Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.15
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.07.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0181/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0181/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0181/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Բարսեղյան

Դատավորներ՝   

Ա. Մկրտչյան
 

Ի. Վարդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե և Սամվել Զարգարյանների ընդդեմ Նախարարության` Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում երկսենյականոց բնակարան հատկացնելուն կամ դրան համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարինե և Սամվել Զարգարյանները պահանջել են պարտավորեցնել Նախարարությանը հատկացնելու երկսենյականոց բնակարան Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում կամ տրամադրել դրան համարժեք դրամական փոխհատուցում:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 23.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2014 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կարինե և Սամվել Զարգարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 337-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 191 որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշման 3-րդ, 4-րդ կետերը, «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 2007 թվականի հունվարի 4-ից) 29-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 2007 թվականի հունվարի 4-ից) 1-ին և 3-րդ հոդվածները, 5-րդ հոդվածի «գ» կետը, խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետը, 149.5-րդ հոդվածը, 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ՀՀ կառավարության 15.05.2008 թվականի «ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և ՀՀ կառավարության 11.07.2002 թվականի թիվ 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 503-Ն որոշման 8-րդ կետի 12-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ որևէ օրենքով նախատեսված չէ գործադիր կոմիտեի որոշմամբ քաղաքացուն ամրակցված անավարտ շինարարության բնակարանի փոխարեն այդ բնակարանի մակերեսին համապատասխան դրամական փոխհատուցում ստանալու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ նախկին պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից մինչև 22.06.1993 թվականն ընդունված որոշումներով քաղաքացիներին հատկացված և անավարտ մնացած բնակարանների սեփականաշնորհումն իրականացվել է պետական կառավարման մարմիններին այդ քաղաքացիների կողմից շինարարությունն իրենց միջոցներով ավարտին հասցնելու մասին գրավոր համաձայնություն ներկայացնելու և երկամսյա ժամկետում համապատասխան բնակարանն ապագա բնակարանատերերին հատկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու միջոցով: Ընդ որում, անավարտ բնակարանների սեփականաշնորհման գործընթացը սահմանափակվել է 31.12.1998 թվականով, որի ընթացքում քաղաքացու կողմից պետական կառավարման տարածքային մարմնին գրավոր համաձայնություն չներկայացնելը դիտվել է սեփականաշնորհման իրավունքից հրաժարում, իսկ գույքը հանձնվել է համայնքներին: Տվյալ դեպքում Կարինե Զարգարյանին և նրա երկու տղաներին հատկացվել է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25ա շենքի 4-րդ հասցեում գտնվող անավարտ շենքի երկսենյականոց բնակարանը, սակայն վերջիններս մինչև 31.12.1998 թվականը, որպես ապագա բնակարանատերեր, սահմանված կարգով գրավոր համաձայնություն չեն ներկայացրել շինարարությունն իրենց միջոցներով ավարտին հասցնելու մասին, ինչի հետևանքով անավարտ շենքը հանձնվել է համայնքին և չի կառուցվել: Հետևաբար, Կարինե Զարգարյանի և նրա ընտանիքի կողմից բնակարանի սեփականաշնորհման իրավունքից հրաժարվելը հանգեցրել է այդ իրավունքի դադարմանը:

Այսինքն` անձն իրեն հատկացված նոր կառուցվող բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում միայն օրենքով սահմանված կարգով այն սեփականաշնորհելու դեպքում, բնակարանի հատկացման փաստը չի հավասարեցվում դրա սեփականաշնորհմանը և որպես հետևանք` հատկացման հիմքով սեփականության իրավունքի ծագմանը, ուստի այս պարագայում սեփականության իրավունքի պաշտպանության եղանակները կիրառելի չեն:

Ավելին, առանց համապատասխան գույքի առկայության այդ գույքի նկատմամբ որևէ անձի մոտ չի կարող ծագել որևէ գույքային, այդ թվում` սեփականության իրավունք:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում հայցը ենթակա է մերժման նաև հայցային վաղեմության հիմքով, քանի որ հայցվորները 01.01.1999 թվականից իմացել են իրենց ենթադրյալ իրավունքի խախտման մասին, ուստի կարող էին դիմել դատարան մինչև 01.01.2002 թվականը: Եթե նույնիսկ համարվի, որ վերջիններս այդ պահին չեն իմացել իրենց իրավունքի խախտման մասին, ապա քաղաքապետարանի 24.01.2006 թվականի թիվ 20/1-Զ-1 գրությունը ստանալու պահից հստակ իմացել են այդ մասին, իսկ այդ պահից նրանք դատարան կարող էին դիմել մինչև 24.01.2009 թվականը, մինչդեռ վերջիններս դատարան են դիմել 04.02.2013 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

ՀՀ կառավարության 15.11.1996 թվականի և 18.06.1997 թվականի որոշումների և «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի դրույթները տվյալ դեպքում կիրառելի չեն, քանի որ 05.11.1992 թվականի գործկոմի որոշմամբ խոսք չի եղել անավարտ շինարարության և անավարտ շենքի կամ բնակարանի մասին: Գործկոմի որոշմամբ հատկացվել է կոնկրետ բնակարան, հետագայում պարզվել է, որ այն կառուցված չէ, ուստի դրա բացասական հետևանքները պետք է կրի պատասխանողը` վերականգնելով հայցվորների խախտված գույքային իրավունքը:

Ինչ վերաբերում է Նախարարության այն պնդմանը, որ անցել են հայցային վաղեմության ժամկետները, ապա հարկ է նշել, որ Նախարարությունը որևէ ապացույց չի ներկայացրել դատարան, որով կհաստատվեր, որ հայցվորներն իրենց խախտված իրավունքի մասին իմացել են ավելի վաղ, իսկ հայցային վաղեմության ժամկետը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմանար իր խախտված իրավունքի մասին: Տվյալ դեպքում հայցվորների կողմից դատարան ներկայացված ապացույցներով հաստատվել է այն փաստը, որ հայցվորներն իրենց խախտված իրավունքի մասին իմացել են 2011 թվականին: Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 05.11.1992 թվականի թիվ 34/83 որոշմամբ որոշվել է Կարինե Զարգարյանի ընտանիքի երեք անձին` իրեն և տղաներին, հատկացնել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25ա շենքի 4-րդ հասցեի երկսենյականոց բնակարանը, քանի որ վերջիններս բնակվում են Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 125/3 հանրակացարանում, իսկ Կարինե Զարգարյանն աշխատել է խոշոր պանելային տնաշինական թիվ 2 գործարանում և հերթագրված է եղել բնակարան ստացողների ցուցակում (հատոր 1-ին, գ.թ. 76):

2) Երևանի քաղաքապետարանի 24.01.2006 թվականի թիվ 20/1-Զ-1 գրությամբ Կարինե Զարգարյանին հայտնվել է, որ ՀՀ վարչապետին հասցեագրված Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25ա շենքի 4-րդ հասցեի բնակարանն իրեն հատկացնելու հարցով դիմումի հետ կապված ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշմամբ Երևանի քաղաքային ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդը, ներառյալ` բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները, որպես սեփականություն հանձնվել են թաղային համայնքներին (հատոր 1-ին, գ.թ. 10):

3) Երևանի քաղաքապետարանի կողմից 02.09.2011 թվականի թիվ 20/1-Զ389, 23.03.2011 թվականի թիվ 20/1-Զ65 և 06.04.2012 թվականի թիվ 20/1-Զ169, 11.04.2012 թվականի թիվ 20/1-Զ-179 գրություններով Կարինե Զարգարյանը տեղեկացվել է, որ պետական միջոցներով կառուցվող բնակարանային ֆոնդը սպառվել է և ներկայումս Երևանի քաղաքապետարանն ազատ ֆոնդ չունի և ակնկալել, որ բնակարանային ֆոնդեր` ազատվող կամ ազատ բնակարաններ կլինեն, իրատեսական չէ, ներկայումս Երևանի քաղաքապետարանն իր տիրապետության տակ չունի տարածքներ, ուստի նշվածների հիման վրա Երևանի քաղաքապետարանը խնդրանքը բավարարելու հնարավորություն չունի (հատոր 1-ին, գ.թ. 78-81):

4) Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 29.01.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 5-9):

5) Դատարան ներկայացված Նախարարության 12.03.2013 թվականի առարկությամբ Նախարարությունը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն (հատոր 1-ին, գ.թ. 36-41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանությանը, ինչը պետք է ապահովի դատարանների կողմից վերոնշյալ նորմի միատեսակ կիրառությունը և նպաստի դրա վերաբերյալ նախադեպային իրավունքի զարգացմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

Վերոհիշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, և

2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:

Առաջին պայմանի վերլուծությունից հետևում է, որ վերոհիշյալ նորմը չի կարող կիրառվել, եթե հայցվորը չի հանդիսանում այն գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, որի հետ կապված պահանջում է իր իրավունքի խախտման վերացում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է քննարկվող նորմի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ նորմը վերաբերում է «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի» իրավունքի խախտման վերացմանը:

Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմությունը տարածելու արգելքը վերաբերում է սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ոչ բոլոր խախտումների վերացման պահանջներին, այլ միայն այն խախտումներին, որոնք կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Այս հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված իրավանորմի բովանդակության շարադրանքից անմիջապես հետո օրենսդիրը փակագծերում մատնանշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը (նեգատոր հայցերին):

Եթե օրենսդրի կամքն ուղղված լիներ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի բոլոր տեսակի խախտումների վերացման պահանջների վրա հայցային վաղեմությունը չտարածելուն, ապա քննարկվող հոդվածում այլևս անհրաժեշտություն չէր լինի հատուկ մատնանշելու տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների մասին, այլ ուղղակի կարող էր սահմանվել, որ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում: Մինչդեռ քննարկվող հոդվածը նման կարգավորում չի նախատեսել, հետևաբար սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի խախտումների վերացման պահանջների (վինդիկացիոն հայցերի) նկատմամբ հայցային վաղեմությունը տարածվում է, իսկ քննարկվող նորմի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում միայն սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների վերացման պահանջների վրա: Նման իրավակարգավորումը պայմանավորված է նեգատոր հայցի առանձնահատկություններով: Մասնավորապես` նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են, ինչն էլ պայմանավորել է սեփականության իրավունքի պաշտպանության այս միջոցի նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման բացառումը: Այսինքն` եթե սեփականատերը կամ այլ տիրապետողը ինչ-որ ժամանակահատվածում չի պահանջել նման խախտումների վերացում, ապա դա դեռևս հիմք չէ, որպեսզի նա հետագայում ևս զրկվի այդ խախտումներից պաշտպանվելու հնարավորությունից:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 05.11.1992 թվականի թիվ 34/83 որոշմամբ որոշվել է Կարինե Զարգարյանի ընտանիքի երեք անձին` իրեն և տղաներին, հատկացնել Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25ա շենքի 4-րդ հասցեի երկսենյականոց բնակարանը, քանի որ վերջիններս բնակվում են Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 125/3 հանրակացարանում, իսկ Կարինե Զարգարյանն աշխատել է խոշոր պանելային տնաշինական թիվ 2 գործարանում և հերթագրված է եղել բնակարան ստացողների ցուցակում:

Երևանի քաղաքապետարանի կողմից 24.01.2006 թվականի թիվ 20/1-Զ-1 գրությամբ Կարինե Զարգարյանը ՀՀ վարչապետին հասցեագրված Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 25ա շենքի 4-րդ հասցեի բնակարանն իրեն հատկացնելու հարցով դիմումի հետ կապված տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշմամբ Երևանի քաղաքային ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդը, ներառյալ` բնակելի շենքերի բացվածքները և ոչ բնակելի տարածքները, որպես սեփականություն հանձնվել են թաղային համայնքներին:

Երևանի քաղաքապետարանի կողմից 02.09.2011 թվականի թիվ 20/1-Զ389, 23.03.2011 թվականի թիվ 20/1-Զ65, 06.04.2012 թվականի թիվ 20/1-Զ169 և 11.04.2012 թվականի թիվ 20/1-Զ-179 գրություններով Կարինե Զարգարյանը տեղեկացվել է, որ պետական միջոցներով կառուցվող բնակարանային ֆոնդը սպառվել է և ներկայումս Երևանի քաղաքապետարանն ազատ ֆոնդ չունի և ակնկալել, որ բնակարանային ֆոնդեր` ազատվող կամ ազատ բնակարաններ կլինեն, իրատեսական չէ, ներկայումս Երևանի քաղաքապետարանն իր տիրապետության տակ չունի տարածքներ, ուստի նշվածների հիման վրա Երևանի քաղաքապետարանը խնդրանքը բավարարելու հնարավորություն չունի:

Սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 29.01.2013 թվականին:

Դատարան ներկայացված 12.03.2013 թվականի առարկությամբ Նախարարությունը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն:

Դատարանը, հայցը բավարարելով և հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողի միջնորդությունը մերժելով, պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով սույն գործով հայցային վաղեմությունն առհասարակ կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ հայցվորները զրկվել են սեփականության իրավունքից, քանի որ գործկոմի որոշման հիման վրա որևէ բնակարան վերջիններիս չի հատկացվել, իսկ պատասխանողը հետամուտ չի եղել ապահովելու հայցվորներին անհրաժեշտ բնակարանով: Հայցվորները պետական ֆոնդի բնակարանների սեփականաշնորհմանը մյուսների հետ հավասար պայմաններով մասնակցելու իրենց իրավունքներն իրագործելուն ուղղված միջոցները գործող օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն իսկ ձեռնարկել են, որպիսի պարագայում հայցվորների խախտված սեփականության իրավունքը ենթակա է դատական կարգով վերականգնման: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը համաձայնել է Դատարանի այն դիրքորոշմանը, որ սեփականատիրոջ իրավունքի խախտումների վերացման վերաբերյալ պահանջներով հայցային վաղեմությունն առհասարակ կիրառելի չէ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքները, որ նախ` սույն գործով հայցվորները երբևէ գործկոմի որոշմամբ իրենց հատկացված բնակարանի սեփականատեր կամ այլ տիրապետող չեն հանդիսացել, և երկրորդ` նրանց պահանջը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի (գույքային իրավունքի) խախտման վերացմանը, հետևաբար նման պահանջի նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառելի է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառելի է սույն գործի նկատմամբ, հերքվում է վերոնշյալ պատճառաբանություններով:

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի այլ նորմերի խախտումների հետ կապված վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը հայցային վաղեմության հարցը լուծված չլինելու պայմաններում դրանց անհրաժեշտ չի համարում անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը և որոշել կիրառելի ժամկետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան