Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065).1 Հոդ.878.26
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
31.05.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
31.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍԴ/0185/01/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ/0185/01/13

Քրեական գործ թիվ ՍԴ/0185/01/13

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան

Հ. Տեր-Ադամյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
 մեղադրող

Ա. Աղասարյանի

2014 թվականի մայիսի 31-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մխիթար Ալիկի Սարուխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ թիվ 1 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա.Աղասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ նաև՝ ՀՀ ՊՆ) առաջին կայազորային քննչական բաժնի կողմից 2013 թվականի հունիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90956413 քրեական գործը:

2013 թվականի օգոստոսի 6-ին Մխիթար Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

2. 2013 թվականի օգոստոսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 1-ի դատավճռով արագացված դատական քննության կարգի կիրառմամբ Մ.Սարուխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Սարուխանյանը դատապարտվել է ազատազրկման` 6 ամիս ժամկետով, 112-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ Մ.Սարուխանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Մ.Սարուխանյանը` խնդրելով բեկանել և փոփոխել վերոնշյալ դատավճիռը և իր նկատմամբ նշանակված պատիժը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չկիրառել:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 1-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով բեկանվել է, և այդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Մ.Սարուխանյանն արդարացվել է:

Կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, և Մ.Սարուխանյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ մեղադրող Ա.Աղասարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Մ.Սարուխանյանի պաշտպան Մ.Ալավերդյանը` նշելով, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ու հիմնավորված է, իսկ Ա.Աղասարյանի վճռաբեկ բողոքն անհիմն է, հետևաբար ենթակա է մերժման:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ամբաստանյալ Մ.Սարուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ 34153 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 10-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված, այն է` նույն վաշտի ականանետային դասակի ականանետորդ, պայմանագրային զինծառայող շարքային Արամ Բաբայանի կողմից իրեն պատկանող լապտերը չվերադարձնելու և այն ջարդելու կապակցությամբ 2013 թվականի մայիսի 26-ին 10-րդ վաշտի հրամանատարական դիտակետի գետնատնակում վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Ա.Բաբայանի հետ և ինքնահաստատվելու, վրեժխնդրության շարժառիթով փայտով հարվածել է վերջինիս գլխին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 98):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «Ամբաստանյալ Մխիթար Ալիկի Սարուխանյանի արարքների որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է, որով էլ նա ենթակա է պատասխանատվության և պատժի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 44-45):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) ամբաստանյալ Մխիթար Սարուխանյանի նկատմամբ Դատարանի 2013 թվականի նոյեմբերի 1-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով պետք է բեկանել հետևյալ պատճառաբանությամբ:

2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (…):

Նշված օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2013 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ մտել 2013 թվականի հունիսի 8-ին:

2013 թվականի օգոստոսի 6-ին Մխիթար Սարուխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ (…):

(…) Ամբաստանյալ Մխիթար Սարուխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված արարքը կատարել է 2013 թվականի մայիսի 26-ին` մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի օրենքի պաշտոնական հրապարակումը և ուժի մեջ մտնելը:

(…) Վերոգրյալի հիման վրա` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Մխիթար Սարուխանյանի արարքի հանցավորությունը և պատժելիությունը արարքի կատարման պահին գործող քրեական օրենսգրքով նախատեսված չի եղել:

(…) Վերաքննիչ դատարանը, (…) հայտնաբերելով ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, այն է` ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, հանգում է այն հետևության, որ պետք է ճանաչել և հռչակել հանցանքի կատարման մեջ վերջինիս անմեղությունը այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 7-9):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:

10. Նյութական իրավունքի նորմերի խախտման կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ Մխիթար Սարուխանյանը, հանդիսանալով պետ, պաշտոնատար անձ, կոչումով՝ լեյտենանտ, բռնություն է գործադրել իր ստորադասի՝ շարքային Արամ Բաբայանի նկատմամբ: Մասնավորապես, Մ.Սարուխանյանը գետնատնակում փայտով հարվածել է Ա.Բաբայանի գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այսինքն՝ կատարել է հանցավոր արարք` ուղղված զինվորական ծառայության կարգի և անձի կյանքի ու առողջության դեմ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով քրեաիրավական նորմը, զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված հանցավոր արարքները զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին չի դասել:

Բողոք բերած անձի կարծիքով՝ վերոնշյալ մոտեցումն անթույլատրելի է, քանի որ տվյալ դեպքում Մ.Սարուխանյանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և, կատարելով իշխանազանցություն, բռնություն է գործադրել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող շարքային Ա.Բաբայանի նկատմամբ, բացի այդ, Մ.Սարուխանյանի արարքի հետևանքով Ա.Բաբայանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Հետևաբար, Մ.Սարուխանյանի արարքը պետք է որակվեր հանցագործությունների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, բողոք բերած անձը նշել է, որ հանցանքը կատարելու ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված էր պատիժ՝ ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ 2013 թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասի սանկցիայով պատիժ է սահմանվել զինվորական ծառայության մեջ սահմանափակում՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահել՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ 2013 թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ոչ թե սահմանվել է արարքի հանցավորությունը, այլ պետի կողմից ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, որը կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասից և նախատեսվել է այլ հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով: Ուստի, նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասի սանկցիան ակնհայտ մեղմ է, քան հանցանքը կատարելու ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան, բողոքաբերը գտնում է, որ Մ.Սարուխանյանի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:

11. Դատավարական իրավունքի նորմերի խախտման կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործը քննվել է արագացված դատական քննության կարգով: Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ամբաստանյալը վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ: Վերաքննիչ դատարանը գործը քննել է վճռաբեկության կարգով և փաստորեն, առանց ապացույցների հետազոտման, կայացրել է արդարացման դատական ակտ:

Վերոնշյալ հանգամանքը, ըստ բողոքաբերի, վկայում է այն մասին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործել է ոչ թե որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությամբ օժտված դատարան, այլ որպես առաջին ատյանի դատարան: Այս կապակցությամբ բողոք բերած անձը վկայակոչել է Արման Վլադիմիրի Կարախանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ /0569/01/08 որոշումը:

Բողոք բերած անձը նշել է նաև, որ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Այս կապակցությամբ բողոքաբերը վկայակոչել է Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29456/04:

12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 1-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով («Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը») և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») նախատեսված հանցակազմերի մեկնաբանման և դրանց հարաբերակցության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Մ.Սարուխանյանին մեղսագրված արարքը պարունակո՞ւմ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները, և ենթակա՞ է արդյոք այն որակման ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով:

15. Մինչև 2013 թվականի ապրիլի 30-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ընդունումը, գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն էր նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, ինչպես նաև իշխանության անգործության համար, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):

2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, ինչպես նաև իշխանության անգործության համար, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել:

Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ և՛ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ընդունումը, և՛ դրանից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը երկօբյեկտ հանցագործություն է. հիմնական օբյեկտը պետերի, զինվորական պաշտոնատար անձանց և այլ զինծառայողների միջև առաջացող հասարակական հարաբերություններն են, որոնք կապված են զինվորական ծառայության հետ: Որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ սեփականության հարաբերությունները, անձի իրավունքներն ու օրինական շահերը, զինծառայողների առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը:

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված երկօբյեկտ հանցակազմերի առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Հովհաննիսյանի գործով որոշմամբ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) հանցակազմի հիմնական օբյեկտին վնաս հասցնելը հնարավոր է լրացուցիչ օբյեկտին, տվյալ դեպքում` տուժողի առողջությանը, պատվին ու արժանապատվությանը վնաս հասցնելու միջոցով: Դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ, որ տուժողի առողջությանը, պատվին ու արժանապատվությանը վնաս հասցնելը ինքնին չի նշանակում, որ հանցավորի արարքն ուղղված է եղել հիմնական օբյեկտի` զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ: Կոնկրետ դեպքում արարքը կարող է ուղղված լինել անձի առողջության, նրա պատվի ու արժանապատվության դեմ` որպես հանցագործության հիմնական օբյեկտի: (...)» (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 15-րդ կետը):

16. Ինչպես մինչև 2013 թվականի ապրիլի 30-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ընդունումը, այնպես էլ դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հիմնական օբյեկտը պետերի (հրամանատարների), զինվորական պաշտոնատար անձանց և ենթակայության տակ գտնվող զինծառայողների միջև առաջացող հարաբերություններն են՝ որպես զինվորական ծառայության կարգի տարատեսակ: Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում իրականացվող պետական գործունեության հատուկ տեսակ է, որի իրականացման սահմանված կարգի դեմ ուղղված քրեորեն պատժելի արարքներն ընդգրկված են ՀՀ քրեական օրենսգրքի «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում և համանուն գլխում: Սույն հանցագործությունները բնութագրվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ առանձնահատուկ հատկանիշներով: Մասնավորապես, բոլոր զինվորական հանցագործությունների համար ընդհանուր հանդիսացող օբյեկտն օրենքներով, զինվորական կանոնադրություններով, կանոնագրքերով, պետերի հրամաններով սահմանված զինվորական ծառայության կարգն է: Հետևաբար, արարքը զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների թվին դասելու համար նախ և առաջ պետք է փաստել, որ այն ոտնձգում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ` որպես հանցագործության հիմնական օբյեկտի:

Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Ս.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ընդգծել է, որ «(...) զինվորական ծառայության մեջ ընդգրկված լինելու փաստն ինքնին հիմք չէ արձանագրելու, որ զինծառայողը յուրաքանչյուր պահի զինվորական ծառայության կոնկրետ պարտականություններ է կատարում: (...) ծառայության մեջ գտնվելու ժամանակաշրջանում զինծառայողները գտնվում են ոչ միայն զինվորական ծառայական հարաբերությունների, այլ զինվորական օրենսդրության նորմերով չկարգավորվող այլ (անձնական, քաղաքացիաիրավական, ընտանեկան և այլն) իրավահարաբերությունների մեջ:

(...) զորամասի տարածքում կատարված ոչ բոլոր արարքներն են համարվում զինվորական հանցագործություն, հետևաբար յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է զինվորական հանցագործությունը հստակ սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ արարքներից, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող զանցանքներից: Այլ խոսքով՝ զինվորական կանոնագրքերով սահմանված՝ զինծառայողների փոխհարաբերությունների վարքագծի կանոնների խախտումն ինքնին չի նշանակում, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքն անպայման պետք է որակվի որպես զինվորական հանցագործություն, այն կարող է որակվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմով, որը պատասխանատվություն է սահմանում զինվորական գործունեության հետ չկապված արարքի համար, կամ որակվել որպես կարգապահական խախտում և հանգեցնել կարգապահական պատասխանատվության: (...)» (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 19-րդ և 21-րդ կետերը):

17. Ինչպես մինչև 2013 թվականի ապրիլի 30-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ընդունումը, այնպես էլ դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմն օբյեկտիվ կողմից դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ.

ա) իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը,

բ) իշխանազանցություն կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը,

գ) իշխանության անգործությունը:

Քննարկվող հանցակազմի առկայության պարտադիր պայման է վերը նշված արարքների արդյունքում էական վնասի առաջացումը և պատճառական կապն այդ արարքների և առաջացած վնասի միջև: Քննարկվող հանցակազմի իմաստով էական վնաս են համարվում պետությանը, կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատճառված նյութական վնասը և այլն:

18. Ինչպես մինչև 2013 թվականի ապրիլի 30-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ընդունումը, այնպես էլ դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ: Հանցակազմի պարտադիր հատկանիշ են հանցագործության շարժառիթները` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունը կամ խմբային շահերը: Այսպես` արարքը սույն հոդվածով որակելու համար հանցավորը պետք է գիտակցի, որ հոդվածի դիսպոզիցիայում թվարկված արարքների կատարմամբ խախտում է համապատասխան զինվորական ակտերով իր վրա դրված պարտականությունները, վնաս է պատճառում զինվորական ծառայության սահմանված կարգին և ցանկանում է վերոնշյալ արարքների կատարումը: Միաժամանակ, իր գործողությունների (անգործության) հետևանքների նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես ուղղակի և անուղղակի դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Ս.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ ընդգծել է, որ «(...) զինծառայողի կողմից կատարված յուրաքանչյուր հակաիրավական արարք կարող է ունենալ մեկից ավելի շարժառիթներ և նպատակներ, որոնցից մեկը գերակայում է մյուսների նկատմամբ: Ուստի յուրաքանչյուր դեպքում արարքի ճիշտ քրեաիրավական որակման համար կարևոր նշանակություն ունի գերակա շարժառիթի և նպատակի պարզումը: Այլ խոսքով՝ այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջությամբ կհիմնավորվի, որ զինծառայողի գերակա շարժառիթը և նպատակը կապված են եղել զինծառայողների միջև փոխհարաբերությունների սահմանված կարգը խախտելու հետ, արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով: Մինչդեռ այն դեպքում, երբ գերակա շարժառիթը զինծառայողների միջև փոխհարաբերությունների սահմանված կարգը խախտելու հետ կապված չի եղել և պայմանավորված է եղել անձնական կամ այլ բնույթի մոտիվացիայով, և արարքն ուղղված չի եղել զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ, ապա այն ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմով, որը պատասխանատվություն է սահմանում զինվորական գործունեության հետ չկապված արարքի համար» (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 20-րդ կետը):

19. Սույն որոշման 15-18-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հանգամանքն էական նշանակություն ունի արարքը որպես զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություն որակելու հարցում: Մասնավորապես, այն դեպքում, երբ զինվորական ծառայության պարտականություններ կատարող զինծառայողը հակաիրավական արարք է կատարում, նա թույլ է տալիս նաև զինվորական կանոնագրքերով ամրագրված վարքագծի կանոնների խախտում, ինչի արդյունքում վտանգվում է զինվորական ծառայության սահմանված կարգը: Բացի այդ, նշված դեպքում հանցավորը գիտակցում է, որ իր գործողություններով նախ և առաջ խախտում է զինվորական ծառայության հարաբերությունները և ցանկանում կամ գիտակցաբար թույլ է տալիս դա: Այլ խոսքով՝ նրա մոտ առկա դիտավորությունն ուղղված է զինվորական ծառայության սահմանված կարգը խախտելուն:

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված անձնական կամ այլ շարժառիթներով իրականացվող հանրորեն վտանգավոր արարքները մինչև օրենքում կատարված փոփոխությունները զինվորական հանցագործություն չեն համարվել: Այդ մասին է վկայում, մասնավորապես, 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում (օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ, 358.1-ին, 360-րդ հոդվածները), որոնց դիսպոզիցիաներում առկա է «եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ» ձևակերպումը: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված արարքները որպես զինվորական հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայում հստակ նշում արված լինի այն մասին, որ արարքը ենթակա է որակման որպես զինվորական հանցագործություն նաև այն դեպքում, երբ կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ:

20. Սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգման լույսի ներքո մեկնաբանելով ինչպես մինչև 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ընդունումը, այնպես էլ դրանից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով բացառապես այն դեպքում, երբ այն կապված է զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակառակ մոտեցման, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի այնպիսի մեկնաբանության պարագայում, որի պայմաններում արարքը ենթակա է որակման քննարկվող հոդվածով նաև այն դեպքում, երբ կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), հանդիսանում է անալոգիայի կիրառում: Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ քրեական օրենքը չպետք է տարածական մեկնաբանության ենթարկվի և արարքի հանցավորությունն ու պատժելիությունն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով պետք է նախատեսված լինի գործող օրենքով (օրինականության սկզբունքի և քրեական օրենքն անալոգիայով կիրառելու արգելքի մասին mutatis mutandis տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 և Երվանդ Ռաֆիկի Մելքոնյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշումները):

21. 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի 9-րդ հոդվածով լրացված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի համար` ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ հոդվածով արգելված արարքների կատարումը պետք կապված չլինի զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ:

22. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «(...) Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին»:

Մեջբերված իրավադրույթները, ինչպես նաև արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ (օրինակ՝ G. v France, գանգատ թիվ 15312/89, 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռ, կետ 24, C.R. v. The United Kingdom, գանգատ թիվ 20190/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 32 և S.W. v. The United Kingdom, գանգատ թիվ 20166/92, 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռ, կետ 34 և այլն) Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Վ.Գալոյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքի հետադարձ ուժի կառուցակարգերը ճիշտ կիրառելու համար ելակետային նշանակություն ունի հանցավոր արարքի կատարման պահը: (…) Հետևաբար իրավասու մարմինը հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ: Նշված կանոնը` որպես կամայական մեղադրման, դատապարտման և պատժման դեմ ուղղված արդյունավետ երաշխիք, «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքի անկյունաքարն է, և դրանից ցանկացած շեղում, բացառությամբ քրեական օրենքի հետադարձ ուժի կանոնի, կհանգեցնի (…) միջազգային և ներպետական իրավանորմերի պահանջների խախտման: (…)» (տե՛ս Վաղարշակ Էդիկի Գալոյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 17-րդ կետը):

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված վերլուծության համատեքստում գնահատելով սույն որոշման 21-րդ կետում շարադրված եզրահանգումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ընդունումը պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրա սպառնալիքը (տե՛ս սույն որոշման 17-րդ կետը), որը կապված չէր զինվորական ծառայության պարտականություններ կատարելու հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով պատժելի չէր և չէր հանդիսանում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն: Հետևաբար, 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքում լրացված 358.1-ին հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրա սպառնալիքի համար, որը կապված չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը), հանդիսանում է արարքի հանցավորությունը սահմանող օրենք: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասը քրեականացում նախատեսող նորմ է, քանի որ դրանով օրենսդիրը սահմանել է այնպիսի դիսպոզիտիվ հատկանիշ («եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ»), որի պարագայում փոփոխության են ենթարկվել հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, և նախկինում զինվորական հանցագործություն չհամարվող արարքները վեր են ածվել զինվորական հանցագործության:

24. Հիմք ընդունելով սույն որոշման 15-23-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածով որակելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե վերոնշյալ արարքները կապված չեն զինվորական ծառայության պարտականություններ կատարելու հետ, ապա հանդիսանում են զինվորական հանցագործություն և կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով միայն 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն` 2013 թվականի հունիսի 8-ից:

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ տուժող Ա.Բաբայանի նկատմամբ բռնությունը կատարվել է հետևյալ հանգամանքներում`

ա) Մ.Սարուխանյանը, լինելով դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, զինվորական ծառայության պարտականություններ կատարելու հետ չկապված ստորադաս հանդիսացող շարքային Ա.Բաբայանի գլխին հարվածել է փայտով,

բ) արարքը կատարվել է վրեժխնդրության շարժառիթով, այն է` տուժողի կողմից իրեն պատկանող լապտերը չվերադարձնելու և այն ջարդելու կապակցությամբ,

գ) արարքը կատարվել է դիտակետի գետնատնակում` ականատես զինծառայողների բացակայությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ ամբաստանյալ Մ.Սարուխանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով բեկանելու և ամբաստանյալ Մ.Սարուխանյանին այդ մասով արդարացնելու վերաբերյալ: Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունը՝ Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ Մ.Սարուխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված արարքը կատարել է 2013 թվականի մայիսի 26-ին` մինչև 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

26. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-24-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

ա) Մ.Սարուխանյանին մեղսագրված արարքը չի պարունակում մինչև 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

Մասնավորապես, արարքի կատարումը պայմանավորված չի եղել զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ, դրա հետևանքով չի խախտվել տվյալ կամ մեկ այլ ստորաբաժանման ներքին կարգուկանոնը, չի խանգարվել անձնակազմի հանգիստը, դիտակետի գետնատնակում առաջացած վիճաբանության ընթացքում ամբաստանյալն ուղղակի դիտավորություն չի ունեցել և չի ցանկացել ոտնձգել զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել զինվորական հանրության նկատմամբ: Այլ խոսքով` ամբաստանյալը տուժողի նկատմամբ բռնությունը կիրառել է անձնական հողի վրա` վրեժխնդրության շարժառիթով, ուստի զինվորական հանցակազմի վերոնշված հատկանիշների բացակայության պայմաններում չի կարող որակվել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

բ) 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքը՝ դրա 9-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքում 358.1-ին հոդված լրացվելու առումով չի հանդիսանում ամբաստայալ Մ.Սարուխանյանի վիճակը բարելավող օրենք, քանի որ իր բնույթով ամբաստանյալին մեղսագրված արարքի քրեականացում նախատեսող օրենք է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Սարուխանյանին մեղսագրված արարքը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 15-26-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Սարուխանյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ դեռևս ուժի մեջ չէին մտել 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքով նախատեսված փոփոխությունները: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, պահպանելով քրեական օրենքի հետադարձության կանոնի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված պահանջները, Մ.Սարուխանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության՝ միաժամանակ նրա արարքը որակելով միայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ ամբաստանյալի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, քննության է առել և բավարարել այնպիսի պահանջ, որը դատարանին ներկայացված չի եղել (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալու հարցին անդրադարձել է Ս.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) վարույթի կարճման հիմքերի առկայության դեպքում քրեական գործով դատական քննություն չիրականացնելու կանոնը պետք է մեկնաբանվի քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հեդապնդումը դադարեցնելու հիմքերի իրավական նշանակությանը համապատասխան. այն չպետք է հիմք հանդիսանա առերևույթ կամայականության համար: Այսինքն` այս կանոնը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող դատարանը գործը վարույթ ընդունելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ առկա են քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր: Հակառակ դեպքում, Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա ենթակա է անվերապահ բեկանման՝ անկախ այն հանգամանքից, թե ով և ինչ հիմքով է վերաքննիչ բողոք ներկայացրել: Այլ խոսքով՝ գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտի անվերապահ բեկանումը քրեադատավարական օրենքի իմպերատիվ պահանջ է (...)» (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 32-րդ կետը):

Վերը մեջբերված՝ Ս.Հովհաննիսյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն անհիմն են:

28. Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Հետևաբար, վճռաբեկ բողոքում նշված հիմքով նյութական օրենքի էական խախտում թույլ չի տրվել, այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Մխիթար Ալիկի Սարուխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան