Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
28.11.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԱԴ2/0169/02/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0169/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0169/02/11

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝   

Ա. Պետրոսյան
 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նիկալ Շահվերդյանի ներկայացուցիչ Սեյրան Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ Անժելա Գևորգյանի դիմումի ընդդեմ Նիկալ Շահվերդյանի` վճռի կատարման շրջադարձի պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անժելա Գևորգյանը հայտնել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 22.06.2007 թվականի թիվ 2-77-2007 օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա գրանցվել է Նիկալ Շահվերդյանի` Աշտարակի Նարեկ 2 թաղամասի թիվ 17բ հասցեում գտնվող բնակարանի (քոթեջի) նկատմամբ սեփականության իրավունքը: 22.11.2010 թվականին վերոհիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել երրորդ անձինք` Աշոտ, Արմեն և Անժելա Գևորգյանները: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2011 թվականի որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 22.06.2007 թվականի թիվ 2-77-2007 վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության: Գործի նոր քննության արդյունքում ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2011 թվականի թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 վճռով Նիկալ Շահվերդյանի հայցն ընդդեմ Սերգեյ, Ռայա, Աշոտ, Արմեն և Անժելա Գևորգյանների` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու և անշարժ գույքի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժվել է, և վճիռը ստացել է օրինական ուժ. ելնելով վերոգրյալից պահանջել է բավարարել դիմումը և կատարել վճռի կատարման շրջադարձ, այն է` վերացնել Նիկալ Շահվերդյանի և նրա ընտանիքի անդամների անվամբ կատարված Աշտարակի Նարեկ 2-րդ թաղամասի թիվ 17բ հասցեում գտնվող բնակարանի (քոթեջի) սեփականության իրավունքի գրանցումը և վերոհիշյալ բնակարանը սեփականության իրավունքով վերադարձնել Սերգեյ, Ռայա, Աշոտ, Արմեն և Անժելա Գևորգյաններին:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Մարգարյան) (այսուհետ՝ Դատարան) 19.12.2013 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2014 թվականի որոշմամբ Անժելա Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 19.12.2013 թվականի որոշումը բեկանվել է և փոփոխվել` Անժելա Գևորգյանի դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկալ Շահվերդյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 130-132-րդ, 140-րդ, 207-րդ, 213-րդ հոդվածները և կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ կետի ենթակետով, 04.02.2014 թվականին իրավացիորեն վերադարձրել է Անժելա Գևորգյանի վերաքննիչ բողոքը: Այնուհետև, առանց որևէ իրավական հիմքի, Անժելա Գևորգյանի կողմից ներկայացված «դիմումն» ընդունվում է վարույթ` հաշվի չառնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչպես նաև հաշվի չի առել, որ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.12.2013 թվականի որոշմանը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 04.02.2014 որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դատարանի որոշումը հրապարակվել է 19.12.2013 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 7-րդ, գ.թ. 17)։

2) Անժելա Գևորգյանը 12.02.2014 թվականի դիմումով և դրան կից ներկայացված միջնորդությամբ Վերաքննիչ դատարանին միջնորդել է դատական ակտի բողոքարկման ժամկետի բաց թողումը հարգելի համարել, վերականգնել այն և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ (հատոր 7-րդ, գ.թ. 44, 47-48):

3) Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 12.02.2014 թվականի որոշմամբ Անժելա Գևորգյանի միջնորդությունը բավարարվել է և Դատարանի «Վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննության առնելու մասին» 19.12.2013 թվականի որոշման դեմ Անժելա Գևորգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հատոր 7-րդ, գ.թ. 31-32):

4) Սույն գործում առկա չէ 12.02.2014 թվականի դիմումին և դրան կից միջնորդությանը Անժելա Գևորգյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկման հարցին, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու պարագայում այն կրկին ներկայացնելու համար անհրաժեշտ հիմքերի հարցին, ինչպես նաև բողոքը ներկայացնելու ձևին, կարգին և բովանդակությանը:

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացրած որոշումները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու, վերաքննիչ վարույթը կարճելու և կասեցնելու, ինչպես նաև դատական տուգանք կիրառելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը:

Գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումները բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

Վերոհիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, որի նպատակն արդարադատության պատշաճ իրականացման ապահովումն է: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում գործի հետագա քննության համար, իսկ դրանց բողոքարկման անհնարինությունը դատական ակտի կայացման չարդարացված ձգձգումների և քաղաքացու իրավունքների խախտման է հանգեցնում, որոնց հետագա դատական պաշտպանությունն ապագայում չի կարող ապահովվել կամ չի կարող հանգեցնել արդյունավետ վերականգնման: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ: Իսկ նշված դրույթներով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է «հետաձգված բողոքարկման» կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցանկացած դատավարական գործողություն, այդ թվում նաև` տվյալ միջանկյալ դատական ակտի բողոքարկումը, կարող է կատարվել միայն այն կարգով, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Հետևաբար, հաշվի առնելով, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դրույթով նախատեսված միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն անմիջական բողոքարկման կարգով: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքն իրացնող սուբյեկտներն իրավական պաշտպանության միջոցներից, այդ թվում` ընդդեմ միջանկյալ դատական ակտերի, պետք է օգտվեն բարեխղճորեն: Օրենքով նախատեսված պաշտպանության միջոցից չօգտվելու դեպքում դատավարության մասնակիցը չի կարող դիմել այնպիսի պաշտպանության միջոցի, որն օրենսդիրը տվյալ դեպքի համար չի նախատեսել:

Վերոհիշյալ իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը չի իրացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված միջանկյալ դատական ակտն անմիջական բողոքարկման կարգով բողոքարկելու իր իրավունքը, երբ նա ողջամտորեն կարող էր դա անել, ապա չի կարող այլևս տվյալ միջանկյալ դատական ակտը բողոքարկել «հետաձգված բողոքարկման կարգով», այն է` գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոք բերող անձը «հետաձգված բողոքարկման» կարգով վիճարկում է Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշման օրինականությունը, ինչը գործող իրավակարգավորման շրջանակներում է:

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոք բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է միմիայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում և այն պարագայում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետ է տրամադրում դրանք վերացնելու և կրկին ներկայացնելու համար, իսկ մնացած բոլոր դեպքերում թերությունները շտկելու և բողոք ներկայացնելու ժամկետ չի տրամադրվում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված լիազորությունների իրականացումը (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, վերադարձնելու մասին որոշումներ կայացնելը) անմիջականորեն կապված է վերաքննիչ բողոքի առկայության հետ: Ընդ որում, օրենսդիրը Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու հանգամանքը պայմանավորել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության հետ:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանում դատական ակտի վերանայում կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված կարգով ներկայացված վերաքննիչ բողոքի առկայության դեպքում:

 Սույն գործի փաստերի համաձայն` Անժելա Գևորգյանի կողմից 23.01.2014 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 04.02.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալու և ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չպարունակելու պատճառաբանությամբ: Այնուհետև Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 12.02.2014 թվականի որոշմամբ Անժելա Գևորգյանի կողմից 12.02.2014 թվականին ներկայացված դիմումի և կից ներկայացված միջնորդության քննարկման արդյունքում որոշել է միջնորդությունը բավարարել և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ: Ընդ որում, սույն գործում առկա չէ 12.02.2014 թվականի դիմումին և դրան կից միջնորդությանը Անժելա Գևորգյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք:

Հիմք ընդունելով վերը նշվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անժելա Գևորգյանի 23.01.2014 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշումից հետո, 12.02.2014 թվականին ներկայացված դիմումը և դրան կից միջնորդությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի հիմքով վերաքննիչ բողոք դիտվել չեն կարող: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ վարույթ է հարուցվել և վերաքննիչ բողոքի քննություն է իրականացվել առանց դրա համար օրենքով նախատեսված հիմքի, այսինքն` առանց վերաքննիչ բողոքի առկայության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր հարուցել գործի վերաքննիչ վարույթ և վերաքննիչ բողոքի բացակայության պայմաններում վերանայել Դատարանի 19.12.2013 թվականի որոշումը:

 

Ինչ վերաբերում է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նշված դատավարական իրավունքի նորմի խախտման պայմաններում դրանք չեն կարող լինել քննության առարկա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ վերաքննիչ վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը իրավասու չէր հարուցել վերանայման վարույթ և վերանայել Դատարանի՝ «Վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննության առնելու մասին» 19.12.2013 թվականի որոշումը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` «Վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննության առնելու մասին» 19.12.2013 թվականի որոշմանը։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան