Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.4
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.07.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/2017/02/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2017/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2017/02/11

2014 թ.

Նախագահող դատավոր`  Ի. Վարդանյան

Դատավորներ`   

Ա. Մկրտչյան

 

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

մդրմԵյանի 

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

   

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Կովկասյանի և Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Կովկասյանի և Կարինե Հարությունյանի ընդդեմ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Բյուրո), «ՌԱՍԿՈ» ԱՍՊԸ-ի (ներկայումս` «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի) (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Արթուր Դանիելյանի և Արայիկ Զաքարյանի` Բյուրոյի գրությունը և գործողությունները, այդ գրության հիման վրա տրված եզրակացությունը, ինչպես նաև Ընկերության որոշումն ու գրությունն անվավեր ճանաչելու և վնասը հատուցելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Կովկասյանը և Կարինե Հարությունյանը պահանջել են անվավեր ճանաչել Բյուրոյի` Կազմակերպությանը հասցեագրած 27.05.2011 թվականի թիվ Բ/ՏՍ-167 գրությունը և գործողությունները, այդ գրության հիման վրա 03.06.2011 թվականին Կազմակերպության փորձագետի տված թիվ 11-0101Պ եզրակացությունը, Ընկերության որոշումը և 07.06.2011 թվականի թիվ Ռ/ԲԱ-387 գրությունը, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 1.326.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` մինչև պարտավորության կատարման օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 22.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Ընկերության 07.06.2011 թվականի որոշումը (եզրակացությունը), Ընկերությունից հօգուտ Կարինե Հարությունյանի բռնագանձել 1.326.000 ՀՀ դրամ` որպես ավտովթարի հետևանքով պատճառված վնասի հատուցում, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 07.09.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը. մնացած պահանջների մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշմամբ Տիգրան Կովկասյանի և Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2011 թվականի վճռին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.11.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիգրան Կովկասյանը և Կարինե Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 48-րդ, 52-րդ, 53-րդ, 86-րդ, 204.30-204.38-րդ հոդվածները, 219-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից ներկայացված բողոքը ենթակա է քննության ոչ թե Վերաքննիչ դատարանի, այլ Վճռաբեկ դատարանի կողմից, քանի որ Ընկերության կողմից բողոքարկված դատական ակտի վերաբերյալ նույն իրավական և փաստական հիմքով արդեն իսկ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշումը, հետևաբար, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 2-րդ կետի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով դատական ակտը ենթակա է վերանայման միայն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

 

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վարչական մարմնի ակտը վերացնելու հիմքում դրվել է այն նույն հանգամանքը, ինչը վկայակոչվել է նախկին բողոքով, և այդ հանգամանքը Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արդեն իսկ համարել է նոր երևան եկած չհանդիսացող:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 21.11.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.11.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 22.11.2011 թվականի վճռով Տիգրան Կովկասյանի և Կարինե Հարությունյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել Ընկերության 07.06.2011 թվականի որոշումը (եզրակացությունը), Ընկերությունից հօգուտ Կարինե Հարությունյանի բռնագանձել 1.326.000 ՀՀ դրամ` որպես ավտովթարի հետևանքով պատճառված վնասի հատուցում, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 07.09.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը. մնացած պահանջների մասով հայցը մերժվել է:

Նշված վճռով հաստատվել է, որ 24.03.2011 թվականին Արթուր Դանիելյանն իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան վարելիս թույլ է տվել ՃԵԿ-ի 39-րդ և 40-րդ կետերի պահանջների խախտում, որի հետևանքով բախվել է Կարինե Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող և Տիգրան Կովկասյանի վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով նշված ավտոմեքենան հարկադրաբար դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել «Միցուբիշի» մակնիշի ու կայանված վիճակում գտնվող «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներին և դրանց սեփականատերերին պատճառել նյութական վնաս (հատոր 1-ին, գ.թ. 138-150).

2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 4-րդ, գ.թ. 107-112).

3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշմամբ Տիգրան Կովկասյանի և Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012 թվականի որոշումը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Դատարանի 22.11.2011 թվականի վճռին (հատոր 5-րդ, գ.թ. 123-130).

4) Ընկերությունը 24.08.2013 թվականին փոստային առաքման եղանակով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 22.11.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի դեմ (հատոր 6-րդ, գ.թ. 10-16).

5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2013 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու վարույթ (հատոր 6-րդ, գ.թ. 80).

6) Վերաքննիչ դատարանի 21.11.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը` Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու մասին բավարարվել է մասնակիորեն` նշված վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 6-րդ, գ.թ. 137-144)։

 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավական կարգավորմանը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանների լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարաններն իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Այսպես, ՀՀ դատարաններում քաղաքացիական գործերով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու համար օրենսդրի կողմից սահմանվել է հետևյալ կարգը` առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելիս դատարանները պետք է հաշվի առնեն, թե տվյալ գործով կայացված վերջնական դատական ակտը դատական որ ատյանի կողմից է կայացվել: Այսինքն` այն դեպքում, երբ վերանայման ենթակա գործով վերջնական դատական ակտը կայացրել է առաջին ատյանի դատարանը, ապա համապատասխան բողոքի առկայության դեպքում նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթը հարուցում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, իսկ եթե վերջնական դատական ակտը կայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կամ ՀՀ վճռաբեկ դատարանը, ապա` ՀՀ վճռաբեկ դատարանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, 19.09.2013 թվականի որոշմամբ հարուցելով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու վարույթ, քննության առնելով Ընկերության վերաքննիչ բողոքը և այն բավարարելով, դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, իսկ վերջինիս կողմից 05.09.2012 թվականին կայացված որոշումը` ՀՀ վճռաբեկ դատարան, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05.09.2012 թվականի որոշումը բեկանվել է, և օրինական ուժ է տրվել Դատարանի 22.11.2011 թվականի վճռին, այսինքն` Դատարանի 22.11.2011 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշումն է, որպիսի պայմաններում նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու հարցը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ենթակա է լուծման միայն Վճռաբեկ դատարանի կողմից:

Բացի այդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվեցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան/«տրիբունալ» հասկացությունը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ներառում է դատարանների ամբողջ կազմակերպչական համակարգը` ներառյալ համապատասխան դատարանների իրավասության մեջ մտնող հարցերը: Այսինքն` «օրենքի հիման վրա ստեղծված» սահմանումը ներառում է ոչ միայն դատարանի/«տրիբունալի» գործելու իրավական հիմքը, այլ նաև դատարանի/«տրիբունալի» կողմից կոնկրետ այն իրավական նորմերին հետևելը, որոնք կարգավորում են նրա գործունեությունը (տե′ս, Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.07.2006 թվականի վճիռը (դիմումներ թիվ 29458/04 և թիվ 29465/04, կետ 24):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու վարույթ հարուցելով, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի 22.11.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը բեկանելով, անտեսել է, որ Դատարանի 22.11.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը Վերաքննիչ դատարանի կողմից վերանայման ենթակա չէ, քանի որ սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշումն է եղել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանի 22.11.2011 թվականի վճիռը, օրինական ուժի մեջ մտնելով, որպես հետևանք ձեռք է բերել դատական ակտերի կայունությունը երաշխավորող այնպիսի հատկանիշ, ինչպիսին անհերքելիությունն է: Նշված հատկանիշը բացառում է օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտի վերանայման և բեկանման հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի: Որպես այդպիսի բացառիկ դեպք օրենսդիրը նախատեսել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բողոքարկումը և վերանայումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բողոքարկման ենթակա է գործով կայացված վերջնական դատական ակտը, իսկ պայմանավորված այն հանգամանքով, թե դատական որ ատյանի կողմից է այդ ակտը կայացվել` նման վարույթ հարուցելու, դատական ակտը վերանայելու և բեկանելու լիազորություն ունի կա´մ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, կա´մ ՀՀ վճռաբեկ դատարանը:

Նման պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո սույն գործով վերջնական դատական ակտը վերանայելու և բեկանելու Վերաքննիչ դատարանի լիազորությունների բացակայության պայմաններում դատական ակտը շարունակում է պահպանել իր անհերքելիության հատկանիշը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2011 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան