Համարը 
ՀՕ-172-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.05.16/25(549) Հոդ.610
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.04.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն)

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային և անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

 

 Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական ծանուցում` անձին առձեռն, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն.

2) հրապարակային ծանուցում՝ տեղեկատվություն պարունակող հայտարարություն.

3) հրապարակային ծանուցում հրապարակող անձ՝ հրապարակային ծանուցումը հրապարակման լիազորություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին (այսուհետ՝ հրապարակող անձ).

4) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայք (այսուհետ՝ կայք).

5) տպագրական նիշ` ցանկացած առանձին տառ, թիվ, կետադրական նշան կամ այլ նշան, բացառությամբ բացատների.

6) կայքը վարող անձ՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի ադմինիստրատոր կամ մոդերատոր.

7) պաշտոնական էլեկտրոնային փոստ՝

ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձին նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,

բ. իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը,

գ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստը:

(2-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-114-Ն)

 

 Հոդված 3. Հրապարակային ծանուցումը կայքի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում:

 

Հոդված 4.  Կայքի վարումը

 

1. Կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

 Հոդված 5. Հրապարակային ծանուցում ներկայացնելը

 

1. Հրապարակող անձը հրապարակային ծանուցման տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ գործակալություն):

2. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հրապարակային ծանուցման հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ:

3. Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:

4. Հրապարակային ծանուցման բովանդակության համար պատասխանատու է այն հրապարակող անձը: Հրապարակային ծանուցումը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ ծանուցման հրապարակումը:

5. Հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հրապարակային ծանուցումը պետք է շարադրված լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով:

7. Տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Արգելվում է կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, օգտագործել բարոյականության սկզբունքներին հակասող բառեր: Թույլատրվում է բառերի կամ տերմինների համընդհանուր օգտագործման հապավումների օգտագործում:

8. Հրապարակային ծանուցման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կայքը վարող անձը պարտավոր է ինքնուրույն ուղղել այն սխալները և վրիպակները, որոնց ուղղման դեպքում չի արատավորվի հրապարակային ծանուցման բովանդակությունը, և այդ մասին պարտավոր է մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հրապարակային ծանուցում հրապարակող անձին:

 

Հոդված 6.  Կայքում հայտարարություն տեղադրելը

 

1. Կայքը վարող անձը հրապարակային ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային ծանուցման տեքստը տեղադրում է կայքում:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալու պահից:

3. Կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7.  Հրապարակային ծանուցման վճարը

 

1. Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվում է վճար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում` գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին:

2. Հրապարակող անձը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պարտավոր է վճարել սույն օրենքով սահմանված վճարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական միջոցները ուղղվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նյութատեխնիկական ապահովմանը, մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև աշխատանքային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավմանը:

 

Հոդված 8.  Հրապարակային ծանուցման վճարի դրույքաչափը

 

1. Հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ:

2. Գործում են հրապարակային ծանուցման նվազագույն և առավելագույն վճարման չափեր: Նվազագույն վճարման չափը կազմում է 2000 դրամ, իսկ առավելագույնը` 100.000 դրամ:

 

Հոդված 9.  Կայքից տեղեկատվություն ստանալը

 

1. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցմանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:

2. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցումն անձը կարող է ստանալ նաև էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:

3. Հրապարակային ծանուցումների մասին տեղեկությունը տրամադրվում է անվճար հիմունքներով:

4. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10.  Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված:

(10-րդ հոդվածը խմբ. 05.12.13 ՀՕ-114-Ն)

(օրենքը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մայիսի 4
Երևան
ՀՕ-172-Ն