Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.48
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.02.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0023/11/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0023/11/12

Գործ թիվ ԼԴ/0023/11/12

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ դատախազ

Պ. Մարտիրոսյանի

 

 

2013 թվականի փետրվարի 15-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Հովհաննես Եղիայի Գինոսյանի պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի հուլիսի 8-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում Հովհաննես Գինոսյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով Ա.Միտիչյանին և Ա.Բոյախչյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 19113212 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2012 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Հ.Գինոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով:

2. 2012 թվականի հուլիսի 13-ին մեղադրյալ Հ.Գինոսյանի պաշտպան Ռ.Հակոբյանը բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատախազին` խնդրելով վերացնել Հ.Գինոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին նախաքննության մարմնի 2012 թվականի հուլիսի 10-ի որոշումը:

Լոռու մարզի դատախազության դատախազ Պ.Մարտիրոսյանի 2012 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ պաշտպան Ռ.Հակոբյանի բողոքը մերժվել է:

3. 2012 թվականի հուլիսի 20-ին պաշտպան Ռ.Հակոբյանը բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Հ.Գինոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2012 թվականի հուլիսի 10-ի որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու մասին դատախազ Պ.Մարտիրոսյանի 2012 թվականի հուլիսի 13-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ պաշտպան Ռ.Հակոբյանի բողոքը բավարարել է մասնակիորեն: Լոռու մարզի դատախազության դատախազ Պ.Մարտիրոսյանի 2012 թվականի հուլիսի 13-ի որոշումը վերացրել է և դատախազ Պ.Մարտիրոսյանին պարտավորեցրել վերացնել մեղադրյալ Հ.Գինոսյանի և նրա պաշտպան Ռ.Հակոբյանի իրավունքների խախտումը: Պաշտպանի բողոքը մնացած մասով մերժվել է:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 4-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու մասին: Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 1-ի որոշումը Լոռու մարզի դատախազության դատախազ Պ.Մարտիրոսյանի 2012 թվականի հուլիսի 13-ի որոշումը վերացնելու մասով բեկանվել է:

5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Հակոբյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Առաջին ատյանի դատարանն իր որոշման պատճառաբանական մասում նշել է՝ «(…) Հովհաննես Գինոսյանին «Որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Գործի հետագա նախաքննության ընթացքում հնարավոր է ձեռք բերված ապացույցների հիման վրա այդ որոշման վերաձևակերպումը, նոր մեղադրանք առաջադրելը և այլն:

Ինչ վերաբերում է Լոռու մարզի դատախազության դատախազ Պ.Մարտիրոսյանի (…) որոշմանը, ապա այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի 10-րդ կետով նախատեսված քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման պահանջներին:

Ըստ էության՝ Լոռու մարզի դատախազության դատախազ Պ.Մարտիրոսյանի (…) որոշման մեջ բացակայում է պատճառաբանական մասը, որում կարող էին շարադրվել այն հիմնավորումները, որոնք հիմք են տվել (…) մերժել Հ.Գինոսյանի շահերի պաշտպան Ռ.Հակոբյանի բողոքը: Այսինքն` (…) դատախազ Պ.Մարտիրոսյանի կողմից չպատճառաբանված որոշում կայացնելը զրկել է պաշտպանության կողմին իր իրավունքներն արդյունավետ օգտագործելու հնարավորությունից (…)» (տե՛ս նյութեր, թերթ 23-26):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Ինչպես երևում է դատախազ Պ.Մարտիրոսյանի (…) որոշումից` դատախազը նշել է մի շարք ապացույցներ, որոնք նախաքննության մարմնին հիմք են հանդիսացել Հովհաննես Գինոսյանին ներգրավելու որպես մեղադրյալ (…):

Այսինքն՝ դատախազը պատճառաբանել է, որ գործում առկա է մեղադրյալին մեղսագրված արարքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցություն, որի պարագայում դատախազը գտել է, որ պաշտպանի «… բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է և համապատասխանում է մեղադրյալ Հ.Գինոսյանի կողմից կատարված արարքին …»:

Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ դատախազ Պ.Մարտիրոսյանը կայացրել է պատճառաբանված որոշում, որում առկա են այն հիմնավորումները, որոնք հիմք են տվել պաշտպանի բողոքը մերժելու համար (…)» (տե՛ս նյութեր, թերթ 65-72):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով խախտել է մեղադրյալ Հ.Գինոսյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքը:

Բողոքաբերը փաստարկել է, որ դատախազին հասցեագրված բողոքը հիմնավորել է նրանով, որ Հ.Գինոսյանին մեղադրանք առաջադրելու որոշումը հիմնավորված չէ, առաջադրված մեղադրանքը վերացական է և անորոշ: Դատախազը կայացրել է բողոքը մերժելու մասին որոշում, որում ըստ էության բացակայել է պատճառաբանական մասը:

Վերոնշյալ հանգամանքը Առաջին ատյանի դատարանի կողմից դատախազի որոշումը վերացնելու հիմք է հանդիսացել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով դատախազի բողոքը, իր դատական ակտում տվել է վերացական ձևակերպումներ, չի հստակեցրել, թե Առաջին ատյանի դատարանը քրեադատավարական օրենքի կոնկրետ ինչ նորմ է խախտել` դրանով իսկ սահմանափակելով պաշտպանության կողմի հնարավորությունը լիարժեք կազմակերպելու և իրականացնելու իր պաշտպանության իրավունքը:

9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 1-ի որոշմանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների կապակցությամբ դիրքորոշում ձևավորելու նպատակով անհրաժեշտ է նախևառաջ պատասխանել հետևյալ իրավական հարցին. իրավասո՞ւ են արդյոք դատարաններն իրականացնել քրեական հետապնդման մարմնի որոշման կամ գործողության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշումը կամ գործողությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում:

12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»:

Մեջբերված իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների (պաշտոնատար անձանց) որոշումների և գործողությունների դատական բողոքարկման ինստիտուտը կոչված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներում ամրագրված հիմնարար իրավունքների կենսագործումը և ապահովելու անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը պետական մարմինների անօրինական (անիրավաչափ) որոշումներից և գործողություններից: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն ունի իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակները, այն է՝ բողոքարկվող որոշումների և գործողությունների օրինականությունը ստուգելու արդյունքում պարզել անձի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը և կայացնել համապատասխան որոշում նշված խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության վերաբերյալ (մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության մասին mսtatis mսtaոdis տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

13. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները ենթակա են նաև դատախազական հսկողության: Ընդ որում, ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից, անձն իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքն իրացնելուց առաջ պարտավոր է սպառել իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը՝ դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում: Այլ խոսքով՝ դատախազի կողմից շահագրգիռ անձի բողոքի մերժումն անհրաժեշտ նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործի դնելու համար:

Մինչդատական վարույթում դատական վերահսկողության և դատախազական հսկողության գործառույթների բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Զարյանի գործով որոշման մեջ՝ նշելով, որ «(…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից մեկն է և դատախազական հսկողության հետ համատեղ կոչված է ապահովելու նախաքննության մարմնի գործողությունների ու որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը, սակայն, դատախազական հսկողության համեմատ ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք իրենց հերթին պայմանավորում են վերահսկողության օբյեկտի (առարկայի), վերահսկողության իրականացման ընթացակարգի (դատավարական ձևի), ընդունվող որոշումների և դրանց իրավական նշանակության տարբերությունները (…)» (տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):

14. Զարգացնելով Լ.Զարյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատախազը, հանդիսանալով քրեական հետապնդման մարմին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 22-րդ կետ), մինչդատական վարույթում անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելուց բացի, պարտավոր է նաև ապահովել նախաքննության խնդիրների իրականացումը, այն է՝ բացահայտել քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձին, պարզել հանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցների կիրառությունը, այնինչ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս նման խնդիրներ չի հետապնդում: Դատական վերահսկողության և դատախազական հսկողության խնդիրների վերոգրյալ տարբերությամբ է պայմանավորված նաև վերահսկողության իրականացման ընթացակարգի և սահմանների տարբերությունը: Մասնավորապես, մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ շահագրգիռ անձի բողոքի հիման վրա, իրավասու է վերանայել նախաքննության մարմնի ցանկացած որոշում կամ գործողություն: Մինչդեռ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նման լայն իրավասություններով օժտված չէ:

15. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ.Գրիգորյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) եթե քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, սակայն այդ որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման» (տե՛ս Վալերի Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը):

Զարգացնելով Վ.Գրիգորյանի գործով որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը Վ.Մանուկյանի գործով որոշման մեջ նշել է՝ «(…) մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման» (տե՛ս Վարուժան Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ին կայացված թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը):

16. Համադրելով սույն որոշման 13-14-րդ և 15-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանները պայմանավորված են վերահսկողության խնդիրներով, այլ խոսքով՝ դատարանը պետք է իրականացնի մինչդատական վարույթում կայացված որոշումների և իրականացված գործողությունների դեմ բերված բողոքի քննություն այն դեպքում, եթե վիճարկվող որոշումները և գործողությունները կարող են հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն չի կարող իրականացվել այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումը կամ իրականացրած գործողությունը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, նույն կերպ վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նաև վիճարկվող որոշման կամ գործողության դատախազական հսկողության արդյունքում կայացված որոշումը: Հակառակ մեկնաբանության դեպքում, եթե իրականացվի դատախազի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում, դատարանը դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրների սահմաններից, և առանց անձի իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև խախտված իրավունքները վերականգնելու նպատակի, անհարկի կմիջամտի նախաքննության ընթացքին, ինչն անթույլատրելի է:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարաններն իրավասու չեն իրականացնել քրեական հետապնդման մարմնի որոշման կամ գործողության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշումը կամ գործողությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում:

17. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է միայն գործի ըստ էության քննության ժամանակ, ինչն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Հետևաբար, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, ինչպես նաև վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ այդ որոշման դատախազական հսկողության արդյունքում կայացված որոշումը:

Մինչդեռ, ինչպես երևում է սույն գործի նյութերի ուսումնասիրությունից, Առաջին ատյանի դատարանը, առանց բողոքի հիմքերին անդրադառնալու, իրավացիորեն մերժելով Հ.Գինոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի որոշման դեմ բերված բողոքը, միևնույն ժամանակ քննության առարկա է դարձրել այդ որոշման դատախազական հսկողության արդյունքում կայացված ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, եզրահանգման եկել, որ այն պատճառաբանված չէ, և այդ մասով պաշտպանի բողոքը բավարարելով՝ վերացրել է դատախազի որոշումը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):

 Դատախազի բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր հերթին, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն անհիմն են, իսկ դատախազի որոշումը պատճառաբանված է, նշված որոշումը վերացնելու մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 4-րդ և 7-րդ կետերը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 16-րդ կետում ձևավորված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարաններն իրավասու չեն իրականացնել քրեական հետապնդման մարմնի որոշման կամ գործողության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազի կայացրած որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի վիճարկվող որոշումը կամ գործողությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում: Հետևաբար, սույն գործով ստորադաս դատարանները, իրականացնելով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դատախազական հսկողության արդյունքում կայացված ակտի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակներից, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածներով սահմանված օրինականության սկզբունքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և մեղադրյալ Հ.Գինոսյանի պաշտպանի բողոքի հիման վրա հարուցված դատական վարույթը կարճել:

 19. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում բարձրացված՝ դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների հարցի քննարկումը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) դուրս է Վճռաբեկ դատարանի իրավասության շրջանակներից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 1-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումները բեկանել, մեղադրյալ Հովհաննես Եղիայի Գինոսյանի պաշտպան Ռ.Հակոբյանի բողոքի հիման վրա հարուցված դատական վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան