Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
08.05.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
08.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/2593/02/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2593/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2593/02/10

2014 թ.

Նախագահող դատավոր`  Տ. Նազարյան

Դատավորներ`   

Կ. Հակոբյան

 

Ի. Վարդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի` Ընկերության հաշիվներից դուրս գրված գումարների հիմքում ընկած փաստաթղթերը և պարտավորագիր (որտեղ կամրագրվի 2008 թվականից մինչև 2010 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածներում պատասխանողների կողմից Ընկերության առջև իրենց գործողությունների արդյունքում, իրենց ստորագրությամբ և թողտվությամբ կնքված պայմանագրերով Ընկերության հաշիվներից դուրս գրված գումարներով ձեռք բերված գույքով` ներառյալ «Միցուբիշի ջիպ» մակնիշի ավտոմեքենայով, դրանց ձեռքբերման և մնացորդ գումարների ծախսերով ընկերությանը հասցված վնասներով գույքային պատասխանատվությունը և պարտավորությունների մարման ժամանակացույցը) Ընկերությանը տրամադրելուն, Ընկերության հաշիվներից դուրս գրված գումարների օգտագործման հիմքում ընկած փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու և պատասխանողներից համապարտության կարգով Ընկերության օգտին «Միցուբիշի ջիպ» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով վերցված 4.954.000 ՀՀ դրամը բռնագանձելու, Ընկերության հաշիվներից ելքագրված գումարների վերաբերյալ պատասխանողների տիրապետության տակ գտնվող Ընկերության դրամարկղի ելքի օրդերները տրամադրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև պատասխանողներ Սևակ Արզարունուց և Արտյոմ Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Ընկերության Սևակ Արզարունուն որպես շահույթի գումարի ավանս վճարված 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որպես աշխատավարձ վճարված 6.480.000 ՀՀ դրամը, որպես գործուղման գումար վճարված 859.400 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին Ընկերությանը տրամադրելու ընկերության հաշիվներից դուրս գրված գումարների հիմքում ընկած փաստաթղթերը և պարտավորագիր, որտեղ կամրագրվի 2008 թվականից մինչև 2010 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածներում պատասխանողների կողմից Ընկերության առջև իրենց գործողությունների արդյունքում, իրենց ստորագրությամբ և թողտվությամբ կնքված պայմանագրերով Ընկերության հաշիվներից դուրս գրված գումարներով ձեռքբերված գույքով` ներառյալ «Միցուբիշի ջիպ» մակնիշի ավտոմեքենայով, դրանց ձեռքբերման և մնացորդ գումարների ծախսերով Ընկերությանը հասցված վնասներով գույքային պատասխանատվությունը և պարտավորությունների մարման ժամանակացույցը:

Լրացուցիչ հայցադիմումով պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին Ընկերությանը տրամադրելու Ընկերության հաշիվներից դուրս գրված գումարների օգտագործման հիմքում ընկած փաստաթղթերը և պատասխանողներից համապարտության կարգով հայցվորի օգտին բռնագանձել «Միցուբիշի ջիպ» ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով վերցված 4.954.000 ՀՀ դրամը, ինչպես նաև Սևակ Արզարունուն և Արտյոմ Մարտիրոսյանին պարտավորեցնել Ընկերությանը տրամադրել Ընկերության հաշիվներից ելքագրված գումարների վերաբերյալ պատասխանողների տիրապետության տակ գտնվող Ընկերության դրամարկղի ելքի օրդերներ, ինչպես նաև` Սևակ Արզարունուց և Արտյոմ Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Ընկերության բռնագանձել Սևակ Արզարունուն որպես շահույթի գումարի ավանս վճարված 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, որպես աշխատավարձ վճարված 6.480.000 ՀՀ դրամը, որպես գործուղման գումար վճարված 859.400 ՀՀ դրամը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները, 64-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ հայցի սկզբնական ձևակերպմամբ հստակ նշվում է, որ Ընկերությունը պահանջում է իրեն տրամադրել Ընկերության հաշիվներից ելքագրված գումարների վերաբերյալ պատասխանողների տիրապետման ներքո գտնվող Ընկերության դրամարկղի ելքի օրդերները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ եթե որևէ մեկն աշխատանք է կատարում, ապա դրա դիմաց վարձատրություն ստանալու իրավունք է ձեռք բերում, և այդ գումարը սահմանված կարգով վճարվում է, այլ ոչ թե գաղտնի կամ բացահայտ հափշտակվում:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` քրեական գործով Սևակ Արզարունու ցուցմունքի տեսագրության 2-րդ մասի 30:10 րոպե և 3-րդ մասի 25:09 րոպե հատվածները, ըստ որոնց` վերջինս ընդունել է, որ Ընկերությունից որպես շահաբաժին վերցրել է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև «Լեգալ-Աուդիտ» ՍՊԸ-ի կողմից իրականացված մասնագիտական ուսումնասիրության արդյունքում տրված «Աուդիտորական հաշվետվության» մեջ արձանագրված այն փաստը, որ իրացված ապրանքների դիմաց կանխիկ դրամով մուտքագրված հասույթի չափն արժանահավատ չէ` իրականում ավելի մեծ է:

Այսինքն` պատասխանողները, որոնք տնօրինել են Ընկերության ֆինանսական միջոցները, Ընկերությանը պատկանող ապրանքների իրացումից ստացված կանխիկ գումարների մի մասը կարգի խախտմամբ են հանձնել Ընկերության դրամարկղ, իսկ գումարներն Ընկերությունից ստանալու փաստն ամրագրվել է դրամարկղի ելքի անդորրագրերով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ գումարների մուտքագրման և ելքագրման կարգի որևէ կետի խախտում չի կարող փաստել այն հանգամանքը, որ Ընկերության դրամարկղում եղած գումարներն Ընկերությանը չեն պատկանում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արտյոմ Մարտիրոսյանը հանդիսացել է Ընկերության տնօրեն 10.01.2008 թվականից մինչև 11.09.2010 թվականը (1-ին հատոր, գ.թ. 15, 17).

2) 01.07.2009 թվականին Սարո, Նարեգ Հարթունյանների և 02.07.2009 թվականին Գարաբեդ Հարութունյանի կողմից նոտարական վավերացմամբ ստորագրված պարտավորագրերի համաձայն` վերջիններս պարտավորվել են ՀՀ-ում ստացած ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25 տոկոսը որպես շահաբաժին տալ Սևակ Արզարունուն, երբ շահերն իրականանան և ձեռք բերվեն իր աշխատանքի ժամանակահատվածում։ Պարտավորագրի իմաստով շահույթ են համարվել կատարված ներդրումներից ստացված շահերը` հանած ծախսերը, վնասները և նախօրոք ստացված գումարները (1-ին հատոր, գ.թ. 154-156).

3) 06.11.2009 թվականին Գարաբեդ Հարութունյանը Սևակ Արզարունուն լիազորել է գործել հօգուտ իրեն և իր անունից` ներկայացնելով իր իրավունքները և շահերը երրորդ անձանց առջև (ներառյալ` տեղական, հանրային և մասնավոր մարմինների ու հաստատությունների և ֆիզիկական անձանց), իր փոխարեն իրականացնել Ընկերության, «Ջի Էյչ Ինվեսթմենթս» ԲԲԸ-ի կառավարումը, այդ թվում` ցանկացած բանկում բացել բանկային հաշիվներ, կատարել մուծումներ, ստորագրել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, ներկայացնել հաշվետվություններ, մասնակցել ընկերության ընդհանուր ժողովներին, քվեարկել իր անունից, ընդունել որոշումներ, ստանալ փաստաթղթեր, նշանակել, աշխատանքից ազատել ընկերության տնօրենին, կնքել պայմանագրեր, այդ թվում` ընկերության տնօրենի հետ, ստորագրել համաձայնագրեր, ստորագրած պայմանագրերում (համաձայնագրերում) կատարել փոփոխություններ, լուծել պայմանագրերը, կնքել համաձայնագրեր, հարկ եղած դեպքում լուծել ստորագրված համապատասխան պայմանագիրը, համաձայնագիրը և կատարել ցանկացած գործողություն` կապված սույն լիազորության հետ։ Լիազորագիրը տրվել է 6 ամիս ժամկետով (2-րդ հատոր, գ.թ. 103).

4) Ընկերության կողմից, ի հիմնավորումն հայցապահանջների, ներկայացվել են 01.12.2009 թվականին ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի և Ընկերության հիմնադիր-տնօրեն Սևակ Արզարունու միջև կնքված անձի անվտանգության և նրա ունեցվածքի պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագիրը և պայմանագրից բխող վճարումների փաստը հավաստող դրամարկղային ելքի օրդերների հաստատված պատճեններ, 19.10.2010 թվականին կազմված աուդիտորական հաշվետվությունը, ինչպես նաև դրամարկղային ելքի օրդերների հաստատված պատճեններ` տրված տարբեր նպատակներով (1-ին հատոր, գ.թ. 20-102).

5) 19.10.2010 թվականի աուդիտորական հաշվետվությամբ ստուգվող ժամանակաշրջանն ընդգրկում է 01.08.2009 թվականից 09.09.2010 թվականն ընկած ժամանակահատվածը։ Հաշվետվության ամփոփման համաձայն` ստուգման ժամանակահատվածում Ընկերության դրամական միջոցների փաստաթղթավորումը կատարվել է «Հաշվապահական հաշվառման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտմամբ, ինչպես նաև իրացված ապրանքների դիմաց կանխիկ դրամով մուտքագրված հասույթի չափը արժանահավատ չէ` իրականում ավելի մեծ է։ Ըստ ներկայացված փաստաթղթերի` 09.09.2010 թվականի դրությամբ Ընկերության դրամարկղից ընդհանուր առմամբ բացակայում է առնվազն 89մլն դրամ (16մլն+73մլն=89մլն) (1-ին հատոր, գ.թ. 31-35).

6) 30.01.2012 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ Ընկերության ղեկավար անձանց կողմից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության ներկայացված օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում և հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափի` 2.556.000 ՀՀ դրամ հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում 20.06.2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 83102411 քրեական գործը։

Արտյոմ Մարտիրոսյանը, Սևակ Արզարունին հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու նպատակով Արթուր Գալստյանի, Նարեգ Հարթունյանի ու Անի Մնացականյանի հետ նախնական հանցավոր համաձայնություն չեն ունեցել, նրանց հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով դիտավորյալ որևէ գործողություն չեն կատարել, Ընկերությունից որևէ գումար չեն հափշտակել։ Ելնելով վերոգրյալից` որոշվել է թիվ 83102411 քրեական գործով Արտյոմ Մարտիրոսյանի, Սևակ Արզարունու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` վերջիններիս արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (2-րդ հատոր, գ.թ. 114-117).

7) Հայցադիմումի պատասխանով պատասխանողներն ընդունել են, որ որոշակի գումարներ իսկապես վերցրել են, «դրանք դուրս են գրվել Սևակի կարգադրությամբ և տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի կատարմամբ` համապատասխան անդորրագրերով և հիմնադրի գիտությամբ, դրանց վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են ներկայացվել հիմնադիր Գարաբեդ Հարութունյանին էլեկտրոնային փոստով, որին վերջինս կամ իր որդիները որևէ անհամաձայնություն, դիտողություն չեն հայտնել, արգելք չեն դրել` հաստատելով իրենց համաձայնությունը» (1-ին հատոր, գ.թ. 152).

8) Սևակ Արզարունին 23.09.2010 թվականին Գարաբեդ Հարութունյանին, Սարո և Նարեգ Հարթունյաններին ներկայացրել է գրավոր հրաժարական, որով նշել է, որ 2004 թվականի սեպտեմբերից վեց տարի շարունակ որպես գլխավոր տնօրեն և վերջիններիս լիազոր ներկայացուցիչ ՀՀ-ում հանդիսացել է Գարաբեդ Հարութունյանի, Սարո և Նարեգ Հարթունյանների իրավունքների պաշտպանը, բիզնեսի կազմակերպողը և անձնական բոլոր խնդիրների անմիջական պատասխանատուն (1-ին հատոր, գ.թ. 157).

9) 11.09.2010 թվականին գրանցվել է Ընկերության տնօրենի փոփոխությունը, և որպես տնօրեն գրանցվել է Նարեգ Հարթունյանը (1-ին հատոր, գ.թ. 17)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապացույցների թույլատրելիության ինստիտուտի իրավական կարգավորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոնշյալ հոդվածների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում որևէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետևյալ կանոններով.

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, որով սպառիչ սահմանված է ապացուցման միջոցների շրջանակը: Մասնավորապես` գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել միայն գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների և գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված թույլատրելիության նշված կանոնը ենթադրում է ապացույցի դատավարական ձևի համապատասխանությունն օրենքի պահանջներին` աղբյուրի, ստացման եղանակի, պայմանների, ինչպես նաև ապացույցի ձևակերպման տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նաև նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:

3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետևում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետևյալ կերպ.

- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.

- գործի հանգամանքները կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ:

Ապացույցների թույլատրելիության նշված կանոնի մասնավոր դրսևորումներից է նաև այս կամ այն ապացույցի օգտագործման արգելքը, որը նշանակում է, որ ի հավաստում գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի չի կարող ներկայացվել որևէ կոնկրետ ապացույց, եթե նյութական օրենսդրությունն արգելում է դրա օգտագործումը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը գումարի բռնագանձման պահանջի մասով մերժելիս վկայակոչել է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի «Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն որոշումը և եզրահանգել, որ օրենսդրի կողմից որպես կազմակերպության դրամարկղից դրամական միջոցների ստացման վերաբերյալ թույլատրելի ապացույց սահմանվել է Ընկերության ղեկավար մարմինների, ինչպես նաև հաշվապահի, գանձապահի և դրամ ստացողի կողմից պատշաճ ստորագրված դրամարկղի ելքի օրդերը։

Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումն այն մասին, որ պատասխանողների կողմից Ընկերությունից գումարներ ստանալու փաստի հաստատման նպատակով հայցվորի կողմից ներկայացված դրամարկղային ելքի օրդերները դրանց վրա գանձապահի ստորագրության բացակայության պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 51-րդ հոդվածի ուժով չեն հանդիսանում թույլատրելի ապացույցներ։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով քրեական գործի շրջանակներում Սևակ Արզարունու տված ցուցմունքին, գտել է, որ այն նույնպես թույլատրելի ապացույց չէ:

Վերը շարադրված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` դրամարկղ` կանխիկ դրամի ընդունման, պահպանման և բացթողման համար նախատեսված պահոց (պահեստարան), դրամարկղային գիրք` գրանցամատյան, որում գրանցվում է դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, ինչպես նաև կանխիկ դրամի մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից:

«Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.10.2003 թվականի թիվ 1408-Ն որոշման 5-րդ կետի համաձայն` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դրամարկղից կանխիկ դրամի ելքագրման (վճարման) փաստաթղթավորումը կատարվում է դրամարկղային ելքի օրդերով (այսուհետ` ելքի օրդեր): Որոշման 7-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերը, կազմակերպության ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, հաշվապահը, գանձապահը և դրամ ստացողն ստորագրում են ելքի օրդերը: Ընդ որում, եթե ելքի օրդերին կցվող փաստաթղթերում (դիմում, հաշիվ, տեղեկագիր, հաշվետվություն և այլն) առկա են դրամ վճարելու վերաբերյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի և հաշվապահի թույլատրող մակագրությունները, ապա նրանց ստորագրությունները ելքի օրդերի վրա կարող են չդրվել:

Նշված իրավադրույթների փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ դրամարկղային ելքի օրդերը դրամարկղից դրամական միջոցների ելքագրումը հաստատող միակ թույլատրելի ապացույցը չէ: Նշված փաստի հաստատումն օրենսդիրը հնարավոր է համարել նաև այլ ապացույցներով, մասնավորապես` որպես այդպիսին կարող է հետազոտվել և գնահատվել դրամարկղային գիրքը: Օրենսդիրը միևնույն ժամանակ չի բացառել ապացուցման այլ միջոցների վարույթ ներգրավման և հետազոտման հնարավորությունը: Նման պարագայում Վերաքննիչ դատարանի դատողությունը, ըստ որի` դրամարկղից դրամական միջոցների ստացման վերաբերյալ թույլատրելի ապացույցն Ընկերության ղեկավար մարմինների, ինչպես նաև հաշվապահի, գանձապահի և դրամ ստացողի կողմից պատշաճ ստորագրված դրամարկղի ելքի օրդերն է, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գրավոր ապացույցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (կազմման, բովանդակության առումով) կանխորոշում է այդ ապացույցի արժանահավատությունը, հետևաբար դրամարկղի ելքի օրդերի ստորագրված լինելու փաստը հանդիսանում է նշված ապացույցի ոչ թե թույլատրելիության, այլ արժանահավատության գնահատման միջոց: Ուստի այս հարցի կապակցությամբ ևս Վերաքննիչ դատարանը ճիշտ հետևության չի հանգել:

Նշված վերլուծությունների համատեքսում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև ստորադաս դատարանների կողմից քրեական դատավարության կարգով պատասխանող Սևակ Արզարունու կողմից տրված ցուցմունքն անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ փաստարկը:

Միևնույն ժամանակ անդրադառնալով նշված ցուցմունքի մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիության վերաբերյալ բողոքաբերի փաստարկին` Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության 64-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար:

Նշված դրույթից հետևում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստը կարող է ընդունվել միայն տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում, մինչդեռ բողոքաբերի կողմից վկայակոչված` Սևակ Արզարունու ցուցմունքը տրվել է սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներից դուրս, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով չի կարող գնահատվել որպես գործին մասնակցող անձի կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի ընդունում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված դրամարկղային ելքի օրդերները և Սևակ Արզարունու` քրեական գործի շրջանակներում տված ցուցմունքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պետք է դիտարկվեն որպես թույլատրելի ապացույցներ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` գնահատվեն մյուս ապացույցների հետ համակցության մեջ:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին առ այն, որ «ընկերությունից գումարներ դուրս գրելու փաստը հաստատված գնահատելու պարագայում նույնիսկ չի կարող հաստատված համարվել պատասխանողների կողմից հայցվոր ընկերությանը պատճառված վնասները հատուցելու համար հիմք հանդիսացող ոչ իրավաչափ վարքագծի փաստը, քանի որ Սևակ Արզարունին կատարած աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունք ուներ», ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել այդ փաստը հավաստող` գործում առկա ապացույցները:

Այսպես, Գարաբեդ Հարութունյանն իր կողմից տրված լիազորագրով Սևակ Արզարունուն լիազորել է գործել հօգուտ իրեն և իր անունից` ներկայացնելով իր իրավունքները և շահերը երրորդ անձանց առջև (ներառյալ` տեղական, հանրային և մասնավոր մարմինների ու հաստատությունների և ֆիզիկական անձանց), իր փոխարեն իրականացնել Ընկերության, «Ջի Էյչ Ինվեսթմենթս» ԲԲԸ-ի կառավարումը, այդ թվում` ցանկացած բանկում բացել բանկային հաշիվներ, կատարել մուծումներ, ստորագրել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, ներկայացնել հաշվետվություններ, մասնակցել ընկերության ընդհանուր ժողովներին, քվեարկել իր անունից, ընդունել որոշումներ, ստանալ փաստաթղթեր, նշանակել, աշխատանքից ազատել ընկերության տնօրենին, կնքել պայմանագրեր, այդ թվում` ընկերության տնօրենի հետ, ստորագրել համաձայնագրեր, ստորագրած պայմանագրերում (համաձայնագրերում) կատարել փոփոխություններ, լուծել պայմանագրերը, կնքել համաձայնագրեր, հարկ եղած դեպքում լուծել ստորագրված համապատասխան պայմանագիրը, համաձայնագիրը և կատարել ցանկացած գործողություն` կապված սույն լիազորության հետ:

Լիազորագիրը տրվել է 06.11.2009 թվականին` վեց ամիս ժամկետով:

Գործում առկա` 02.07.2009 թվականին Գարաբեդ Հարութունյանի կողմից նոտարական վավերացմամբ ստորագրված պարտավորագրի համաձայն` վերջինս պարտավորվել է ՀՀ-ում ստացած ձեռնարկատիրական գործունեության մաքուր շահույթի 25 տոկոսը որպես շահութաբաժին տալ Սևակ Արզարունուն, երբ շահերն իրականանան և ձեռք բերվեն իր աշխատանքի ժամանակահատվածում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`

ա) նույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը.

բ) ստանալ տեղեկություններ ընկերության գործունեության վերաբերյալ.

գ) ստանալ ընկերության գործունեությունից ստացվող` օրենքով սահմանված շահույթի մասը.

դ) օրենքով սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց.

ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից.

զ) ընկերության լուծարման դեպքում բաժին ստանալ ընկերության մնացած գույքից:

Ընկերության մասնակիցներն ունեն նաև օրենքով, ընկերության կանոնադրությամբ կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ սահմանված այլ իրավունքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին: Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կարող են ընտրվել նաև ընկերությանը չմասնակցող անձինք:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի «Ընկերության կառավարումը» վերտառությամբ 5-րդ գլուխը սահմանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման մարմիններն ու վերջիններիս իրավասությունները, ընդ որում, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը, որի իրավասությունները սահմանված են օրենքի 36-րդ հոդվածով, իսկ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի կողմից: Ընկերության գործադիր մարմինը հաշվետու է ընդհանուր ժողովին և ընկերության խորհրդին, եթե ընկերության խորհրդի ստեղծումը նախատեսված է ընկերության կանոնադրությամբ: Գործադիր մարմնի իրավասությունների շրջանակը սահմանված է օրենքի 43-րդ հոդվածով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գարաբեդ Հարութունյանը հանդիսանում է Ընկերության մասնակից, հետևաբար վերջինս Սևակ Արզարունուն կարող էր լիազորել միայն Ընկերության կառավարմանը մասնակցել այնքանով, որքանով ինքը կարող էր մասնակցել ընկերության կառավարմանը` որպես ընկերության մասնակից: Ուստի, Սևակ Արզարունուն տրված` սույն գործում առկա լիազորագրով վերջինիս վրա չի դրվել Ընկերության գործադիր մարմնի իրավասություններն իրականացնելու լիազորություն` հաշվի առնելով, որ Ընկերությունն ունեցել է գործադիր մարմին` ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի:

Վերոգրյալը հաստատվում է նաև լիազորագրի բովանդակությամբ, համաձայն որի` Սևակ Արզարունին լիազորված է «նշանակել, աշխատանքից ազատել ընկերության տնօրենին, կնքել պայմանագրեր, այդ թվում` ընկերության տնօրենի հետ»:

Մինչդեռ գործում առկա դրամարկղային ելքի օրդերները, հայցվորի պնդմամբ, որպես Ընկերության ղեկավար, ստորագրել է Սևակ Արզարունին այն դեպքում, երբ նման գործառույթը վերապահված է Ընկերության գործադիր մարմնին: Ավելին, դրամարկղային ելքի օրդերների մի մասը թվագրված է 2010 թվականի մայիսի 06-ից հետո, այսինքն` Սևակ Արզարունու լիազորությունները դադարելուց հետո, ուստի նույնիսկ Ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնելու լիազորություններով օժտված լինելու պարագայում այդ լիազորությունները 2010 թվականի մայիսի 06-ին դադարելուց հետո դրամարկղային ելքի օրդերները Սևակ Արզարունու կողմից ստորագրելը չէր կարող դիտվել իրավաչափ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դրամարկղային ելքի օրդերները, Սևակ Արզարունու` քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքները, Գարաբեդ Հարութունյանի կողմից տրված լիազորագիրը և պարտավորագիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հետազոտելու և համակցության մեջ գնահատելու պայմաններում միայն հնարավոր կլիներ պարզել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքները`

- արդյո՞ք Սևակ Արզարունին դուրս է եկել իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից,

- արդյո՞ք ընկերության գործադիր մարմինը` ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, պատասխանատու լինելով ընկերության բնականոն գործունեության համար, ինչն իր մեջ ներառում է նաև ընկերության ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով է իրականացրել Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպումն ու դրամարկղային գործառնությունների իրականացումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վերոնշյալ հանգամանքները պարզելուց հետո հնարավոր է հաստատված համարել ընկերությանը պատճառված վնասները հատուցելու համար հիմք հանդիսացող պատասխանողների ոչ իրավաչափ վարքագծի առկայությունը կամ բացակայությունը:

Մինչդեռ ստորադաս դատարաններն առանց գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության, գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման, հետևության են հանգել պատասխանողների` ոչ իրավաչափ վարքագծի բացակայության վերաբերյալ, որպիսի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Սևակ Արզարունին չի հանդիսանում Ընկերության մասնակից և Ընկերության շահույթի բաշխմանը չի կարող մասնակցություն ունենալ: Չհանդիսանալով ընկերության աշխատակից և գործելով ընկերության մասնակցի կողմից տրված լիազորագրով և պարտավորագրերով` Սևակ Արզարունին պարտավորության հիմքով կարող էր պահանջ ներկայացնել պարտավորագրի կողմ հանդիսացող Ընկերության մասնակիցներին: Այսինքն` վերջինիս կողմից Ընկերությունից որպես վարձատրություն գումարի ստացումը չի բխում Ընկերության մասնակիցների կողմից տրված պարտավորագրի բովանդակությունից, քանի որ Սևակ Արզարունուն Ընկերության մասնակցի կողմից տրված լիազորագրի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինս լիազորված էր և կարող էր իրականացնել Ընկերության մասնակիցներին` օրենքով և ընկերության կանոնադրությամբ վերապահված իրավունքները, և այդ հիմքով հանձնարարության կատարման համար վարձատրությունը և ծախսերի փոխհատուցումը պետք է կատարեր լիազորագիր տված անձը: Այս տեսանկյունից Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված` ՀՀ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ արտահայտված դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն, քանի որ Սևակ Արզարունու կողմից կատարված գործողությունները չեն կարող դիտվել որպես աշխատանքային իրավահարաբերությունների հիմքով ծագած գործողություններ, որովհետև տվյալ դեպքում բացակայում են աշխատանքային հարաբերությունները, որոնց մի կողմը` գործատուն, հանդիսանում է Ընկերությունը, իսկ մյուս կողմը` աշխատողը, հանդիսանում է Սևակ Արզարունին, հետևաբար կատարված աշխատանքի դիմաց Ընկերությունից վարձատրության պահանջի իրավունք, ավելին, Ընկերության միջոցների հաշվին այդպիսի վարձատրության իրավունք Սևակ Արզարունին չէր կարող ունենալ, հետևաբար լիազորագրից բխող և Սևակ Արզարունու կողմից կատարված գործողությունները պետք է գնահատվեն լիազորած անձի օգտին հանձնարարված աշխատանքների կատարման համատեքստում:

Անդրադառնալով 30.01.2012 թվականի քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմանը, որով արձանագրված է, որ քրեական գործով հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել Արտյոմ Մարտիրոսյանի և Սևակ Արզարունու կողմից 120 մլն ՀՀ դրամը յուրացնելու, վատնելու կամ Ընկերության որևէ գումար հափշտակելու ու այլ անօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեադատավարական կարգով ընդունված և ուժի մեջ մտած որոշումը հաստատում է այն հանգամանքը, որ պատասխանողները քրեական օրենքով արգելված արարք չեն կատարել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, չկա նաև հանցագործությամբ պատճառված վնաս: Սակայն դրա հետ մեկտեղ նշված որոշումը չի կարող հանդիսանալ ընդհանրապես քաղաքացիաիրավական պատասխանատվությունը բացառող հանգամանք, եթե առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը և պայմանները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով գումարների բռնագանձման պահանջի մասով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նշված պահանջի մասով նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

Անդրադառնալով Ընկերության փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև պարտավորագիր գրելու և ժամանակացույց սահմանելու մասով հայցապահանջների մերժմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իրավաչափ է և հիմնավոր, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքը այդ մասով անհիմն` հետևյալ պատճառաբանությամբ.

Ընկերությանը պատկանող փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու հայցապահանջի փաստական և իրավական հիմքերի վերլուծությունից հետևում է, որ այն գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայց է: Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նշված հայցով ապացուցման առարկան կազմող փաստերի շրջանակին և ապացուցման պարտականությունը բաշխելու առանձնահատկություններին` նշելով, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են, հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե'ս Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի թիվ ԵԿԴ/0805/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Դատարանը, Ընկերությանը պատկանող փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը մերժելով, պատճառաբանել է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց Ընկերությանը պատկանող փաստաթղթերը պատասխանողների մոտ գտնվելու փաստի ապացուցման վերաբերյալ, հետևաբար այդ փաստի չապացուցման բացասական հետևանքները կրում է փաստի ապացուցման պարտականությունը կրողը, տվյալ դեպքում` հայցվորը։

Վերաքննիչ դատարանը, դատարանի վճիռն այդ մասով անփոփոխ թողնելով, արձանագրել է, որ հայցվոր ընկերության կողմից ոչ միայն չեն ներկայացվել Ընկերությանը պատկանող փաստաթղթերը պատասխանողների տիրապետման ներքո գտնվելու փաստը հաստատող ապացույցներ, այլև չեն նշվել, թե հատկապես ինչպիսի փաստաթղթեր վերադարձնելու պահանջ է ներկայացվել, այսինքն` չեն մատնանշվել այն փաստաթղթերը, որոնք, ըստ հայցվոր կողմի, ենթակա են հետ վերադարձման, որպիսի պայմաններում ներկայացված պահանջն ինքնին դառնում է առարկայազուրկ:

Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարանների վերոնշյալ եզրահանգումները գտնում է հիմնավոր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով այդպես էլ չի հիմնավորվել Ընկերությանը պատկանող փաստաթղթերը պատասխանողների մոտ գտնվելու փաստը, ինչը հայցի մերժման հիմք է:

Ինչ վերաբերում է պարտավորագիր տալուն պարտավորեցնելու և ժամանակացույց սահմանելու պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցապահանջով ներկայացված չեն այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք թույլ կտային դատարանին բավարարել այս հայցապահանջները:

Այսպիսով, Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2013 թվականի որոշման` «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ի հայցը գումարների բռնագանձման պահանջի մասով մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2012 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Սևակ Արզարունուց և Արտյոմ Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար:

Սևակ Արզարունուց և Արտյոմ Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ գույքային պահանջի համար ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ գույքային պահանջի համար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.10.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան