Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.04.09/17(1030) Հոդ.275
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.10.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0008/15/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0008/15/13

Գործ թիվ ԵԷԴ/0008/15/13

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ

պաշտպան

Գ. Պապոյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ դատապարտյալ Վաղարշակ Էդիկի Գալոյանի պաշտպան Գ.Պապոյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 4-ի դատավճռով Վաղարշակ Գալոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Վ.Գալոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատժի սկիզբը հաշվվել է 2011 թվականի մարտի 16-ից:

Նշված դատավճիռը չի բողոքարկվել, և 2013 թվականի մայիսի 6-ին մտել է օրինական ուժի մեջ:

2. Դատապարտյալ Վ.Գալոյանը 2013 թվականի մայիսի 14-ին դիմել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) և խնդրել կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 3-րդ մասը և իր կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցել նշանակված պատժի ժամկետին՝ մեկ օրը մեկուկես օրվա դիմաց:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Գալոյանի դիմումը մերժվել է:

3. Դատապարտյալ Վ.Գալոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով վերոգրյալ դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ Վերաքննիչ դատարանը 2013 թվականի օգոստոսի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Վ.Գալոյանի պաշտպան Գ.Պապոյանը, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Վ.Գալոյանը դատապարտվել է այն բանի համար, որ հանցավոր համաձայնության գալով այլ անձանց հետ, ավազակային հարձակման միջոցով հափշտակել են Սուքիաս Հակոբյանին պատկանող 6.436.560 ՀՀ դրամ արժողությամբ «ԲՄՎ 520» մակնիշի 61 ՍS 455 պետհամարանիշի ավտոմեքենան, այն է` 1999 թվականի մարտի 23-ին` ժամը 18-ի սահմաններում, ավտոմեքենա գնելու պատրվակով տանից դուրս են հանել Երևան քաղաքի Զառուբյան փողոցի 28-րդ տան բնակիչ Ս.Հակոբյանին և նրան` իր «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենայով տարել են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանոցի մոտակայքում գտնվող ձորը, որտեղ դանակի սպառնալիքի տակ, Ս.Հակոբյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են նշված ավտոմեքենան: Դրանից հետո Վ.Գալոյանը ավտոմեքենան տեղափոխել է Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգված, իսկ Ս.Հակոբյանի մոտ մնացած Ա.Համբարձումյանը և Հ.Ստեփանյանը պարանով և թափանցիկ կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերը և բերանը, որից հետո նրան պահել են նշված ձորում, որպեսզի նա չկարողանա որևէ տեղ դիմել: Նույն օրը հափշտակված ավտոմեքենան տեղափոխել են Վրաստան, ապա Ռուսաստանի Դաշնություն:

6. Վ.Գալոյանը հանցագործությունը կատարելուց հետո գտնվել է հետախուզման մեջ, 2011 թվականի մարտի 16-ին հայտնաբերվել է և արգելանքի է վերցվել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 2011 թվականի օգոստոսի 27-ին հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

7. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) իրեն մեղսագրվող արարքը Վ.Գալոյանը կատարել է 1999թ. մարտի 23-ին, այսինքն, այն ժամանակ, երբ դեռևս գործել է 1961թ-ի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը: Ամբաստանյալի կատարած արարքը նախկինում համապատասխանել է նույն օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչը նշված օրենսգրքի 7.1 հոդվածի համաձայն՝ հանդիսացել է ծանր հանցագործություն և պատժվել է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ:

Սույն գործով ամբաստանյալի կողմից կատարված արարքը համապատասխանեցվել է 18.04.2003 թվականին ընդունված և նույն թվականի օգոստոսի 01-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, ինչը նշված օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույնպես հանդիսացել է ծանր հանցագործություն, սակայն պատժվել է ազատազրկմամբ 6-10 տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Այնուհետև, 01.07.2004 թվականին ՀՀ ԱԺ կողմից ընդունված օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան փոփոխվել և խստացվել է՝ նշված քրեական օրենքով արգելված արարքի համար որպես պատիժ է նախատեսվել դարձյալ ազատազրկումը 8-15 տարի ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(…) [Հ]աշվի առնելով, որ ներկայումս գործող օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում ամբաստանյալի կողմից 1999թ-ին կատարված արարքի համար, ուստի նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակվի 18.04.2003 թվականին ընդունված, նույն թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված և մինչև 01.07.2004 թվականի ՀՕ-97-Ն օրենքով փոփոխված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի շրջանակներում, նկատի ունենալով, որ ներկայումս նմանատիպ արարք կատարելու համար նախատեսված պատժաչափը խստացված լինելով չի կարող տարածվել մինչ այդ կատարած հանցանքի վրա: Այսինքն, խստացնող օրենքը չի կարող հետադարձ ազդեցություն ունենալ Վաղարշակ Գալոյանի նկատմամբ նշանակվելիք պատժի վրա (…)» (տե՛ս Վաղարշակ Էդիկի Գալոյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 4-ի թիվ ԿԴ1/0088/01/11 դատավճիռը):

8. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր 2013 թվականի հուլիսի 10-ի որոշման մեջ արձանագրել է. «(…) [Դ]ատապարտյալ Վաղարշակ Գալոյանը հանցավոր արարքը կատարել է 1999թ-ին: Վերջինս ձերբակալվել է 16.03.2011թ., իսկ նրա վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 06.05.2013թ., հետևաբար դատարանը գտնում է, որ ինչպես հանցավոր արարքը կատարելու ժամանակ, այնպես էլ դատավճիռը կայացնելու պահին նրա նկատմամբ կիրառելի չէ կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվարկելու համար, քանի որ ինչպես հանցավոր արարքը կատարելու ժամանակ, այնպես էլ դատավճիռ կայացնելու ժամանակահատվածներում չի գործել և չէր գործում օրենքի այդ նորմը:

(…) [Թ]եև 2003թ-ին ընդունվել է հանցանք կատարած անձի վիճակը բարելավող օրենք, այն է` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, որը գործել է 01.08.2003թ-ից մինչև 01.07.2004թ., իսկ դատապարտյալ Վաղարշակ Գալոյանը նախնական կալանքի տակ գտնվել է 16.03.2011թ-ից մինչև 06.05.2013թ., փաստորեն՝ օրենքի նշված դրույթը գործելու ժամանակահատվածում դատապարտյալը չի գտնվել կալանքի տակ, հետևաբար վերջինիս կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվելու հիմքեր չկան, ուստի դատարանը գտնում է, որ դատապարտյալ Վաղարշակ Գալոյանի դիմումն անհիմն է և ենթակա է մերժման» (տե՛ս նյութեր, թերթ 9-10):

9. Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է: Դատարանը ճիշտ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 12 և 13 հոդվածների պահանջները` իրավացիորեն հանգելով այն եզրակացության, որ ինչպես հանցավոր արարքը կատարելու ժամանակ, այնպես էլ դատավճիռը կայացնելու պահին Վաղարշակ Գալոյանի նկատմամբ կիրառելի չէ կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվարկելու համար, քանի որ այդ երկու ժամանակահատվածներում էլ չի գործել և ներկայումս էլ չի գործում օրենքի այդ նորմը:

Դատապարտյալի դիմումը քննելիս և լուծելիս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեադատավարական օրենսդրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջները չեն խախտվել» (տե՛ս նյութեր, թերթ 36-38):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատապարտյալ Վ.Գալոյանի դիմումը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են նյութական իրավունքի խախտմամբ: Մասնավորապես, խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված իրավանորմերի պահանջները:

Բողոքաբերը նշել է, որ Գ.Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշմամբ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածները, հենվելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների վրա, արձանագրել է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի բոլոր դեպքերում: Այդ պայմաններում ստորադաս դատարանների այն հետևությունը, որ նախնական կալանքի տակ պահելու ժամկետը` մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվելու կանոնը դատապարտյալ Վ.Գալոյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ ինչպես հանցավոր արարքը կատարելու, այնպես էլ դատավճիռ կայացնելու պահին այդ նորմը չի գործել, հիմնավորված չէ և չի համապատասխանում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Այնուհետև, վկայակոչելով այլ գործերով կայացված տարբեր դատական ակտեր՝ բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի նախկին խմբագրությամբ սահմանված` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նախնական կալանքի տակ պահելու ժամկետը` մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվելու վերաբերյալ դրույթը և այն կիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը դատարանները տարբեր կերպ են մեկնաբանում և կիրառում:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բավարարել դատապարտյալ Վ.Գալոյանի դիմումը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2004 թվականի հունիսի 9-ին ընդունված թիվ ՀՕ-97-Ն օրենքով փոփոխված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ 2011 թվականի մարտի 16-ից մինչև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը Վ.Գալոյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվարկելով` պատժի ժամկետը կրճատել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված՝ «քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում» և «քրեական օրենքի հետադարձ ուժը» հասկացությունների ճիշտ մեկնաբանման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք դատապարտյալ Վ.Գալոյանի նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

14. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չի կարող մեղավոր ճանաչվել որևէ գործողության կամ թողտվության հետևանքով որևէ քրեական հանցագործություն կատարելու մեջ, որը, այն կատարվելու պահին գործող ներպետական օրենսդրության կամ միջազգային իրավունքի համաձայն, չի հանդիսացել քրեական հանցագործություն: Հավասարապես չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառման էր ենթակա քրեական հանցագործության կատարման պահին: Եթե հանցագործությունը կատարվելուց հետո օրենքով ավելի թեթև պատիժ է սահմանվում, այդ օրենքի գործողությունը տարածվում է տվյալ հանցագործի վրա»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով: Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն`

«1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն`

«1. Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ (…)»:

15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գ-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով շեշտել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ միայն օրենքով կարող է սահմանվել, թե որ արարքներն են համարվում հանցագործություն, և ինչ պատիժներ են նախատեսվում դրանց կատարման համար, ինչպես նաև արգելում է ի վնաս մեղադրյալի` հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումը (տե՛ս G. v France, գանգատ թիվ 15312/89, 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռ, կետ 24):

Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսված չէ միայն այն բանի համար, որ ի վնաս մեղադրյալի հետադարձության կարգով քրեական օրենքի կիրառումն արգելվի: Այն ընդհանուր առմամբ ամրագրում է նաև այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցանքը և նախատեսել պատիժը (nullum crimen, nulla poena sine lege), ինչպես նաև այն սկզբունքը, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, օրինակ՝ այն չպետք է կիրառվի անալոգիայով: Դրանից հետևում է, որ հանցանքը պետք է հստակորեն սահմանված լինի օրենքում, իսկ այս պայմանն ապահովված է այն դեպքում, երբ անձը համապատասխան դրույթի ձևակերպումից, անհրաժեշտության դեպքում՝ դատարանների մեկնաբանության օգնությամբ, կարող է հասկանալ, թե հատկապես ո՛ր գործողության ու անգործության համար է նա ենթակա պատասխանատվության (տե՛ս Kokkinakis v. Greece, գանգատ թիվ 14307/88, 1993 թվականի մայիսի 25-ի վճիռ, կետ 52):

Երկու այլ՝ Ս.Ռ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության և Ս.Վ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում ամրագրված երաշխիքները, լինելով օրենքի գերակայության էական տարրեր, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում կայուն տեղ ունեն, և դա հատկապես ընդգծվում է այն փաստով, որ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` անգամ պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ 7-րդ հոդվածից որևէ շեղում չի թույլատրվում: Վերջինս, ելնելով իր առարկայից և նպատակից, պետք է այնպես մեկնաբանվի ու կիրառվի, որպեսզի նախատեսի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիքներ (տե՛ս C.R. v. The United Kingdom, գանգատ թիվ 20190/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 32 և S.W. v. The United Kingdom, գանգատ թիվ 20166/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 34):

16. Արարքը քրեականացնող կամ հանցագործության համար պատասխանատվությունը խստացնող, ինչպես նաև անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու անթույլատրելիության և հակառակ դրան` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու պարտադիր լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Գ.Պողոսյանի գործով որոշմամբ: Մասնավորապես, նշված որոշմամբ արձանագրվել է, որ «(…) «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Սա նշանակում է, որ անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե արարքը կատարելու ժամանակ գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել, ինչպես նաև` հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն այն օրենքով, որը գործել է նրա կողմից արարքը կատարելու ժամանակ: Nullum crimen, nulla poena sine lege սկզբունքի բաղադրամասերից է նաև այն դրույթը, համաձայն որի` չի կարող կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Քրեական օրենքը հետադարձ ուժ է ստանում, այսինքն` դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա հետևյալ դեպքերում.

1. նոր օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում),

2. նոր օրենքը մեղմացնում է պատիժը,

3. նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:

Ինչպես երևում է վերոգրյալից, քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները սպառիչ են և ունեն իմպերատիվ բնույթ, այսինքն` եթե նոր ընդունված օրենքը պարունակում է վերը նշված պայմաններից առնվազն մեկը, ապա իրավակիրառող մարմինը պարտավոր է դրա գործողությունը տարածել մինչև օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն:

Այն դեպքերում, երբ նոր ընդունված օրենքը միաժամանակ բովանդակում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող դրույթներ, ապա օրենքը հետադարձ ուժ է ստանում միայն մեղմացման առումով» (տե՛ս Գասպար Արամի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը):

17. Վերահաստատելով և զարգացնելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և համապատասխանաբար Գ.Պողոսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքի հետադարձ ուժի կառուցակարգերը ճիշտ կիրառելու համար ելակետային նշանակություն ունի հանցավոր արարքի կատարման պահը: Քրեական օրենքի իմաստով՝ հանցանքը կատարելու պահ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքների վրա հասնելու պահից (ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս): Հետևաբար իրավասու մարմինը հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ: Նշված կանոնը` որպես կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիք, «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի անկյունաքարն է, և դրանից ցանկացած շեղում, բացառությամբ քրեական օրենքի հետադարձ ուժի կանոնի, կհանգեցնի սույն որոշման 14-րդ կետում մեջբերված միջազգային և ներպետական իրավանորմերի պահանջների խախտման:

Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնի միակ բացառությունը՝ քրեական օրենքի հետադարձության կանոնը, ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի այդ անձի վրա: Այս դեպքում ևս որևէ նշանակություն չունի, թե մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու հարցը լուծելիս այն գործում է, թե արդեն իսկ կորցրել է իր իրավաբանական ուժը: Քրեական օրենքի իրավաբանական ուժ կորցնելը նշանակում է, որ այդ օրենքը դադարեցնում է իր գործողությունը, և դրա նորմերը չեն կիրառվում այն հասարակական հարաբերությունների (հանցագործությունների) նկատմամբ, որոնք ծագում են (կատարվում են) դրանից հետո: Իրավաբանական ուժը կորցրած քրեական օրենքը մինչ այդ ծագած հասարակական հարաբերությունների նկատմամբ կիրառելի է այնքանով, որքանով բարենպաստ հետևանքներ է առաջացնում հանցանք կատարած անձի համար:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի գործողության տարածումը մինչև դրա ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա կարող է իրականացվել երկու եղանակով՝ պարզ և վերստուգիչ (ռևիզիոն) կարգով:

Քրեական օրենքի պարզ հետադարձությունը ենթադրում է, որ տվյալ գործով դեռևս դատավճիռ կամ գործն ըստ էության լուծող այլ վերջնական ակտ չի կայացվել: Այս դեպքում իրավակիրառող մարմինները նոր քրեական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ղեկավարվում են դրանով և կատարված արարքին իրավական գնահատական են տալիս և պատժի նշանակման հարցը լուծում են նոր, ավելի մեղմ օրենքին համապատասխան:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ անձի վիճակը բարելավող քրեական օրենքը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն: Այլ խոսքով՝ հնարավոր է իրավիճակ, երբ մեղադրական դատավճիռն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ և գտնվում է կատարման փուլում կամ արդեն իսկ ի կատար է ածվել, սակայն անձի դատվածությունը դեռևս չի մարվել: Այս դեպքում քրեական օրենքի գործողության տարածումը մինչև դրա ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա կատարվում է վերստուգիչ (ռևիզիոն) եղանակով, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայվում են:

19. Անդրադառնալով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմաններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում) կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում): Ընդ որում, արարքի հանցավորությունը կարող է վերացվել նաև քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթների փոփոխության միջոցով, օրինակ` հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը կարող է փոփոխվել, ինչի արդյունքում անձը կարող է դադարել քրեական պատասխանատվության սուբյեկտ լինելուց:

Նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերը իջեցվում են, բ) պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի, դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:

Հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը և չի մեղմացնում պատիժը, սակայն քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար: Նման իրավիճակները կարող են բազմազան լինել և վերաբերել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին, այդ թվում՝ պատժի ժամկետները հաշվարկելու և պատիժը հաշվակցելու կարգին:

20. 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածում նախատեսված էր, որ «[դ]ատարանը նախնական կալանքը պատժի ժամկետի մեջ հաշվում է ազատազրկման կամ կարգապահական գումարտակ (...) ուղարկման դատապարտելիս մեկ օրը մեկ օրվա դիմաց (...)»:

2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրված էր հետևյալ կերպ. «[մ]ինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց (...)»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-97-Ն օրենքի ընդունումից հետո, որն ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 24-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը վերաշարադրվել է հետևյալ կերպ. «[մ]ինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց (...)»:

Մեջբերված քրեաիրավական նորմերը գնահատելով սույն որոշման 16-19-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսացել է հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք, քանի որ նախատեսել է նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու առավել բարենպաստ կարգ, քան գործել է մինչ այդ: Հետևաբար, դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա, անկախ նրանից, թե երբ է սկսվել այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը:

Միևնույն ժամանակ, 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը գործել է մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը, որից հետո «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-97-Ն օրենքով այն ենթարկվել է փոփոխության և սահմանվել է նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու այնպիսի կարգ, ինչպիսին գործել է նախքան գործող քրեական օրենսգրքի ընդունումը: Այսինքն, տեղի է ունեցել անձի վիճակը վատթարացնող օրենսդրական փոփոխություն, որը քրեական օրենքի հետադարձության կանոնի համաձայն՝ չի կարող տարածվել մինչ այդ փոփոխությունը հանցանք կատարած անձանց վրա:

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը նշանակված պատժին՝ մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցելու վերաբերյալ դրույթը գործել է 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը, այդ օրենքն իր բնույթով հանդիսացել է անձի վիճակն այլ կերպ բարելավող, հետևաբար դրա ներգործության տակ են ընկնում ոչ միայն այն անձինք, որոնք հանցանք են կատարել օրենքի գործողության ընթացքում, այլև նրանք, ովքեր համապատասխան արարք են կատարել մինչև այդ օրենքի ընդունումը: Այլ խոսքով՝ մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը հանցանք կատարած անձանց նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցվի` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք գտնվել կալանքի տակ, և այդ ընթացքում նշված օրենքը գործել է, թե ոչ:

22. Սույն գործով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու վերոգրյալ բարենպաստ օրենքին հետադարձ ուժ տալու քրեադատավարական ընթացակարգին:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ արդեն իսկ կայացված և կատարման փուլում գտնվող դատավճիռներով՝ անձի վիճակն այլ կերպ բարելավող վերոգրյալ քրեաիրավական նորմին հետադարձ ուժ տալու հարցը պետք է լուծվի դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծման կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի կիրառմամբ: Մասնավորապես, դատավճիռ կայացրած դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա պետք է քննարկի ՀՀ քրեական օրենսգրքի վերոգրյալ դրույթների կիրառելիության հարցը և նախքան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձի կալանքի տակ եղած ժամկետը ազատազրկման ձևով նշանակված պատժին մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցելու հարցում հանգի համապատասխան հետևության:

Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը հանցանք կատարած անձի նկատմամբ դեռևս դատավճիռ չի կայացվել, ապա գործն ըստ էության քննող դատարանը պարտավոր է դատավճռով լուծել նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու վերոգրյալ բարենպաստ օրենքին հետադարձ ուժ տալու հարցը: Մասնավորապես, եթե այդպիսի անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը գործի քննության ընթացքում վերացվել է կամ փոխարինվել է ազատությունից զրկելու հետ կապ չունեցող մեկ այլ խափանման միջոցով կամ գրավով, ապա դատարանը պետք է անձի փաստացի կալանքի տակ գտնվելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցի նրա նկատմամբ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին:

Այն դեպքում, երբ հնարավոր չէ կատարել հաշվակցում, քանի որ անձն անընդմեջ գտնվում է կալանքի տակ և դատավճիռ կայացնելու պահին նրա կալանքը դեռևս շարունակվում է, ապա դատարանը պետք է իր դատավճռում արձանագրի, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն անձի կալանքի տակ եղած ժամկետը ենթակա է հաշվակցման ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց, և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի համար սահմանի նշված հաշվակցումը կատարելու պարտականություն: Այս դեպքում փաստացի հաշվակցումը և դատարանի կողմից սահմանված պատժի ժամկետի կրճատումը պետք է կատարվի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ պատիժը կրելու վայրի վարչակազմի կողմից:

23. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Գալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 1999 թվականի մարտի 23-ին ավազակային հարձակման միջոցով հափշտակել է Ս.Հակոբյանին պատկանող 6.436.560 ՀՀ դրամ արժողությամբ «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Նախաքննության մարմնի կողմից Վ.Գալոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, վերջինս 2011 թվականի մարտի 16-ին հայտնաբերվել և արգելանքի է վերցվել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ 2011 թվականի օգոստոսի 27-ին հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2013 թվականի ապրիլի 4-ի դատավճռով Վ.Գալոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Վ.Գալոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատժի սկիզբը հաշվվել է 2011 թվականի մարտի 16-ից:

Նշված դատավճիռը չի բողոքարկվել, և 2013 թվականի մայիսի 6-ին մտել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Ընդ որում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իր դատավճռում փաստելով, որ Վ.Գալոյանի կողմից հանցավոր արարքը կատարելուց հետո 2003 թվականի օգոստոսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության համար նախատեսվել է ավելի մեղմ պատիժ, քան արարքը փաստացի կատարելու պահին գործող օրենքով, իրավացիորեն գտել է, որ նշված օրենքին պետք է հետադարձ ուժ տալ և Վ.Գալոյանի նկատմամբ պատիժ նշանակել մեղմացված սանկցիայի շրջանակներում: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան 2004 թվականին ընդունված օրենքով կրկին խստացվել է, սակայն նշված փոփոխությունը Վ.Գալոյանի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ պատիժը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Դատավճռում Վ.Գալոյանի նախնական կալանքի տակ գտնված ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու վերաբերյալ որևէ անդրադարձ չի կատարվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Դատապարտյալ Վ.Գալոյանը 2013 թվականի մայիսի 14-ին դիմել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և խնդրել իր նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցել նշանակված պատժի ժամկետին՝ մեկ օրը մեկուկես օրվա դիմաց:

Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ դատապարտյալի դիմումը մերժել է՝ պատճառաբանելով, որ Վ.Գալոյանի կալանքի տակ գտնված ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նրա նկատմամբ նշանակված պատժին հաշվակցելու հիմքեր չկան, քանի որ ինչպես հանցավոր արարքը կատարելու պահին, այնպես էլ Վ.Գալոյանի կալանքի տակ գտնված ժամանակ և նրա նկատմամբ դատավճիռ կայացնելիս նման կարգ չի գործել (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ և շեշտելով, որ դատարանի կողմից միջազգային և ներպետական օրենսդրության, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջները չեն խախտվել, բողոքարկված դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

24. Սույն որոշման 16-22-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Վ.Գալոյանն իրեն մեղսագրված հանցավոր արարքը կատարել է մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը, հետևաբար Վ.Գալոյանի նախնական կալանքի տակ եղած ժամկետը՝ 2011 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2013 թվականի մայիսի 6-ը, ենթակա է եղել հաշվակցման նրա նկատմամբ նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վ.Գալոյանի նկատմամբ դատավճիռ կայացնելիս այս հարցին չի անդրադարձել և նման հաշվակցում կատարելու պարտականություն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի համար չի սահմանել: Միևնույն ժամանակ դատապարտյալի դիմումի հիման վրա քննարկելով կալանքի ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու հարցը, ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել դրա անթույլատրելիության վերաբերյալ:

Ուստի, անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին հետադարձ ուժ չտալով, դրա գործողությունը չտարածելով մինչև փոփոխության ընդունումը հանցանք կատարած անձի նկատմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի, ինչպես նաև սույն որոշման 14-րդ կետում շարադրված միջազգային-իրավական ակտերի համապատասխան նորմերի պահանջների խախտում:

25. Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Վ.Գալոյանի նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն օրինական և հիմնավորված չեն:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատապարտյալ Վ.Գալոյանի վիճակն այլ կերպ բարելավող քրեական օրենքին հետադարձ ուժ չտալով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Վաղարշակ Էդիկի Գալոյանի դիմումը մերժելու վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հուլիսի 10-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի օգոստոսի 21-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան