Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.41
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.02.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0224/01/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0224/01/11

Գործ թիվ ԼԴ/0224/01/11

Նախագահող դատավոր՝  Ա. Խաչատրյան

      Դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան

                                 Մ. Ռեհանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Վ. Զուռնաչյանի

 

 

2013 թվականի փետրվարի 15-ին

ք. Երևանում

     դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գայանե Նորիկի Փահլևանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մ.Հախվերդյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև`Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռով Գայանե Նորիկի Փահլևանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 376-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գ.Փահլևանյանը դատապարտվել է ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գ.Փահլևանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Գ.Փահլևանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 29-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` թողնվել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Փահլևանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ վերադարձվել է:

Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը ստացել է օրինական ուժ, և քրեական գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` կատարման:

2. Դատապարտյալ Գ.Փահլևանյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը դիմել է Առաջին ատյանի դատարան` խնդրելով հստակեցնել Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և որոշել, թե «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը Գ.Փահլևանյանի նկատմամբ կիրառելու պայմաններում նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը որքան է կազմում:

3. Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել դատապարտյալ Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին:

4. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մ.Հախվերդյանը բերել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ Լոռու կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մ.Հախվերդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դատապարտյալ Գ.Փահլևանյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը՝ նշելով, որ բողոքի հեղինակի փաստարկներն անհիմն են և չեն բխում օրենքից:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման համաձայն՝ «Դատավճռի կատարման ընթացքում պարզվել է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կիրառման ենթակա է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշումը, քանի որ նա հանցավոր արարքները կատարել է 2007 թվականի հունիսի 1-ից մինչև 2010թ-ի ապրիլի 1-ը և նրա նկատմամբ համաներման մասին նշված որոշումը կիրառելու արգելքներ չկան: Դատարանը Գ.Փահլևանյանի նկատմամբ չկիրառելով համաներման մասին որոշումը, թույլ է տվել նրա նկատմամբ նշանակված պատժի հաշվարկի սխալ:

(...)

Դատարանը գտնում է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ կիրառման ենթակա է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 26.05.2012 թվականի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և նույն որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնց արդյունքում հստակեցման ենթակա է նրա նկատմամբ նշանակված վերջնական պատժի չափը:

(...)

Դատարանը գտնում է, որ Գայանե Փահլևանյանի նկատմամբ համաներում կիրառելու արդյունքում նա պատժից լրիվ ենթակա է ազատման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, որը պետք է կատարվի դատարանի որոշմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ [հոդվածի 3-րդ] մասով նշանակված պատժից ենթակա է կրճատման մեկ չորրորդ մասը, որը պետք է կատարվի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

(…)

Ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1/մեկ/ տարի ժամանակով: Կիրառել Գայանե Փահլևանյանի նկատմամբ «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:

Ամբաստանյալ Գայանե Նորիկի Փահլևանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամանակով, առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառումը` պատժաչափի մեկ չորրորդ մասը կրճատելու հաշվարկի մասով թողնել կատարելու ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին:

Դատավճռի եզրափակիչ մասի մնացած մասը թողնել նախկին խմբագրությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 260-261):

7. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածում օրենսդիրը օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է դատական ակտի ի կատար ածման ընթացքում ծագած կասկածների և անհստակությունների կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե այդ կասկածների և անհստակությունների վերանայելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն:

Պատժի չափի հստակ որոշումը, խափանման միջոցների, դատական ծախսերի վերաբաշխումը, իրեղեն ապացույցների ճակատագրի լուծումը, ինչպես նաև դատական ակտի անհստակությունների մեկնաբանումը, դատական ակտի վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ, ուստի վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտի ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի ամբողջ համատեքստում, հաշվի առնելով նաև գործի կոնկրետ հանգամանքները:

Տվյալ դեպքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012թ. դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ և ուղարկվել է կատարման, որի ընթացքում էլ պարզվել է, որ դատապարտյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ չի կիրառվել «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թվականի որոշումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավճռով դատապարտյալ Գայանե Փահլևանյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, ուստի քրեակատարողական հիմնարկը զրկված է եղել համաներման ակտի կիրառման հնարավորությունից:

Այս պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում դատարանը սույն քրեական գործի շրջանակներում կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս Քրեական գործ, հատոր 7, թերթ 29-32):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Բողոք բերած անձի պնդմամբ՝ բողոքարկվող որոշումն օրինական չէ և կայացվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ: Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանն իր կողմից 2012 թվականի հունվարի 31-ին կայացված դատավճռի անհստակությունը լուծելիս փոփոխել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով սահմանված պատժաչափը: Հետևաբար, սույն գործով ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ տարածական մեկնաբանության են ենթարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավճիռները կամ դատական այլ որոշումներն ի կատար ածելու ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելու՝ դատարանի իրավասության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Գ.Փահլևանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին նույն դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`

1) հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ.

(...)

3) լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ.

4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները»:

Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, որ այն սահմանում է դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում դատարանի լուծմանը ենթակա հարցերի հետևյալ շրջանակը՝

ա) պատժի չափի հստակեցում,

բ) խափանման միջոցների հետ կապված հարցեր,

գ) դատական ծախսերի վերաբաշխում,

դ) իրեղեն ապացույցների տնօրինում,

ե) որոշման մեջ առկա անհստակությունների պարզաբանում:

Վերոնշյալ հարցերի լուծումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի իմաստով, հանդիսանում է դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում ծագած կասկածների և անհստակությունների լուծում:

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետի (ե) ենթակետում ամրագրված՝ անհստակությունների լուծման դատարանի իրավասությունը ներառում է այն հարցերի լուծումը, որոնք կապված չեն անձի մեղքի կամ նրա նկատմամբ նշանակված պատժի հետ: Այլ խոսքով՝ անձի մեղքի և (կամ) պատժի հետ կապված հարցերը ենթակա են լուծման բացառապես գործի դատական քննության փուլում, իսկ գործի քննության այլ փուլերում դրանց անդրադարձը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության սկզբունքին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղքի և (կամ) պատժի հետ կապված հարցերը դուրս են անհստակությունների լուծման դատարանի իրավասության շրջանակներից և պետք է իրականացվեն ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված՝ դատական ակտի բողոքարկման ընթացակարգով:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը: Առանց համաներման ակտի գոյության օրենսգրքերի համապատասխան դրույթներն իրացվել չեն կարող:

(…)

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: (…) նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը համադրելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված վերլուծության հետ՝ Վճռաբեկ դատարանը զարգացնում է Վ.Ավետիսյանի որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումը և արձանագրում է, որ իր իրավական նշանակությամբ համաներման ակտը հանդիսանում է իրավաբանական փաստ, այսինքն՝ հանգամանք, որի հետ իրավական նորմը կապում է իրավական հետևանքների (իրավահարաբերությունների) փոփոխումը կամ դադարեցումը:

Որպես «իրավադադարեցնող» իրավաբանական փաստ՝ համաներման ակտը հանդես է գալիս այն դեպքերում, երբ սահմանում է նշանակված պատժից անձին ազատելու և դատվածությունը հանելու դեպքերը:

Որպես «իրավափոփոխող» իրավաբանական փաստ՝ համաներման ակտը հանդես է գալիս այն դեպքերում, երբ սահմանում է անձի նկատմամբ նշանակված պատժաչափի կրճատման դեպքերը:

Վերոնշյալ՝ «իրավադադարեցնող» և «իրավափոփոխող» իրավաբանական փաստերի իմաստով՝ համաներման ակտով նախատեսված «պատժից ազատելը», «դատվածությունը հանելը» և «պատժաչափը կրճատելը» տարբերվում են ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված համանման ինստիտուտներից, քանի որ իրականացվում են ոչ թե ուղղակիորեն նյութաիրավական օրենսդրության, այլ ինքնուրույն գործող իրավական փաստաթղթի՝ համաներման ակտի կիրառման արդյունքում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաներման ակտի հիման վրա պատժից ազատելու, դատվածությունը մարելու և պատժաչափը կրճատելու դեպքերը չեն հանդիսանում անձի պատժի հետ կապված հարցի լուծում:

15. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դեպքում, երբ գործի դատական քննության ընթացքում դատարանն անձի նկատմամբ չի կիրառում համաներման ակտը և դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում նախատեսված համաներման չկիրառմամբ, դատարանն իրավասու է մեկնաբանել իր որոշման մեջ առկա անհստակությունը և դատավճռի կամ դատական այլ որոշման ի կատար ածման փուլում կայացնել անձի նկատմամբ համաներման ակտի կիրառման մասին որոշում:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատական ակտի կատարման փուլում համաներման ակտի կիրառումը հնարավոր է այն դեպքում, երբ դատարանը գործի դատական քննության ընթացքում ընդհանրապես չի անդրադարձել համաներման ակտի կիրառման հարցին: Ինչ վերաբերում է այն դեպքին, երբ գործի դատական քննության փուլում դատարանը անդրադառնում է անձի նկատմամբ համաներման ակտի կիրառման հարցին և սխալ է թույլ տալիս, օրինակ՝ քննարկում է համաներման կիրառման հարցը և չի կիրառում կիրառման ենթակա համաներման ակտը կամ սխալ է կիրառում այն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման ակտի կիրառման հետ կապված վերոնշյալ սխալները հանդիսանում են անձի նկատմամբ պատիժ նշանակելիս թույլ տրված դատական սխալներ, որոնք պետք է ուղղվեն ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված՝ դատական ակտի բողոքարկման ընթացակարգով:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը Գ.Փահլևանյանի նկատմամբ պատիժ է նշանակել՝ առանց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) կիրառման: Առաջին ատյանի դատարանի նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Դատական ակտի կատարման փուլում Գ.Փահլևանյանի պաշտպան Վ.Զուռնաչյանը դիմել է Առաջին ատյանի դատարան` խնդրելով հստակեցնել նույն դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և որոշել, թե Համաներման ակտը Գ.Փահլևանյանի նկատմամբ կիրառելու պայմաններում նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը որքան է կազմում (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 25-ին որոշում է կայացրել դատապարտյալ Գ.Փահլևանյանի վերաբերյալ նույն դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին: Այդ դատական ակտով Առաջին ատյանի դատարանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով Գ.Փահլևանյանի նկատմամբ կիրառել Համաներման ակտի 6-րդ կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել պատժից: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գ.Փահլևանյանի նկատմամբ Համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառումը` պատժաչափի մեկ չորրորդ մասը կրճատելու հաշվարկի մասով թողնել կատարելու ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը): Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը Վերաքննիչ դատարանի որոշմամբ թողնվել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը):

17. Սույն որոշման 11-15-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Փահլևանյանի վերաբերյալ 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ դատարանը լուծել է Համաներման ակտի կիրառմամբ Գ.Փահլևանյանին պատժից ազատելու և նրա նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատելու հարցերը, որոնց չի անդրադարձել գործի դատական քննության փուլում, և որոնք չեն հանդիսանում Գ.Փահլևանյանի մեղքի կամ նրա նկատմամբ նշանակված պատժի հետ կապված հարցեր: Հետևաբար, հիմնազուրկ է բողոքի հեղինակի պնդումն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը պաշտպանի դիմումի հիման վրա դատավճռի անհստակությունը լուծելու ժամանակ փոփոխել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով սահմանված պատժաչափը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Փահլևանյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 31-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին նույն դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը հիմնավոր է:

18. Հիմք ընդունելով սույն որոշման 10-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ չեն տվել դատական սխալ, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Ստորադաս դատարանների դատական ակտերը օրինական, հիմնավորված ու պատճառաբանված են, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի դատական ակտը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դատապարտյալ Գայանե Նորիկի Փահլևանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան