Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.02.26/8(1021) Հոդ.113
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
26.12.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ1/0415/02/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0415/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0415/02/11

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան

Դատավորներ՝   

Ն. Տավարացյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լուսինե Ասլանյանի ընդդեմ Գագիկ Ասլանյանի, երրորդ անձ Բանկի` գույքն ամուսինների ընդհանուր սեփականություն ճանաչելու և դրանից բաժնեմաս առանձնացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուսինե Ասլանյանը պահանջել է ճանաչել իր ընդհանուր սեփականության իրավունքը վեճի առարկա ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 տան և հողամասի նկատմամբ, բաժանել բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը և դրանից բաժինն առանձնացնել:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Յու. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ճանաչվել է Լուսինե Ասլանյանի ընդհանուր սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 136 տան և տնամերձ հողամասի նկատմամբ, իսկ հայցապահանջը` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու ու դրանից բաժինն առանձնացնելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.03.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործով հաստատված փաստերը թույլ չեն տալիս հաստատելու սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ վերանորոգման և գույքի արժեքի նշանակալի չափով ավելացման միջև առկա է պատճառահետևանքային կապ: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիփոթեզում նշված է «նշանակալի» եզրույթը, մինչդեռ առկա չէ Լուսինե Ասլանյանի ներդրման չափն անշարժ գույքում, հետևաբար, առարկայորեն չի կարող մատնանշվել` նշանակալի է ներդրումը, թե ոչ: Այսինքն` Վերաքննիչ դատարանի հետևությունը կրում է ոչ թե առարկայական, այլ վերացական բնույթ, քանի որ Վերաքննիչ դատարանը հստակ կանոնը կիրառել է ոչ հստակ փաստերի դեպքում: Վերաքննիչ դատարանը, չհաստատելով վերոնշյալ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ապացուցման ենթակա փաստերը, գնահատման առարկա չի դարձրել Լուսինե Ասլանյանի կողմից ներդրման չափը և չի հիմնավորել ներդրման հետևանքով վեճի առարկա անշարժ գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածում նշված «ներդրում» եզրույթն ունի հստակ արտահայտված ձևեր: Նշված իրավահարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը ենթակա է ապացուցման պատշաճ ձևակերպմամբ կնքված պայմանագրերով, ստացականներով, հանձնման-ընդունման ակտերով: Սույն գործով Լուսինե Ասլանյանը դատարանին հայտնել է, որ կատարել է ներդրումներ, սակայն դատարան չի ներկայացրել վերանորոգող անձանց և կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ մտնելու, ըստ այդմ` կատարված աշխատանքների դիմաց իր հաշվին գումար վճարելու փաստաթղթեր, ինչպես նաև չի ներկայացրել իր կողմից վճարված կտրոններ այն դեպքում, երբ միայն այդպիսի ապացույցների առկայության պարագայում այդ փաստերը կարող էին հաստատվել:

Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ է որակել հայցվոր կողմի, նրա ներկայացուցչի, շահագրգռված անձանց հետ ազգակցական և բարեկամական կապի մեջ գտնվող վկաների ցուցմունքները:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.03.2013 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 3-ՍԼ թիվ 487652 ամուսնության վկայականի համաձայն` Գագիկ Գարեգինի Ասլանյանի և Լուսինե Ալյոշայի Մուսայելյանի ամուսնությունը գրանցվել է 19.10.1995 թվականին Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի ԶԱԳՍ-ի բաժնի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 21):

2) 22.04.1999 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Սուրեն Ասլանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող բնակելի տունը` 380,67քմ մակերեսով, և տնամերձ հողամասի 1/2 մասն ամբողջությամբ նվիրել է Գագիկ Գարեգինի Ասլանյանին: Նույն պայմանագրի համաձայն` բնակելի տան գույքագրման գնահատությունը կազմում է 16.934.300 ՀՀ դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը` 389.250 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 68):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 07.05.1999 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0132631 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող 380,67քմ մակերեսով բնակելի տունը և 0,075 հա մակերեսով տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Ասլանյանին (հատոր 1-ին, գ.թ. 17-20):

4) «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 28.11.2011 թվականի թիվ «0730102/Վ-011» հաշվետվության համաձայն`

1. ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 բնակելի տան շուկայական գինը հետազոտության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակը հաշվի առնելով, գնահատվում է 39.970.000 ՀՀ դրամ:

2. ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 բնակելի տան վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 2007 թվականից մինչև 2010 թվականը:

3. ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 բնակելի տան կատարված վերանորոգման աշխատանքների ողջ ծավալի ընդհանուր շուկայական գինը, օգտագործված շինանյութերի շուկայական գների ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է 11.089.100 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 3-12):

5) 03.09.2008 թվականի երրորդ անձի անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 1300/1 պայմանագրի համաձայն` Բանկի (գրավառու)` ի դեմս վարչության նախագահ Արամ Անդրեասյանի, որի անունից հանդես է եկել «Աղասյան» մասնաճյուղի կառավարիչ Կամո Դավթյանը, և Գագիկ Ասլանյանի (գրավատու), «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ի (պարտապան) միջև կնքված պայմանագրի համաձայն` գրավադրվել են ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 հասցեի բնակելի տունը` 350,5քմ մակերեսով, և 0,075հա մակերեսով հողամասը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Ասլանյանին: Գրավի առարկայի փողային արտահայտությունը, գնահատված «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի կողմից, կազմում է 50.000.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 33-34):

6) 22.09.2008 թվականի երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ ՀՎՁ-1385/1 պայմանագրի համաձայն` Բանկի (գրավառու)` ի դեմս վարչության նախագահ Արամ Անդրեասյանի, որի անունից հանդես է եկել «Աղասյան» մասնաճյուղի կառավարիչ Կամո Դավթյանը, և Գագիկ Ասլանյանի (գրավատու), «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ի (պարտապան) միջև կնքված պայմանագրի համաձայն գրավադրվել են ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 հասցեի բնակելի տունը` 350,5քմ մակերեսով, և 0,075հա մակերեսով հողամասը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Ասլանյանին: Գրավի առարկայի փողային արտահայտությունը, գնահատված «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի կողմից, կազմում է 50.000.000 ՀՀ դրամ: Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0104597 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 հասցեի բնակելի տունը և հողամասը գրավադրվել են Գագիկ Ասլանյանի կողմից Բանկում` 03.09.2008 թվականից, և գրավի պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 23.09.2010 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 35-36):

7) Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման թիվ 0104838 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 հասցեի բնակելի տունը` 350,5քմ մակերեսով, և 0,075հա մակերեսով հողամասը գրավադրվել են Գագիկ Ասլանյանի կողմից Բանկում` 03.09.2008 թվականից, և գրավի պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 03.09.2011 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 37-38):

8) 05.05.2009 թվականի թիվ 5 դրամարկղային մուտքի օրդերի համաձայն` Լուսինե Ասլանյանը «Հայէկոնոմբանկի» Նաիրի մասնաճյուղի միջոցով «Իշխանհատակ» ՍՊԸ-ին է փոխանցել 475.700 ՀՀ դրամ, վճարման նպատակը` Մ/Պ դռներ և պատուհաններ: Ջեռուցման համակարգի մոնտաժման նախահաշվի, թիվ 6/64 պատվերների կտրոնի և «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի «Իդեալ» Ռոստովյան թիվ 69/5 հասցեի կտրոնի համաձայն` Գագիկ Ասլանյանի անվամբ (հասցեն Ձորաղբյուր) վճարվել է 716.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 71-72, 97):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանությանը, ինչը պետք է ապահովի դատարանների կողմից վերոնշյալ նորմի միատեսակ կիրառությունը և նպաստի վերոնշյալ նորմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի զարգացմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը հետևյալ վավերապայմանների միաժամանկյա առկայության դեպքում`

ա) ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.

բ) գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը.

գ) կատարված ներդրման և արժեքի նշանակալի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը (տե՛ս ըստ Ռուզաննա Խաչիկյանի հայցի ընդդեմ Անդրե Ջելոյանի` համատեղ սեփականատեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-422(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումը` սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ պայմանների մեկնաբանությանը:

ա) Ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներդրումները կարող են դրսևորվել դրամական միջոցներ տրամադրելով, գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը հանգեցնող բնեղեն միջոցներ տրամադրելով, ինչպես նաև սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնող ամուսնու անձնական աշխատանքի միջոցով, որի արդյունքում առկա դրամական կամ այլ ռեսուրսների հետ միասին իրականացվել է հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ դատարանները վերոնշյալ նորմը կիրառելիս պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքի վրա, որ ներդրումները պետք է կատարված լինեն`

ü ամուսնության ընթացքում և ամուսինների ընդհանուր գույքի հաշվին կամ

ü ամուսնության ընթացքում և մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին:

Ընդ որում, առաջին դեպքում խոսքը վերաբերում է այն գույքի հաշվին կատարված ներդրումներին, որն ամուսինները ձեռք են բերել համատեղ ամուսնության ընթացքում և որը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հանդիսանում է նրանց համատեղ սեփականությունը: Երկրորդ դեպքը վերաբերում է այն գույքին, որն ամուսիններից մեկը ստացել է մինչև ամուսնությունը կամ ամուսնության ընթացքում` որպես նվեր կամ ժառանգություն:

բ) Գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը կարող է դրսևորվել գույքի վրա կատարված որոշակի փոփոխություններով, որոնք ավելացնում են գույքի որակական (շահագործման, սպառողական և այլ) հատկանիշները և, հետևաբար, նաև գույքի արժեքը:

Օրենսդիրն ընդհանուր կերպով թվարկում է այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը: Դրանք դրսևորվում են հիմնական վերանորոգման, վերակառուցման, վերասարքավորման ձևերով, որոնք, սակայն, սպառիչ չեն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պայմանի ապահովման համար անհրաժեշտ է որոշել գույքի շուկայական արժեքը մինչև ներդրումները կատարելը և դրանից հետո:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ գույքի արժեքի ավելացումը պետք է լինի նշանակալի, ինչը յուրաքանչյուր գործով գնահատման ենթակա հանգամանք է:

գ) Կատարված ներդրման և արժեքի նշանակալի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երրորդ պայմանը վերը նշված երկու պայմանների տրամաբանական շարունակությունն է, ուստի միայն վերը նշված երկու պայմանների առկայությունից հետո դատարանը պետք է քննարկի պատճառահետևանքային կապի առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված հայցի հիմքի շրջանակներում յուրաքանչյուր գործով դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ամուսիններից մեկի ներդրման առկայությունը, դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրման առկայությունը և դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ է հիմնավորել, որ գույքի արժեքի նշանակալի ավելացումը պայմանավորված է ներդրումներով, որոնք հանգեցրել են գույքի շուկայական արժեքի բարձրացմանը: Հետևաբար, գույքի արժեքի ավելացման (թեկուզև նշանակալի) այլ գործոններն առանձին չեն կարող հիմք հանդիսանալ վերոնշյալ հոդվածի կիրառման համար (օրինակ` գույքի շուկայական արժեքի բարձրացումը` պայմանավորված տնտեսական գործոններով (գնաճ)) (տե՛ս նաև Ռուզաննա Խաչիկյանն ընդդեմ Անդրե Ջելոյանի` համատեղ սեփականատեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՔԴ/1449/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերոնշյալ երեք վավերապայմանների առկայությունը կարող է հիմնավորվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցներով` հաշվի առնելով դրանց թույլատրելիության և վերաբերելիության կանոնները: Միաժամանակ, դատարանները պետք է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնեն կոնկրետ փաստը համապատասխան ապացույցներով հաստատելու առանձնահատկությունները:

Վերոնշյալ վերլուծություններից հետո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել վերը նշված կանոնների կիրառումը սույն գործի նկատմամբ:

Սույն գործի փաստերի, մասնավորապես, 3-ՍԼ թիվ 487652 ամուսնության վկայականի համաձայն` Գագիկ Գարեգինի Ասլանյանի և Լուսինե Ալյոշայի Մուսայելյանի ամուսնությունը գրանցվել է 19.10.1995 թվականին Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի ԶԱԳՍ-ի բաժնի կողմից: 22.04.1999 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Սուրեն Ասլանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող բնակելի տունը` 380,67քմ մակերեսով, և տնամերձ հողամասի 1/2 մասն ամբողջությամբ նվիրել է Գագիկ Գարեգինի Ասլանյանին: Նույն պայմանագրի համաձայն` նվիրվող բնակելի տան գույքագրման գնահատությունը կազմում է 16.934.300 ՀՀ դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը` 389.250 ՀՀ դրամ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից 07.05.1999 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0132631 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող բնակելի տունը` 380,67քմ մակերեսով, և 0,075հա մակերեսով տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Ասլանյանին: «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 28.11.2011 թվականի թիվ «0730102/Վ-011» հաշվետվության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 136 բնակելի տան շուկայական գինը հետազոտության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակը հաշվի առնելով, գնահատվում է 39.970.000 ՀՀ դրամ: Տան վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 2007 թվականից մինչև 2010 թվականը:

Կատարված վերանորոգման աշխատանքների ողջ ծավալի ընդհանուր շուկայական գինը, օգտագործված շինանյութերի շուկայական գների ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է 11.089.100 ՀՀ դրամ: 05.05.2009 թվականի թիվ 5 դրամարկղային մուտքի օրդերի համաձայն` Լուսինե Ասլանյանը «Հայէկոնոմբանկի» Նաիրի մասնաճյուղի միջոցով «Իշխանհատակ» ՍՊԸ-ին է փոխանցել 475.700 ՀՀ դրամ, վճարման նպատակը` Մ/Պ դռներ և պատուհաններ: Ջեռուցման համակարգի մոնտաժման նախահաշվի, թիվ 6/64 պատվերների կտրոնի և «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի «Իդեալ» Ռոստովյան թիվ 69/5 հասցեի կտրոնի համաձայն` Գագիկ Ասլանյանի անվամբ (հասցեն Ձորաղբյուր) վճարվել է 716.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելիս հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետը, պատճառաբանել է, որ հիշատակված վերանորոգումը կատարվել է հայցվոր և պատասխանող կողմի ընդհանուր գույքի հաշվին, որպիսի եզրակացության համար Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքները, որ վեճի առարկա գույքը հանդիսացել է պատասխանողի սեփականությունը, և այն վերանորոգվել է պատասխանողի և հայցվորի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, իսկ բողոքաբեր կողմը չի առարկել վերանորոգման փաստի դեմ: Բացի այդ, սույն գործով ձեռք չի բերվել ապացույց այն մասին, որ վիճելի գույքի վերանորոգումը կատարվել է այլ անձի գույքի հաշվին և ոչ` հայցվորի և պատասխանողի: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող վիճելի գույքի արժեքը վերջինիս և հայցվորի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նրանց ընդհանուր գույքի հաշվին կատարված վերանորոգման հետևանքով նշանակալի չափով ավելացել է` 16.934.300 ՀՀ դրամից վերածվելով 39.970.000 ՀՀ դրամի:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հանգամանքները, որ վեճի առարկա գույքը հանդիսացել է պատասխանողի սեփականությունը, և այն վերանորոգվել է պատասխանողի և հայցվորի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, իսկ բողոքաբեր կողմը չի առարկել վերանորոգման փաստի դեմ, սույն գործով դեռևս բավարար չեն արձանագրելու, որ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման վավերապայմանները: Սույն գործով բացի վերոնշյալ փաստերից պետք է հաստատվեր նաև 11.089.100 ՀՀ դրամի չափով ներդրումների և դրանց հետևանքով վիճելի գույքի շուկայական արժեքի նշանակալի չափով ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` 22.04.1999 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` վիճելի տան գույքագրման գնահատությունը կազմել է 16.934.300 ՀՀ դրամ, իսկ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի 28.11.2011 թվականի թիվ «0730102/Վ-011» հաշվետվության համաձայն` նշված տան շուկայական գինը, հետազոտության կատարման ժամանակահատվածի դրությամբ առկա ապրանքային վիճակը հաշվի առնելով, գնահատվել է 39.970.000 ՀՀ դրամ: Վերանորոգման աշխատանքների ողջ ծավալի ընդհանուր շուկայական գինը, օգտագործված շինանյութերի շուկայական գների ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվել է 11.089.100 ՀՀ դրամ:

 Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, հայցի բավարարման մասով վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դնելով այն հանգամանքը, որ վիճելի գույքի արժեքը հայցվորի և պատասխանողի համատեղ գույքի հաշվին կատարված ներդրումների հետևանքով նշանակալի չափով ավելացել է, պատշաճ գնահատման առարկա չի դարձրել կատարված ներդրումների և գույքի արժեքի նշանակալի չափով ավելացման միջև պատճառահետևանքային կապը, ինչպես նաև չի պարզել, թե մինչև տան վերանորոգումը դրա 16.934.300 ՀՀ դրամ գույքագրման գնահատությունն արդյոք համապատասխանել է տան` տվյալ ժամանակահատվածի շուկայական արժեքին:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերի առկայությունը, դրանք չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան