Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.277
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.10.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0044/11/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ  ԵԿԴ/0044/11/13

ԵԿԴ/0044/11/13

Նախագահող դատավոր՝  Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

 

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

 
մասնակցությամբ  
դատախազ

Ա. Շահբազյանի

  դիմողի ներկայացուցիչ

Լ. Սահակյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ դատախազ Ա.Շահբազյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում ստացվել է դիմող Գագիկ Գևորգի Ղևոնդյանի դիմումն այն մասին, որ 2006 թվականին Երևան քաղաքի Վ.Փափազյան 21 հասցեում գտնվող գրասենյակում իր և Արտակ Երիցյանի միջև տեղի է ունեցել գումարային պարտք և պահանջի հետ կապված խոսակցություն, որի ժամանակ Ա.Երիցյանը պահանջել է իր հետ կնքել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Այգեձորի 1-ին նրբանցքի թիվ 15 տան առուվաճառքի պայմանագիր՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում վտանգավոր բռնություն գործադրել որդու և թոռների կյանքի ու առողջության նկատմամբ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Դ.Վարդանյանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Գ.Ղևոնդյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. 2013 թվականի հունվարի 30-ին դիմող Գ.Ղևոնդյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ավագ տեսուչ Դ.Վարդանյանի 2013 թվականի հունվարի 18-ի որոշումը և հարուցել քրեական գործ:

Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի 2013 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ դիմող Գ.Ղևոնդյանի բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. 2013 թվականի մարտի 20-ին դիմող Գ.Ղևոնդյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով պարտավորեցնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Դ.Վարդանյանին հարուցել քրեական գործ:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 22-ի որոշմամբ դիմող Գ.Ղևոնդյանի բողոքը մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել դիմող Գ.Ղևոնդյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը:

Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հուլիսի 17-ին որոշում է կայացրել դիմող Գ.Ղևոնդյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 22-ի որոշումը վերացնելու մասին: Վերաքննիչ դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Գ.Ղևոնդյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Շահբազյանը:

Վճռաբեկ դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

2013 թվականի հոկտեմբերի 18-ին դիմողի ներկայացուցիչներ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել դատախազ Ա.Շահբազյանի վճռաբեկ բողոքը և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թվականի հունվարի 18-ի որոշումը պատճառաբանված է հետևյալ կերպ. «(…) Այսպիսով` նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Արտակ Երիցյանի արարքում բացակայում է ՀՀ քր. օր-ի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Միաժամանակ, հիմնավորվել է, որ Արտակ Երիցյանի և Գագիկ Ղևոնդյանի միջև առկա են պայմանագրից ծագող քաղաքացիաիրավական բնույթի փոխհարաբերություններ, որոնք պետք է լուծվեն դատական կարգով, քաղհայցի շրջանակներում (…)» (տե՛ս նյութեր, թերթ 9-12):

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը, ուսումնասիրելով բողոքի կապակցությամբ ներկայացված նյութերը և լսելով կողմերին, գտնում է, որ բողոքը պետք է մերժել, քանի որ ավագ տեսուչը հաղորդման կապակցությամբ Գագիկ Ղևոնդյանի, Վարդան Մաթևոսյանի, Աբրահամ Աղաջանյանի, Նիկոլայ Հակոբյանի, Գևորգ Ղևոնդյանի, Ալբերտ Երիցյանի, Դավիթ Էլոյանի, Կարեն Բադալյանի, Հովհաննես Գրիգորյանի բացատրությունների և «ՍԷԿՏ» համակարգում առկա տեղեկության հիման վրա օրինական և հիմնավորված որոշում է կայացրել Գագիկ Ղևոնդյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ Արտակ Երիցյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (…)» (տե՛ս նյութեր, թերթ 44-47):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Նման պայմաններում քրեական հետապնդման մարմինն անհրաժեշտ միջոցառումներ պետք է կատարեր` պարզելու համար, թե ինչու է տան գրավադրման գործընթացի արդյունքում վարկը ստացել Արտակ Երիցյանը, ինչպես նաև` պարզեր, թե ինչու վիճարկվող տան առուվաճառքից հետո այդ տան նոր տիրոջ վարկային պարտավորությունները կատարել է Գագիկ Ղևոնդյանը:

Նշված հանգամանքները էական նշանակություն կարող են ունենալ բողոքում բարձրացված հարցերի շուրջ ճիշտ եզրահանգման գալու համար, սակայն, ինչպես նշվեց վերևում, այդ հանգամանքները պարզելու ուղղությամբ քրեական հետապնդման մարմինն անհրաժեշտ աշխատանքներ չի կատարել:

(…) Քրեական հետապնդման մարմինը պետք է պարզեր, թե ճիշտ է արդյոք Գևորգ Ղևոնդյանի այդ ցուցմունքը, եթե ոչ, ապա հիմնավորեր այդ համապատասխան փաստարկներով, իսկ եթե ճիշտ է Գևորգ Ղևոնդյանի ցուցմունքն առ այն, որ ինքն ընդհանուր առմամբ 36.000 ԱՄՆ դոլար է պարտքով վերցրել Արտակ Երիցյանից, ապա ինչ 42.700 ԱՄՆ դոլար և 30.000 ԱՄՆ դոլար գումարների մասին է խոսքը, որն Արտակը խնդրել է վճարել համապատասխանաբար ՌԴ-ում «Նեստլե» ֆիրմային և իր ծանոթ Տիգրանին:

Բողոքում բարձրացված հարցերի շուրջ վերոհիշյալ հանգամանքների պարզաբանումը և դրանց իրավական գնահատական տալը նույնպես էական է գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու համար, որը քրեական հետապնդման մարմնի կողմից չի կատարվել:

Քրեական հետապնդման մարմինը նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն չի վերցրել Արտակ Երիցյանից, որի ենթադրյալ հակաօրինական գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Գագիկ Ղևոնդյանը:

(…) Վերը նշված բացատրության գնահատման պարագայում քրեական հետապնդման մարմնի ուղղակի պարտականությունն էր պարզել. արդյոք միայն մեկ վարորդ-թիկնապահ ունի Ա.Երիցյանը, թե այդպիսիք մի քանի հոգի են, եթե մի քանի հոգի են, ապա Գագիկ Ղևոնդյանին առերևույթ սպառնալիքներ տալու պահին կոնկրետ որ վարորդ-թիկնապահն է եղել Ա.Երիցյանի հետ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզ չի դարձել, թե իրական առուվաճառքի գործարք կատարվել է, թե ոչ, Արտակ Երիցյանը տունը գնելիս Գագիկ Ղևոնդյանին գումար տվել է, թե ոչ, ինչ տվյալներով է հիմնավորվում Գագիկ Ղևոնդյանի որդու` Արտակ Երիցյանին պարտք լինելու հանգամանքը, ինչքան է եղել այդ պարտքի գումարը, ինչքան է Արտակ Երիցյանը պահանջել նրանից, ինչ է ի վերջո ստացել Արտակ Երիցյանը» (տե՛ս նյութեր, թերթ 105-111):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների պահանջները:

Վկայակոչելով և վերլուծելով գործի փաստական հանգամանքները՝ բողոքաբերը կարծիք է հայտնել առ այն, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրինական է և հիմնավորված, հետևաբար, այն վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի կարող համարվել իրավաչափ: Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Գ.Ղևոնդյանի հաղորդման վերաբերյալ նյութերը նախապատրաստվել են թերի, հիմնականում շեշտը դրել է այն չպարզված հանգամանքների վրա, որոնք իրենց բնույթով քաղաքացիաիրավական են և ենթակա են պարզման քաղաքացիական գործի քննության ընթացքում:

10. Միևնույն ժամանակ բողոքաբերը փաստարկել է, որ սույն գործով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում դատարանի կողմից իրականացվող քննության սահմանների որոշակիության և հայտնաբերված իրավախախտումների նշանակության հարցերը: Քրեադատավարական օրենսդրությունը չի սահմանում, թե օրենքի ինչպիսի խախտումը պետք է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման վերացման հիմք հանդիսանա, և դրա հայտնաբերման նպատակով գործի քննությունը դատարանում ինչ խորությամբ պետք է իրականացվի:

Բողոքաբերի կարծիքով՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների բողոքարկման արդյունքում դատարանները կարող են բողոքը բավարարել բացառապես այն դեպքում, երբ թույլ են տրվել անձանց իրավունքների էական խախտումներ, իսկ եթե խախտումներ չկան, կամ դրանք ոչ էական կամ ձևական բնույթ են կրում, ապա բողոքը չի կարող բավարարվել: Հակառակ մոտեցման պարագայում, ըստ բողոքաբերի, ստացվում է, որ հետաքննության կամ նախաքննության մարմնի վրա պարտականություն է դրվում նյութերի նախապատրաստության փուլում կատարել բոլոր հնարավոր դատավարական գործողությունները, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ հանցագործության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման դեպքում հետաքննության կամ նախաքննության մարմինը պետք է քրեական գործ հարուցի և բոլոր հնարավոր քննչական գործողությունները կատարի, եթե նույնիսկ դրանց կատարումը ոչ անհրաժեշտ է և ձևական բնույթ է կրում:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 22-ի որոշմանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատական վերահսկողության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Գ.Ղևոնդյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության սահմանման մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու՝ սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին:

2. Որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

(…)

4. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»:

Մեջբերված քրեադատավարական դրույթների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլը քրեադատավարական ընթացակարգի ինքնուրույն փուլ է, որն ունի իր սկիզբն ու ավարտը, խնդիրները, սուբյեկտները և այլն: Քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարզում է քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը: Այս փուլում հանցագործության փաստի հաստատման և անձի մեղքի հարց չի քննարկվում:

Քրեական գործ հարուցելու մասին օրինական, հիմնավորված և ժամանակին կայացված որոշումն անհրաժեշտ նախապայման է հանցագործությունների արագ և ամբողջական բացահայտման, ինչպես նաև կանխարգելման համար: Միևնույն ժամանակ, քրեական գործի չհիմնավորված հարուցմամբ սահմանափակվում են անձանց իրավունքներն ու ազատությունները, նրանց վնաս է պատճառվում: Այլ խոսքով` ինչպես քրեական գործի անհիմն հարուցումը, այնպես էլ հարուցման անհիմն մերժումը օրինականության կոպիտ խախտումներ են և զգալի վնաս են պատճառում անձին, հասարակությանն ու պետությանը:

Վերոգրյալով պայմանավորված` քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ միասնական և պարտադիր կարգ, որը ենթադրում է հանցագործության մասին հաղորդման ընդունում և գրանցում, դրա մեջ արձանագրված փաստական տվյալների ստուգում և պատճառաբանված որոշման կայացում: Օրենքը համապատասխան իրավասությամբ օժտված պաշտոնատար անձին պարտավորեցնում է հանցագործության մասին հաղորդումները ստուգել և լուծել անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` հաղորդումը ստանալու պահից 10 օրվա ընթացքում: Ընդ որում, պարզելու համար, թե հաղորդման մեջ մատնանշված փաստական տվյալները պարունակում են արդյոք հանցագործության հատկանիշներ և առկա չեն արդյոք քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքներ, հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը լիազորված են կատարելու բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակ թվով դատավարական և քննչական գործողություններ:

15. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցման փուլը, ի համեմատ քրեադատավարական ընթացակարգի մյուս փուլերի, ունի իր խնդիրներով պայմանավորված առանձնահատկությունները: Մասնավորապես, քրեադատավարական այս փուլի ընթացքում հետաքննության մարմինը, քննիչը կամ դատախազը օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և հանրային-իրավական պարտավորություններին համապատասխան, ժամանակային, ինչպես նաև քննչական և այլ դատավարական գործիքակազմի սահմանափակության պայմաններում պետք է իրականացնեն որոշակի միջոցառումներ, պարզելու համար ներկայացված հաղորդման մեջ տեղ գտած այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին և ըստ այդմ, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնեն քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին: Նշված սահմանափակումներով պայմանավորված` քրեական գործի հարուցման հարցը լուծելու իրավասությամբ օժտված մարմինը (պաշտոնատար անձը), օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով, պետք է ընտրություն կատարի, թե որ քննչական կամ այլ դատավարական գործողություններն են առաջնային և իրականացնի դրանք` հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հավաստող փաստական տվյալների վերհանման նպատակով:

Այս փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն: Հակառակ դրան, եթե նյութերի նախապատրաստության ընթացքում այնպիսի փաստական տվյալներ են ձեռք բերվել, որոնք հերքում են հանցագործության հատկանիշների առկայությունը, վկայում են քաղաքացիական, վարչական կամ այլ իրավահարաբերություններից բխող գործողությունների առկայության մասին, ինչպես նաև առկա են գործի վարույթը բացառող դատավարական արգելքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

16. Քրեական գործի հարուցման փուլի իրավական բովանդակությունը բնորոշող վերոգրյալ առանձնահատկությունների լույսի ներքո գնահատելով դատավարական այս փուլի նկատմամբ իրականացվող հետագա դատական վերահսկողության սահմանների հարցը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմնին կամ քննիչին ղեկավար ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը: Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության և դատախազական հսկողության առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ.Զարյանի գործով որոշմամբ (տե՛ս mutatis mutandis Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):

Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից:

Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ հետագա դատական վերահսկողության վերոշարադրյալ առանձնահատկությունները վերաբերելի չեն այն դեպքերին, երբ քրեական գործի հարուցումից հետո դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով իրականացնում է մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման (գործողության) օրինականության և հիմնավորվածության ստուգում:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում իրականացվող դատական վերահսկողության վերոգրյալ առանձնահատկություններով է պայմանավորված քրեադատավարական օրենսդրության մեջ առկա այն տարբերակված մոտեցումը, որը վերաբերում է գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման և մինչդատական վարույթի ընթացքում կայացվող այլ որոշումների կամ իրականացվող գործողությունների (անգործության) բողոքարկման արդյունքում կայացվող դատական ակտերին: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության ընդհանուր կարգը, ամրագրում է, որ եթե բողոքը ճանաչվում է հիմնավորված, ապա դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (տե՛ս Լաուրա Գարեգինի Զարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԿԴ/0081/11/09 որոշման 13-րդ կետը):

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ նորմ, որը հստակ կարգավորում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները: Մասնավորապես, հիշատակված իրավանորմը սահմանում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Ընդ որում, բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը: Այսինքն` քննարկվող իրավանորմը սահմանում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման ինքնավար ընթացակարգ:

Վճռաբեկ դատարանը Հ.Հարությունյանի գործով որոշման մեջ անդրադարձել է այս հարցին` իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները: Հակառակ դրան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներն ամրագրում են առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեադատավարական օրենքում նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր նորմերից, տվյալ դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ և 290-րդ հոդվածներից առանձնացրել է այդ նույն իրավահարաբերությունը կարգավորող հատուկ նորմ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը` արդյունքում հստակեցնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման դատական կարգն ու դրա արդյունքում դատարանի կողմից կայացվող որոշումը:

(...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը» (տե՛ս Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 20-21-րդ կետերը):

18. Ամփոփելով սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողության շրջանակներում դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանը պետք է պարզի, թե հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են արդյոք հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Բացի այդ, դատարանի խնդիրն է պարզել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքները և ազատությունները:

Ի թիվս այլոց, պարզաբանման ենթակա են հետևյալ հարցերը`

1) պահպանվե՞լ է արդյոք հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված կարգը,

2) առկա՞ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված օրինական հիմքերը,

3) պահպանվե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

Գտնելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումն օրինական և հիմնավորված չէ` դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասով, որոշում է կայացնում վիճարկվող որոշումը վերացնելու մասին, որի դեպքում դատախազի կողմից քրեական գործի հարուցումը պարտադիր է: Հակառակ դեպքում դատարանը մերժում է ներկայացված բողոքը` հաստատելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

19. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Գ.Ղևոնդյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն այն մասին, որ 2006 թվականին Երևան քաղաքի Վ. Փափազյան 21 հասցեում գտնվող գրասենյակում իր և Արտակ Երիցյանի միջև տեղի է ունեցել գումարային պարտք և պահանջի հետ կապված խոսակցություն, որի ժամանակ Ա.Երիցյանը պահանջել է իր հետ կնքել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Այգեձորի 1-ին նրբանցքի թիվ 15 տան առուվաճառքի պայմանագիր` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում վտանգավոր բռնություն գործադրել որդու և թոռների կյանքի ու առողջության նկատմամբ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Դիմող Գ.Ղևոնդյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Դ.Վարդանյանը 2013 թվականի հունվարի 18-ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վարույթն իրականացնող մարմինն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ նախապատրաստված նյութերով հիմնավորվել է Ա.Երիցյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայությունը, միաժամանակ հիմնավորվել է, որ Ա.Երիցյանի և Գ.Ղևոնդյանի միջև առկա են պայմանագրից ծագող քաղաքացիաիրավական բնույթի փոխհարաբերություններ, որոնք պետք է լուծվեն քաղաքացիական դատավարության կարգով (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Դիմող Գ.Ղևոնդյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը հաղորդման կապակցությամբ իրականացված ստուգման արդյունքում օրինական և հիմնավորված որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Ա.Երիցյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի մայիսի 22-ին որոշում է կայացրել դիմող Գ.Ղևոնդյանի բողոքը մերժելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

Դիմող Գ.Ղևոնդյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ նյութերի նախապատրաստության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր կատարել նաև անհրաժեշտ այլ միջոցառումներ, պարզել մի շարք հանգամանքներ, բացատրություններ վերցնել անձանցից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ չկատարելով` վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի և լրիվ քննություն չի իրականացրել: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հուլիսի 17-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերացնելու մասին, իսկ վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել Գ.Ղևոնդյանի իրավունքների և ազատությունների խախտումը (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, նյութերի նախապատրաստության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բավարարության, ինչպես նաև նյութական և դատավարական օրենսդրության պահանջների պահպանման տեսանկյունից քրեական գործի հարուցումը մերժելու մասին վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը գնահատելու փոխարեն, իր դատական ակտով անդրադարձել է հարցերի այնպիսի շրջանակի, որոնք գտնվում են բացառապես նախնական քննության մարմնի իրավասության ներքո: Ընդ որում, Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ որպես վարույթն իրականացնող մարմնի կողմից չպարզված փաստական տվյալներ է մատնանշել այնպիսի հանգամանքներ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), որոնք որևէ նշանակություն չեն կարող ունենալ հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության փաստը պարզելու համար և առավելապես վերաբերում են Ա.Երիցյանի, Գ.Ղևոնդյանի ու վերջինիս որդու միջև առկա քաղաքացիաիրավական փոխհարաբերություններին:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դիմողի ներկայացուցիչների բողոքը ենթակա է բավարարման, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու փոխարեն, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոշում է կայացրել դիմող Գ.Ղևոնդյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտավորություն սահմանելու մասին:

Այլ խոսքով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի խախտում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Ղևոնդյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության սահմանման մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

22. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Գ.Ղևոնդյանի հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, իսկ Ա.Երիցյանի և Գ.Ղևոնդյանի միջև առկա են պայմանագրից ծագող քաղաքացիաիրավական բնույթի փոխհարաբերություններ: Վարույթն իրականացնող մարմինը նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի էական խախտումներ թույլ չի տվել, հետևաբար նշված որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 22-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Գագիկ Գևորգի Ղևոնդյանի ներկայացուցիչներ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 17-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 22-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան