Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.11.28/58(932).1 Հոդ.1256.5
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
24.08.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
24.08.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0024/06/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0024/06/11

Գործ թիվ ԵԷԴ/0024/06/11

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի օգոստոսի 24-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Աշոտի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Թիվ 12148310 քրեական գործը հարուցվել է 2010 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2011 թվականի մարտի 16-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Արմեն Աշոտի Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2. 2011 թվականի մարտի 16-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մարտի 18-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ թիվ 12148310 քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կասեցվել է:

3. 2011 թվականի հունիսի 16-ին Ա.Պետրոսյանը Ռուսաստանի Դաշնության ՆԳ Միներալավոդսկի գծային վարչության կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի կողմից 2011 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացվել Ա.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

2011 թվականի նոյեմբերի 24-ին Ա.Պետրոսյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և ներկայացվել Էրեբունու քննչական բաժին:

Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ թիվ 12148310 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

4. 2011 թվականի նոյեմբերի 25-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 18-ին ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ վերահաստատվել է նույն դատարանի 2011 թվականի մարտի 18-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

5. 2012 թվականի հունվարի 13-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է, և նա անհապաղ ազատվել է կալանքից:

6. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը` թողնվել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստերը և քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

7. Արմեն Աշոտի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թվականի սեպտեմբերին, չպարզված օրը, մորեղբոր դստեր` ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 1995 թվականի մայիսի 6-ին ծնված Ալվարդ Սեդրակյանի համաձայնությամբ Հրազդանի կիրճում սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Հաջորդ օրը Ա.Պետրոսյանը նույն վայրում կրկին սեռական հարաբերություն է ունեցել Ա.Սեդրակյանի հետ:

Այնուհետև, Ա.Պետրոսյանը խաբեությամբ` Ա.Սեդրակյանի հետ ամուսնանալու խոստումներ տալով, վերջինիս ներգրավել է ծանր հանցագործության կատարմանը՝ նրան դրդել է գողանալ տատի ոսկյա զարդերը: 2009 թվականի հոկտեմբերին Ա.Սեդրակյանն իրենց` Խաղաղ-Դոնի 5-րդ շենքի 176-րդ բնակարանից գաղտնի հափշտակել է տատի` Սոֆյա Գրիգորյանի` խոշոր չափի` 1.450.000 դրամ ընդհանուր արժողության 130 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը և նույն օրը գողացված զարդերը հանձնել է Ա.Պետրոսյանին:

8. Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանը գտնում է, որ մեղադրյալին Հայաստանի Հանրապետություն բերելուց հետո ժամանակի և տարածության մեջ ՀՀ օրենքների գործողության սկզբունքից ելնելով, ՀՀ օրենսդրությամբ (տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով) պատշաճ ընթացակարգ է կիրառվել, այն է վերսկսվել է գործի վարույթը, մեղադրյալը ներկայացվել է դատարան` կիրառված խափանման միջոց կալանքը վերահաստատելու, նրան մեղադրանք է առաջադրվել, նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ: Սակայն դա չի նշանակում, որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հիմքով ՌԴ-ում փաստացի կալանքի տակ պահելու ժամկետը չպետք է հաշվվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները հաշվարկելիս, որը անհիմն լինելով հանդերձ, կհանգեցնի մարդու իրավունքների և ազատությունների խախտման:

(…) դատարանը գտնում է [որ] ՀՀ քրեական դատավարության օրենսգքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով թիվ 12148310 քրեական գործով մեղադրյալ Արմեն Աշոտի Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը հաշվարկվում է 16.06.2011 թվականից և որոշում է միջնորդությունը մերժել, քանզի լրացել է մեղադրյալին կալանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն վեցամսյա ժամկետը և վերջինիս հետագա կալանքի տակ պահելը ապօրինի է:

Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պայմաններում լրացել է մեղադրյալի կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի կայացրել որոշում վերջինիս կալանքից ազատելու մասին, ուստի դատարանը հիմք ընդունելով վերոշարադրյալները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների [պաշտպանության մասին] Եվրոպական կոնվենցիայի» 5-րդ հոդվածի դրույթները, գտնում է, որ մեղադրյալին պետք է անհապաղ ազատ արձակել կալանքից` մեղադրյալին ապօրինի կալանքի տակ պահելու հանգամանքը բացառելու նպատակով» (տե՛ս Նյութեր, թերթեր 86-88):

9. Վերաքննիչ դատարանն իր որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշել է հետևյալը` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն` արգելանքի վերցնելն այն գործողությունն է, որն սկսվում է ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից` ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձևով դատավճիռն ի կատար ածելիս:

Նույն հոդվածի 38-րդ կետի համաձայն` անազատության մեջ պահելը` դա անձին ազատությունից հարկադրաբար զրկելն է, ինչ պատճառներով էլ դա իրականացված լինի:

Այսպիսով, թիվ 12148310 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, 165-րդ հոդվածով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Արմեն Աշոտի Պետրոսյանին առաջադրված մեղադրանքները դասվում են ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների շարքը, որոնց կատարման համար կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է արգելանքի տակ, այն է` նրան ձերբակալելու կամ կալանավորելու պահից:

Ուստի, վերոգրյալներից ելնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Արմեն Աշոտի Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետը 16.06.2011 թվականից հաշվարկելով` օրինական և հիմնավորված որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու մասին, նկատի ունենալով, որ լրացել է մեղադրյալին կալանքի տակ պահելու օրենքով սահմանված առավելագույն վեցամսյա ժամկետը և վերջինիս հետագա կալանքի տակ պահելն ապօրինի է:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Պետրոսյանին 2011թ. նոյեմբերի 24-ին ՀՀ էտապավորելուց հետո, նախաքննության մարմինն անհրաժեշտ ջանասիրություն ցուցաբերելու դեպքում հնարավորություն ուներ միջին ծանրության հանցագործությունների վերաբերյալ գործի քննությունը սեղմ ժամկետներում ավարտելու և համապատասխան հիմքերի առկայության պայմաններում այն դատարան ուղարկելու համար:

Այսպիսով, դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելիս նյութական կամ դատավարական իրավունքի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի, և հիմք կհանդիսանային որոշումը բեկանելու և մեղադրյալ Արմեն Աշոտի Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար: Ուստի Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա.Ափիյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս Նյութեր, թերթեր 117-124):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ինչպես ՀՀ ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով հստակ չի կարգավորվում այն հարցը, թե հետախուզվողին այլ պետությունում հայտնաբերելու, արգելանքի վերցնելու և էտապավորելու դեպքում որ պահից սկսած պետք է հաշվվի նրան կալանքի տակ պահելու ժամկետը՝ օտարերկրյա պետությունում արգելանքի վերցվելո՞ւ, թե՞ Հայաստանի Հանրապետություն նրան տեղափոխելու պահից: Ուստի, բողոքաբերը գտնում է, որ սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը հնարավորություն կտա միատեսակ կիրառություն ապահովել բարձրացված հարցի կապակցությամբ, մասնավորապես այն առումով, թե հանձնման կապակցությամբ անձի` արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը մտնո՞ւմ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` մինչդատական վարույթի ընթացքում անձին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

11. Վերոգրյալից բացի, բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով կայացված՝ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 10-ի որոշումը հանդիսանում են չհիմնավորված դատական ակտեր և ենթակա են բեկանման:

Ի հիմնավորումն իր պնդման՝ բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ Ա.Պետրոսյանը կալանքի տակ է պահվել երկու տարբեր իրավական ռեժիմներով. Ռուսաստանի Դաշնության տարածքում` հանձնման կապակցությամբ, իսկ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու օրվանից` մինչդատական վարույթի կապակցությամբ: Բողոքաբերը շեշտել է, որ հանձնման կապակցությամբ անձին անազատության մեջ պահելու ժամկետի և մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի հարաբերակցությունը որևէ կոնկրետ իրավական նորմով չի կարգավորվում: Նշվածը, սակայն, դեռևս չի նշանակում, որ հանձնման կապակցությամբ անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է հաշվարկվի մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

Վերոշարադրյալ վերլուծության հիման վրա բողոքաբերը նշել է, որ 2011 թվականի հունիսի 16-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակամիջոցում Ա.Պետրոսյանին անազատության մեջ պահելու հիմք են հանդիսացել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների համապատասխան որոշումները, այլ ոչ թե հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Ա.Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մարտի 18-ի որոշումը: Տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները գործել են հանձնման վերաբերյալ միջազգային պայմանագրերին և Ռուսաստանի Դաշնության ներպետական օրենսդրությանը համապատասխան: Այլ խոսքով՝ մինչև 2011 թվականի նոյեմբերի 24-ը Ա.Պետրոսյանը մինչդատական վարույթի հետ կապված կալանքի տակ չի գտնվել, նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցված է եղել մեղադրյալի` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տրամադրության ներքո չգտնվելու հիմքով, ուստի Ա.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը չէր կարող կատարված համարվել:

12. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա բողոքի հեղինակը եզրակացրել է, որ Ա.Պետրոսյանին Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ պահելու նպատակը հանդիսացել է Հայաստանի Հանրապետությանը նրա հանձնումն ապահովելը, իսկ այն պահից, երբ Ա.Պետրոսյանը էտապավորվել է Հայաստանի Հանրապետություն, նրան կալանքի տակ պահելու հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը:

Վկայակոչելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 61.2-րդ հոդվածը՝ բողոք բերած անձը շեշտել է, որ նշված հոդվածում կիրառվող՝ «կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետ» հասակացություն ՀՀ օրենսդրության մեջ չկա, իսկ միջազգային պայմանագրում օգտագործված՝ «կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետ» արտահայտությունը չի կարող նույնացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված «մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ» հասկացության հետ:

13. Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի որոշումը և Վերաքննիչ դատարանի 2012 թվականի փետրվարի 10-ի որոշումը, իսկ Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել երկու ամսով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարերկրյա պետությունում արգելանքի վերցված և Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձին մինչդատական վարույթի կապակցությամբ կալանքի տակ պահելու ժամկետը հաշվելու վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվվի Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելանքի վերցնելո՞ւ, թե՞ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պահից:

16. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում՝

(…)

4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.

(…)

7) Հայաստանի Հանրապետություն անձի անօրինական մուտքը կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով։ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն՝ արգելանքի վերցնելը գործողություն է, որն սկսվում է անձին ազատությունից փաստացի հարկադրական զրկելու պահից` ձերբակալելիս, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, ազատազրկման ձևով դատավճիռն ի կատար ածելիս:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 37-րդ կետի համաձայն՝ կալանավորումը որպես խափանման միջոց կալանքն ընտրելն է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 38-րդ կետի համաձայն՝ անազատության մեջ պահելը անձին ազատությունից հարկադրաբար զրկելն է, ինչ պատճառներով էլ որ դա իրականացված լինի:

Վերոշարադրյալ քրեադատավարական և սահմանադրական նորմերի վերլուծությունից երևում է, ՀՀ Սահմանադրությունը և քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում են կալանավորման երկու ինքնուրույն տեսակ՝

ա) կալանավորումը որպես խափանման միջոց,

բ) հանձնման նպատակով կալանավորում:

Կալանավորման վերոնշյալ տեսակներն ունեն տարբեր իրավական բնույթ և հետապնդում են տարբեր նպատակներ: Դրանցից առաջինը հանդիսանում է հարկադրանքի միջոց, որը կիրառվում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

Կալանավորման վերոնշյալ տեսակներից երկրորդը՝ հանձնման նպատակով կալանավորումը, անձին անազատության մեջ պահելն է այլ պետությանը նրա հանձնումն ապահովելու նպատակով:

17. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի 61.2-րդ հոդվածի համաձայն` «Սույն Կոնվենցիայի 60, 61 և 611  հոդվածների դրույթներին համապատասխան կալանքի վերցված անձի՝ կալանքի տակ պահելու ժամանակը, նրան հանձնելու դեպքում, հաշվվում է կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետի մեջ, որը նախատեսված է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որին այդ անձը հանձնվել է»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն՝

«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

2. Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`

1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս.

2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:

3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:

4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ` մինչև 12 ամիս: Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի:

Միևնույն քրեական գործով, ինչպես նաև դրան միացված կամ դրանից անջատված քրեական գործով մեղադրյալին կրկին կալանքի տակ վերցնելու դեպքում կալանքի տակ մնալու ժամկետը հաշվվում է` այն ժամանակը հաշվի առնելով, որը մեղադրյալը ավելի վաղ անցկացրել է կալանքի տակ:

5. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել`

1) 1 տարին.

2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց:

6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում»:

Մեջբերված կոնվենցիոն դրույթի տառացի մեկնաբանությունից երևում է, որ հանձնման դեպքում անձին կալանքի տակ պահելու ժամանակը պետք է հաշվվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ անձին կալանքի տակ պահելու ամբողջ ժամկետի մեջ: ՀՀ քրեադատավարական օրենքի 138-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում սահմանված են խափանման միջոց կալանավորման ժամկետների հաշվարկման կարգն ու պայմանները, որոնք չեն վերաբերում հանձնման նպատակով կալանքի ժամկետին:

18. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը, ինչպես նաև սույն որոշման 16-րդ կետում առկա այն հանգամանքը, որ որպես խափանման միջոց կալանավորումը դատարանի համապատասխան որոշման հիման վրա կիրառվում է քրեական գործով վարույթի ընթացքում անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ անձը չի գտնվում ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշումը չի կարող կատարված համարվել և, հետևաբար, խոսք չի կարող լինել դատարանի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի ընթացքն սկսված լինելու և, համապատասխանաբար նաև՝ այդ ժամկետի հաշվարկի մասին: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանավորման ժամկետն սկսում է հոսել ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ անձի հայտնվելու, այլ խոսքով՝ անձին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու պահից:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանձնման նպատակով կալանավորման ժամկետը, խափանման միջոց կալանավորման ժամկետի հետ մեկտեղ, պետք է հաշվակցվի անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով նշանակված ազատազրկման հետ կապված պատժի ժամկետի մեջ:

19. Վճռաբեկ դատարանի՝ սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշումը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Զանդբերգսն ընդդեմ Լատվիայի գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ տվյալ ժամանակահատվածում Լատվիայում գործող քրեական դատավարության օրենսգրքի որևէ դրույթով նախատեսված չի եղել, որ անձի՝ օտարերկրյա պետությունում նախնական կալանքի տակ գտնվելու ժամանակը պետք է ներառվի նրա կալանքի ամբողջ ժամկետի մեջ: Ուստի, Դատարանը գտնում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ո՛չ 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ո՛չ էլ որևէ այլ դրույթ սկզբունքորեն Մասնակից պետությանը չի պարտավորեցնում հաշվի առնել երրորդ պետությունում անձի կրած նախնական կալանքի ժամկետը (տե՛ս Զանդբերգսն ընդդեմ Լատվիայի (ZANDBERGS v. LATVIA) գործով 2011 թվականի դեկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 71092/01, կետ 63):

20. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2012 թվականի մարտի 19-ին ընդունված օրենքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը լրացվել է 38.1-րդ և 38.2-րդ կետերով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 38.1-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր կալանավորումն անձին անազատության մեջ պահելն է հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 38.2-րդ կետի համաձայն՝ հանձնելու համար կալանավորումն անձին անազատության մեջ պահելն է նրա հանձնումն ապահովելու նպատակով:

Մեջբերված քրեադատավարական դրույթները համադրելով սույն որոշման 16-19-րդ կետերում շարադրված վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները» վերտառությունը կրող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում 2012 թվականի մարտի 19-ին կատարված լրացումը (38.1-րդ և 38.2-րդ կետեր) վկայում է այն մասին, որ օրենսդիրը ևս խափանման միջոց կալանքը տարբերակում է հանձնման նպատակով կալանքից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ելակետային հասկացությունները պարզաբանող հոդվածում «ժամանակավոր կալանավորում» և «հանձնելու համար կալանավորում» հասկացությունները մեկնաբանող վերոնշյալ դրույթների նախատեսումը լրացուցիչ անգամ հիմնավորում է կալանավորման երկու ինքնուրույն տեսակների վերաբերյալ սույն որոշման 16-րդ կետում շարադրված դիրքորոշումը:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2011 թվականի հունիսի 16-ից նոյեմբերի 24-ը Ա.Պետրոսյանը կալանավորված է եղել հանձնման նպատակով, իսկ 2011 թվականի նոյեմբերի 24-ից, այն է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և ՀՀ իրավապահ մարմինների տրամադրության տակ անցնելու պահից՝ Ա.Պետրոսյանը գտնվել է խափանման միջոց կալանքի տակ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ 2011 թվականի հունիսի 16-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ա.Պետրոսյանը ՌԴ-ում եղել է հանձնման նպատակով կալանքի տակ, իսկ 2011 թվականի նոյեմբերի 24-ից, այն է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց և ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ հայտնվելուց հետո նա սկսել է գտնվել իր նկատմամբ ՀՀ-ում ընտրված խափանման միջոց կալանքի տակ:

22. Սույն որոշման 20-րդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-19-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Պետրոսյանին մինչդատական վարույթի կապակցությամբ կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվվի ոչ թե Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելանքի վերցնելու, այլ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պահից:

23. Հիմք ընդունելով սույն որոշման 15-21-րդ կետերում շարադրված վերլուծությունը և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, քանի որ Վճռաբեկ դատարանն օժտված չէ Ա.Պետրոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու իրավասությամբ:

24. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Արմեն Աշոտի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի փետրվարի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան