Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.07.30/41(981).1 Հոդ.732.17
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.04.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0025/11/11, ԵԿԴ/0033/15/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշումներ`

ԵԿԴ/0025/11/11
ԵԿԴ/0033/15/11

գործ թիվ ԵԿԴ/0025/11/11

գործ թիվ ԵԿԴ/0033/15/11

Նախագահող դատավոր՝  Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2013 թվականի ապրիլի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հետևանքով դատական ակտերը վերանայելու վերաբերյալ դիմող Գայանե Աշուղյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի մարտի 7-ին դիմող Գայանե Աշուղյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել 2011 թվականի հունվարի 11-ի դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի դրսևորած անգործությունը և վերջինիս պարտավորեցնել դիմելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` «Վարչական տույժ նշանակելու մասին» 2003 թվականի ապրիլի 4-ի և 9-ի որոշումների վերանայման վարույթ հարուցելու պահանջով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի բողոքը մերժվել է (գործ թիվ ԵԿԴ/0025/11/11):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի որոշմամբ վերադարձվել է:

2. 2011 թվականի ապրիլի 26-ին դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանը և Ա.Ղազարյանը միջնորդություն են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարել և վերականգնել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2011 թվականի մայիսի 6-ի որոշմամբ դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի միջնորդությունը մերժվել է (գործ թիվ ԵԿԴ/0033/15/11):

Դիմող Գ.Աշուղյանի նեկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 6-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ վերադարձվել է:

3. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականությունը՝ Գ.Աշուղյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանը քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա քննության առնելով վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2012 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1052 որոշումը, համաձայն որի`

«1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jսre/ ճանաչվում է հարգելի:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով /ex jսre/ չի ճանաչվում հարգելի:

3. Սույն գործով վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով հոդվածի 2-րդ մասի «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը /հասանելիությունը/ օրենքով նախատեսված սուբյեկտներին»:

4. 2013 թվականի հունվարի 14-ին դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանը և Ա.Ղազարյանը, որպես նոր հանգամանք մատնանշելով ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, ներկայացրել են վճռաբեկ բողոք:

2013 թվականի փետրվարի 20-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Գ.Աշուղյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի բողոքը՝ Գ.Աշուղյանի 2011 թվականի հունվարի 11-ի դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի դրսևորած անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի և 2003 թվականի ապրիլի 9-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումների վերանայման վարույթ հարուցելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դիմելուն պարտավորեցնելու վերաբերյալ, մերժվել է:

Վերոգրյալ որոշման դեմ Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը 2011 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ թողել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը:

(…)

Ինչպես երևում է վերաքննիչ բողոքից, այն ստորագրվել է Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի կողմից, փոստին հանձնվել է 2011 թվականի ապրիլի 22-ին, իսկ վերաքննիչ դատարանում ստացվել է 2011 թվականի ապրիլի 26-ին, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2011 թվականի ապրիլի 7-ին, այսինքն՝ բողոք բերած անձանց կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը:

(…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի, 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:

(…)

Բողոքարկվող որոշումը (…) գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 7-ի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը 2011 թվականի ապրիլի 17-ն էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 17-ը ոչ աշխատանքային օր էր, ապա վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը 2011 թվականի ապրիլի 18-ն էր, սակայն բողոքը փոստին է հանձնվել 2011 թվականի ապրիլի 22-ին, իսկ վերաքննիչ դատարանում այն ստացվել է 2011 թվականի ապրիլի 26-ին, հետևաբար վերաքննիչ բողոքը ժամկետանց է, և այն պետք է թողնել առանց քննության»:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «(…) հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձը կարող է միջնորդել դատական ակտը կայացրած դատարանի՝ տվյալ դեպքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի առաջ՝ վերականգնելու բաց թողնված ժամկետը» (տե՛ս թիվ ԵԿԴ/0025/11/11 գործի նյութեր, հատոր 2, թերթ 24-27):

6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 6-ի որոշման մեջ, որով մերժվել է նույն դատարանի 2011 թվականի ապրիլի 7-ի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի միջնորդությունը, Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 380-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, արձանագրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որոշման բողոքարկման համար սահմանում է տասնօրյա ժամկետ։

Նյութերի ուսումնասիրությունից երևում է, և այդ հանգամանքը ընդունում են դիմողները, որ դատարանի 2011թ. ապրիլի 7-ի որոշումը փոստային ծառայության կողմից հասցեատիրոջն է հանձնվել 2011թ. ապրիլի 13-ին։

(…) Դիմող Գայանե Աշուղյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դատարանի նշված որոշումը բողոքարկելու համար բավարար ժամանակ և հնարավորություն են ունեցել ու կարող էին պատշաճ, օրենքով սահմանված կարգով և ժամկետում բողոքարկելու դատարանի որոշումը` ընդհուպ մինչև 2011թ. ապրիլի 18-ը ներառյալ, որը չեն կատարել։

Հետևաբար դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետը դիմողները բաց են թողել անհարգելի, և միջնորդությունը ենթակա է մերժման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով (տե՛ս թիվ ԵԿԴ/0033/15/11 գործի նյութեր, թերթ 14-15):

7. Վերաքննիչ դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 6-ի որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման արդյունքում արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում վերաքննիչ բողոքի այն փաստարկը, որ դատական ակտի հրապարակումը ենթադրում է դրա ամբողջ բովանդակության հրապարակում դատական նիստում:

Դատարան ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 07.04.2011թ.-ին, այն փոստին է հանձնվել 12.04.2011թ.-ին, իսկ բողոքաբերների կողմից ստացվել է 13.04.2011թ.-ին:

07.04.2011թ.-ին հրապարակված դատական ակտի վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվում էր 17.04.2011թ.-ին:

Վերաքննիչ դատարանը, բարձրացված հարցը կոնկրետ դեպքում դիտարկելով իրավունքների սահմանափակման տեսանկյունից, արձանագրում է, որ տվյալ դեպքում բողոքաբերները իրական հնարավորություն են ունեցել օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար: Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև, որ առաջին ատյանի դատարանի 07.04.2011թ. որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է 22.04.2011թ.-ին, այսինքն` նշված ժամկետը ավարտվելուց 5 օր անց: Այսինքն` 07.04.2011թ. դատական ակտը 12.04.2011թ.-ին ստանալու հանգամանքը կոնկրետ դեպքում չի հանդիսացել այնպիսի սահմանափակում, որը կարող էր խախտել դատարանի մատչելիության իրավունքը» (տե՛ս թիվ ԵԿԴ/0033/15/11 գործի նյութեր, թերթ 50-51):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ հաստատվում է իրենց վստահորդի նկատմամբ սույն գործով ստորադաս դատարանների կողմից կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող լինելու և նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթների` դրանց սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու հանգամանքը: Նշվածը, ըստ բողոքաբերների, հիմք է Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի և նույն թվականի օգոստոսի 11-ի որոշումները վերանայելու համար, որոնցով ուժի մեջ էին թողնվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 28-ի և հուլիսի 8-ի որոշումները:

9. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի և 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշումները, վարույթ ընդունել և քննել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 28-ի և 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումների դեմ իրենց վճռաբեկ բողոքները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, որով հաստատվում է սույն գործով ստորադաս դատարանների կողմից կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող լինելու և նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթների` դրանց սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելը, արդյո՞ք նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի և 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշումները վերանայելու համար:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները:

(…)»:

Գ.Աշուղյանի դիմումի հիման վրա քննության առնելով նշված դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը` ՀՀ սահմանադրական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արձանագրել է. «(…) [Վ]երաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը: Մինչդեռ [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով բողոքարկման ժամկետների հաշվարկի սկիզբ համարելով բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը, օրենսդիրը ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դնում դատական հայեցողությունից` բաց թողնված ժամկետը հարգելի կամ անհարգելի համարելու առումով: Բանն այն է, որ դատական ակտը հրապարակելուց, այն հասցեատիրոջն ուղարկելուց մինչև հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, որը կարող է երկարաձգվել` պայմանավորված նաև սուբյեկտիվ գործոններով: Նման պայմաններում անձն իր տնօրինության ներքո հաճախ չի ունենում բողոքարկվող դատական ակտը, հնարավորություն չի ունենում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները կազմել օրենքով դրանց ներկայացվող պահանջներին համահունչ, ինչն իրավաչափորեն հիմք է հանդիսանում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները համապատասխանաբար` առանց քննության թողնելու կամ վերադարձնելու համար:

(…) [ՀՀ] սահմանադրական դատարանն արձանագրում է, որ [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 380-րդ հոդվածով օրենսդիրը դատարաններին օժտել է լայն հայեցողական լիազորությամբ` հարգելի համարելու կամ չհամարելու ժամկետների բացթողումը: Այս կապակցությամբ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ, հիմք ընդունելով իր` ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն», ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածը լիարժեք չի երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումն այն պատճառաբանությամբ, որ նշված հայեցողական լիազորությունների իրականացումը հանգեցնում է անորոշության: (…) Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, առավել ևս, որ օրենսդիրը մի շարք դեպքերում ոչ միայն չի բացառում, այլև որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկի սկիզբ ուղղակիորեն նախատեսում է տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահը:

(…)

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով /ex jure/ պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը: (…)»:

Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի: Որոշվել է նաև, որ վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով հոդվածի 2-րդ մասի «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է այդ ժամկետում դատարանի ամբողջական ակտի տրամադրումը (հասանելիությունը) օրենքով նախատեսված սուբյեկտներին:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտումով ներկայացված լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Նյութերից երևում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ դիմողները բողոքարկման ժամկետը բաց են թողել անհարգելի, քանի որ բավարար հնարավորություն և ժամանակ են ունեցել օրենքով սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու համար (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, ըստ էության համաձայնվել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ: Վճռաբեկ դատարանն իր 2011 թվականի մայիսի 24-ի և 2011 թվականի օգոստոսի 22-ի որոշումներով Գ.Աշուղյանի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքները վերադարձրել է (տե՛ս սույն որոշման 1-ին, 2-րդ և 7-րդ կետերը):

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

(…)

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին (…) կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (…) [դրա] ուժի մեջ մտնելու պահից:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4269-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով»:

14. Մեջբերված քրեադատավարական դրույթների, ինչպես նաև սույն որոշման 11-րդ կետում շարադրված՝ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 12-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, որով հաստատվում է սույն գործով ստորադաս դատարանների կողմից կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող լինելու և նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթների` դրանց սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելը, նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի և 2011 թվականի օգոստոսի 11-ի որոշումները վերանայելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի և 2011 թվականի օգոստոսի 22-ի որոշումներն անհրաժեշտ է վերանայել և արդյունքում բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 28-ի, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի դատական ակտերը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի և 2011 թվականի օգոստոսի 22-ի որոշումները:

2. Դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի ապրիլի 28-ի, ինչպես նաև դիմող Գ.Աշուղյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան