Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.17
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.11.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱՆԴ/0474/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0474/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0474/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ`

Ա. Թումանյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննարկելով Մանիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Գոռ Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մանիկ Խաչատրյանի ընդդեմ Ռադմիլա Մակարյանի, երրորդ անձ Լիաննա Մակարյանի` բնակարանի վերաբերյալ կատարված նվիրատվության խոստումը նվիրատվության պայմանագիր համարելու, սեփականության իրավունքը ճանաչելու և կրած վնասը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանիկ Խաչատրյանը պահանջել է Ռադմիլա Մակարյանի կողմից Մանիկ Խաչատրյանին Երևան քաղաքի Քոչարյան 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի վերաբերյալ կատարված նվիրատվության խոստումը համարել նվիրատվության պայմանագիր և ճանաչել Մանիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ, ինչպես նաև Ռադմիլա Մակարյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.200.000 ՀՀ դրամ` որպես կրած վնաս:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն․ Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 10.09.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2013 թվականի որոշմամբ Մանիկ Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.09.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանիկ Խաչատրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես` տրված խոստումը չի համարել պատշաճ ձևով տրված, դրան ուղղված գործողությունները չի համարել բավարար, ինչի արդյունքում մերժել է պահանջը:

 Ռադմիլա Մակարյանի գործողություններն ավելի քան կոնկրետ են, քանի որ պահպանվել են նվիրատվության խոստումի բոլոր նախադրյալները, ինչը հիմնավորվում է նոտարական վավերացմամբ Գոռ Մաթևոսյանին տրված լիազորագրով և «Իրավաբանական ծառայություն մատուցելու կողմերի փոխադարձ իրավունքների և պարտականությունների եռակողմ պայմանագրով»:

Վերաքննիչ դատարանը, ամբողջական վերլուծության չենթարկելով պայմանագրի պայմանները և կողմերի իրական կամարտահայտությունը, չի պարզել պայմանագրի իրական նպատակը, որի արդյունքում բողոք բերած անձը զրկվել է իրեն հասանելիք սեփականության իրավունքից:

Ռադմիլա Մակարյանն ունեցել է քրոջ` Լիաննա Մակարյանի կողմից տրված լիազորագիր` ժառանգությունն ընդունելու, ժառանգությունից հետո գույքն ըստ հայեցողության տնօրինելու նպատակով, սակայն չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և Լիաննա Մակարյանի բաժնեմասը ևս չի նվիրել Մանիկ Խաչատրյանին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բնակարանի վերաբերյալ կատարված նվիրատվության խոստումը նվիրատվության պայմանագիր ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը և հայցն այդ մասով բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 14.08.2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Նոր Նորքի 3-րդ մ/շ 17-րդ շենքի (Քոչարյան 6-րդ շենքի) թիվ 50 հասցեի բնակարանը որպես սեփականություն գրանցվել է Սարգիս Մակարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 17-18)։

2) Սարգիս Մակարյանը մահացել է 11.10.2010 թվականին և Երևան քաղաքի «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի կողմից 19.04.2011 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Սարգիս Մակարյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են համարվում դուստրերը` Լիաննա և Ռադմիլա Սարգսի Մակարյանները: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Նոր Նորքի 3-րդ մ/շ 17-րդ շենքի (Քոչարյան 6-րդ շենքի) թիվ 50 հասցեի բնակարանից և ավանդի գումարներից (հատոր 1-ին, գ.թ. 16, 32)։

3) Ուկրաինայի Դոնեցկի մարզի Դոնեցկ քաղաքի մասնավոր նոտար Վ. Ի. Մորոզովի կողմից 10.03.2011 թվականին հաստատված լիազորագրի համաձայն` Լիաննա Սարգսի Մակարյանը լիազորել է Ռադմիլա Մակարյանին` վարելու իր գործը կապված գույքի նկատմամբ ժառանգական իրավունքների ձևակերպման հետ, որը մնացել է իր հոր` Սարգիս Մակարյանի մահից հետո և կազմված է ՀՀ Երևանի Նոր Նորքի 3-րդ մ/շ 17-րդ (Քոչարյան 6-րդ) շենքում թիվ 50 հասցեի բնակարանից, կատարել ներդրումներ ցանկացած բանկային հիմնարկություններում, ստանալ իր անվամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական: Նշված գործողությունները կատարելու համար Ռադմիլա Մակարյանին իրավունք է տվել օգտվել փաստաբանների ծառայություններից, ներկայացնել իր անունից դիմումներ, այդ թվում` դիմում ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, ստորագրել իր փոխարեն, ստանալ իրեն պատկանող դրամը, անհրաժեշտ տեղեկանքներ և փաստաթղթեր. նշված լիազորագրով տրված լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ անձանց (հատոր 1-ին, գ.թ. 23-24):

4) 10.03.2011 թվականին Լիաննա Մակարյանը դիմում է ուղղել նոտարական գրասենյակ 11.10.2010 թվականին մահացած հոր` Սարգիս Մակարյանի ժառանգությունն ընդունելու մասին, հայտնելով նաև, որ բացի իրենից ժառանգ է համարվում Ռադմիլա Մակարյանը, իսկ ժառանգական գույքը բաղկացած է ՀՀ Երևանի Նոր Նորքի 3-րդ մ/շ 17-րդ շենքի (Քոչարյան 6-րդ շենքի) թիվ 50 հասցեի բնակարանից և բանկում գտնվող դրամական ավանդից (հատոր1-ին, գ.թ. 28):

5) 16.03.2011 թվականին ՀՀ «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի կողմից վավերացված թիվ 1396 լիազորագրով Ռադմիլա Մակարյանը լիազորել է Գոռ Մաթևոսյանին` լինելու իր ներկայացուցիչը համապատասխան մարմիններում, զբաղվելու 11.10.2010 թվականին մահացած իր հոր` Սարգիս Մակարյանի ժառանգության ընդունման և ձևակերպման հարցերով, հետագայում ժառանգական գույքի` Երևանի Նոր Նորքի 3-րդ մ/շ 17-րդ շենքի (Քոչարյան 6-րդ շենքի) թիվ 50 հասցեի բնակարանը, բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքում իր բաժնեմասը նվիրելու Մանիկ Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 31):

6) 17.03.2011 թվականին Մանիկ Խաչատրյանի, Ռադմիլա Մակարյանի և Գոռ Մաթևոսյանի միջև կնքվել է «Իրավաբանական ծառայություն մատուցելու կողմերի փոխադարձ իրավունքների և պարտականությունների եռակողմ պայմանագիրը»: Նշված պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Ռադմիլա Մակարյանը, միաժամանակ հանդես գալով քրոջ` Լիաննա Սարգսի Մակարյանի կողմից լիազորված անձ, պարտավորվել է 10-օրյա ժամկետում ներկայացնել քրոջ կողմից նոտարական կարգով տրված հայտարարությունը` ժառանգությունից իր օգտին հրաժարվելու մասին: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` Ռադմիլա Մակարյանը պարտավորվել է Սարգիս Մակարյանի ժառանգական զանգվածն ընդունելուց հետո ժառանգական զանգվածում ներառված Երևանի Նոր Նորքի 3-րդ մ/շ 17-րդ շենքի (Քոչարյան 6-րդ շենքի) թիվ 50 հասցեի բնակարանը նվիրատվության եղանակով օտարել Մանիկ Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 30):

7) Երևանի Նոր Նորքի 3-րդ մ/շ 17-րդ շենքի (Քոչարյան 6-րդ շենքի) թիվ 50 բնակարանի վերաբերյալ 30.04.2011 թվականին տրված թիվ 2463585 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` տվյալ բնակարանը, որպես ընդհանուր բաժնային սեփականություն` յուրաքանչյուրին 1/2 բաժնով, գրանցվել է Լիաննա և Ռադմիլա Մակարյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անշարժ գույքի նվիրատվության խոստման իրավական կարգավորման առանձնահատկություններին:

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա'մ իրեն, կա'մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կա'մ ազատում է, կա'մ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված իրավադրույթների մեկնաբանությանը` մասնավորապես նշելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ` ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտավորությունից ազատելու պահից, և կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Այսինքն` նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ (տե՛ս, Արարատ Արշակյանն ընդդեմ Կարինե Տոնոյանի թիվ ԵՄԴ/0250/0212 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նվիրատվության խոստումը միակողմանի պայմանագիր է, որի դեպքում առաջանում է պարտավորական իրավահարաբերություն, և որի բովանդակությունն են կազմում` մի կողմից նվիրատուի պարտականությունը` ապագայում ավելացնել նվիրառուի գույքն իր գույքի նվազման հաշվին, և մյուս կողմից` գույքը նվիրատուից պահանջելու` նվիրառուի իրավունքը: Նվիրատվության կոնսենսուալ պայմանագիրը` նվիրատվության խոստումը, պահանջում է ոչ միայն դրա պարտադիր գրավոր ձևի պահպանում, այլ նաև դրանում պետք է ձևակերպված լինի ապագայում նվիրատվությունն իրականացնելու պարզ արտահայտված ցանկությունը, այսինքն` նվիրատվության խոստումը պետք է ձևակերպված լինի այնպես, որ դրանից հստակ երևա անձի` գույքը նվիրատվության եղանակով օտարելու մտադրությունը: Ի թիվս վերոգրյալի` նվիրատվության խոստումը պետք է նշում պարունակի նվիրառուի, ինչպես նաև նվիրատվության կոնկրետ առարկայի վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նվիրատվություն իրականացնելու պարզ արտահայտված ցանկությունը, նվիրատվության կոնկրետ առարկան և նվիրառուն նվիրատվության կոնսենսուալ պայմանագրի` նվիրատվության խոստումի էական պայմաններն են:

Սույն գործի փաստերի համաձայն` 16.03.2011 թվականին ՀՀ «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի կողմից վավերացված թիվ 1396 լիազորագրով Ռադմիլա Մակարյանը լիազորել է Գոռ Կորյունի Մաթևոսյանին` լինելու իր ներկայացուցիչը համապատասխան մարմիններում, զբաղվելու 11.10.2010 թվականին մահացած իր հոր` Սարգիս Մակարյանի ժառանգության ընդունման ձևակերպման հարցերով, հետագայում ժառանգական գույքի` Երևան, Նորքի 3-րդ մ/շ, Քոչարյան փողոցի 6-րդ շենքի թիվ 50 բնակարանը, բազմանակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքում իր բաժնեմասը նվիրելու Մանիկ Խաչատրյանին: Բացի այդ, Մանիկ Խաչատրյանի, Ռադմիլա Մակարյանի և Գոռ Մաթևոսյանի միջև 17.03.2011 թվականին կնքվել է «Իրավաբանական ծառայություն մատուցելու կողմերի փոխադարձ իրավունքների և պարտականությունների եռակողմ պայմանագիրը»: Նշված պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Ռադմիլա Մակարյանը, միաժամանակ հանդես գալով քրոջ` Լիաննա Սարգսի Մակարյանի կողմից լիազորված անձ, պարտավորվել է 10-օրյա ժամկետում ներկայացնել քրոջ կողմից նոտարական կարգով տրված հայտարարությունը` ժառանգությունից իր օգտին հրաժարվելու մասին: Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` Ռադմիլա Մակարյանը պարտավորվել է Սարգիս Մակարյանի ժառանգական զանգվածն ընդունելուց հետո ժառանգական զանգվածում ներառված Երևանի Նոր Նորք համայնքի 3-րդ զանգված, Քոչարյան 6-րդ շենքի թիվ 50 բնակարանը նվիրատվության եղանակով օտարել Մանիկ Խաչատրյանին:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ հայցվորը, որպես անշարժ գույքի նվիրատվության խոստման ծագման հիմքեր, վկայակոչել է Ռադմիլա Մակարյանի` Գոռ Մաթևոսյանին տված լիազորագիրը, Լիանա Մակարյանի` Ռադմիլա Մակարյանին տված լիազորագիրը, նոտարական վավերացում և պետական գրանցում չստացած պայմանագիրը, որոնք, թեև իրենց բովանդակությամբ հաստատում են, որ պատասխանող Ռադմիլա Մակարյանը վիճելի անշարժ գույքը նվիրելու խոստում է տվել, այնուամենայնիվ, չեն կարող հանդիսանալ անշարժ գույքի նվիրատվության խոստում պարունակող պայմանագիր, քանի որ անշարժ գույքի նվիրատվության խոստման պարտավորությունը կարող է ծագել բացառապես նոտարական վավերացում ստացած նվիրատվության պայմանագրով, որը կնքված է համարվում դրանից բխող իրավունքի պետական գրանցման պահից:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի վերը նշված դիրքորոշման հետ, գտել է, որ Դատարանը սույն վեճին վերաբերելի և թույլատրելի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ, իրավահարաբերությանը վերաբերելի օրենքների կիրառմամբ կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ:

Մինչդեռ նվիրատվության խոստման վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով 16.03.2011 թվականին ՀՀ «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի կողմից վավերացված թիվ 1396 լիազորագրին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն իր մեջ պարունակում է նվիրատվության խոստման բոլոր էական պայմանները: Այսպես, լիազորագրում նշված է նվիրատվության կոնկրետ առարկան` Երևանի Նոր Նորք համայնքի 3-րդ զանգված, Քոչարյան 6-րդ շենքի թիվ 50 բնակարանը, բազմանակարան շենքի զբաղեցրած հողամասի համապատասխան բաժնեմասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքում իր բաժնեմասը, նշված է նվիրառուն` Մանիկ Խաչատրյանը: Նվիրատվություն իրականացնելու պարզ ցանկությունը նույնպես արտահայտված է լիազորագրով, քանի որ դրանով նվիրատուն Գոռ Մաթևոսյանին լիազորել է ժառանգական զանգվածը ստանալուց և համապատասխան գրանցումը կատարելուց հետո գույքի իր բաժնեմասը նվիրատվության եղանակով օտարել Մանիկ Խաչատրյանին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 16.03.2011 թվականին ՀՀ «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի կողմից վավերացված թիվ 1396 լիազորագիրը պետք է դիտարկել որպես նվիրատվության խոստման միակողմանի պայմանագիր, քանի որ դրանում առերևույթ առկա են նվիրատվության խոստման էական պայմանները, տրված է պատշաճ ձևով, վավերացված է նոտարի կողմից:

2) Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ նվիրատվության խոստման պարտավորությունը կարող է ծագել բացառապես նոտարական վավերացում ստացած նվիրատվության պայմանագրով, որը կնքված է համարվում դրանից բխող իրավունքի պետական գրանցման պահից, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավունքի պետական գրանցման պահից տեղի է ունենում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի փոխանցում նվիրատուից նվիրառուին, իսկ նվիրատվության պայմանագրի (նվիրատվության խոստումի) կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ, քանի որ նվիրատվության խոստման էությունը կայանում է հենց նրանում, որ նվիրատվության բուն գործարքը կնքվում է ապագայում, ընդ որում, նվիրատվության խոստումը, որպես ապագայում կատարվելիք գործարքի խոստում, կարող է կնքվել նաև հետաձգվող պայմանով: Մասնավորապես` նվիրատվության պայմանագրի կնքումը կարող է կախվածության մեջ դրվել նվիրատուի կողմից որոշակի գործողություններ կատարելու հետ: Մինչդեռ նվիրառուի` գույքը նվիրատուից պահանջելու իրավունքը ծագում է նվիրատվության խոստումից և/կամ դրանում նշված պայմանների վրա հասնելուն պես` անկախ գույքի նկատմամբ նվիրատվության պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցում կատարելու հանգամանքից:

3) Անդրադառնալով բողոքի այն փաստարկին, որ Ռադմիլա Մակարյանն ունեցել է քրոջ` Լիաննա Մակարյանի կողմից տրված լիազորագիր` ժառանգությունն ընդունելու, ժառանգությունից հետո գույքն ըստ հայեցողության տնօրինելու նպատակով, սակայն չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և Լիաննա Մակարյանի բաժնեմասը ևս չի նվիրել Մանիկ Խաչատրյանին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի այս փաստարկը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտավորությունը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքով նշված այլ հիմքերից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը։

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերը նշված հոդվածների մեկնաբանությանը` եզրակացնելով, որ լիազորագիրն ըստ էության լինելով միակողմանի գործարք` լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը)։ Ընդ որում, միայն լիազորագրով ստանձնած հանձնարարությունը կատարված լինելու դեպքում է պարտավորությունը դիտվում պատշաճ կատարված, իսկ պարտավորությունը` դադարած (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը

Վերոնշյալի լույսի ներքո անդրադառնալով բողոք բերած անձի փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռադմիլա Մակարյանին ընձեռված լիազորությունների շրջանակում վերջինս իրավունք չի ունեցել քրոջ` Լիաննա Մակարյանի անունից ժառանգությունն ընդունելու հետ կապված գործողություններից բացի այլ գործողություններ կատարել, քանի որ առկա է եղել Լիանա Մակարյանի կամքը` ընդունել ժառանգությունը, իսկ իր բաժնեմասն օտարելու համար Լիանա Մակարյանը Ռադմիլա Մակարյանին չի լիազորել, հետևաբար Ռադմիլա Մակարյանը նման իրավասությամբ օժտված չի եղել և չէր կարող իրեն չպատկանող գույքի մասով պարտավորություններ ստանձնել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2013 թվականի որոշումը` Ռադմիլա Մակարյանի կողմից Մանիկ Խաչատրյանին Երևան քաղաքի Քոչարյան 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի վերաբերյալ կատարված նվիրատվության խոստումը նվիրատվության պայմանագիր համարելու և Մանիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Քոչարյան 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի նկատմամբ ճանաչելու պահանջների մասով և այդ մասով այն փոփոխել` հայցը բավարարել մասնակիորեն` Ռադմիլա Մակարյանի կողմից Մանիկ Խաչատրյանին Երևան քաղաքի Քոչարյան 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի 1/2 մասի վերաբերյալ կատարված նվիրատվության խոստումը համարել նվիրատվության պայմանագիր և ճանաչել Մանիկ Խաչատրյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Քոչարյան 6-րդ շենքի թիվ 50 բնակարանի 1/2 մասի նկատմամբ:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Ռադմիլա Մակարյանից հօգուտ Մանիկ Խաչատրյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան