Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
01.11.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
01.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0219/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0219/01/11

գործ թիվ ԵԿԴ/0219/01/11

 
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան  
                 Դատավորներ` Ս. Համբարձումյան  

                  Ա. Պետրոսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

 

քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Վլադիմիրի Հակոբյանի և Արսեն Գևորգի Խոջայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Խոջայանի պաշտպան Գարիկ Մալխասյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2012 թվականի ապրիլի 14-ի դատավճռով Արթուր Վլադիմիրի Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Ա.Հակոբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, իսկ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկման 5 տարի ժամկետով` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Ա.Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա` Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 8-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 6 ամիս ժամկետով ազատազրկումը և Ա.Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Նույն դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Արսեն Գևորգի Խոջայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Ա.Խոջայանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, իսկ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Ա.Խոջայանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 տարի ժամկետով` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Դատավճռով որոշվել է ամբաստանյալներ Ա.Հակոբյանից և Ա.Խոջայանից համապարտությամբ բռնագանձել 780.000 ՀՀ դրամ հօգուտ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում (տե՛ս Քրեական գործ, հատոր 8, թերթեր 267-272):

2. Վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալներ Ա.Հակոբյանը և Ա.Խոջայանը բերել են վերաքննիչ բողոքներ (տե՛ս Քրեական գործ, հատոր 9, թերթեր 2-4, 6-8):

Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 4-ին որոշում է կայացրել ամբաստանյալների բողոքները մասնակիորեն բավարարելու, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 14-ի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու մասին (տե՛ս Քրեական գործ, հատոր 9, թերթեր 31-42):

3. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Խոջայանի պաշտպան Գ.Մալխասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախկինում հափշտակություններ կատարելու համար երկու և ավելի դատվածություն ունենալով, դատվածությունը չմարված, հափշտակություններ կատարելու դիտավորությամբ` քաղաքացիների գույքը` հատկապես գումար, բջջային հեռախոսներ, զարդեր հափշտակելու և դրանք նմանատիպ իրերի առք ու վաճառքի կետերում իրացնելու, իսկ ստացված գումարը անձնական կարիքների համար ծախսելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Արսեն Գևորգի Խոջայանի հետ, ստեղծել են միավորված, կայուն, կազմակերպված հանցավոր խումբ և կատարելով դերաբաշխում` 2010 թվականի հունիս ամսից մինչև 2011 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից և դեղատներից կատարել են մի շարք գաղտնի հափշտակություններ:

5. Ա.Խոջայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հափշտակություններ կատարելու դիտավորությամբ` քաղաքացիների գույքը` հատկապես գումար, բջջային հեռախոսներ, զարդեր հափշտակելու և դրանք նմանատիպ իրերի առք ու վաճառքի կետերում իրացնելու, իսկ ստացված գումարը անձնական կարիքների համար ծախսելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Արթուր Վլադիմիրի Հակոբյանի հետ, ստեղծել են միավորված, կայուն, կազմակերպված հանցավոր խումբ և կատարելով դերաբաշխում` 2010 թվականի հունիս ամսից մինչև 2011 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից և դեղատներից կատարել են մի շարք գաղտնի հափշտակություններ:

Առաջադրված մեղադրանքների համաձայն` Ա.Հակոբյանին և Ա.Խոջայանին մեղսագրվող արարքների հետևանքով «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 29.500 ՀՀ դրամի և 746.500 ՀՀ դրամի գույքային վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 317-319):

6. Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալներ Ա.Հակոբյանը և Ա.Խոջայանը, հայտարարելով առաջադրված մեղադրանքների հետ համաձայն լինելու մասին, խնդրել են արագացված դատական քննության կարգ կիրառել, ինչի դեմ մեղադրողը չի առարկել և Առաջին ատյանի դատարանը որոշել է դատական քննության արագացված կարգ կիրառել: Դատական նիստում գործը քննող դատավորը հայտարարել է նաև, որ ստացվել է տուժող «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ ամբաստանյալների` 860.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը հատուցելու պահանջով: Այնուհետև, ամբաստանյալներին պարզաբանելով քաղաքացիական պատասխանողների իրավունքները` գործը քննող դատավորը նրանց հարցրել է, թե արդյո՞ք ընդունում են հարուցված քաղաքացիական հայցը: Ամբաստանյալները պատասխանել են, որ համաձայն չեն հայցապահանջի հետ` չափը շատ լինելու պատճառով, ինչից հետո դատավորը հայտարարել է, որ ներկայացված քաղաքացիական հայցին կանդրադառնա, երբ դատական ակտ կայացնելու համար հեռանա խորհրդակցական սենյակ (տե՛ս դատական նիստի ձայնային արձանագրման համառոտագրումը, քրեական գործի 8-րդ հատոր, թերթ 258, ինչպես նաև` դատական նիստի ձայնային արձանագրության լազերային կրիչը, քրեական գործի 8-րդ հատոր, թերթ 265):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռով որոշվել է ամբաստանյալներ Ա.Հակոբյանից և Ա.Խոջայանից համապարտությամբ հօգուտ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության բռնագանձել 780.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Դատարանը գտել է, որ հայցը «պետք է բավարարվի մասնակիորեն և ամբաստանյալներից հօգուտ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության պետք է բռնագանձվի 780.000 (յոթ հարյուր ութսուն հազար) դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, նկատի ունենալով, որ հայցապահանջում նշված` ցուցապահարանի ապակին ջարդելու հետևանքով 80.000 դրամի չափով պատճառված վնասի պահանջը քննության է ենթակա քաղաքացիական դատավարության կարգով` նշված վնասն անմիջականորեն ամբաստանյալներին մեղսագրվող արարքների կատարման արդյունքում պատճառված չլինելու հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթ 267-272):

8. Վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում առկա է հետևյալ ձևակերպումը. «Սույն քրեական գործով ամբաստանյալներ Ա.Հակոբյանը և Ա.Խոջայանը մինչև դատաքննությունը սկսվելը հայտարարել են առաջադրված մեղադրանքների վերաբերյալ իրենց մեղավորության մասին և պաշտպանի հետ օրենքով սահմանված կարգով խորհրդակցելուց հետո կամովին հանդես են եկել դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ:

Դատարանը, ընդունելով, որ ամբաստանյալ Ա.Հակոբյանը և Ա.Խոջայանը առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչում, այսինքն` համաձայն են իրենց առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալի հետ, այդ թվում հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի ու չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության, բավարարել է վերջիններիս միջնորդությունը:

Սակայն (...) քաղաքացիական հայցվոր «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությանը պատճառված 860.000 /ութ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ գույքային վնասի չափի և դրա հատուցման հետ կապված հարցերի (քաղաքացիական հայցի) քննության փուլում ամբաստանյալներ Ա.Հակոբյանը և Ա.Խոջայանը հայտարարել են, որ տուժողներից «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերությանը պատճառված գույքային վնասի չափի հետ համաձայն չեն, առարկում են վերջինիս կողմից հարուցված 860.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայցի դեմ այն պատճառաբանությամբ, որ չափը շատ է:

Առաջին ատյանի դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ ամբաստանյալների մեղավորությունը իր մեջ ներառում է նաև հանցագործությամբ անմիջապես պատճառված վնասը (քաղաքացիական հայցը) և չպահպանելով դատական քննության արագացված կարգի կիրառումը կանոնակարգող իրավանորմերի պահանջները դատական քննությունը ընդհանուր կարգով անցկացնլու մասին որոշում չի կայացրել և դատական քննության արագացված կարգի կիրառմամբ շարունակել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության կողմից հարուցված քաղաքացիական հայցի քննությունը, որի արդյունքում ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Խոջայանի կողմից «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության կողմից հարուցված քաղաքացիական հայցը չընդունելու պայմաններում քրեական դատավարության նորմերի խախտմամբ, մասնակիորեն` 780.000 /յոթ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամի չափով բավարարել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության կողմից հարուցված քաղաքացիական հայցի հարցը: Այսինքն` դատարանը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված և սույն որոշմամբ թվարկած պայմաններից մեկը, այն է` «Ամբաստանյալը կամ մեղադրյալն իր միջնորդության մեջ հայտարարել է առաջադրված մեղադրանքի հետ համաձայն լինելու և արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին»:

Վերոգրյալ իրավական դրույթների[ց] (…) հետևում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել են քննության արագացված կարգի պահպանման պայմանները, միջնորդություններ ներկայացնելու և արագացված կարգով դատաքննություն անցկացնելու կարգը սահմանած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751,3752,3753-րդ հոդվածների պահանջները» (տե՛ս Քրեական գործ, հատոր 9, թերթեր 31-42):

Գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք հիմք են դատավճիռը բեկանելու համար` Վերաքննիչ դատարանը որոշել է դատական ակտը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը, այն է` «Սույն գործի քննությունը իրականացնել ընդհանուր կարգով` ամբողջ ծավալով և քրեադատավարական նորմերի պահանջներին համապատասխան լուծել «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության կողմից հարուցված քաղաքացիական հայցի հարցը»:

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է նաև հետևյալը.

«Ինչ վերաբերում է բողոքաբերների կողմից բարձացված նյութական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն գործով առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտումները վերացնելուց հետո»:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, խախտել է դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու պահանջը, անհիմն սահմանափակել է ամբաստանյալների իրավունքները:

10. Ի հիմնավորումն ասվածի՝ բողոք բերած անձը նշել է, որ ամբաստանյալներ Ա.Հակոբյանի և Ա.Խոջայանի վերաքննիչ բողոքները վերաբերել են նշանակված լրացուցիչ պատժին, համաներման ակտի կիրառման սահմանափակումներին, ռեցիդիվի սխալ գնահատմանը և քաղաքացիական հայցը չընդունելու դեպքում` դրա բավարարման իրավաչափությանը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով բողոքներում բարձրացված հարցերին, առաջ է քաշել Առաջին ատյանի դատարանի կողմից քաղաքացիական հայցը մասնակի կամ ամբողջությամբ բավարարելու հարցը, որի վերաբերյալ վերաքննիչ բողոք ներկայացված չի եղել:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ մեղադրական եզրակացության մեջ նշված` հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի չափը գերազանցող քաղաքացիական հայցի հետ ամբաստանյալների անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանը մեկնաբանել է որպես առաջադրված մեղադրանքի հետ անհամաձայնություն և դրա հիման վրա արագացված դատական քննություն չի կիրառել:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները՝ բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքների սահմաններից, իրականացրել է մեղադրանքի կողմի գործառույթ, իսկ օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանազանցմամբ որոշում կայացնելով` չի գործել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան:

12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումը կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով՝ ամբաստանյալի կողմից քաղաքացիական հայցը չընդունելու դեպքում դատարանի կողմից դատական քննության արագացված կարգ իրականացնելու հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից քննության առնվող իրավական հարցը հետևյալն է. իրավասո՞ւ էր արդյոք Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգ կիրառել այն դեպքում, երբ ամբաստանյալները համաձայն չէին ներկայացված քաղաքացիական հայցի չափի հետ:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում»:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է`

«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին»:

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`

«Եթե տվյալ գործով հարուցված է նաև քաղաքացիական հայց, և ամբաստանյալը (մեղադրյալը) կամ քաղաքացիական պատասխանողը ընդունում է այն, ապա դատարանը դատավճռով բավարարում է նաև քաղաքացիական հայցը, եթե այն չի հակասում օրենքին: Այդ դեպքում դատարանը պետք է լրացուցիչ պարզի, թե արդյոք հայցի ընդունումը կամավոր է, և արդյոք այն վերաբերում է այլ անձանց իրավունքներին: Դատարանը, գտնելով, որ հայցի ընդունումը հակասում է օրենքին կամ կամավոր չէ կամ վերաբերում է այլ անձանց իրավունքներին, հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը:

Իսկ այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը»:

16. Արագացված դատական քննություն կիրառելու հիմքերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Շ.Ամիրխանյանի և Գ.Ֆարմանյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) դատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքն ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալի հետ համաձայնվելն է: Այլ կերպ՝ դատական քննության արագացված կարգ կիրառվում է այն դեպքում, երբ մեղադրյալը կամ ամբաստանյալը համաձայն է կատարված արարքի փաստական հանգամանքների, մեղքի ձևի, շարժառիթների, արարքի իրավական գնահատականի, ինչպես նաև պատճառված վնասի բնույթի ու չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ»:

 Վճռաբեկ դատարանը վերոհիշյալ որոշման մեջ ամրագրել է, որ «(…) դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմք են`

1) մեղադրողի համաձայնության բացակայությունը,

2) առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի կամ մեղադրյալի մասնակի համաձայնությունը,

3) ամբաստանյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցագործության՝ առանձնապես ծանր լինելը,

4) ամբաստանյալի կամ մեղադրյալի կողմից միջնորդությունը ներկայացվել է ճնշման տակ, այսինքն՝ հարկադրաբար,

5) ամբաստանյալը կամ մեղադրյալը չի գիտակցում ներկայացված միջնորդության բնույթն ու հետևանքները»:

Վճռաբեկ դատարանը հիշյալ որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված պայմաններից որևէ մեկը չի պահպանվել, ապա դատարանը պետք է որոշում կայացնի արագացված դատական քննություն չկիրառելու և ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին (տե՛ս Շողակաթ Ամիրխանյանի և Գառնիկ Ֆարմանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի ԵԿԴ/0209/01/10 որոշման 22-րդ, 26-27-րդ կետերը):

17. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում առկա եզրահանգումը, ինչպես նաև զարգացնելով Շ.Ամիրխանյանի և Գ.Ֆարմանյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնցով ներկայացված քաղաքացիական հայցի առարկայի ծավալի մեջ ներառված գույքային վնասը համընկնում է մեղադրանքի ծավալի մեջ ներառված գույքային վնասի հետ, ներկայացված քաղաքացիական հայցն ամբաստանյալի կողմից լրիվ կամ մասնակի չընդունելը նշանակում է, որ նա լրիվ կամ մասնակի համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Հետևաբար, նման դեպքերում դատարանը ամբաստանյալի կողմից հայցի հետ չհամաձայնվելը պետք է գնահատի որպես առաջադրված մեղադրանքի հետ ամբաստանյալի կամ մեղադրյալի լրիվ կամ մասնակի անհամաձայնություն և դրա հիման վրա մերժի դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը: Այլ խոսքով՝ այն դեպքում, երբ արագացված կարգով դատական քննության ժամանակ դատարանը պարզում է, որ ամբաստանյալը համաձայն չէ պատճառված վնասի բնույթի և չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ` դատարանը պետք է որոշում կայացնի արագացված դատական քննություն չկիրառելու և ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որոշել է դատական քննության արագացված կարգ կիրառել: Դատական նիստում գործը քննող դատավորը հայտարարել է, որ ստացվել է տուժողի հայցը` 860.000 ՀՀ դրամի չափով, այնուհետև, ամբաստանյալներին պարզաբանելով քաղաքացիական պատասխանողների իրավունքները` գործը քննող դատավորը նրանց հարցրել է, թե արդյոք ընդունում են հարուցված քաղաքացիական հայցը: Ամբաստանյալները պատասխանել են, որ համաձայն չեն հայցապահանջի հետ` չափը շատ լինելու պատճառով, ինչից հետո դատավորը հայտարարել է, որ ներկայացված քաղաքացիական հայցին կանդրադառնա, երբ դատական ակտ կայացնելու համար հեռանա խորհրդակցական սենյակ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանի դատավճռով որոշվել է տուժողի կողմից ներկայացված հայցը բավարարել մասնակիորեն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոշել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Այսպիսով ակնհայտն է, որ արագացված կարգով դատական քննության ժամանակ ամբաստանյալներ Ա.Հակոբյանը և Ա.Խոջայանը հայտարարել են, որ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության հարուցած քաղաքացիական հայցը չեն ընդունում` չափի հետ համաձայն չլինելու պատճառաբանությամբ: Այդ պայմաններում Առաջին ատյանի դատարանը չի պարզել, թե կոնկրետ որ չափն են ամբաստանյալները համարում անընդունելի, և արդյո՞ք պատճառված վնասի չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության հետ համաձայն չեն: Մինչդեռ այդ հանգամանքը պարզելով միայն Առաջին ատյանի դատարանը կարող էր հետևություն անել արագացված դատական քննությունը շարունակելու կամ ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին:

Տվյալ պարագայում, Առաջին ատյանի դատարանը իրավասու էր շարունակել արագացված դատական քննությունը և դատական ակտով լուծել նաև հարուցված քաղաքացիական հայցի հարցը միայն այն բանից հետո, երբ կպարզեր, որ ամբաստանյալներն ընդունում են պատճառված վնասի չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրությունը, այսինքն` իրենց լիովին մեղավոր են ճանաչում առաջադրված մեղադրանքում: Իսկ մեղադրական եզրակացության մեջ մատնանշված վնասի չափը գերազանցող մասով դատարանը պետք է հայցը թողներ առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրա իրավունքը: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, առանց պարզելու, թե հարուցված հայցի պայմաններում արդյո՞ք ամբաստանյալները շարունակում են ընդունել իրենց առաջադրված մեղադրանքն ամբողջ ծավալով, այդ թվում պատճառված վնասի չափի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ առկա ենթադրության մասով, քաղաքացիական հայցը չընդունելու մասին ամբաստանյալների կողմից արված հայտարարության պայմաններում, խախտելով քրեադատավարական օրենքի պահանջը, շարունակել է գործի քննությունը արագացված կարգով:

19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները մեկնաբանելով սույն որոշման 15-18-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի հետևություններն Առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննության արագացված կարգի պայմանները խախտելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր դատական քննության արագացված կարգ կիրառել այն դեպքում, երբ ամբաստանյալները համաձայն չէին մեղադրանքի ծավալի մեջ ներառված գույքային վնասի հետ համընկնող քաղաքացիական հայցի չափի հետ:

20. Սույն որոշման 15-19-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են բողոքաբերի պնդումներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքների սահմաններից և իրականացրել է մեղադրանքի կողմի գործառույթ, իսկ օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանազանցմամբ որոշում կայացնելով` չի գործել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե՛ս սույն որոշման 9-11-րդ կետերը): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ իրավացիորեն նշել է, որ բողոքաբերների կողմից բարձացված նյութական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկներին հնարավոր է անդրադառնալ միայն սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտումները վերացնելուց հետո:

21. Հիմք ընդունելով սույն որոշման 15-20-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, իսկ հիշյալ դատական ակտը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Արթուր Վլադիմիրի Հակոբյանի և Արսեն Գևորգի Խոջայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան