Համարը 
ՍԴՈ-1144
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.04.23/21(1034) Հոդ.313
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվը 
15.04.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 ապրիլի 2014 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԼԵՎՈՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմող՝ քաղաքացի Լ. Պողոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Լևոն Պողոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Լ. Պողոսյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան» վերտառությամբ 290-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 4-րդ մասը սահմանում է.

«4. Բողոքը դատավորի կողմից միանձնյա քննվում է այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին տեղյակ պահելով դիմողին և վարույթն իրականացնող մարմնին։ Դիմողի կամ վարույթն իրականացնող մարմնի չներկայանալը չի խոչընդոտում բողոքը քննելուն, սակայն դատավորը կարող է պարտադիր համարել նշված անձանց ներկայությունը։ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր։ Վարույթն իրականացնող մարմինը և դիմողը բացատրություններ տալու իրավունք ունեն»։

 

2. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Լևոն Պողոսյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին 09.12.2011թ. որոշումը։ Դատարանի 08.02.2012թ. որոշմամբ բողոքը մերժվել է, ինչը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ 15.03.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է։ Նշված որոշման դեմ Լ. Պողոսյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 17.05.2012թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում։

Հիմք ընդունելով թիվ 16541106 տեսաձայնագրային փորձագիտական եզրակացությունը՝ Լևոն Պողոսյանը 01.11.2012թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով հիշյալ եզրակացությունը դիտել որպես նոր երևան եկած հանգամանք և վարույթ հարուցել։ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Սինանյանի կողմից 13.11.2012թ. որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթի հարուցումը մերժելու մասին, քանի որ Լ. Պողոսյանի կողմից նշված եզրակացությունն առկա է քրեական գործում, որը քննիչի կողմից ներկայացվել է դատարան և այն ուսումնասիրվել է։ Նշված որոշումը բողոքարկվել է, ինչի արդյունքում Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Ս. Խաչատրյանի կողմից 06.12.2012թ. բողոքը մերժելու մասին որոշում է կայացվել։

Լևոն Պողոսյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ս. Սինանյանի կողմից 13.11.2012թ. կայացված` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթի հարուցումը մերժելու մասին ու Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Ս. Խաչատրյանի կողմից 06.12.2012թ. կայացված` բողոքը մերժելու մասին որոշումները։ Դատարանը 29.01.2013թ. «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ Լ. Պողոսյանի բողոքը մերժել է։ Նշված որոշման դեմ Լ. Պողոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.03.2013թ. որոշմամբ մերժվել է` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2013թ. որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

Լ. Պողոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 14.05.2013թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում։

 

3. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների սահմանադրականությունը՝ դիմողը գտնում է, որ դրանք լիարժեք չեն ապահովում անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումը, արդար ու անաչառ դատաքննությունը՝ հակասելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 91-րդ հոդվածներին։

Դիմողի կարծիքով, ըստ վիճարկվող նորմի` վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում ինչ նյութեր տրամադրել դատարանին և ինչ նյութեր թաքցնել դատարանից։ Այս հանգամանքն ստեղծում է արդարադատության իրականացման և օրինականության համար ծանր վիճակ, չարաշահումների հող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը տրամադրում է դատարանին միայն այն նյութերը, որոնք չեն ժխտում իր որոշումը և չեն բացահայտում քննչական մարմնի կողմից արված կոպիտ խախտումները։ Այս դեպքում դատարանը զրկված է լինում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի տեղեկությունից։

 

4. Պատասխանող կողմը՝ առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 91-րդ հոդվածներին։

Ըստ պատասխանողի` վիճարկվող նորմն իր առաքելությամբ, կարգավորումներով և գործող խմբագրությամբ չի կարող դիտվել հակասահմանադրական, քանի որ հստակ և միանշանակ ամրագրում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողություն իրականացնելու հնարավորությունն ու դեպքերը։ Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ վիճարկվում են նախաքննության փուլում գտնվող քրեական գործի վերաբերյալ համապատասխան մարմինների և/կամ անձանց գործողությունները կամ որոշումները, ապա այս պարագայում նախաքննության գաղտնիությունը, իհարկե, պետք է պահպանել, և համապատասխան սուբյեկտներն իրավունք ունեն չներկայացնելու գործում առկա որոշ նյութեր։ Շեշտվել է նաև, որ օրենսդիրը նախատեսում է «...ոչ թե քրեական գործի ողջ նյութերի ներկայացումը դատարան, …այլ միայն այն նյութերը, որոնք անմիջականորեն առնչվում են դատարան ներկայացված բողոքի առարկային»:

 

5. Սույն գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորումները, ըստ էության, առնչվում են սույն գործով սահմանադրական դատարան ներկայացված` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2012թ., ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.03.2012թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2012թ. որոշումներին:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «… դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո»: Իսկ, ինչպես արդեն վերը նշվել է, սույն գործով դիմումը սահմանադրական դատարան մուտքագրվել է 2013 թվականի նոյեմբերի 20-ին: Հետևաբար, Լ. Պողոսյանը սույն գործով սահմանադրական դատարան վերոհիշյալ դատական ակտերով դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը չի պահպանել:

Ինչ վերաբերում է Լ. Պողոսյանի կողմից սույն գործով սահմանադրական դատարան ներկայացված` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2013թ., ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 15.03.2013թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2013թ. որոշումներին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ դատական ակտերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում՝ օրենքի դրույթի կիրառման պայմանը։

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի՝ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման՝ «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր՝ 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»։

Դիմողի կողմից սահմանադրական դատարան ներկայացված դատական ակտերում սույն գործով վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի վերաբերյալ որևէ ուղղակի հիշատակում չկա, կիրառում առկա չէ։

Բացի դրանից, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի սահմանադրականությունը՝ ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտերի օրինականության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի՝ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման՝ «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացի Լևոն Պողոսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

15 ապրիլի 2014 թ.

ՍԴՈ-1144