Համարը 
ՍԴՈ-1163
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064) Հոդ.842
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվը 
16.09.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
16.09.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 426.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 սեպտեմբերի 2014 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4262-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԵՎ 4264-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

 դիմող` քաղաքացի Գ. Աշուղյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 4264-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Աշուղյանի՝ 2014 թվականի ապրիլի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Դիմողի կողմից վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածում կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ (28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն), որոնցից վերջինը` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թվականի մայիսի 20-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2010 թվականի հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 3-ից: Իսկ դիմողի կողմից վիճարկվող մյուս` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածում կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ (28.11.07 ՀՕ-270-Ն, 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն, 26.10.11 ՀՕ-270-Ն, 21.06.14 ՀՕ-87-Ն), որոնցից վերջինը` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-87-Ն օրենքով, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի հունիսի 21-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2014 թվականի հուլիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 2-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետը սահմանում է.

«Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

...

 

4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները»:

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով» վերտառությամբ 4264-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«3. Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու համար բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի» (գործի համարը` 33268/03) գործով 17.07.2008թ. վճիռն օրինական ուժի մեջ է մտել 01.12.2008թ. և 13.10.2010թ. հրապարակվել է ՀՀ պաշտոնական տեղեկագրի թիվ 50(784) համարում: Գայանե Աշուղյանը 11.01.2011թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.04.2003թ. և 09.04.2003թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջով դատարան դիմելու պահանջի մասին դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Ի պատասխան նշված դիմումի` ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է 21.02.2011թ. թիվ 15-16-11 գրությունը: Դիմողի ներկայացուցիչները 07.03.2011թ. բողոք են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով դատարանին, ի թիվս այլնի, պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազին դիմել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2003թ. և 09.04.2003թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումների վերանայման վարույթ հարուցելու պահանջով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 07.04.2011թ. որոշմամբ բողոքը մերժել է, գտնելով, որ. «... Գ. Աշուղյանի իրավունքներն ու ազատությունները ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կողմից չեն խախտվել» և «… դիմողը … լիարժեք հնարավորություն ու ժամանակ ուներ պաշտպանելու իր իրավունքները: Սակայն ,…, ՄԻԵԴ-ի վճիռը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում վերջինս դատարան չի դիմել, չի օգտվել իր իրավունքներից, իսկ բողոքարկման բաց թողած ժամկետը հարգելի համարելու հարցը սույն քննարկման արդյունքում լուծվել չի կարող: Նման պահանջ չի ներկայացվել»: Դատարանը նշել է նաև, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 491 գլուխը … նոր հանգամանքներով ՀՀ գլխավոր դատախազի վրա դատական ակտը բողոքարկելու պարտականություն չի դրել: … իսկ այլ պաշտոնատար անձ, այդ թվում գլխավոր դատախազը նրա փոխարեն, նրա իրավունքների պաշտպանության լիազորությամբ օժտված չէ և նման պարտականություն օրենսդիրը նրա վրա չի դրել» և որպես նշվածի եզրահանգում` դատարանը գտել է. « … նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելը ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների հայեցողական իրավունքն է` ոչ թե պարտականությունը»:

Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները 22.04.2011թ. ներկայացրել են վերաքննիչ բողոք, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 28.04.2011թ. ԵԿԴ/0025/11/11 որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով: Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի` 24.05.2011թ. ԵԿԴ/0025/11/11 որոշմամբ վերադարձվել է: Դիմողի ներկայացուցիչները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշման դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 08.07.2011թ. ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը: Նշված որոշման դեմ դիմողի ներկայացուցիչները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը վճռաբեկ դատարանի 22.08.2011թ. ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ վերադարձվել է:

Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականությունը` Գայանե Աշուղյանը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան, որի արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. հոկտեմբերի 16-ին կայացրել է ՍԴՈ-1052 որոշումը: 14.01.2013թ. դիմողի ներկայացուցիչները, մատնանշելով ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը` որպես նոր հանգամանք, ներկայացրել են վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի` 18.04.2013թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, որոշվել է վերանայել նույն դատարանի 24.05.2011թ. և 22.08.2011թ. որոշումները, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 28.04.2011թ., ինչպես նաև 08.07.2011թ. որոշումները և գործն ուղարկել նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 16.07.2013թ. գործ թիվ ԵԿԴ/0025/11/12 ԵԿԴ/0033/15/11 որոշմամբ մերժել է 22.04.2011թ. վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.04.2011թ. որոշումը` վերահաստատելով այն դիրքորոշումը, որ « … նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելը ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների հայեցողական իրավունքն է` ոչ թե պարտականությունը»:

Գայանե Աշուղյանի անունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 16.07.2013թ. թիվ ԵԿԴ/0025/11/12 ԵԿԴ/0033/15/11 որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 03.10.2013թ. ընդունել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում:

 

3. Դիմողը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ և 103-րդ հոդվածները, գտնում է, որ անհատական դիմումով վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտման փաստը ճանաչելու դեպքում անձանց` իրենց խախտված իրավունքները վերականգնելու` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված իրավունքն ապահովելու նպատակով «...դատավարական օրենքներով պետք է երաշխավորվեն դատական ակտերի վերանայման ընթացակարգեր, այդ ընթացակարգերը պետք է իրական և կոնկրետ մարդկանց համար շոշափելի և օգտակար արդյունքներ տան», այլապես տեսական և ոչ իրական կլինեն անձի` ՀՀ սահմանադրական դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու` ՀՀ Սահմանադրության 101-րդ և 18-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:

Դիմողը կարծում է, որ «… անձին պետք է դատավարական օրենքով տրամադրել կրկին դատարան դիմելու իրավունք` առանց ժամկետային սահմանափակման կամ դատախազին օժտել նման դիմումով դատարան դիմելու ոչ թե հայեցողական, այլ պոզիտիվ պարտականությամբ: Հակառակը պնդելը կնշանակի, որ պետությունը, տեղյակ լինելով քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտած լինելու, քրեական հետապնդում իրականացրած և դատապարտած լինելու և այդ հիմքով դատարանի իրավունքի մասին, բանեցնելով իր հայեցողությունը` ցուցաբերում է անգործություն»:

Վերլուծելով վիճարկվող նորմը` դիմողը եկել է այն եզրահանգման, որ դատախազի համար իրավախախտումից տուժողի իրավունքները վերականգնելու հայեցողական լիազորություն սահմանելը հանգեցնում է անձի` ՀՀ սահմանադրական դատարան կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունքի խախտման և այդ իրավունքը ապահովելու` պետության պոզիտիվ պարտականությունը սահմանող սահմանադրական դրույթների խախտման:

Վերոնշյալի վերլուծության արդյունքում դիմողը համոզմունք է հայտնում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262 -րդ հոդվածի 4-րդ ենթակետը և 4264-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 18, 19, 20, 21, 22, 101 և 103-րդ հոդվածներին:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ օրենսդրությամբ ներպետական դատական ատյաններում գործի վերանայման միջոցներ ձեռնարկելու համար որոշակի ժամկետի սահմանումը լիովին արդարացված է: Սա, ըստ պատասխանողի, նպատակ է հետապնդում անձի մոտ ձևավորելու իր իրավունքների պաշտպանության նկատմամբ հետևողական և պատասխանատու վերաբերմունք: Բացի դրանից, պատասխանող կողմը կարծում է, որ իրավունքների դատական պաշտպանության վերաբերյալ սահմանադրական սկզբունքի ապահովումը չի ենթադրում ընդհանրապես դատավարական ժամկետների բացառում և ժամանակի ու տարածության մեջ իրավունքների պաշտպանության բացարձակ հնարավորության ապահովում:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների համար նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործի վերանայման համար դատարան դիմելու հայեցողական լիազորություն նախատեսելու հանգամանքին` պատասխանողը գտնում է, որ նման կարգավորումն «արդարացված է այնքանով, որքանով նման կառուցակարգի առկայությունը խախտված իրավունքների վերականգնման ոչ թե հիմնական միջոցն է, այլ հավելյալ երաշխիք այն դեպքերի համար, երբ անձը ինքնուրույն չի իրականացնում խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված գործողություններ»:

Ամփոփելով իր դիրքորոշումները վիճարկվող դրույթների վերաբերյալ` պատասխանող կողմը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետը և 4264-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

 

5. Սույն գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի` քաղաքացի Գ. Աշուղյանի կողմից սույն գործով սահմանադրական դատարան ներկայացված` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.04.2011թ., ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 16.07.2013թ. և ՀՀ վճռաբեկ դատարանի` 03.10.2013թ. որոշումներում վիճարկվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 4264-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները նրա նկատմամբ չեն կիրառվել, չնայած դրանցում անդրադարձ է կատարվել հիշյալ չկիրառված կարգավորումների իրավական բովանդակությանը:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ` սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում օրենքի դրույթի` դիմողի նկատմամբ կիրառված լինելու պայմանը:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր՝ 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` «... «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատելով ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-935, ՍԴՈ-984, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1089 և ՍԴՈ-1114 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները նոր հանգամանքներով պայմանավորված դատական ակտը վերանայելու ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ անհրաժեշտ է համարում փաստել, որ դիմողը կարող էր և ներկայումս նույնպես կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնել դատարան՝ ներկայացնելով բաց թողնված եռամսյա ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացի Գայանե Աշուղյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի 4-րդ ենթակետի և 4264-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


16 սեպտեմբերի 2014 թ.
 ՍԴՈ-1163