Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.7
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
18.07.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/1447/02/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1447/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1447/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝   

Կ. Հակոբյան 

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

 

 

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

 2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Քարոլին Բաղումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քարոլին Բաղումյանի ընդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի` վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քարոլին Բաղումյանը պահանջել է Նունուֆար Հովհաննիսյանից հօգուտ իրեն բռնագանձել 338.912 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ․ Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2013 թվականի որոշմամբ Քարոլին Բաղումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քարոլին Բաղումյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նունուֆար Հովհաննիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ և 220-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, որի հետևանքով սխալ է գնահատել և մեկնաբանել վնասի ինստիտուտը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի քաղաքապետարանի 13.12.2010 թվականի թիվ 19/Բ-1705 գրությամբ փաստվում է Նունուֆար Հովհաննիսյանի կառուցած շինության՝ նախագծի համեմատ շեղումներ ունենալու հանգամանքը, հետևաբար նաև այդ շինության համար ավարտական ակտ ստանալու, շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման անհնարինությունը, ինչն իր ամբողջության մեջ նշանակում է, որ Քարոլին Բաղումյանի՝ Նունուֆար Հովհաննիսյանին շենքի շինարարության համար տրամադրված գումարները ծախսվել են անտեղի: Այսինքն՝ Նունուֆար Հովհաննիսյանի ոչ օրինաչափ գործողությունները հանգեցրել են Քարոլին Բաղումյանի միջոցներն աննպատակ վատնելուն:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործի համար նախադատելի են թիվ ԵԿԴ/1340/02/09, ԵԿԴ/1123/02/11, ԵԿԴ/3019/02/09, ԵԿԴ/1767/02/11 քաղաքացիական գործերով հաստատված հանգամանքները, սակայն չի նշել, թե հատկապես որ փաստական հանգամանքներն են նախադատելի, ինչ փաստեր են հաստատում կամ հերքում սույն գործով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ «վճռաբեկ բողոքում անգամ առկա չէ որևէ նշում, թե հատկապես ինչով է արտահայտվել Քարոլին Բաղումյանի խախտված իրավունքները, որի արդյունքում վերջինս կրել է, կամ կարող էր կրել վնաս»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քարոլին Բաղումյանը 27.08.2004 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով Նունուֆար Հովհաննիսյանին լիազորել է իր համար Երևան քաղաքում ցանկացած տեղ գնել բնակարան և հանդես գալ բոլոր անհրաժեշտ հաստատություններում` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրում, թաղապետարանում, քաղաքապետարանում, ԲՇՏ-ում, նոտարական գրասենյակում, կնքել բնակարանի առուվաճառքի պայմանագիր (հատոր 2-րդ, գ.թ. 60)։

2) Քարոլին Բաղումյանը նոտարական կարգով վավերացված 25.09.2008 թվականի լիազորագրով Նունուֆար Հովհաննիսյանին լիազորել է իր անունից հանդես գալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում, քաղաքապետարանում, թաղապետարանում, համատիրությունում, քաղաքաշինության վարչությունում, սեյսմիկ վարչությունում, «Երևան Ջուր» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «ԱրմենՏել» Հ/Ձ ՓԲԸ-ում, պետական և ոչ պետական այլ մարմիններում` կապված Երևանի Նորքի 13-րդ փողոցի թիվ 80/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ։ Իր փոխարեն կատարել ցանկացած տեսակի շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, որոշումներ, ստանալ հասցե, շինթույլտվություն, ավարտական ակտ, տալ հայտարարություններ և դիմումներ, ինչպես նաև զբաղվել բոլոր կոմունալ և այլ տեսակի վարձավճարների մուծման հարցով, կնքել պայմանագրեր, ստորագրել և կատարել բոլոր գործողությունները կապված նշված հանձնարարության հետ (հատոր 1-ին, գ.թ. 9)։

3) Երևանի քաղաքապետարանի 13.12.2010 թվականի թիվ 19/Բ-1705 գրությամբ Քարոլին Բաղումյանին հայտնվել է, որ Նորքի 13-րդ փողոցի թիվ 80/1 առանձնատան կառուցման համար հաստատված նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները փաստացի ավարտված չեն, և առկա են նախագծային շեղումներ, մասնավորապես` երկրորդ հարկի հատակագծում նշված ծածկոցները կառուցված չեն, իսկ գլխավոր ճակատային մասում ծածկոցի փոխարեն կառուցվել է բետոնե հարթակ, որը ծառայում է որպես բաց պատշգամբ (հատոր 1-ին, գ.թ.10)։

4) Հայցվորը պատճառված վնասի չափը գնահատել է շինարարության համար Նունուֆար Հովհաննիսյանին տրված և շինարարության համար ծախսված ամբողջ գումարի չափով, այն է` 338.912 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 8):

5) Ըստ հայցի Նունուֆար Հովհաննիսյանի ընդդեմ Քարոլին Բաղումյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 05.11.2010 թվականի վճռով հաստատվել է այն փաստը, որ 25.09.2008 թվականին պատասխանող Քարոլին Բաղումյանը լիազորագիր է տվել հայցվորին, որտեղ հայցվորի կողմից մատուցված ծառայությունները և կատարված աշխատանքներն են եղել՝ Քարոլին Բաղումյանի անունից հանդես գալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում, քաղաքապետարանում, թաղապետարանում, համատիրությունում, քաղաքաշինության վարչությունում, սեյսմիկ վարչությունում, «Երևան Ջուր» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Արմենտել» Հ/Ձ ՓԲԸ-ում, պետական և ոչ պետական այլ մարմիններում՝ կապված Երևանի Նորքի 13-րդ փողոցի թիվ 80/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ, կատարել ցանկացած տեսակի շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, որոշումներ, ստանալ հասցե, շինթույլտվություն, ավարտական ակտ, տալ հայտարարություններ և դիմումներ, ինչպես նաև զբաղվել բոլոր կոմունալ և այլ տեսակի վարձավճարների մուծման հարցով, կնքել պայմանագրեր, ստորագրել և կատարել բոլոր գործողությունները: Ծառայությունների մատուցումը կատարվել է տևական ժամանակ` սկսած 27.08.2004 թվականից մինչև 06.08.2009 թվականը (հատոր 1-ին, գ. 59-61)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք ներկայացուցչի կողմից իր ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում ներկայացվողին պատճառված վնասը ենթակա է հատուցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ծագում են նաև այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները հանդիսանում են պարտավորական իրավահարաբերություններ։ Ընդ որում, ձևավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ՝ «պարտատեր», իսկ մյուս կողմը՝ պարտավոր անձ՝ «պարտապան»։ Ուստի իրավազոր անձի՝ պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի՝ պարտավորությունը պատշաճ կատարելու պարտականությունը։ Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը։

Պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք կարող են լինել ինչպես գործարքները, այդ թվում՝ նաև միակողմ (պայմանագրային պարտավորություններ), այնպես էլ ոչ իրավաչափ գործողությունները (դելիկտներ), այն է՝ վնաս պատճառելու հետևանքով առաջացած իրավաբանական փաստերը։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պարտավորական իրավահարաբերությունների ծագման հիմք կարող է հանդիսանալ նաև լիազորագիրը, քանի որ այն միակողմ գործարք է, որը ներկայացուցչին պարտավորեցնում է գործել դրանում սահմանված լիազորությունների շրջանակում, և ներկայացվողի անունից գործելու իրավունք է վերապահում այն պահից, երբ ներկայացուցիչը համաձայնվում է ստանալ լիազորագիրը և/կամ գործել դրանում սահմանված լիազորություններին համապատասխան։ Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի ուժով ներկայացուցիչը պարտավոր է պատշաճ իրականացնել լիազորագրով ստանձնած լիազորությունները՝ պարտավորությունները, որոնց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագայում վերջինս իր վրա կրում է դրա արդյունքում առաջացած անբարենպաստ հետևանքների, այդ թվում՝ նաև պատճառված վնասի ռիսկը։

Սույն գործի փաստերի համաձայն՝ 25.09.2008 թվականին Քարոլին Բաղումյանը լիազորագիր է տվել պատասխանողին, որի համաձայն` վերջինս պետք է Քարոլին Բաղումյանի անունից հանդես գար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում, քաղաքապետարանում, թաղապետարանում, համատիրությունում, քաղաքաշինության վարչությունում, սեյսմիկ վարչությունում, «Երևան Ջուր» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Արմենտել» Հ/Ձ ՓԲԸ-ում, պետական և ոչ պետական այլ մարմիններում՝ կապված Երևանի Նորքի 13-րդ փողոցի թիվ 80/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ, կատարել ցանկացած տեսակի շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, որոշումներ, ստանալ հասցե, շինթույլտվություն, ավարտական ակտ, տալ հայտարարություններ և դիմումներ, ինչպես նաև զբաղվել բոլոր կոմունալ և այլ տեսակի վարձավճարների մուծման հարցով, կնքել պայմանագրեր, ստորագրել և կատարել բոլոր գործողությունները։

Թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 05.11.2010 թվականի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ 25.09.2008 թվականին տրված լիազորագրի հիման վրա մատուցվել են ծառայություններ։ Ծառայությունների մատուցումը կատարվել է տևական ժամանակ՝ սկսած 27.08.2004 թվականից մինչև 06.08.2009 թվականը։ Մասնավորապես` Քարոլին Բաղումյանը սույն գործով պատասխանող Նունուֆար Հովհաննիսյանին է փոխանցել դրամական միջոցներ, իսկ Նունուֆար Հովհաննիսյանը Քարոլին Բաղումյանին է հանձնել գույք և մատուցել ծառայություններ, սակայն Քարոլին Բաղումյանին ուղղված Երևանի քաղաքապետարանի 13.12.2010 թվականի թիվ 19/Բ-1705 գրությամբ հայտնվել է, որ Նորքի 13-րդ փողոցի թիվ 80/1 առանձնատան կառուցման համար հաստատված նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները փաստացի ավարտված չեն, իսկ փաստացի կատարվածի մեջ առկա են նախագծային շեղումներ, որի հետևանքով Քարոլին Բաղումյանին ավարտական ակտ չի տրվել, ինչի հետևանքով էլ վերջինս չի դարձել կառույցի սեփականատեր:

Դատարանը, հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը կրող պատասխանողը սույն գործով ներկայացրած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ապացուցել է նշված փաստի բացակայությունը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «․․․ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ «Քարոլին Բաղումյանն իր կամքի ազատ արտահայտությամբ, իր կողմից տրված լիազորագրերով որոշված իրավասությունների շրջանակներում Նունուֆար Հովհաննիսյանին լիազորել է կատարել որոշակի գործողություններ` կապված Երևանի Նորքի 13-րդ փողոցի թիվ 80/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ, կատարել ցանկացած տեսակի շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, որոշումներ, ստանալ հասցե, շինթույլտվություն, ավարտական ակտ, տալ հայտարարություններ և դիմումներ, ինչպես նաև զբաղվել բոլոր կոմունալ և այլ տեսակի վարձավճարների մուծման հարցով, կնքել պայմանագրեր, ստորագրել և կատարել բոլոր գործողությունները՝ կապված վերը թվարկված լիազորությունների հետ», ինչպես նաև այն, որ «․․․Կողմերի կամքն ուղղված է եղել լիազորություններ տրամադրելուն և դրա հիման վրա ներկայացուցչի իրավասությունների շրջանակներում որոշված գործողություններ կատարելուն», և եզրակացրել է, որ հայցվորը չի ապացուցել վնասի ինստիտուտին առաջադրվող պահանջների առկայությունը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հետևյալ պատճառաբանությամբ. Վերաքննիչ դատարանն անտեսել է օրինական ուժի մեջ դատական ակտով հաստատված այն փաստական հանգամանքը, որ Նունուֆար Հովհաննիսյանը ստանձնել է Քարոլին Բաղումյանի անունից լիազորագրի հիման վրա որոշակի ծառայությունների մատուցման պարտավորություն, այսինքն՝ կողմերի միջև առաջացել են պարտավորական իրավահարաբերություններ, որի հիման վրա Քարոլին Բաղումյանի պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանել է Նունուֆար Հովհաննիսյանի պարտականությունը՝ պատշաճ կատարելու իր վրա դրված պարտավորությունները, որոնց շարքում նախատեսված է եղել նաև այնպիսի պարտավորություն, ինչպիսին է՝ «․․․կատարել ցանկացած տեսակի շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, որոշումներ, ստանալ հասցե, շինթույլտվություն, ավարտական ակտ․․․», սակայն Նունուֆար Հովհաննիսյանը ոչ պատշաճ է կատարել իր ստանձնած պարտականությունները, որի արդյունքում Երևանի Նորքի 13-րդ փողոցի թիվ 80/1 առանձնատան կառուցման համար հաստատված նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները փաստացի չեն ավարտվել, իսկ փաստացի կատարվածի մեջ առկա են եղել նախագծային շեղումներ, որի հետևանքով Քարոլին Բաղումյանին ավարտական ակտ չի տրվել, ինչը խոչընդոտ է հանդիսացել վերջինիս կառույցի սեփականատեր դառնալուն։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե′ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել գործի բազմակողմանի քննություն, ինչն ազդել է գործի ելքի վրա, ուստի առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նոր քննության ժամանակ գործում առկա` 25.09.2008 թվականի լիազորագիրը, Երևանի քաղաքապետարանի 13.12.2010 թվականի թիվ 19/Բ-1705 գրությունը ենթակա են հետազոտման և գնահատման քաղաքացիադատավարական կանոնների հիման վրա` հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

    Վ. Ավանեսյան
   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան