Համարը 
N 165-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.03.11/13(1102).1 Հոդ.170.2
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.02.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.08.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, ԽՈՐՀՐԴԻ, ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 165-Ն

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, ԽՈՐՀՐԴԻ, ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

2. Հաստատել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ (այսուհետ՝ հանձնախումբ):

4. Հաստատել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

5. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետը դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին և Հայաստանի համայնքների միության նախագահին՝ տասնհինգօրյա ժամկետում խորհրդի կազմում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ և Հայաստանի համայնքների միությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու նպատակով.

2) խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներգրավվում են մրցութային հիմունքներով.

3) սույն որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ խորհրդի կազմում չընդգրկվելու դեպքում խորհուրդը համարվում է ձևավորված.

4) խորհրդի կողմից սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան, անկախ փորձագետների ընտրության մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, եթե փորձագետների վարձատրությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այն դեպքում, երբ փորձագետների վարձատրությունն իրականացվում է դոնոր կազմակերպությունների կողմից, փորձագետների ընտրությունն իրականացվում է վերջիններիս հետ համաձայնեցված կարգով.

5) հանձնախմբի նյութատեխնիկական աջակցությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, իսկ աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպել խորհրդում հասարակական կազմակերպությունների ներգրավման աշխատանքները և խորհրդի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2015 թ. մարտի 3
 Երևան

 

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 165-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 165-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ, ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են խորհրդի, հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2. Խորհուրդը՝

1) քննարկում և հավանություն է տալիս հակակոռուպցիոն ռազմավարությանը.

2) ներկայացնում է առաջարկություն հակակոռուպցիոն ռազմավարությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

3) քննարկում և հավանություն է տալիս հակակոռուպցիոն ռազմավարության հիման վրա մշակված ոլորտային ծրագրերին.

4) ներկայացնում է առաջարկություն հակակոռուպցիոն ռազմավարության հիման վրա մշակված ոլորտային ծրագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

5) համակարգում է հակակոռուպցիոն ռազմավարությունից և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից ու հանձնառություններից բխող միջոցառումների իրականացումը, ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացը՝ պետական մարմիններից պահանջելով և ստանալով անհրաժեշտ նյութեր ու տեղեկատվություն, կազմակերպելով և անցկացնելով հանդիպումներ, քննարկումներ, լսումներ, քննարկելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրները և առաջարկելով դրանց լուծման հնարավոր տարբերակներ.

6) հսկողություն է իրականացնում հակակոռուպցիոն ռազմավարությունից և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից ու հանձնառություններից բխող միջոցառումների կատարման, ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացի նկատմամբ՝ ներկայացնելով առաջարկություններ պատասխանատու մարմիններին, պահանջելով հաշվետվություններ և վերլուծություններ, կազմակերպելով ու անցկացնելով քննարկումներ, հանդիպումներ, լսումներ.

7) քննարկում է հակակոռուպցիոն ծրագրերի գնահատման (մոնիթորինգի) արդյունքները և հանձնախմբի կողմից ամփոփված հաշվետվությունների հիման վրա առաջարկություններ ներկայացնում պատասխանատու մարմիններին.

8) կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում համագործակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտը ներկայացնող կազմակերպությունների, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող ինստիտուտների հետ, այդ թվում` համակարգված հանդիպումների միջոցով: Ընդ որում, համակարգված հանդիպումների ժամանակ քննարկումներ են տեղի ունենում իրականացված միջոցառումների, խնդիրների, հնարավոր լուծումների վերաբերյալ՝ միաժամանակ ապահովելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև պատշաճ հաղորդակցություն և արդյունավետ համագործակցություն: Քննարկումների արդյունքում ներկայացված կարծիքները խորհուրդը կարող է ներառել իր նախապատրաստած առաջարկությունների մեջ.

9) հաստատում է խորհրդի աշխատակարգը.

10) հաստատում է հանձնախմբի աշխատակարգը.

11) սահմանում է փորձագետների ընտրության կարգը, ինչպես նաև վերջիններիս ներկայացվող չափանիշները:

3. Խորհրդի` հանձնախմբի կողմից ամփոփված հաշվետվությունների հիման վրա պատասխանատու մարմիններին ներկայացրած առաջարկությունները կենսագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ պատասխանատու մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերով: Խորհրդի առաջարկությունները կարող են հիմք ծառայել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի համար:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

5. Խորհրդի գործունեությունը հիմնված է օրինականության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:

6. Խորհրդի կազմում մրցութային հիմունքներով ներգրավվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ)՝ նկատմամբ կիրառվում է ռոտացիայի սկզբունքը: Հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

7. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա գործունեության փորձ.

2) որոնց կանոնադրության մեջ կոռուպցիայի դեմ պայքարը նշված է որպես գործունեության ուղղություն.

3) ունեն հակակոռուպցիոն ոլորտի առնվազն վերջին հինգ տարվա համագործակցության փորձ միջազգային կազմակերպությունների հետ.

4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ նշված ոլորտին վերաբերող իրականացրած առնվազն 5 ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.

5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր:

8. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո տասնօրյա ժամկետում նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում:

9. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա են խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են նիստը նախագահողը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետը:

11. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե խորհրդի որևէ անդամ խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է խորհրդի որոշմանը, և դրա մասին գրառում է կատարվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

12. Խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքը.

2) խորհրդի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում խորհրդի գործունեության, այդ թվում՝ համակարգված հանդիպումների արդյունքների, ձեռնարկված քայլերի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն.

4) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը կամ նիստերի վարումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.

5) առաջադրում է օրակարգը, որը քննարկվելիք այլ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերով խորհրդի անդամներին է հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

13. Խորհրդի անդամը՝

1) մասնակցում է խորհրդի նիստերին.

2) ներկայացնում է առաջարկություն խորհրդի օրակարգում ներառվելիք հարցերի, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա հիման վրա մշակված ոլորտային ծրագրերի, ինչպես նաև խորհրդի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.

3) իրականացնում է խորհրդի որոշումներից և սույն կարգով սահմանված խորհրդի լիազորություններից բխող այլ գործառույթներ:

14. Խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում խորհրդի անդամը տեղեկացնում է խորհրդի նախագահին: Խորհրդի անդամի՝ խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում խորհրդի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում վերջինիս փոխարինման հարցը խորհրդի նախագահը ներկայացնում է խորհրդի քննարկմանը: Խորհրդի համապատասխան որոշման առկայության դեպքում խորհրդի նախագահը դիմում է խորհրդի տվյալ անդամին առաջադրած կամ խորհրդի տվյալ անդամին նշանակելու իրավասություն ունեցող մարմնին՝ հարցին լուծում տալու, անհրաժեշտության դեպքում տվյալ անձին փոխարինելու հարցը լուծելու համար, կամ սահմանված կարգով նախաձեռնում է մրցույթ:

15. Խորհրդի հրավերով խորհրդի նիստին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ անձինք:

16. Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը:

 

IV. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

 

17. Հանձնախումբը՝

1) աջակցում է հակակոռուպցիոն ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի նախագծերի մշակմանը, առաջարկություններ է ներկայացնում խորհրդին ռազմավարությունում և (կամ) հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

2) իրականացում է ծրագրերի մոնիթորինգ, գնահատում, ամփոփում է ծրագրերի իրականացման մասին հաշվետվությունները.

3) նախապատրաստում է հաշվետվություններ, զեկույցներ ծրագրերի կատարման վիճակի մասին և առաջարկություններ ներկայացնում խորհրդին.

4) խորհրդի կողմից նախանշված, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված ոլորտներում իրականացնում է կոռուպցիայի դրսևորումների և պատճառների ուսումնասիրություն, վերլուծություն ու դրանց առավել արդյունավետ լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացում.

5) խորհրդի հանձնարարությամբ իրականացնում են միջոցառումներ՝ կոռուպցիայի կանխարգելման հարցերով հասարակության գիտելիքների ընդլայնմանն ու տարածմանը նպաստելու համար` մասնակցելով տեղեկատվական և կրթական նյութերի պատրաստման աշխատանքներին, հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, իրականացնելով այլ գործառույթներ: Այս գործառույթն իրականացնելիս՝ հանձնախումբը համագործակցում է պետական մարմինների, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հետ.

6) կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում ապահովում է խորհրդի համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, տեղական գործարար ոլորտը ներկայացնող կազմակերպությունների, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող ինստիտուտների հետ.

7) խորհրդի հանձնարարությամբ մշակում է ուղեցույցներ և ներկայացնում խորհրդի հավանությանը, պատասխանատու մարմիններին ցուցաբերում է մեթոդական և այլ աջակցություն.

8) իրականացնում է Խորհրդի կողմից տրված այլ հանձնարարություններ:

18. Հանձնախումբն իր գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում խորհրդին:

19. Փորձագետը՝

1) մասնակցում է հակակոռուպցիոն ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի մշակմանը.

2) մասնակցում է ծրագրերի մոնիթորինգի իրականացման, գնահատման և ծրագրերի իրականացման գործընթացներին.

3) նախապատրաստում է իր մասնագիտացման ոլորտի վերաբերյալ հաշվետվություններ.

4) նախապատրաստում է զեկույցներ՝ իր մասնագիտացման ոլորտային ծրագրերի կատարման վիճակի վերաբերյալ.

5) ներկայացնում է առաջարկություններ՝ իր մասնագիտացման ոլորտում առկա խնդիրները լուծելու վերաբերյալ.

6) ուսումնասիրում և վերլուծում է իր մասնագիտացման ոլորտում կոռուպցիայի դրսևորումները և պատճառները.

7) ներկայացնում է իր մասնագիտացման ոլորտում կոռուպցիայի դրսևորումների և պատճառների առավել արդյունավետ լուծմանն ուղղված առաջարկություններ.

8) մասնակցում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կազմակերպված գիտաժողովներին, աշխատաժողովներին, կլոր սեղաններին, քննարկումներին և այլն.

9) մասնակցում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կրթական ծրագրերի, տեղեկատվական նյութերի, ուղեցույցների մշակմանը.

10) իրականացնում է հանձնախմբի համար սահմանված այլ գործառույթներ.

11) իրականացնում է աշխատանքային պայմանագրով սահմանված այլ գործառույթներ:

20. Փորձագետի լիազորությունները դադարում են աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով: Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումն իրականացվում է խորհրդի համաձայնությամբ:

 

 V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺԻՆԸ

 

21. Խորհրդի և փորձագիտական հանձնախմբի կազմակերպատեխնիկական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը (այսուհետ՝ մոնիթորինգի բաժին) իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ապահովում է խորհրդի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) կազմակերպում է փորձագիտական հանձնախմբի աշխատանքները և ապահովում փորձագետների կապը ոլորտային պետական լիազոր մարմինների պատասխանատուների հետ.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների, ծրագրի, հաշվետվությունների և միջազգային պայմանագրերով կոռուպցիայի դեմ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների մոնիթորինգ.

4) հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ և դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնում խորհրդին.

5) իրականացնում է հակակոռուպցիոն ռազմավարությամբ, հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերով և այլ իրավական ակտերով հաստատված (սահմանված) հակակոռուպցիոն ծրագրերին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ.

6) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև տեղական և միջազգային ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ, այդ թվում՝ քննարկումներ, կլոր սեղաններ, տեղեկատվական նյութերի և ուղեցույցների տարածում, որոնք կնպաստեն հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան