Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.66
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.11.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ3/0450/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0450/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0450/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ`

Լ. Գրիգորյան

Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Արշակունու ներկայացուցիչ Մարատ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշման դեմ` ըստ Լևոն Արշակունու հայցի ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի, երրորդ անձ ՀՀ Կոտայքի մարզի Զովունու գյուղապետարանի` հողամաս մուտք գործելու արգելքները վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լևոն Արշակունին պահանջել է պարտավորեցնել Կոմիտաս Հայրապետյանին վերացնել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող, Լևոն Արշակունուն սեփականության իրավունքով պատկանող հողամաս մուտք գործելու արգելքները, այն է` հողամաս տանող ճանապարհն ազատել քարե պարսպից, ինչպես նաև Կոմիտաս Հայրապետյանից հօգուտ Լևոն Արշակունու բռնագանձել 55.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության համար վճարված գումար, ինչպես նաև 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 14.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2014 թվականի որոշմամբ Կոմիտաս Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Արշակունու ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 202-րդ, 277-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կոմիտաս Հայրապետյանն ակնհայտորեն դուրս է եկել իր հողամասի սահմաններից, ճանապարհի վրա կատարել է ինքնակամ կառուցապատում, ինչի հաշվին դեպի Լևոն Արշակունու հողամաս տանող ընդհանուր օգտագործման ճանապարհն ավտոմեքենաների համար դարձել է անանցանելի, ուստի վիճելի պարսպի օրինական լինելը պետք է ապացուցեր պատասխանողը:

Վերաքննիչ դատարանն անհարկի հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետին` հաշվի չառնելով, որ վեճի առարկան ոչ թե անձի սեփական հողամասում կամ ուրիշի հողամասում ինքնակամ կառույցի իրականացումն է, այլ ընդհանուր օգտագործման, համայնքային նշանակության ճանապարհի ինքնակամ զավթումն է և ապօրինի պարսպապատումը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով երրորդ անձի ներկայացուցչի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, գործում առկա այլ ապացուցների պայմաններում չէր կարող դիտվել և գնահատվել ինքնակամ կառուցապատումը հերքող ապացույց:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հարևանի կողմից 1,20 մետր ճանապարհը նեղացնելու փաստի ընդունումը ոչ մի ապացույցով հիմնավորված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.02.2014 վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից 01.12.2010 թվականին տրված թիվ 2746955 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Լևոն Արշակունին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի 3-3ա հասցեում գտնվող 0034-0048 կադաստրային համարի 0,1060հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի, դրա վրա տեղակայված 44,2քմ մակերեսով մառանի և 45,2քմ մակերեսով ավտոտնակի սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 87-88):

2) Կոմիտեի կողմից 03.05.2011 թվականին տրված անշարժ գույքի թիվ 2809911 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Կոմիտաս Հայրապետյանը ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-4ա հասցեում գտնվող 0034-0049 կադաստրային համարի 0,0960հա մակերեսով տնամերձ հողամասի սեփականատերն է:

3) Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված Զովունի համայնքի կադաստրային քարտեզի համաձայն` Լևոն Արշակունուն պատկանող հողամասի հարևանությամբ գտնվում է Կոմիտաս Հայրապետյանի հողամասը: Ըստ տվյալ կադաստրային քարտեզի` Լևոն Արշակունուն պատկանող հողամաս տանող միակ ճանապարհն անցնում է պատասխանողին պատկանող հողամասի հարևանությամբ և ճանապարհի լայնությունը կազմում է 5 մետր (հատոր 1-ին, գ.թ. 83-84):

4) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 05.08.2013 թվականին տրված թիվ 157-01/Վ-013 հաշվետվության համաձայն` ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի ձախ կողմը սահմանազատված է մետաղական ցանկապատով, իսկ աջ կողմում կառուցված է պարիսպ: Պարիսպը կառուցված է ոչ թե մառանի շինության եզրից, այլ 61սմ-ով ներկառուցված է հետազոտվող ճանապարհի մեջ, ինչի հետևանքով երկու կողմերից մառանի և ավտոտնակի համար նախատեսված ճանապարհը նեղացել է: Կառուցված պարսպի վերջին` 2,75 մետր երկարությամբ հատվածը դեպի հետազոտվող ճանապարհ, ունի 1,32 մետր շեղություն, ինչը հարմարեցված է հետագայում հարևան տնատիրության բակ մտնող մուտքի վրա մետաղական դարպաս տեղադրելու համար: Արդյունքում ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ճանապարհի աջ մասում պարիսպ կառուցելու հետևանքով հետազոտվող ճանապարհի մուտքի համար մնացել է 2,12 մետր լայնությամբ հատված: Ընդ որում, մառանի կողմից հետազոտվող ճանապարհը փոքրացել է 61սմ-ով, իսկ պարիսպի վերջնամասի թեքության պատճառով` 1,32 մետրով, ընդհանուրը` 1,93 մետրով (հատոր 1-ին, գ.թ. 69-78):

6) Սույն գործում առկա չէ որևէ բավարար ապացույց այն մասին, որ վեճի առարկա ճանապարհը նեղացել է համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, ինչպես նաև ապացույց այն մասին, որ հարևանն ընդունում է, որ 1մ 20սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նեգատոր հայցերի գործերով ապացուցման առարական պարզելու և ապացուցման դատավարական բեռը բաշխելու հարցերին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում  դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե'ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածում նախատեսված իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և/կամ փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մեկնաբանությունների ընդհանրացման արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.

1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,

2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականտիրոջը կամ օրինական (տիղոսային) այլ տիրապետողին օգտագործել և/կամ տնօրինել գույքը:

Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը:

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի հիմքով հայցի հիմնավորված լինելը:

Վերաքննիչ դատարանը պատասխանող Կոմիտաս Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարելիս և դատական ակտը բեկանելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը և հանգել այն հետևության, որ հայցվոր Լևոն Արշակունին պարտավոր էր ապացուցել, որ կառուցված պարիսպն ինքնակամ կառույց է, և այդ ինքնակամ կառույցը, գտնվելով այլ անձի սեփականությունը հանդիսացող հողամասի (ընդհանուր օգտագործման ճանապարհ) վրա, սահմանափակել է իր հողամաս մուտք գործելու հնարավորությունը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը չի անդրադարձել և չի գնահատել ապացույցները, մասնավորապես` տեղազննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցչի կողմից կատարված այն հայտարարությունը, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, իսկ հարևանն ընդունում է, որ 1մետր 20սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը:

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս սխալ եզրահանգման է եկել Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխման հարցը գնահատելիս: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման առարկան են կազմում հետևյալ փաստերը`

1) Լևոն Արշակունու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր լինելը,

2) կառուցված քարե պարսպի հետևանքով դեպի հայցվոր Լևոն Արշակունու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի մուտքի` պատասխանողի կողմից նեղացումը,

3) վիճելի պարսպի օրինական լինելը:

Նշված փաստերից առաջին երկուսի ապացուցման բեռը կրում է հայցվորը, քանի որ դրանք այն իրավաբանական փաստերն են, որոնք կազմում եմ նեգատոր հայցով դատարան դիմելու պայմանները: Երրորդ փաստի ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Ընդ որում, գործում է պարսպի` առանց իրավական հիմքի կառուցված լինելու կանխավարկածը, քանի դեռ հայցվորը չի ապացուցել հակառակը:

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա` հայցվոր Լևոն Արշակունու անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով, պատասխանող Կոմիտաս Հայրապետյանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով, Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված Զովունի համայնքի կադաստրային քարտեզից, ինչպես նաև «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 05.08.2013 թվականին տրված թիվ 157-01/Վ-013 հաշվետվությամբ հիմնավորվում է փաստն այն մասին, որ Կոմիտաս Հայրապետյանի կողմից կառուցված վիճելի քարե պարսպի հետևանքով դեպի հայցվոր Լևոն Արշակունու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի մուտքը նեղացվել է, և ճանապարհի մուտքի համար մնացել է 2,12 մետր լայնությամբ հատված: Ընդ որում, մառանի կողմից հետազոտվող ճանապարհը փոքրացել է 61սմ-ով, իսկ պարսպի վերջնամասի թեքության պատճառով` 1,32 մետրով, ընդհանուրը`1,93 մետրով: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի քարե պարիսպն օրինական է:

Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լևոն Արշակունուն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի աջ կողմում կառուցված պարսպի հետևանքով խախտվում են նրա` որպես սեփականատիրոջ` գույքն օգտագործելու և փաստացի տիրապետելու իրավունքները: Միաժամանակ վիճելի քարե պարսպի օրինական լինելու հանգամանքը սույն գործով ապացուցված չլինելու պայմաններում, դրա բացասական հետևանքները կրում է պատասխանող կողմը, այսինքն` գործում է պարսպի հակաoրինական լինելու կանխավարկածը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով հայցվոր Լևոն Արշակունին պարտավոր էր ապացուցել, որ կառուցված պարիսպը ինքնակամ կառույց է, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությանբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց, իրավունք է վերապահել սեփականատիրոջը քանդելու իր հողամասում կառուցված ինքնակամ շինությունը: Այդ իսկ պատճառով այդ հիմքով հարուցված գործերի քննության համար էական նշանակություն ունի սեփականատիրոջ հողամասում գտնվող կառույցի ինքնակամ լինելու հանգամանքը, որի ապացուցման բեռը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով կրում է հողամասի սեփականատերը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի հիմքով սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, որի դեպքում գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը այլ է: Ավելին, սույն գործով վեճի առարկան ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա գտնվող քարե պարիսպն է, որի առկայությունն ինքնին առաջ է բերում սեփականատիրոջ գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառելի չեն:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանը չի գնահատել տեղազննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցչի կողմից կատարված այն հայտարարությունը, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, իսկ հարևանն ընդունում է, որ 1 մետր 20 սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն տվյալ հայտարարությունը բավարար չէ հաստատված համարելու, որ ընդհանուր օգտագործման համայնքային ճանապարհը նեղացվել է մյուս կողմում գտնվող հարևանի կողմից, և վերջինս ընդունել է նշված փաստը:

Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանության առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հայցի հարուցումն ընդհանրապես, իսկ նեգատոր հայցի հարուցումը մասնավորապես անհրաժեշտ է դիտարկել տնօրինչականության սկզբունքի լույսի ներքո: Սեփականատերն ինքն է որոշում, թե իր սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացրած մեկից ավելի անձանցից որի նկատմամբ պաշտպանության ինչ միջոց պետք է ընտրել: Հետևաբար Վերաքննիչ դատարանը նշված պատճառաբանությամբ չէր կարող միջամտել հայցվորի սեփականության իրավունքին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության oրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով հանդերձ:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2014 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Կոմիտաս Հայրապետյանից հօգուտ Լևոն Արշակունու բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան