Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.67
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.11.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՇԴ/0613/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0613/02/13

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0613/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

Դատավորներ`

Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տարոն Գասպարյանի ներկայացուցիչ Արա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Տարոն Գասպարյանի՝ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերը լուծելու և կառուցապատման իրավունքը վաղաժամկետ դադարեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է լուծել իր և Տարոն Գասպարյանի միջև կնքված «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» 28.04.2009 թվականի թիվ 209, 210, 211, 212, 213, 214, 215, 216, 217, 218, 219, 220 և 22.08.2011 թվականի թվով երեք չթվագրված պայմանագրերը և վաղաժամկետ դադարեցնել այդ պայմանագրերով Տարոն Գասպարյանին տրամադրված կառուցապատման իրավունքը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․ Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 29.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է լուծել Համայնքի և Տարոն Գասպարյանի միջև 28.04.2009 թվականին կնքված «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 209, 210, 211, 212, 213, 214, 215, 216, 217, 218, 219, 220 պայմանագրերը և դադարեցնել այդ պայմանագրերի հիման վրա Տարոն Գասպարյանի անվամբ պետական գրանցում ստացած իրավունքները: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.02.2014 թվականի որոշմամբ Համայնքի և Տարոն Գասպարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 29.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տարոն Գասպարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համայնքը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ, 56-րդ, 61.1-րդ, 68-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ, 29-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 29-րդ, 43-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 432-րդ, 447-րդ, 466-468-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 105-րդ, 132-րդ և 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը վիճարկվող պայմանագրերի պայմանները մեկնաբանելիս չի նշել, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի որ դրույթներն է կիրառել, «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թվով 12 պայմանագրերը լուծելու պահանջը բավարարելու հիմքում Դատարանի կողմից դրվել են օրենքների և պայմանագրերի կետերի կամայական և սխալ մեկնաբանություններ, որոնց համաձայն` ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերում Տարոն Գասպարյանը շենքեր և շինություններ էր պարտավոր կառուցել, որը մինչ օրս չի կառուցել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համայքն ավտոկայանատեղիներ կազմակերպելու նպատակով է Տարոն Գասպարյանին տրամադրել համայնքի տարածքում գտնվող ճանապարհներից հատվածներ, որոնց նպատակային և գործառնական նշանակությամբ թույլատրված օգտագործումը չի կարող շենքեր-շինություններ կառուցելու պահանջի իրավունք և պարտականություն բովանդակել, և պատշաճ չգնահատելով նշված հանգամանքը` սխալ եզրահանգում է արել տրամադրված հողամասերը Տարոն Գասպարյանի կողմից չօգտագործվելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը փաստացի չի քննարկել և գնահատման արժանացրել իր կողմից որպես ապացուցման ենթակա փաստ մատնանշված` քաղաքաշինական նորմերին համապատասխան փողոցներում շենք-շինություն կառուցելու հնարավորությունը:

Ըստ բողոք բերած անձի՝ ՀՀ հողային oրենսգրքի 3-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 29-րդ, 43-րդ հոդվածների կիրառման պարագայում Վերաքննիչ դատարանը կեզրահանգեր, որ Տարոն Գասպարյանին տրամադրված հողամասերը ոչ նպատակային օգտագործելու դեպքում անցած տարիների ընթացքում Համայնքը պարտավոր էր դրանց նկատմամբ կազմել արձանագրություններ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջները խախտելու հիմքով կիրառել տույժեր, որոնք էլ կարող էին վերաբերելի և թույլատրելի ապացույցներ հանդիսանալ Համայնքի պահանջը հիմնավորելու համար, մինչդեռ այդպիսի ապացույցները բացակայում են:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի խախտմանը՝ բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճելի պայմանագրերը կնքելիս Համայնքն ակնկալել է տրամադրված հողամասերում ավտոկայանատեղերի կազմակերպում և հողամասի օգտագործման վարձավճարների վճարում համայնքի բյուջե, որոնց կատարման հիմքով էլ պետք է ապացուցված համարեր, որ Համայնքն իր ակնկալիքներից չի զրկվել և առկա չէ պայմանագրերի էական խախտում, հետևաբար նաև պայմանագրերի լուծման հիմք: Այսինքն՝ Համայնքի որևէ իրավունք Տարոն Գասպարյանը չի խախտել, Համայնքը վնասներ չի կրել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ Դատարանը գործը դատաքննության նախապատրաստելու փուլում բավարարել է Տարոն Գասպարյանի միջնորդությունը՝ Համայնքից պահանջելու ներկայացնել վեճի առարկա հողամասերի` իր մոտ գտնվող օգտագործման սխեմաները, մինչդեռ վերջինս դատարան ներկայացրել է Գյումրու ավագանու և քաղաքապետի` նշված հողամասերը մրցույթով տրամադրելու վերաբերյալ որոշումները: Այսինքն` Համայնքը, չկատարելով դատարանի պահանջը, թաքցրել է պահանջվող ապացույցները՝ անհնարին դարձնելով դրանց հետազոտումն ու գնահատումը: Դատարանը ոչ միայն հետամուտ չի եղել այդ ապացույցներն ապահովելու միջոցների ձեռնարկմանը, այլև վիճելի հողամասերի օգտագործման սխեմաների բացակայության պայմաններում, չպարզելով այդ հողամասերի նպատակային, գործառնական նշանակությունը, ապացուցված է համարել, որ հողամասերը նպատակային նշանակությամբ չեն օգտագործվել, նշված հողամասերում թույլատրելի է կառուցապատումը, և Տարոն Գասպարյանը պարտավոր էր կառուցել շենք-շինություններ:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վարչական դատավարության կարգով քննվող թիվ ՎԴ5/0057/05/13 վարչական գործով մի շարք փաստեր սույն քաղաքացիական գործի լուծման համար ունեն էական նշանակություն, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը և չի կասեցրել գործի վարույթը` զրկելով Տարոն Գասպարյանին գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույց ներկայացնելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել նաև ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը` գտնելով, որ Համայնքի կողմից կառուցապատման համար տրամադրված հողամասը 3 տարիների ընթացքում Տարոն Գասպարյանը չի օգտագործել:

 

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.02.2014 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ինչպես Դատարանը հայցի բավարարված մասով, այնպես էլ` Վերաքննիչ դատարանը` վերաքննիչ բողոքի մերժման մասով, թույլ չեն տվել ոչ նյութական, և ոչ էլ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումներն անհիմն են, հիմնված են փաստական հանգամանքների խեղաթյուրման, այլափոխման, ինչպես նաև իրավական ակտերի անիրատեսական մեկնաբանությունների վրա: Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը ճիշտ են գնահատել այն փաստը, որ Համայնքի կողմից պատշաճ պահպանվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1) ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետի 15.04.2009 թվականի թիվ 691-Ա, թիվ 692-Ա, թիվ 693-Ա, թիվ 694-Ա, թիվ 695-Ա, թիվ 696-Ա, թիվ 697-Ա, թիվ 698-Ա, թիվ 699-Ա, թիվ 700-Ա, թիվ 701-Ա, թիվ 702-Ա որոշումների համաձայն` համապատասխանաբար Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակի հարավային կողմում գտնվող 195,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի հարևանությամբ գտնվող 573,5քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի հարևանությամբ գտնվող 46,4քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի հարևանությամբ գտնվող 46,4քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի հարևանությամբ գտնվող 180,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 118,44քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 299,57քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 108,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 30,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 56,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 162,9քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 259,8քմ մակերեսով հողամասն ավտոկայանատեղի կազմակերպելու նպատակով` 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել են Տարոն Գասպարյանին (հատոր 3-րդ, գ.թ. 37, 40, 43, 46, 49, 52, 55, 58, 61, 64, 67, 70):

2) «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» 28.04.2009 թվականին կնքված 209, 210, 211, 212, 213, 214, 215, 216, 217, 218, 219, 220 պայմանագրերի (այսուհետ` Պայմանագրեր) համաձայն` ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանը Տարոն Գասպարյանին է տրամադրել համապատասխանաբար Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 259,8քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 162,9քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 56,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 30,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 108,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 299,57քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող 118,44քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Կենտրոնական հրապարակի հարավային կողմում գտնվող 195,0քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակի հարավային կողմում գտնվող 573,5քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի հարևանությամբ գտնվող 46,4քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի հարևանությամբ գտնվող 46,4քմ մակերեսով հողամասը, Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի հարևանությամբ գտնվող 180,0քմ մակերեսով հողամասը: Պայմանագրերի 1.2-րդ կետով սահմանվել է, որ նույն պայմանագրերի գործողության ընթացքում կառուցապատված հողամասի oգտագործման արդյունքում կառուցապատման իրավունք ունեցող անձի ստացած եկամուտները նրա սեփականությունն է: Պայմանագրերի 2-րդ կետով կառուցապատման իրավունքի ժամկետ սահմանվել է 15.04.2009 թվականից մինչև 15.04.2018 թվականը: Պայմանագրերի 4.1.3-րդ կետով նախատեսվել է, որ եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասից oգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջելու լուծել պայմանագիրը և հատուցել վնասները: Պայմանագրերի 4.4.3-րդ կետով սահմանվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է կառուցապատման իրավունքն իրականացնել քաղաքաշինական նորմերի, կանոնների, ինչպես նաև՝ հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցելու շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Պայմանագրերի 8.1.1-րդ կետի համաձայն` սեփականատիրոջ պահանջով կառուցապատման իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը հողամասն oգտագործել է նույն պայմանագրի պայմանների և հողամասի նշանակության էական կամ բազմակի խախտումներով: Պայմանագրերի 8.2.2-րդ կետով սահմանվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրված հողամասն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին սեփականատերը չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել կառուցապատման իրավունք ունեցող անձին և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս: Պայմանագրերի 12.1-րդ կետի համաձայն` պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ oրենքով սահմանված կարգով. (հատոր 3-րդ, գ.թ. 38-39, 41-42, 44-45, 47-48, 50-51, 53-54, 56-57, 59-60, 62-63, 65-66, 68-69, 71-72):

3) Ըստ կառուցապատման իրավունքով պատասխանողին տրամադրված հողամասերի հատակագծերի և լուսանկարների՝ Հաղթանակի պողոտա թիվ 48/1, Սպանդարյան փողոց թիվ 22/11, Մայակովսկու փողոց թիվ 49/1, Մայակովսկու փողոց թիվ 61/5, Մայակովսկու փողոց թիվ 86/4, Մայակովսկու փողոց թիվ 123/3, Շահումյան փողոց թիվ 135/10, Շահումյան փողոց թիվ 137/8, Շահումյան փողոց թիվ 137/9, Շահումյան փողոց թիվ 188/10, Շահումյան փողոց թիվ 188/11, Շահումյան փողոց թիվ 190/5 հասցեներում գտնվող հողամասերում առկա են ճանապարհային գծանշումներ և տեղադրված են «կայանում» ճանապարհային երթևեկության նշանները (հատոր 3-րդ, գ.թ. 1-7, 9-11, 20, 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի հիմքով հայցապահանջ ներկայացվելու դեպքում ապացուցման առարկայի, ապացուցման բեռի բաշխման և պայմանագրի մեկնաբանման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է պայմանագիրը կողմերից մեկի պահանջով լուծելիս ապացուցման բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն հետևյալ երեք դեպքերում`

1. մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման առկայության դեպքում կամ

2. oրենքով նախատեսված դեպքում կամ

3. պայմանագրով նախատեսված դեպքում:

Վերոնշյալ երեք հիմքերից որևէ մեկով պահանջ ներկայացված լինելու դեպքում պայմանագրի փոփոխման կամ լուծման պահանջ ներկայացրած կողմը պետք է ապացուցի իր համար այնպիսի բացասական հետևանքի (վնասի) առաջացումը, որը զգալիորեն զրկում է վնաս կրած կողմին (պայմանագրի լուծման պահանջ ներկայացրած կողմին) ստանալ այն, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս: Հետևաբար պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացած հանգամանքի ապացուցման բեռը կրում է այդպիսի պահանջ ներկայացնող կողմը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածում «վնաս» եզրույթը ենթադրում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում ամրագրված իրական վնաս, բաց թողնված օգուտ կամ խախտված իրավունքների համար կատարված ծախսեր: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական oրենսգրքի 466-րդ հոդվածի հիմքով հայցապահանջ ներկայացվելու դեպքում ապացուցման առարկան են կազմում պայմանագրի խախտման փաստը (կամ օրենքով նախատեսված դեպքը կամ պայմանագրով նախատեսված դեպքը), այդ խախտումը պայմանադիր կողմի կողմից կատարելը, խախտման արդյունքում վնասի առաջացումը: Նշված փաստերի հաստատումից բացի դատարանի կողմից ինքնուրույն գնահատման են ենթակա խախտման էական լինելը և վնասի այնպիսին լինելը, որը պահանջ ներկայացրած կողմին զրկել է պայմանագրով ստացվող ակնկալիքից (տե՛ս Միսակ-Նուբար Թեբելեկյանն ընդդեմ Ռուբեն Քոչարի թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քննարկվող դրույթում օգտագործված «զգալիորեն» հասկացությունը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր դեպքում այն գնահատելու համար պետք է ելնել պայմանագրից ստացվող այն ակնկալիքի բնույթից և ծավալից, որից զրկվել է պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացնող կողմը: Պայմանագրի պայմանների էական խախտումը բացահայտելու նպատակով պայմանագրից ստացվող ակնկալիքի բնույթն ու ծավալը գնահատելու համար պայմանագիրը պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին` նշելով, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործում առկա Պայմանագրերի 4.4.3-րդ կետով սահմանվել է, որ կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է կառուցապատման իրավունքն իրականացնել քաղաքաշինական նորմերի, կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցելու շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:

Ըստ կառուցապատման իրավունքով պատասխանողին տրամադրված հողամասերի հատակագծերի և լուսանկարների՝ կառուցապատման իրավունքով Տարոն Գասպարյանին տրամադրված հողամասերում առկա են ճանապարհային գծանշումներ և տեղադրված է «կայանում» ճանապարհային երթևեկության նշանը:

Սույն գործով Դատարանը Քաղաքապետարանի և Տարոն Գասպարյանի միջև կնքված Պայմանագրերը լուծելու և դրանցով Տարոն Գասպարյանին տրամադրված կառուցապատման իրավունքը դադարեցնելու մասով հայցը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ հայցադիմումում նշված պայմանագրերը կնքելիս Քաղաքապետարանն ակնկալել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերը կoգտագործվեն ըստ նպատակային և գործառնական նշանակության ու հաստատված համարելով, որ պատասխանողի կողմից վերջինիս տրամադրված հողամասերում կառուցապատում չի իրականացվել, շենքեր-շինություններ չեն կառուցվել, գտել է, որ Տարոն Գասպարյանը խախտել է 28.04.2009 թվականին կնքված «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 209-220 պայմանագրերով սահմանված պայմանները:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի դիրքորոշման հետ, արձանագրել է, որ Պայմանագրերով շինարարության ավարտի ժամկետներ սահմանված չլինելու պայմաններում կիրառման ենթակա էր ՀՀ հողային oրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը, հետևաբար Դատարանն իրավացիորեն գտել է, որ Համայնքի պահանջը՝ Քաղաքապետարանի և Տարոն Գասպարյանի միջև 28.04.2009 թվականին կնքված «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 209-220 թվով տասներկու պայմանագրերը լուծելու և դրանցով Տարոն Գասպարյանին տրամադրված կառուցապատման իրավունքը դադարեցնելու մասով, ենթակա էր բավարարման:

Համադրելով վերը նշված իրավական վերլուծությունները և սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քաղաքացիական oրենսգրքի 466-րդ հոդվածը և չեն բացահայտել կողմերի իրական կամքը, այն է՝ թե արդյոք կողմերը Պայմանագրերը կնքելիս նկատի են ունեցել այն հանգամանքը, որ Տարոն Գասպարյանն իրեն հատկացված հողամասերում պետք է իրականացներ շինարարություն` կառուցեր շենքեր և շինություններ, ինչպես նաև չեն պարզել, թե արդյոք տվյալ տարածքներում շենքեր-շինություններ չկառուցելը կարող է համարվել պայմանագրերի էական խախտում, այսինքն՝ ճանապարհային գծանշումների և «կայանում» ճանապարհային երթևկության նշանների առկայության, հետևաբար նաև ավտոկայանատեղիների կազմակերպման փաստի առկայության պայմաններում արդյո՞ք շենքեր և շինություններ չկառուցելու հետևանքով պայմանագիրը լուծելու պահանջ ներկայացրած Համայնքը զգալիորեն զրկվել է պայմանագրից ստացվող իր ակնկալիքներից:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները սխալ են որոշել գործով ապացուցման առարկան և սխալ են բաշխել ապացուցման բեռը կողմերի միջև, որպիսի պարագայում անհրաժեշտ է իրականացնել գործի նոր քննություն:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության oրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2014 թվականի որոշման` ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքի և Տարոն Գասպարյանի միջև 28.04.2009 թվականին կնքված «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 209, 210, 211, 212, 213, 214, 215, 216, 217, 218, 219, 220 պայմանագրերը լուծելու և այդ պայմանագրերի հիման վրա Տարոն Գասպարյանի անվամբ պետական գրանցում ստացած իրավունքները դադարեցնելու պահանջների մասով բավարարելու մասին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.10.2013 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։ Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան