Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.17
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
05.04.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/2017/02/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2017/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2017/02/11
2013 թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Թումանյան

Դատավորներ՝   

Լ. Գրիգորյան 
 

Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Կովկասյանի և Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Կովկասյանի և Կարինե Հարությունյանի ընդդեմ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Բյուրո), «ՌԱՍԿՈ» ԱՍՊԸ-ի (ներկայումս` «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի) (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Արթուր Դանիելյանի և Արայիկ Զաքարյանի` Բյուրոյի գրությունը և գործողությունները, այդ գրության հիման վրա տրված եզրակացությունը, ինչպես նաև Ընկերության որոշումն ու գրությունն անվավեր ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Կովկասյանը և Կարինե Հարությունյանը պահանջել են անվավեր ճանաչել Բյուրոյի` Կազմակերպությանը հասցեագրած 27.05.2011 թվականի թիվ Բ/ՏՍ-167 գրությունը և գործողությունները, այդ գրության հիման վրա 03.06.2011 թվականին Կազմակերպության փորձագետի տված թիվ 11-0101Պ եզրակացությունը, Ընկերության որոշումը և 07.06.2011 թվականի թիվ Ռ/ԲԱ-387 գրությունը, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 1.326.000 ՀՀ դրամ գումար` որպես պատճառված վնասի հատուցում, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` մինչև պարտավորության կատարման օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Գ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 22.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Ընկերության 07.06.2011 թվականի որոշումը (եզրակացությունը), Ընկերությունից հօգուտ Կարինե Հարությունյանի բռնագանձել 1.326.000 ՀՀ դրամ` որպես ավտովթարի հետևանքով պատճառված վնասի հատուցման գումար, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 07.09.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը. մնացած պահանջների մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.09.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիգրան Կովկասյանը և Կարինե Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, նույն կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 53-րդ, 212-րդ, 214-րդ, 217-րդ, 219-րդ, 220-րդ, 204.30-204.38-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի հիմնավորել, թե ինչու Ընկերությունը չի իմացել կամ չէր կարող իմանալ առավել արագության սահմանափակման նշանի առկայության մասին, կամ իմացել է, սակայն իրենից անկախ պատճառներով չի կարողացել ներկայացնել Դատարանին, և այդ հանգամանքը գործի լուծման համար ինչ էական նշանակություն ունի: Այսպես` Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ճանապարհային նշանի առկայության մասին եզրակացության մեջ չնշելը ինչ պատճառահետևանքային կապ ունի ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի կողմից 26.04.2011 թվականին տրված եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) մեջ Տիգրան Կովկասյանի վարած ավտոմեքենայի` ավտովթարին նախորդող պահին ունեցած արագության հետ, և այն չարտացոլելը տվյալ քաղաքացիական գործի ճիշտ ու օբյեկտիվ լուծման վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ:

Վերաքննիչ դատարանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, բողոքը քննելիս ստանձնել է ՀՀ վարչական դատարանի լիազորություններ` իր 05.09.2012 թվականի որոշման մեջ նշելով, որ վարչական մարմնի կողմից տրված Եզրակացության մեջ բացակայում են համապատասխան նշումներ Տիգրան Կովկասյանի վարած ավտոմեքենայի` ավտովթարին նախորդող պահին ունեցած արագության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործի նյութերը, այդ թվում նաև չի անդրադարձել Տիգրան Կովկասյանի ներկայացրած` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 27.08.2012 թվականին տրված թիվ 17/12-9386 գրությանը, որով հերքվում է նոր երևան եկած հանգամանքի առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 05.09.2012 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 22.11.2011 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ Եզրակացությունը հիմնված է սխեմայի վրա, իսկ սխեմայում բացակայում է դեպքի վայրում առկա ճանապարհային երթևեկության «առավելագույն արագությունը սահմանող» նշանը, որը վկայում է Եզրակացության կեղծ լինելու մասին:

Վերը նշված ճանապարհային նշանը սխեմայում արտացոլելու դեպքում տեղի կունենար իրավիճակի էական փոփոխություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 24.03.2011 թվականին Արթուր Դանիելյանն իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան վարելիս թույլ է տվել ՃԵԿ-ի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների խախտում, որի հետևանքով բախվել է Կարինե Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող և Տիգրան Կովկասյանի վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով նշված ավտոմեքենան հարկադրաբար դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել «Միցուբիշի» մակնիշի ու կայանված վիճակում գտնվող «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներին և դրանց սեփականատերերին պատճառել նյութական վնաս (հատոր 1-ին, գ.թ. 19-22, 138-150).

2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետի 10.05.2011 թվականի որոշմամբ Արթուր Դանիելյանը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1246  հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է վարչական պատասխանատվության` նրա նկատմամբ նշանակվել է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 23).

3) «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի փորձագետի տված եզրակացության համաձայն` «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը վթարի հետևանքով պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը գնահատվել է 1.326.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 10-16).

4) Արթուր Դանիելյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ապահովագրողն է Ընկերությունը: Վերջինս 07.06.2011 թվականի թիվ Ռ/ԲԱ-387 գրությամբ Կարինե Հարությունյանին հայտնել է, որ Ընկերությունը որոշում է կայացրել ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 38).

5) 15.06.2012 թվականին Ընկերությունը Վերաքննիչ դատարան է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքներով Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը վերանայելու մասին բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-8)` որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի առկայությունը և որպես այդ հանգամանքը հաստատող ապացույց ներկայացնելով «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2012 թվականին տրված տեղեկանքը: Նշված տեղեկանքի համաձայն` Կիևյան փողոցի թիվ 11/3 շենքի դիմաց տեղադրված, Օրբելի փողոցի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների 3.24 40 կմ/ժ «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը գործել է 1.23 «Երեխաներ» ճանապարհային նշանի հետ համատեղ, 2011 թվականի ընթացքում այդ նշանի բացակայության փաստ «Լուսանշան» ՊՈԱԿ-ի անվտանգ երթևեկության կազմակերպման բաժնի կողմից չի հայտնաբերվել, և ճանապարհային նշանի վերականգնման հայտ չի ուղարկվել (հատոր 4-րդ, գ. թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետում նշված հիմքին` հաշվի առնելով նման գործերով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված դրույթի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի տասներորդ մասի համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Վերոնշյալ հոդվածը համադրելով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետում նշված հիմքի վերաբերյալ մեկնաբանության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու համար բողոք բերած անձը պետք է միաժամանակ ապացուցի ինչպես այն, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, այնպես էլ` որ այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, իսկ դատարանն իր հերթին պետք է ապացուցված համարի այդ հանգամանքների միաժամանակյա առկայությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքներով Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը վերանայելու մասին վերաքննիչ բողոք ներկայացրած Ընկերությունը նշել է, որ երրորդ անձ Արթուր Դանիելյանի 23.04.2012 թվականի դիմումից պարզվել է, որ «վերջերս դեպքի վայրով անցնելիս նա նկատել է այնտեղ տեղադրված 40 կմ/ժ «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը, որն այնտեղ տեղադրված է եղել մի քանի տարի առաջ»: Վերաքննիչ բողոքի նման ձևակերպումը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` կատարելու հետևություն այն մասին, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը բերվել է այն հիմքով, որ գործին մասնակցող անձանց այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել:

Մինչդեռ Ընկերությունը չի ապացուցել, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին նշելով, որ նոր երևան եկած հանգամանքի մասին գործին մասնակցող անձինք չգիտեին և չէին կարող իմանալ, տվյալ դեպքում չի հիմնավորել, թե ինչու գործին մասնակցող անձինք չէին կարող իմանալ այդ հանգամանքի մասին:

 Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերը նշված հետևությունը հետևյալ հիմնավորմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը որպես նոր երևան եկած հանգամանքը հաստատող ապացույց վկայակոչել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2012 թվականին տրված տեղեկանքը: Նշված տեղեկանքի համաձայն` Կիևյան փողոցի թիվ 11/3 շենքի դիմաց տեղադրված, Օրբելի փողոցի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների 3.24 40 կմ/ժ «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանը գործել է 1.23 «Երեխաներ» ճանապարհային նշանի հետ համատեղ: 2011 թվականի ընթացքում այդ նշանի բացակայության փաստ «Լուսանշան» ՊՈԱԿ-ի անվտանգ երթևեկության կազմակերպման բաժնի կողմից չի հայտնաբերվել, և ճանապարհային նշանի վերականգնման հայտ չի ուղարկվել: Նշված տեղեկանքի բովանդակությունից բխում է, որ 2011 թվականի ընթացքում, որպիսի ժամանակահատվածն իր մեջ ներառում է նաև ճանապարհատրանսպորտային պատահարի օրը` 24.03.2011 թվականը, և Դատարանում սույն գործի քննության ավարտի օրը` 07.11.2011 թվականը, այդ նշանը նույն վայրում գործել է, և ինչպես Ընկերությունն է նշել իր վերաքննիչ բողոքում, դեպքի վայրի մոտ ապրող բնակիչների ու տաքսու վարորդների հայտարարության համաձայն` այդ նշանը տեղադրված է եղել մի քանի տարի առաջ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։ Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես՝ Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան Մարությանի և մյուսների թիվ 3-54(ՎԴ)գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից ապացույցների հետազոտման գործընթացը թեև ձևական առումով կարող է տարբերվել վարույթի այս կամ այն տեսակից կախված (հայցային վարույթներ, հատուկ վարույթներ, հատուկ հայցային վարույթներ), այդուհանդերձ բովանդակային առումով այն նույնն է բոլոր վարույթներում. գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի հաստատումը պայմանավորված է ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտմամբ: Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթը բացառություն չէ նշված կանոնից, հետևաբար գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի կամ որ նույնն է ապացուցման առարկան կազմող փաստի հաստատված լինելը կարող է իրականացվել բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված կանոնի պահպանմամբ, ինչն էլ նույն օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով արտացոլվում է դատական ակտում:

Վերոնշյալ դիրքորոշման հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ նոր երևան եկած հանգամանքի մասին գործին մասնակցող անձինք չգիտեին և չէին կարող իմանալ` Վճռաբեկ դատարանն այն համարում է անհիմն, քանի որ այդ հանգամանքը` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում համապատասխան նշանի առկայությունը, գործին մասնակցող անձանց կարող էր հայտնի լինել ավելի վաղ` մինչև Դատարանում գործի քննության ավարտը:

Այսինքն` բացակայում է դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու համար պարտադիր պայմաններից մեկը` որ վերը նշված հանգամանքը չէր կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.11.2011 թվականի վճռին։

2. «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59.780 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, 49.780 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք, ինչպես նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.11.2011 թվականի վճռով բռնագանձման ենթակա 1.326.000 ՀՀ դրամի նկատմամբ մինչև նշված գումարը վերադարձնելու օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք ու նույն գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, գումար` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան