Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.278
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.10.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0045/14/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ  ԵԿԴ/0045/14/13

ԵԿԴ/0045/14/13

Նախագահող դատավոր՝  Գ. Ավետիսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

 

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ դատախազ

Ն. Ավագյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արտավազդ Արտուշի Ծատուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ դատախազ Ն.Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է թիվ 15100510 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2010 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ Արտավազդ Արտուշի Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

2011 թվականի հունվարի 12-ի որոշմամբ թիվ 15100510 քրեական գործով Ա.Ծատուրյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ:

2011 թվականի փետրվարի 15-ին Ա.Ծատուրյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Ա.Ծատուրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում` հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

3. 2013 թվականի մայիսի 24-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ս.Թորոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով դադարեցնել քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձ Ա.Ծատուրյանի նկատմամբ կիրառվող ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժումը` տեղափոխելով նրան արտահիվանդանոցային հարկադիր բուժման տարածքային հոգեբույժի հսկողության ներքո:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 4-ի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ս.Թորոսյանի միջնորդությունը բավարարվել է, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած Ա.Ծատուրյանի նկատմամբ կիրառվող ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժումը փոփոխվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությամբ և հարկադիր բուժմամբ:

4. Դատախազ Ն.Ավագյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 4-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ն.Ավագյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ դատախազ Ն.Ավագյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Նախաքննության մարմինը Ա.Ծատուրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2010 թվականի հոկտեմբերի 10-ին` ժամը 15.30-ի սահմաններում, Երևանի Խանջյան փողոցի հարևանությամբ գտնվող «Վերնիսաժ» կոչվող տոնավաճառում պատահաբար հանդիպելով իր նախկին համադասարանցի Արտաշես Վարդանյանին և վերհիշելով նրա կողմից ուսանողական տարիներին ստորացումների ենթարկվելու հանգամանքը, այնուհետև վրեժ լուծելու ցանկությունից ծագած անձնական անբարյացակամ փոխհարաբերությունների հողի վրա, վերջինին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Ա.Վարդանյանի գլխին, կրծքավանդակին, պարանոցին և թիկունքին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է Ա.Վարդանյանի բարեկամ Հայկ Հարությունյանը և կանխել նրա հետագա գործողությունները, իսկ այդ ընթացքում նշված հարվածներով Ա.Վարդանյանի առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս նյութեր, թերթեր 6-7):

7. Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Ա.Ծատուրյանի նկատմամբ կիրառվող ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժումը փոփոխել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությամբ և հարկադիր բուժմամբ` արձանագրելով, որ «(...) ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Թորոսյանի միջնորդությունը (...) հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ Արտավազդ Ծատուրյանը երկարատև գտնվում է կոմպենսացված վիճակում, չունի ագրեսիվ նկատառումներ շրջապատի նկատմամբ, ներկայում վտանգավոր չէ հասարակության և շրջապատի համար, նրա մոտ վարքային և աֆեկտիվ խանգարումներ չեն հայտնաբերվում, այսինքն` նրա առողջական վիճակը բարելավվել է և վերացել կիրառվող բժշկական բնույթի հարկադրական միջոցի տվյալ տեսակի` ընդհանուր
հսկողության բաժանմունքում հարկադրական բուժման հետագա կիրառման անհրաժեշտությունը» (տե՛ս նյութեր, թերթ 24):

8. Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` արձանագրելով, որ «(...) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու և տեսակը փոփոխելու դեպքում օրենսդիրը չի նախատեսում, որ դատարանը պետք է հաշվի առնի նաև անձի կատարած արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը: Այդ դեպքում միակ պայմանը բժշկական հաստատության եզրակացության առկայությունն է» (տե՛ս նյութեր, թերթ 74):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի պահանջը, կայացված դատական ակտով թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` բժշկական եզրակացության հիման վրա դատարանը կարող է փոփոխել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը, այսինքն` դատարանը նշված հարցը քննարկելիս ունի հայեցողական լիազորություն և չպետք է հիմնվի միայն բժշկական եզրակացության վրա:

Բողոքի հեղինակը նշել է, որ Ա.Ծատուրյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություն, ինչը վկայում է վերջինիս անձի և կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին: Անձի վտանգավորության աստիճանը որոշվում է ոչ միայն նրա ներկա հոգեկան վիճակով, այլ նաև նրա կողմից կատարված հանցագործության բնույթով:

Վերոգրյալից բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ հարկադիր բուժումը փոփոխելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, այդ թվում` արարքի ծանրության աստիճանը, բուժման ժամանակահատվածը, արտահիվանդանոցային հսկողության պայմաններում անկանոն բուժման, բժշկական հսկողության բացակայության և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 2-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված` անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու, փոփոխելու և դադարեցնելու հիմքերի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. բժշկական հաստատության եզրակացության հիման վրա բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին միջնորդությունը քննելիս դատարանն օժտված է արդյո՞ք հայեցողական լիազորությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն` քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:

2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

(…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն`

«Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ`

1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում.

(…)

2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ:

(...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն`

«1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են`

1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.

2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.

3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն`

«1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:

2. Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին:

3. Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին»:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները քրեական օրենսգրքով նախատեսված պետական հարկադրանքի միջոցներ են, որոնք կարող են նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված անձանց նկատմամբ` նրանց բուժելու և նոր հանրորեն վտանգավոր արարքների կատարումը կանխելու նպատակով: Ընդ որում, այդ միջոցների կիրառման հիմքը նշված անձանց կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելն է: Այլ կերպ, եթե առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված հիմքերից մեկը, ապա դատարանը որոշում է կայացնում ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից որևէ մեկը կիրառելու մասին: Միաժամանակ հարկ է շեշտել, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելը դատարանի իրավունքն է: Այսինքն` հոգեկան հիվանդության կամ խանգարման առկայությունն ինքնին չի ենթադրում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների պարտադիր նշանակում, դրանք նշանակվում են միայն այն դեպքում, երբ անձը քրեորեն պատժելի արարք կատարելուց հետո վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Շուքուրյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) անձի մեղսունակությունն օրենսդիրը կապում է նրա կողմից իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը, դրա վտանգավորությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու ունակության հետ: Ընդ որում, օրենսդիրը հստակ տարանջատում է երկու խումբ անձանց`

1) հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին անմեղսունակության վիճակում գտնվող անձինք, ովքեր քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէին կարող գիտակցել իրենց գործողությունների (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դրանք.

2) անձինք, ովքեր հանցանքը կատարել են մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել են հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրանց իրենց գործողությունների (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից:

Վերը նշված անձանց նկատմամբ կիրառվում են տարբեր իրավական հետևանքներ` եթե առաջին դեպքում անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության, ապա երկրոդ դեպքում անձինք չեն ազատվում քրեական պատասխանատվությունից:

(…) [Ն]շված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթները ևս տարբեր են: Այսպես, անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը կարգավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում առկա իրավադրույթներով, իսկ դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ իրականացվող վարույթի առանձնահատկությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխում» (տե՛ս Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 17-18-րդ կետերը):

Նշված որոշման մեջ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ փորձագետները խորհուրդ են տվել Հ.Շուքուրյանի հարկադրական բուժումն իրականացնել ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեբուժական բաժանմունքի տեսակի ընտրության հարցում փորձագետների առաջարկությունները կրում են խորհրդատվական բնույթ, կարող են հաշվի առնվել, սակայն դատարանի համար պարտադիր չեն (...)» (տե՛ս Հարություն Ապրեգզարի Շուքուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 29-րդ կետը):

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված քրեաիրավական դրույթների, ինչպես նաև Հ.Շուքուրյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշումների վերլուծությունից երևում է, որ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հարցը քննարկելիս դատարանն ունի հայեցողական լիազորություն (հայեցողական լիազորության մասին mutatis mutandis տե՛ս Հմայակ Սիմոնի Դավթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումը):

Վերահաստատելով Հ.Շուքուրյանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելիս անձի հոգեկան հիվանդության հետ միասին պետք է հաշվի առնի կատարված արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը և դրանց համակցված գնահատման արդյունքում որոշում կայացնի ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակներից որևէ մեկը նշանակելու մասին (արարքի բնույթի ու հանրության համար վտանգավորության աստիճանի մասին mutatis mutandis տե՛ս Գարուշ Նորիկի Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը):

14. ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելիս դատարանը համանման կերպով օժտված է հայեցողական լիազորությամբ: Հայեցողական լիազորության առկայության մասին է վկայում օրենսդրի կողմից օգտագործված «կարող է» եզրույթը, որի մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը կաշկանդված չէ բժշկական հաստատության եզրակացությամբ: Այլ խոսքով` բժշկական հաստատության եզրակացությունը դատարանի համար պարտադիր բնույթ չունի և ենթակա է գնահատման նույն հոդվածում թվարկված մյուս հանգամանքների հետ մեկտեղ: Գնահատման արդյունքում դատարանը կարող է չհամաձայնվել եզրակացության հետ և չփոփոխել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը կամ փոփոխել այն, սակայն նշանակել բժշկական հաստատության եզրակացության մեջ նշված տեսակից տարբերվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակ:

Վճռաբեկ դատարանի այս եզրահանգումը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համեմատական վերլուծությունից: Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասում, ի տարբերություն 3-րդ մասում առկա ձևակերպման, օրենսդիրը կատեգորիկ կերպով սահմանել է, որ անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին: Այս դեպքում, փաստորեն, օրենսդիրը դատարանին հայեցողություն դրսևորելու լիազորությամբ չի օժտել` սահմանելով, որ եթե բժշկական հաստատության եզրակացությամբ հաստատվում է, որ անձն առողջացել է կամ նրա հիվանդության բնույթն այնպիսի փոփոխության է ենթարկվել, որ վերացել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, ապա դատարանը որոշում է կայացնում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելու մասին: Այլ խոսքով` նման իրավիճակում բժշկական հաստատության եզրակացությունը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելու պարտադիր հիմք է, և դատարանը պարտավոր է դադարեցնել հարկադիր բուժումը:

15. Ընդհանրացնելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու դեպքում, այնպես էլ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը կաշկանդված չէ բժշկական հաստատության եզրակացությամբ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկման յուրաքանչյուր դեպքում դատարանը բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան եզրակացության հետ մեկտեղ պետք է քննարկման առարկա դարձնի և հաշվի առնի նաև անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե ինչ օբյեկտի, ինչպիսի հասարակական հարաբերությունների դեմ է ուղղված եղել անձի ոտնձգությունը: Օրինակ` մարդու կյանքի և առողջության դեմ կատարված հանրորեն վտանգավոր արարքը կարող է վկայել այն կատարած անձի ավելի բարձր վտանգավորության մասին:

Դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև հանրորեն վտանգավոր արարք կատարած սուբյեկտի անձը: Մասնավորապես` դատարանը պետք է քննարկի նրա նկատմամբ իրականացվող բուժման տևողությունը, պայմանները, նրա ներկա հոգեկան վիճակը, վարքագիծը: Դատարանը պետք է ուշադրություն դարձնի նաև այն հանգամանքների վրա, թե արդյոք տվյալ անձը նախկինում հանրորեն վտանգավոր արարք կատարել և համապատասխան բուժում ստացել է, թե ոչ: Այս հանգամանքների պարզումը ևս կարող է էական նշանակություն ունենալ անձի` իր կամ շրջապատի համար վտանգավորության աստիճանը պարզելու հարցում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքների համատեղ գնահատմամբ միայն դատարանը կարող է հիմնավորված որոշում կայացնել անձի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին:

16. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմինն Ա.Ծատուրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության մարմնի մեկ այլ որոշմամբ Ա.Ծատուրյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ (տե՛ս սույն որոշման 1-ին, 6-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Ա.Ծատուրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, և նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` նշանակվել է հարկադիր բուժում հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հունիսի 4-ի որոշմամբ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ս.Թորոսյանի միջնորդության հիման վրա Ա.Ծատուրյանի նկատմամբ կիրառվող ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադրական բուժումը փոփոխել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությամբ և հարկադիր բուժմամբ (տե՛ս սույն որոշման 3-րդ, 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` նշելով, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու և տեսակը փոփոխելու դեպքում օրենսդիրը չի նախատեսում, որ դատարանը պետք է հաշվի առնի նաև անձի կատարած արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը: Այդ դեպքում միակ պայմանը բժշկական հաստատության եզրակացության առկայությունն է (տե՛ս սույն որոշման 4-րդ, 8-րդ կետերը):

17. Սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բժշկական հաստատության եզրակացության հիման վրա բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին միջնորդությունը քննելիս դատարանն օժտված է հայեցողական լիազորությամբ:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի փոփոխության միակ պայմանը բժշկական հաստատության եզրակացության առկայությունն է, հիմնավորված չէ և ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի դրույթների սխալ մեկնաբանման արդյունք է:

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական օրենքի սխալ մեկնաբանությունը, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը և կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է: Ուստի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 2-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արտավազդ Արտուշի Ծատուրյանի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 4-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան