Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2013.07.30/41(981).1 Հոդ.732.21
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.04.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0341/06/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0341/06/12

Գործ թիվ ԵԿԴ/0341/06/12

Նախագահող դատավոր՝  Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ պաշտպան

Ա. Զաքարյանի

 

2013 թվականի ապրիլի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի փետրվարի 6-ի որոշման դեմ մեղադրյալ Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի պաշտպան Ա.Զաքարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61203311 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2012 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Հովհաննես Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 314-րդ հոդվածով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2012 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նույն դատարանի 2012 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ Հ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամսով:

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս երկու մասով՝ մինչև 2013 թվականի մարտի 28-ը: Նույն որոշմամբ մերժվել է Հ.Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը:

3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Ա.Զաքարյանը, որը Վերաքննիչ դատարանի 2013 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

 4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի փետրվարի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ա.Զաքարյանը:

Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մարտի 28-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Հ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը հրապարակել է 2013 թվականի հունվարի 18-ին (տե՛ս նյութեր, թերթ 83-92):

6. Առաջին ատյանի դատարանի որոշման վերջին էջին առկա է հետևյալ ձեռագիր գրառումը. «ստացա Ա.Զաքարյանին փոխանցելու համար /ստորագրություն/ Լ.Սիմոնյան»: Պաշտպան Ա.Զաքարյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է գրություն, համաձայն որի՝ Լ.Սիմոնյանն Առաջին ատյանի դատարանի որոշումը փոխանցել է իրեն 2013 թվականի հունվարի 21-ին (տե՛ս նյութեր, թերթ 92, 118):

7. Մեղադրյալ Հ.Գրիգորյանի պաշտպան Ա.Զաքարյանն Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2013 թվականի հունվարի 29-ին: Պաշտպան Ա.Զաքարյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն ստացել է 2013 թվականի հունվարի 21-ին (տե՛ս նյութեր, թերթ 97-101):

8. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման պատճառաբանական մասում նշել է. «(…) Մեղադրյալ Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի շահերի պաշտպան Ա.Զաքարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ այն ժամկետանց է, քանի որ սույն գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 2013 թվականի հունվարի 18-ին, մինչդեռ վերաքննիչ բողոքը բերվել է 2013 թվականի հունվարի 29-ին, երբ արդեն իսկ ավարտված էր բողոքարկման ժամկետը (…)» (տե՛ս նյութեր, թերթ 104-105):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, ժամկետանց լինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով, սահմանափակել է մեղադրյալ Հ.Գրիգորյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ վերադաս դատարանում իր կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունքը:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր Հ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբ համարել նշված որոշումը շահագրգիռ անձի կողմից ստանալու պահը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որպես բողոքարկման ժամկետի սկիզբ է համարել որոշման հրապարակման պահը՝ հաշվի չառնելով, որ նշված որոշման պատճենը պաշտպանության կողմն ստացել է 2013 թվականի հունվարի 21-ին:

10. Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ մեղադրյալ Հ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և նրա նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված: Կրկին շեշտելով, որ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում սահմանափակվել է Հ.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքը՝ բողոքի հեղինակը խնդրել է ըստ էության քննել Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված իր բողոքը և դատական ստուգման ենթարկել նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և մեղադրյալ Հ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ փոխարինել գրավով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պաշտպան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակե՞լ է արդյոք մեղադրյալ Հ.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքը:

13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք (…)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում (…)»:

Շարադրված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչ է հանդիսանում նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական որոշումների վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովել քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախևառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ:

(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները, մասնավորապես` այդ ժամկետների սկիզբը հաշվելու վերաբերյալ կարգավորումները լիարժեք կերպով չեն երաշխավորում իրենց շահերին առնչվող դատական ակտերը վերադաս դատարան բողոքարկելու՝ դատավարության մասնակիցների իրավունքը:

(…) ՀՀ քրեադատավարական օրենքն առաջին ատյանի դատարանի` անձին ազատությունից զրկելու մասին (կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման, անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին) գործն ըստ էության չլուծող որոշումների բողոքարկման համար սահմանում է հնգօրյա (…) ժամկետ` բողոքարկման ժամկետի սկիզբ համարելով դատական ակտի հրապարակման պահը: Նման կարճ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու օրենսդրի կամքով: Մյուս կողմից, սակայն, բողոքարկման ժամկետների սկիզբը դատական ակտի հրապարակման պահից համարելու պայմաններում նման կարճ ժամկետները կարող են խոչընդոտել շահագրգիռ անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը:

Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:

Հետևաբար, (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:

(…) առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից» (տե՛ս Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 17-18-րդ և 22-24-րդ կետերը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Հ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2013 թվականի հունվարի 18-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մեղադրյալ Հ.Գրիգորյանի պաշտպան Ա.Զաքարյանն Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենն ստացել է 2013 թվականի հունվարի 21-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Պաշտպանը վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 2013 թվականի հունվարի 29-ին՝ վերաքննիչ բողոքում նշելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն ստացել է 2013 թվականի հունվարի 21-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակման պահից հաշվելով դատական ակտի բողոքարկման ժամկետի ընթացքը, պաշտպան Ա.Զաքարյանի բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

15. Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 13-րդ կետում և համապատասխանաբար նաև Տ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պաշտպան Ա.Զաքարյանի կողմից այն փաստացի ստանալու պահից` 2013 թվականի հունվարի 21-ից, հաշվելու պարագայում ստացվում է, որ պաշտպանի 2013 թվականի հունվարի 29-ի վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հնգօրյա ժամկետի պահպանմամբ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ.Գրիգորյանի պաշտպան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնելով առանց քննության` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Հ.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքը՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների խախտում: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

16. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն և չպատճառաբանված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի (...) դատական ակտերը՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն ըստ էության դատական ստուգման չի ենթարկել Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշված որոշման դեմ բերված բողոքը թողնելով առանց քննության, հետևաբար Հ.Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման իրավաչափության, ինչպես նաև կալանքը գրավով փոխարինելու թույլատրելիության հարցերը Վճռաբեկ դատարանի իրավասությունից դուրս են: Հակառակ դեպքում, եթե Վճռաբեկ դատարանն անդրադառնա նշված հարցերին, կխախտվեն Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեադատավարական օրենսգրքով երաշխավորված՝ օրինականության սկզբունքի խախտման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Հովհաննես Վալոդյայի Գրիգորյանի պաշտպան Ա.Զաքարյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի փետրվարի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան