Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.169
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
25.12.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1314/05/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1314/05/10

2012 թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/1314/05/10

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` Կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու, Նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը վերացնելու, 10.02.2010 թվականի թիվ Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Կազմակերպության ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է ճանաչել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, վերացնել ՀՀ պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը և պարտավորեցնել տրամադրել 10.02.2010 թվականի թիվ Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան, դատավորներ՝ Գ. Ղարիբյան, Լ. Սոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.03.2011 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.11.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանը, 18.05.2011 թվականի որոշմամբ վերադարձնելով Կազմակերպության վճռաբեկ բողոքը, կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և 12-րդ հոդվածը:

ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Այսինքն` ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել» Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և քննության առնել Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի «Կազմակերպության դիմումի հիման վրա՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» թիվ ՍԴՈ-1010 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշվել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետը և 12-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, իսկ նույն որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետով սահմանվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, նաև նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1314/05/10 դատական գործով 23.11.2010 թվականին կայացրած վճռում վերազանցել է իր լիազորությունները՝ հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջը, արձանագրել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:

2) Վճռաբեկ դատարանը, ինչպես նաև ստորադաս դատարանները կիրառել են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, իսկ նույն օրենքի 12-րդ հոդվածը, և մասնավորապես նույն հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը, չեն կիրառել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ հոդվածների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը, կամ այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը չի կիրառել այն դրույթը, որը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ գտել է, որ այդ դրույթն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դատական ակտը ենթակա չէ վերանայման նոր հանգամանքի հիմքով:

Սույն գործով Դատարանը, կիրառելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, եզրահանգել է, որ հայցվորի կողմից պահանջված տեղեկատվությունը՝ ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում մահացած զինծառայողների թվի վերաբերյալ, դասվում է զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի շարքին և հետևաբար պետք է որակվի որպես գաղտնի, հրապարկման ոչ ենթակա տեղեկատվություն:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, եզրահանգել է, որ հայցվորի պահանջած տեղեկատվությունը չի կարող գնահատվել որպես սովորական, առօրեական դեպք, և հիմնավոր է համարել պատասխանողի դիրքորոշումն այն մասին, որ այդ զինծառայողների մահացության դեպքերը դասվում են զորքերում արտակարգ դեպքերի շարքին և պետք է գնահատվեն որպես գաղտնի, հրապարկման ոչ ենթակա տեղեկատվություն:

Վճռաբեկ դատարանը, 18.05.2011 թվականի որոշմամբ վերադարձնելով Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, հիմնավոր է համարել Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությունները։

ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետով սահմանվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Համադրելով վերոնշյալ վերլուծությունը և սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերջնական դատական ակտը կայացվել է Վճռաբեկ դատարանի կողմից, որպիսին հանդիսանում է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Ներկայացված բողոքով Հայցվորը խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ որոշմամբ չի կիրառվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն ընդհանրապես և այդ հոդվածի 7-րդ մասի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը, մասնավորապես:

Ավելին, Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի որոշմամբ ի թիվս այլ դրույթների կիրառվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես Վերաքննիչ դատարանը, այնպես էլ Դատարանը չեն կիրառել հակասահմանադրական ճանաչված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը: Այսպես՝ Դատարանը վճռում կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, Վերաքննիչ դատարանը որոշման մեջ կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, իսկ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը, կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածները: Հետևաբար, սույն գործով կայացված դատական ակտերից որևէ մեկով չի կիրառվել հակասահմանադրական ճանաչված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը: Ավելին, նշված հանգամանքը հիմնավորվում է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդության վերաբերյալ Դատարանի այն դիրքորոշմամբ, որ «Դատաքննության ավարտին հայցվոր կողմը միջնորդել էր սույն գործով` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերության կիրառման պարագայում կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` նշված պարբերության` ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին համապատասխանության հարցով։ Դատարանը փաստում է, որ վերը նշված վերլուծությունները` անկախ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերության կիրառման, լիովին բավարար են հայցվորի կողմից ներկայացված պահանջի սահմաններում վերջնական և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված նոր հանգամանք չէ և Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք չէ:

Ինչ վերաբերում է Դատարան ներկայացված միջնորդության կապակցությամբ Դատարանի վճռում տեղ գտած դիրքորոշմանն այն մասին, որ «դատարանի կարծիքով, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին», ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում միջնորդություն է ստացվում գործի քննությունը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու` կիրառման ենթակա օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը պարզելու համար, արդյոք Դատարանն իրավասու է դիրքորոշում հայտնել օրենքի ՀՀ Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարան դիմում են դատարանները, ինչպես նաև գլխավոր դատախազը, եթե գտնում են, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը և գլխավոր դատախազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:

Վերոնշյալ դրույթների մեկնաբանությունից հետևում է, որ վեճը լուծող դատարանները (ընդհանուր իրավասության և (կամ) մասնագիտացված) որոշակի հանգամանքների ի հայտ գալու ուժով լիազորված են կասեցնելու գործի վարույթը: Նման հանգամանքներից է կիրառման ենթակա օրենքի կամ այլ իրավական ակտի` դատարանի կարծիքով ՀՀ Սահմանադրությանը հակասելը: Կոնկրետ դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը ենթակա է գնահատման դատարանի (գործը քննող դատավոր կամ դատավորների կազմի) կողմից: Լիազորված լինելով գնահատել կիրառման ենթակա դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը` դատարանն այն իրականացնում է սուբյեկտիվ համոզմամբ, հենվելով օբյեկտիվ չափորոշիչների վրա, մասնավորապես` կոնկրետ դրույթի մեկնաբանումը, այդ դրույթի` իրավունքի սկզբունքներին հակասելը, սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքներին հակասելը և այլն: Հետևում է, որ դատարանը նախ և առաջ պետք է դիրքորոշում հայտնի կիրառման ենթակա դրույթի և ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածներին դրա հնարավոր (ենթադրյալ) հակասության մասին և որպես հետևանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կասեցնի գործի վարույթը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի հիմքով դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Հետևաբար, կիրառման ենթակա օրենքի հոդվածի կամ այլ իրավական ակտի դրույթի Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ դատարանի դատողություններն ուղղված են բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված լիազորության իրականացմանը: Դրանք չեն կարող նույնացվել սահմանադրական արդարադատության հետ, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է որոշել օրենքների և ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված այլ իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջների վերը շարադրվածից տարբերվող մեկնաբանության պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ ցանկացած միջնորդություն ներկայացվելու դեպքում` անկախ միջնորդության բովանդակությունից և դրա վերաբերյալ դատարանի դիրքորոշումից, դատարանը պարտավորված կլինի կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ, 134-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ և 204.38-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան