի տրվել, անհիմն է, քանի որ այն չի բխում սույն որոշման մեջ նշված իրավական ակտերի պահանջներից, նմանօրինակ դրույթ չկա նախատեսված ոչ մի իրավական ակտում (…):

Դատարանը գտնում է, որ մեղադրյալին Հայաստանի Հանրապետություն բերելուց հետո ժամանակի և տարածության մեջ ՀՀ օրենքների գործողության սկզբունքից ելնելով, ՀՀ օրենսդրությամբ /տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով/ պատշաճ ընթացակարգ է կիրառվել, այն է` վերսկսվել է գործի վարույթը, մեղադրյալը ներկայացվել է դատարան` կիրառված խափանման միջոց կալանքը վերահաստատելու, նրան մեղադրանք է առաջադրվել, նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ: Սակայն դա չի նշանակում, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքով ՌԴ-ում փաստացի կալանքի տակ պահելու ժամկետը չպետք է հաշվվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները հաշվարկելիս, որը անհիմն լինելով հանդերձ, կհանգեցնի մարդու իրավունքների և ազատությունների խախտման (…):» (տե՛ս նյութեր, թերթ 45-50):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «Այսպիսով, առաջին ատյանի դատարանի դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Ափիյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ պաշտպան Վ.Աթոյանի բողոքը քննության առնելիս թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ» (տե՛ս նյութեր, թերթ 79-91):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ինչպես ՀՀ ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով հստակ չի կարգավորվում այն հարցը, թե հետախուզվողին այլ պետությունում հայտնաբերելու, արգելանքի վերցնելու և տեղափոխելու դեպքում որ պահից սկսած պետք է հաշվել նրան կալանքի տակ պահելու ժամկետը՝ օտարերկրյա պետությունում արգելանքի վերցվելո՞ւ, թե Հայաստանի Հանրապետություն նրան տեղափոխելու պահից: Ուստի, բողոքաբերը գտնում է, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը հնարավորություն կտա միատեսակ կիրառություն ապահովել բարձրացված հարցի կապակցությամբ, մասնավորապես այն առումով, թե հանձնման կապակցությամբ անձի` արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը մտնո՞ւմ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` մինչդատական վարույթի ընթացքում անձին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

10. Վերոգրյալից բացի, բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով կայացված՝ ստորադաս դատարանների որոշումները հանդիսանում են չհիմնավորված դատական ակտեր և ենթակա են բեկանման:

Ի հիմնավորումն իր պնդման՝ բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ Ա.Պետրոսյանը կալանքի տակ է պահվել երկու տարբեր իրավական ռեժիմներով. Ռուսաստանի Դաշնության տարածքում` հանձնման կապակցությամբ, իսկ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու օրվանից` մինչդատական վարույթի կապակցությամբ: Բողոքաբերը շեշտել է, որ հանձնման կապակցությամբ անձին անազատության մեջ պահելու ժամկետի և մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի հարաբերակցությունը որևէ կոնկրետ իրավական նորմով չի կարգավորվում: Նշվածը, սակայն, դեռևս չի նշանակում, որ հանձնման կապակցությամբ անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է հաշվարկվի մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

Վերոշարադրյալ վերլուծության հիման վրա բողոքաբերը նշել է, որ 2011 թվականի հունիսի 16-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակամիջոցում Ա.Պետրոսյանին անազատության մեջ պահելու հիմք են հանդիսացել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների համապատասխան որոշումները, այլ ոչ թե հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մարտի 18-ի որոշումը: Տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները գործել են հանձնման վերաբերյալ միջազգային պայմանագրերին և Ռուսաստանի Դաշնության ներպետական օրենսդրությանը համապատասխան: Այլ խոսքով՝ մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ը Ա.Պետրոսյանը մինչդատական վարույթի հետ կապված կալանքի տակ չի գտնվել, նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցված է եղել մեղադրյալի` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տրամադրության ներքո չգտնվելու հիմքով, ուստի Ա.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը չէր կարող կատարված համարվել:

Վերոգրյալից բողոքի հեղինակը եզրակացրել է, որ Ա.Պետրոսյանին Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ պահելու նպատակը հանդիսացել է Հայաստանի Հանրապետությանը նրա հանձնումն ապահովելը, իսկ այն պահից, երբ Ա.Պետրոսյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, նրան կալանքի տակ պահելու հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը:

Վկայակոչելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 61.2-րդ հոդվածը՝ բողոք բերած անձը շեշտել է, որ նշված հոդվածում կիրառվող՝ «կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետ» հասկացություն ՀՀ օրենսդրության մեջ չկա, իսկ միջազգային պայմանագրում օգտագործված՝ «կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետ» արտահայտությունը չի կարող նույնացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված «մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ» հասկացության հետ:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը 2011 թվականի հունիսի 16-ից հաշվելու և կալանքի տակ նրա հետագա գտնվելն անթույլատրելի համարելու մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 13-ի որոշումը և մեղադրյալ Ա.Պետրոսյանի պաշտպան Վ.Աթոյանի բողոքը մերժել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ մեղադրյալ Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվել Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելանքի վերցնելո՞ւ, թե Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պահից:

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավական հարցին Վճռաբեկ դատարանի կողմից պատասխան է տրվել մեղադրյալ Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքում` 2012 թվականի օգոստոսի 24-ին կայացված թիվ ԵԷԴ/0024/06/11 որոշման մեջ, որտեղ Վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը:

«ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում՝

(…)

4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

(…)

7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն՝ արգելանքի վերցնելը գործողություն է, որն սկսվում է անձին ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից` ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձևով դատավճիռն ի կատար ածելիս:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 37-րդ կետի համաձայն՝ կալանավորումը որպես խափանման միջոց կալանքն ընտրելն է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 38-րդ կետի համաձայն՝ անազատության մեջ պահելը անձին ազատությունից հարկադրաբար զրկելն է, ինչ պատճառներով էլ որ դա իրականացված լինի:

Վերոշարադրյալ քրեադատավարական և սահմանադրական նորմերի վերլուծությունից երևում է, ՀՀ Սահմանադրությունը և քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում են կալանավորման երկու ինքնուրույն տեսակ՝

ա) կալանավորումը որպես խափանման միջոց,

բ) հանձնման նպատակով կալանավորում:

Կալանավորման վերոնշյալ տեսակներն ունեն տարբեր իրավական բնույթ և հետապնդում են տարբեր նպատակներ: Դրանցից առաջինը հանդիսանում է հարկադրանքի միջոց, որը կիրառվում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

Կալանավորման վերոնշյալ տեսակներից երկրորդը՝ հանձնման նպատակով կալանավորումը, անձին անազատության մեջ պահելն է այլ պետությանը նրա հանձնումն ապահովելու նպատակով:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 61.2-րդ հոդվածի համաձայն` «Սույն Կոնվենցիայի 60, 61 և 611  հոդվածների դրույթներին համապատասխան կալանքի վերցված անձի՝ կալանքի տակ պահելու ժամանակը, նրան հանձնելու դեպքում, հաշվվում է կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետի մեջ, որը նախատեսված է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որին այդ անձը հանձնվել է»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն՝

«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

2. Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`

1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս.

2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:

3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:

4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ` մինչև 12 ամիս: Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի:

Միևնույն քրեական գործով, ինչպես նաև դրան միացված կամ դրանից անջատված քրեական գործով մեղադրյալին կրկին կալանքի տակ վերցնելու դեպքում կալանքի տակ մնալու ժամկետը հաշվվում է` այն ժամանակը հաշվի առնելով, որը մեղադրյալը ավելի վաղ անցկացրել է կալանքի տակ:

5. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել`

1) 1 տարին.

2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց:

6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում»:

Մեջբերված կոնվենցիոն դրույթի տառացի մեկնաբանությունից երևում է, որ հանձնման դեպքում անձին կալանքի տակ պահելու ժամանակը պետք է հաշվվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ անձին կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետի մեջ: ՀՀ քրեադատավարական օրենքի 138-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում սահմանված են խափանման միջոց կալանավորման ժամկետների հաշվարկման կարգն ու պայմանները, որոնք չեն վերաբերում հանձնման նպատակով կալանքի ժամկետին:

Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը, ինչպես նաև (...) այն հանգամանքը, որ որպես խափանման միջոց կալանավորումը դատարանի համապատասխան որոշման հիման վրա կիրառվում է քրեական գործով վարույթի ընթացքում անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձը չի գտնվում ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշումը չի կարող կատարված համարվել և, հետևաբար, խոսք չի կարող լինել դատարանի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի ընթացքն սկսված լինելու և, համապատասխանաբար նաև՝ այդ ժամկետի հաշվարկի մասին: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանավորման ժամկետն սկսում է հոսել ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ անձի հայտնվելու, այլ խոսքով՝ անձին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու պահից:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանձնման նպատակով կալանավորման ժամկետը, խափանման միջոց կալանավորման ժամկետի հետ մեկտեղ, պետք է հաշվակցվի անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով նշանակված ազատազրկման հետ կապված պատժի ժամկետի մեջ:

Վճռաբեկ դատարանի՝ սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշումը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Զանդբերգսն ընդդեմ Լատվիայի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ տվյալ ժամանակահատվածում Լատվիայում գործող քրեական դատավարության օրենսգրքի որևէ դրույթով նախատեսված չի եղել, որ անձի՝ օտարերկրյա պետությունում նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակը պետք է ներառվի նրա կալանքի ամբողջ ժամկետի մեջ: Ուստի, Դատարանը գտնում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ո՛չ 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ո՛չ էլ որևէ այլ դրույթ սկզբունքորեն Մասնակից պետությանը չի պարտավորեցնում հաշվի առնել երրորդ պետությունում անձի կրած նախնական կալանքի ժամկետը (տե՛ս Զանդբերգսն ընդդեմ Լատվիայի (ZANDBERGS v. LATVIA) գործով 2011 թվականի դեկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 71092/01, կետ 63):

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2012 թվականի մարտի 19-ին ընդունված օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը լրացվել է 38.1-րդ և 38.2-րդ կետերով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 38.1-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր կալանավորումն անձին անազատության մեջ պահելն է հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 38.2-րդ կետի համաձայն՝ հանձնելու համար կալանավորումն անձին անազատության մեջ պահելն է նրա հանձնումն ապահովելու նպատակով:

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները» վերտառությունը կրող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում 2012 թվականի մարտի 19-ին կատարված լրացումը (38.1-րդ և 38.2-րդ կետեր) վկայում է այն մասին, որ օրենսդիրը ևս խափանման միջոց կալանքը տարբերակում է հանձնման նպատակով կալանքից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ելակետային հասկացությունները պարզաբանող հոդվածում «ժամանակավոր կալանավորում» և «հանձնելու համար կալանավորում» հասկացությունները մեկնաբանող վերոնշյալ դրույթների նախատեսումը լրացուցիչ անգամ հիմնավորում է կալանավորման երկու ինքնուրույն տեսակների վերաբերյալ (...) շարադրված դիրքորոշումը» (տե՛ս Արմեն Աշոտի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0024/06/11 որոշման 16-20-րդ կետերը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Ա.Պետրոսյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից 2011 թվականի հունիսի 16-ին, իսկ Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել և նախաքննության մարմնին է ներկայացվել 2011 թվականի նոյեմբերի 24-ին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Այսինքն` 2011 թվականի հունիսի 16-ից նոյեմբերի 24-ն Ա.Պետրոսյանը կալանավորված է եղել հանձնման նպատակով, իսկ 2011 թվականի նոյեմբերի 24-ից, այն է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և ՀՀ իրավապահ մարմինների տրամադրության տակ անցնելու պահից՝ Ա.Պետրոսյանը գտնվել է խափանման միջոց կալանքի տակ:

2012 թվականի հունվարի 11-ին պաշտպան Վ.Աթոյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով պարտավորեցնել նախաքննության մարմնին մեղադրյալ Ա.Պետրոսյանին անհապաղ ազատ արձակել կալանքից` միջին ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձին 6 ամսից ավելի ժամկետով կալանքի տակ պահելն անթույլատրելի լինելու պատճառով: Առաջին ատյանի դատարանի կողմից պաշտպանի բողոքն այդ մասով բավարարվել է, իսկ Վերաքննիչ դատարանը նշված դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերը):

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Պետրոսյանին մինչդատական վարույթի կապակցությամբ կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվել ոչ թե Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելանքի վերցնելու, այլ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պահից:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Արմեն Աշոտի Պետրոսյանի պաշտպան Վ.Աթոյանի բողոքը մասնակիորեն բավարարելու վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի փետրվարի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ս. ՕՀԱՆՅԱՆ