Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.5
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.11.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0185/11/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0185/11/11

Գործ թիվ ԵԿԴ/0185/11/11

 
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

   

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

     
քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

     
 

մասնակցությամբ

    

փաստաբան

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ փաստաբան Վ.Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է թիվ 17126511 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ամուսիններ Գագիկ Ոսկանյանը և Ալլա Սեկոյանը հարցաքննվել են որպես վկա:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մակինյանը 2011 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել Ա.Սեկոյանին պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի 30/2 շենքի 45 բնակարանի վրա կալանք դնելու մասին:

Փաստաբան Վ.Մանուկյանը վերոհիշյալ որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով վերացնել ավագ քննիչ Ա.Մակինյանի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը: Վ.Մանուկյանի բողոքն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մակինյանի 2011 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ փաստաբան Վ.Մանուկյանի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2. 2011 թվականի դեկտեմբերի 15-ին փաստաբան Վ.Մանուկյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել ավագ քննիչ Ա.Մակինյանի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ փաստաբան Վ.Մանուկյանի բողոքը մերժվել է:

3. Փաստաբան Վ.Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 22-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել փաստաբան Վ.Մանուկյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ փաստաբան Վ.Մանուկյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. «Գույքի վրա կալանք դնելու մասին» քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն՝ «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի 30/2 շենքի 45 բնկարանի բնակիչ Գայանե Օնիկի Ղազարյանն իր սկեսուր Ասյա Ավետիսյանի կողմից 2009 թվականի փետրվարի 6-ին տրված վերը նշված բնակարանի վերաբերյալ լիազորագրով, առանց վերջինիս տեղեկացնելու, Սվետլանա Պինչուկից վեց ամիս ժամանակով պարտքով վերցրել է 12.000 ԱՄՆ դոլար և որպես երաշխիք՝ բնակարանն առքուվաճառքի պայմանագրով վաճառել Ս.Պինչուկին, որից հետո վերջինս գումարը վերադարձնելու նպատակով Գագիկ Գվիդոնի Ոսկանյանից ամսական 6 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 20.000 ԱՄՆ դոլար և նշված բնակարանը Ս.Պինչուկը 2009 թվականի դեկտեմբերի 18-ին վաճառել է Գ.Ոսկանյանի կնոջը՝ Ալլա Սեկոյանին, այնուհետև յուրաքանչյուր ամիս Գ.Ոսկանյանին է տվել հասանելիք տոկոսներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում 24.08.2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17126511 քրեական գործը, որը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ 26.08.2011 թվականին ընդունվել է ՀԿԳ քննության վարչություն և կատարվել նախաքննություն:

Նկատի ունենալով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Գ.Ոսկանյանը կարող է օտարել իր կնոջ անունով հաշվառված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի 30/2 շենքի 45 բնակարանը, ուստի ելնելով վերոգրյալից (…) որոշեցի վարույթիս թիվ 17126511 քրեական գործով կալանք դնել Ալլա Սեկոյանի անվամբ հաշվառված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի 30/2 շենքի 45 բնկարանի վրա» (տե՛ս նյութեր, թերթ 35):

6. Առաջին ատյանի դատարանը քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ փաստաբան Վ.Մանուկյանի բողոքը մերժել է` նշելով, որ «Փաստաբան Վ.Մանուկյանի այն պնդումը, որ Ա.Սեկոյանի գույքի վրա կալանքը դրվել է ապօրինի, անհիմն է, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1.1 կետի պահանջներից` համաձայն որի ՀՀ քրեական օրենսգրքի …213… հոդվածների հատկանիշներով քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացրած մարմինն այդ արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված, կամ օգտագործման համար նախատեսված գործիքների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ:

Համաձայն նույն հոդվածի` այդ գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու հանգամանքից: (…) Վերը նշվածը հաշվի առնելով՝ դատարանը հաստատված է համարում, որ վարույթն իրականացնող մարմնի գործողությունները բխել են օրենքի պահանջներից և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն այդ գործողություններով» (տե՛ս նյութեր, թերթ 53):

7. Վերաքննիչ դատարանը փաստաբան Վ.Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «Առաջին ատյանի դատարանը, (…) ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասի դրույթներով, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի այդ արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի, ներառյալ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված, կամ օգտագործման համար նախատեսված գործիքների վրա կալանք դնել այն հայտնաբերելուց հետո անհապաղ, օրինական և հիմնավորված որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:

Ընդ որում, առաջին ատյանի դատարանն այդպիսի որոշում կայացնելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի համաձայն` «այդ գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից (…)» (տես՛ նյութեր, թերթ 92-93):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբեր Վ.Մանուկյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

9. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը, մասնավորապես, նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական, չի բխում քրեական գործում եղած նյութերից և ձեռք բերված ապացույցներից, հակասում է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական դատավարության դրույթների պահանջներին:

Բողոքաբերը, վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ, 233-րդ, 234-րդ հոդվածները, նշել է, որ կալանքը դրվում է կասկածյալի, մեղադրյալի և այլ անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի կամ մեղադրյալի գործողությունների համար կարող է դրվել նյութական պատասխանատվություն: Մինչդեռ, տվյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է մեկ տարուց ավելի, սակայն չի հիմնավորվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարումը, գործով չկա ներգրավված կասկածյալ, մեղադրյալ, որոնց վրա կամ որոնց գործողությունների համար այլ անձի վրա հնարավոր լինի դնել նյութական պատասխանատվություն, որևէ անձ գործով չի ճանաչվել տուժող, քաղաքացիական հայցվոր, ներկայացված չէ քաղաքացիական հայց:

Արդյունքում բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի՝ «Գույքի վրա կալանք դնելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումն ապօրինի է, քանի որ սույն քրեական գործով իր վստահորդները գտնվում են վկայի կարգավիճակում, գործով չկա կասկածվող, մեղադրվող անձ, ում հանցավոր գործողությունների հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունենա Գ.Ոսկանյանին կամ Ա.Սեկոյանին պատկանող անշարժ գույքը:

10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի ապրիլի 28-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել ավագ քննիչ Ա.Մակինյանի՝ «Գույքի վրա կալանք դնելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր այն անձանց շրջանակի կապակցությամբ, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է կալանք դրվել: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մինչդատական վարույթն իրականացնող մարմնի՝ «Գույքի վրա կալանք դնելու» մասին որոշման օրինական և իրավաչափ լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը:

13. Սեփականության իրավունքի վերաբերյալ սահմանադրական և կոնվենցիոն մի շարք դրույթների, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Հայրապետյանի գործով կայացված որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահը ունենա բացառիկ նշանակություն: Սեփականության իրավունքի սահմանադրական արժեքի կարևորությամբ է պայմանավորված մասնավորապես ՀՀ Սահմանադրության մեջ (31-րդ հոդվածում) հետևյալ երաշխիքների ամրագրումը.

1) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից անձը կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված հիմքերով,

2) սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ» (տես Արթուր Արարատի Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 19-րդ կետը):

14. Սեփականության իրավունքի սահմանափակման տարատեսակ է հանդիսանում գույքի վրա կալանք դնելու քրեադատավարական ինստիտուտը, որի օրենսդրական կարգավորումները տրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխում:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` «1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար:

2. Կալանքը դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում:

3. Ամուսինների կամ ընտանիքի համատեղ սեփականության դեպքում կալանքը դրվում է մեղադրյալի բաժնի վրա: Բավարար ապացույցների առկայության դեպքում, որ համատեղ սեփականությունն ավելացել կամ ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով վաստակած միջոցների հաշվին, կալանքը կարող է դրվել ամուսինների կամ ընտանիքի ամբողջ գույքի կամ դրա որոշակի բաժնի վրա: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն`

«1. Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթական գույքը:

1.1 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 175-224-րդ (…) հոդվածների հատկանիշներով քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն այդ արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ: Այդ գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից: (…)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության (կամ այլ գույքային) իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը:

Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է նաև, որ իր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից: Մասնավորապես, Բորժոնովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում, մեկնաբանելով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև: Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ (տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60):

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ և 233-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը սահմանել է գույքի վրա կալանք դնելու` որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրականացման նպատակները, իրավական հիմքերը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է կալանք դրվել:

Վերոնշյալ քրեադատավարական դրույթների իմաստով կալանք կարող է դրվել հետևյալ անձանց գույքի վրա՝

ա) կասկածյալ,

բ) մեղադրյալ,

գ) անձինք, ովքեր օրենքով պատասխանատվություն են կրում կասկածյալի կամ մեղադրյալի գործողությունների համար,

դ) այլ անձինք, որոնց սեփականությունն է հանդիսանում կամ որոնց մոտ է գտնվում այնպիսի գույք, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողությունների արդյունքում:

Ինչ վերաբերում է համատեղ սեփականությանը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով կալանքը դրվում է մեղադրյալի բաժնի վրա, իսկ այն դեպքում, երբ առկա են բավարար ապացույցներ, որ ամուսինների կամ ընտանիքի համատեղ սեփականությունն ավելացել կամ ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով վաստակած միջոցների հաշվին, կալանքը կարող է դրվել ամբողջ գույքի վրա:

16. Սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված վերլուծությունից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքում այն անձանց նշումը, ովքեր մեղադրյալի կամ կասկածյալի գործողությունների համար նյութական պատասխանատվություն կրող անձինք են, պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական օրենսդրության համաձայն պատճառված վնասի համար որոշ դեպքերում պատասխանատվություն են կրում ոչ թե վնաս պատճառած անձինք, այլ ուրիշները: Այդպիսի անձինք են հանդիսանում, օրինակ` ծնողները, որդեգրողները, խնամակալները, շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեություն իրականացնող անձինք, ովքեր օրենքի ուժով պատասխանատու են կասկածյալի կամ մեղադրյալի գործողությունների համար:

Օրենքում այլ անձանց նշումը, ում սեփականությունն է հանդիսանում կամ ում մոտ գտնվում է այնպիսի գույք, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այն ստացվել է մեղադրյալի կամ կասկածյալի հանցավոր գործունեության արդյունքում, պայմանավորված է նրանով, որ գործնականում հաճախ վերջինների կողմից նշված գույքը թաքցվում է այլ անձանց մոտ` դրա հայտնաբերումը դժվարեցնելու կամ անհնարին դարձնելու, ամեն կերպ իրենց մոտ պահպանելու նպատակով:

17. Հիմք ընդունելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից: Ուստի, գույքի վրա կալանք դնելիս վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գույքի վրա կալանք դնելու նպատակից, պետք է պատճառաբանված կերպով հիմնավորի, որ.

1) տվյալ գործով անձը ներգրավված է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,

2) ենթադրաբար կատարված հանցագործությամբ պատճառվել է հատուցման ենթակա վնաս,

3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված հանցակազմերով առկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում,

4) գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, ում մոտ գտնվում է կամ ում սեփականությունն է հանդիսանում գույքը, կարող են թաքցնել, փչացնել կամ սպառել այն:

Ընդ որում, կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող և սույն որոշման 15-րդ կետի (գ) ենթակետում նշված անձանց սեփականությունը հանդիսացող կամ նրանց մոտ գտնվող գույքի վրա կալանք դնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել այդ անձանց կողմից կասկածյալի կամ մեղադրյալի գործողությունների համար նյութական պատասխանատվություն կրելու հնարավորությունը:

Կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող և սույն որոշման 15-րդ կետի (դ) ենթակետում նշված անձանց սեփականությունը հանդիսացող կամ նրանց մոտ գտնվող գույքի վրա կալանք դնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բավարար հիմքերի վկայակոչմամբ հիմնավորել կալանադրվող գույքի` կասկածյալի կամ մեղադրյալի առերևույթ հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում ձեռքբերված լինելու հնարավորությունը:

Համանման կերպով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու հավանական վտանգը վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի գործով ձեռք բերված փաստական տվյալ(ներ)ով, հակառակ պարագայում անհարկի կսահմանափակվի իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով 2011 թվականի օգոստոսի 24-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ամուսիններ Գագիկ Ոսկանյանը և Ալլա Սեկոյանը հարցաքննվել են որպես վկա (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մակինյանը 2011 թվականի հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել վկայի կարգավիճակում գտնվող Ա.Սեկոյանին պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի 30/2 շենքի 45 բնակարանի վրա կալանք դնելու մասին՝ պատճառաբանելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Գ.Ոսկանյանը կարող է օտարել կնոջ անունով հաշվառված բնակարանը (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը): Քննիչի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման դեմ փաստաբան Վ.Մանուկյանի բողոքը Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ նշելով, որ բողոքը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջներից (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ՝ նշելով, որ այն օրինական է և հիմնավոր (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

19. Սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշման մեջ բացակայում է որևէ տվյալ այն մասին, որ Ա.Սեկոյանը, նրա ընտանիքի անդամը կամ որևէ այլ անձ սույն գործով ներգրավված է որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Քննիչի որոշման մեջ չկա որևէ հիմնավորում առ այն, որ Ա.Սեկոյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը ձեռք է բերվել նրա կամ մեկ այլ անձի ենթադրաբար հանցավոր գործունեության արդյունքում, ում գործողությունների համար Ա.Սեկոյանը կարող է պատասխանատվություն կրել: Քննիչի որոշման մեջ վկայակոչված չէ նաև որևէ ապացույց, որը կհիմնավորեր բնակարանն օտարելու ենթադրությունը: Այդպիսի փաստական տվյալներ չկան նաև քննիչի որոշման հիմնավորվածությունը հաստատող նյութերում: Փաստորեն, Ա.Սեկոյանի սեփականության իրավունքը սահմանափակվել է օրենքով չնախատեսված հիմքերով, ինչի արդյունքում խախտվել են Ա.Սեկոյանի՝ որպես բնակարանի սեփականատիրոջ իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի՝ «Գույքի վրա կալանք դնելու» մասին որոշման օրինական և իրավաչափ լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը հիմնավոր չէ:

20. Սույն որոշման 13-19-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` փաստաբան Վ.Մանուկյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 22-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի ապրիլի 28-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Փաստաբան Վ.Մանուկյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 22-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի ապրիլի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան