Համարը 
ՍԴՈ-1196
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.03.25/15(1104) Հոդ.196
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվը 
17.03.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԵՎ ՍՈՖՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 414.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 մարտի 2015 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԵՎ ՍՈՖՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 414.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/`

դիմող Վ. Մկրտիչյանի ներկայացուցիչ Ռ. Այվազյանի, դիմող Ս. Թորոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Վալենտինա Մկրտիչյանի և Սոֆյա Թորոսյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

 Գործի քննության առիթը քաղաքացիներ Վ. Մկրտիչյանի և Ս. Թորոսյանի` համապատասխանաբար 02.12.2014թ. և 19.01.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Սահմանադրական դատարանի 24.02.2015թ. ՍԴԱՈ-9 աշխատակարգային որոշմամբ «Քաղաքացի Սոֆյա Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և «Քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը միավորվել են։

Ուսումնասիրելով միավորված գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից: Հետագայում այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 404-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով»: Իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն` 1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները»:

 Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը» վերտառությամբ 407-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը: Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)»:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը» վերտառությամբ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է հետևյալ իրավակարգավորումը. «2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` … 2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ»:

 

2. Միավորված գործերի դատավարական նախապատմությունները հանգում են հետևյալին.

դիմողներից Վալենտինա Մկրտիչյանը 08.04.2014թ. բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 26.03.2013թ. որոշումը վերացնելու վերաբերյալ: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 06.05.2014թ. որոշմամբ Վալենտինա Մկրտիչյանի 08.04.2014թ. բողոքը մերժել է: Դիմողն ընդհանուր իրավասության դատարանի` 06.05.2014թ. որոշման դեմ 19.05.2014թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 06.08.2014թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2014թ. որոշումը թողել ուժի մեջ: Դիմողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 06.08.2014թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 03.10.2014թ. որոշմամբ Վալենտինա Մկրտիչյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:

Դիմողներից Սոֆյա Թորոսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` քննիչի որոշումը վերացնելու պահանջով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր` 21.07.2014թ. որոշմամբ բավարարել է դիմողի պահանջը: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 20.08.2014թ. որոշմամբ բավարարել է Շիրակի մարզի դատախազության դատախազի վերաքննիչ բողոքը: Դիմող Սոֆյա Թորոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.08.2014թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 22.10.2014թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:

 

3. Դիմողներից Վալենտինա Մկրտիչյանի կարծիքով` օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը, 407-րդ հոդվածի 5-րդ մասը և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին:

 Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի` օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առկայության պայմաններում պետք է լրացուցիչ ներդրումներ կատարել էլեկտրոնային կրիչ պատրաստելու համար, իսկ նման պայմաններում օրենսդիրը չի սահմանել սոցիալական ծանր վիճակում գտնվող անձանց աջակցելու հնարավորություն:

Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի, փաստորեն, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում, քանի որ փոխվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի, 407-րդ հոդվածի և 414.1-րդ հոդվածի դրույթները, ինչի հետևանքով իրական արգելք է առաջացել դատարանի մատչելիության համար:

Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրությամբ ամրագրված` իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքը, քանի որ այդ օգնությունը չի կարող պարտադրված լինել: Դիմողն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ փաստաբանի մեկ ստորագրության համար ինքն ի վիճակի չէ վճարել այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքն ինքն է գրել: Դիմողի կարծիքով` ՀՀ վճռաբեկ դատարանին բողոքարկման ենթակա ակտերը բացառապես փաստաբանի միջոցով ներկայացնելու օրենսդրական պահանջի պայմաններում անհրաժեշտ է օրենքով կարգավորել փաստաբանների կողմից անվճար հիմունքներով երաշխավորված իրավաբանական օգնության տրամադրման որևէ մեխանիզմ` անկախ կողմի նյութական դրությունից: Ներկա օրենսդրական կարգավորման պայմաններում անհամաչափորեն սահմանափակվում է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը:

Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի` օրենսգրքի 404-րդ հոդվածի, 407-րդ հոդվածի և 414.1-րդ հոդվածի դրույթները «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներ են, և այդ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

Դիմողներից Սոֆյա Թորոսյանի կարծիքով` օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը և 407-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19 և 20-րդ հոդվածներին այն հիմնավորմամբ, որ դրանք, ըստ դիմողի, սահմանափակում են անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացման հնարավորությունը և հակասում են 19-րդ հոդվածում ամրագրված` անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անձի իրավունքների պաշտպանության համար գործի արդարացի քննության իրավունքին։

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, փաստարկում է, որ վճռաբեկ դատարանում դիմողի շահերը որակավորում ունեցող փաստաբանի կողմից ներկայացվելու պահանջը չի կարող ինքնին համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածին հակասող, և այդպիսի ընթացակարգ սահմանելն արդարացված է ավելի գրագետ բողոքներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Հարցին անդրադառնալով փաստաբանի և հավատարմագրված փաստաբանի միջև նմանությունների և տարբերությունների տեսանկյունից և վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 որոշումը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը և, մասնավորապես, այդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի` անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է բողոքների կազմումը, պատասխանողն ընդգծում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով էականորեն ընդլայնվեցին անվճար իրավաբանական օգնության և անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակները: Ըստ պատասխանողի` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածում նշված կատեգորիաների մեջ չընդգրկված ցանկացած անվճարունակ ֆիզիկական անձ ևս կարող է օգտվել անվճար իրավաբանական օգնությունից:

Հարցին անդրադառնալով միջոցի և հետապնդվող նպատակի միջև համաչափության տեսանկյունից` պատասխանողն արձանագրում է, որ այդպիսի միջոցի ընտրությունը պայմանավորված է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի խստացումով, ինչը պահանջում է անհրաժեշտ չափով իրավական գիտելիքներ:

Ամփոփելով` պատասխանողը գտնում է, որ նախ` վճռաբեկ դատարանում իրավունքների պաշտպանությունից օգտվելու` դատավարության մասնակցի հնարավորությունը, ինչպես նաև դատավարության կողմերի իրավահավասարությունը կախման մեջ չի դրվել անձի ֆինանսական հնարավորություններից, քանի որ, ի տարբերություն հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի, տվյալ դեպքում օրենսդրությամբ սահմանվել են բավարար երաշխիքներ, որպեսզի փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորվի յուրաքանչյուր անձի համար` անկախ նրա ֆինանսական հնարավորություններից, երկրորդ` խնդրո առարկա իրավապայմանը համաչափ է հետապնդվող նպատակին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ պատասխանողը փաստարկում է, որ վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջներն ինքնանպատակ չեն, այլ իրենց տրամաբանության մեջ ուղղված են վճռաբեկ դատարանի գործառույթների արդյունավետ իրականացմանը և թելադրված են գիտության ու տեխնիկայի զարգացմամբ:

Վկայակոչելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքը` պատասխանողը գտնում է, որ էլեկտրոնային կրիչը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը պահպանելու և փոխանցելու համար պիտանի կրիչի ցանկացած տեսակ է, և դրա տեսակներն օրենսդրությամբ չեն կոնկրետացվել` նպատակ հետապնդելով տալ ընտրության լայն հնարավորություն և նվազագույնի հասցնել էլեկտրոնային կրիչի ձեռքբերման կապակցությամբ կատարվելիք ծախսերը:

Պատասխանողը հիմնավոր չի համարում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն էլեկտրոնային կրիչ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորելը, քանի որ, ըստ պատասխանողի, վճռաբեկ բողոքի ներկայացումն ինքնին բողոքաբերից որոշակի ծախսեր է պահանջում` կապված, ի թիվս այլնի, պետական տուրքի և բողոքի պատճենները գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու հետ: Իսկ ֆինանսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար օրենսդիրը նախատեսել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, որը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի ուժով, ի թիվս այլնի, ներառում է բողոքների կազմումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առնչությամբ պատասխանողը փաստարկում է, որ դրանով ամրագրված է բողոքն առանց քննության թողնելու հիմքերից մեկը: Ի տարբերություն բողոքը վերադարձնելու հիմքերի, այս հիմքի դեպքում բողոքը չի վերադարձվում և ժամկետ չի տրամադրվում բողոքում առկա թերությունները շտկելու և բողոքը կրկին անգամ ներկայացնելու համար: Վճռաբեկ բողոքը փաստաբանի միջոցով ներկայացնելու պահանջի չպահպանումը տվյալ դեպքում համարվում է բողոքարկման կարգի խախտում և արգելակում է բողոքարկման ընթացակարգը:

 

5. Հաշվի առնելով ՍԴՈ-1192 գործով և սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճերի միջև որոշակի ընդհանրությունը` սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասով, 407-րդ հոդվածի 5-րդ մասով և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամրագրված իրավական պահանջների նշանակությունը` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքների երաշխավորվածությունը և լիարժեք իրացման անհրաժեշտ կառուցակարգերի ապահովումը,

- ՀՀ վճռաբեկ դատարան բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու օրենսդրական կարգավորման համակարգային տրամաբանությունն ու իրավաչափ նշանակությունը՝ հաշվի առնելով նաև փաստաբանի միջոցով իրավունքների դատական պաշտպանության ինստիտուտի էության ու բովանդակության, դրա օրենսդրական կարգավորման սահմանադրականության խնդիրների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765, ՍԴՈ-833 և ՍԴՈ-1192 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները,

- վեճի առարկա հիմնախնդրի առնչությամբ քրեական դատավարության առանձնահատկությունները:

 

6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուսումնասիրության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում շահագրգիռ անձինք են հանդիսանում, ի թիվս այլոց, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը, նրա ներկայացուցիչը, ինչպես նաև դիմողը: Ընդ որում, կասկածյալն օրենքով նախատեսված դեպքերում օրենքի ուժով համարվում է արդարացված, իսկ մեղադրյալն օրենքով նախատեսված դեպքերում օրենքի ուժով համարվում է ամբաստանյալ, դատապարտյալ կամ արդարացված, ինչից բխում է, որ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակում ներառված են նաև ամբաստանյալը, դատապարտյալը և արդարացվածը:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

Օրենսգրքի` վերը ներկայացված դրույթների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուսումնասիրության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ քրեական դատավարությունում միայն փաստաբանի միջոցով անձանց օրինական շահերը ներկայացնելու և նրանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու պարտադիր պայմանը վերաբերում է բացառապես կասկածյալին և մեղադրյալին: Ընդ որում, վերջիններս, համաձայն օրենսգրքի, համապատասխանաբար` 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 65-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ունեն ինչպես պաշտպանի միջոցով, այնպես էլ ինքնուրույն պաշտպանվելու իրավունք` բացառությամբ պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերի, երբ անվճար հիմունքներով տրամադրվում է իրավաբանական օգնություն:

Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ օրենսգիրքը «պաշտպան» եզրույթն օգտագործելով բացառապես կասկածյալի, մեղադրյալի, ներառյալ` ամբաստանյալի, դատապարտյալի և արդարացվածի համար, «ներկայացուցիչ» եզրույթն օգտագործելով դատավարության մյուս մասնակիցների և դիմողների համար, 404-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսելով միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու իրավունքը` 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում վճռաբեկ բողոքի ստորագրմանը և վճռաբեկ բողոքին կցվող փաստաթղթերին վերաբերող դրույթներում օգտագործում է «ներկայացուցիչ» եզրույթը: Հնարավոր տարընկալումներից զերծ մնալու նկատառումներից ելնելով` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ներկայացուցչին առնչվող դրույթները վերաբերելի են փաստաբանին:

 

7. Անդրադառնալով սույն որոշման 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու և գնահատելու խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանը սույն գործով ևս վերահաստատում է իր ՍԴՈ-765, ՍԴՈ-833 և ՍԴՈ-1192 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ, մասնավորապես, ՍԴՈ-765 և ՍԴՈ-833 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները լիարժեք չեն իրացվել հետագա օրենսդրական փոփոխությունների ընթացքում, գտնում է, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների առնչությամբ: Դա վերաբերում է հատկապես այն սկզբունքային մոտեցմանը, երբ առաջադրված իրավաչափ նպատակը պետք է իրացվի իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման շրջանակներում: Այս պարագայում վերջինս ենթադրում է, որ օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, և դրա արդյունքում չապահովելով անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։

ՀՀ սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը միանշանակ ճանաչում է յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը` ինչն օրենքով նախատեսված դեպքերում ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R(2000)21 հանձնարարականն անդամ երկրներին նույնպես առաջարկում է բացառել «տնտեսապես վատ վիճակում գտնվող անձանց» դատարանի մատչելիության իրավունքի հնարավոր արգելափակումը:

 

8. Անդրադառնալով օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթի սահմանադրականության հարցին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ խնդրո առարկա դրույթի և օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների միջև: Այսինքն` օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների վերաբերյալ դիմող Վ. Մկրտիչյանի փաստարկները չեն կարող վերաբերելի համարվել նաև օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթի նկատմամբ:

Մասնավորապես, օրենսգրքի 414.1-րդ հոդվածը և դրա 2-րդ մասի 2-րդ կետի դրույթը կարգավորում են այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատարանի մատչելիության իրավունքից օգտվելու համար որոշակի իրավական պահանջները չպահպանելու արդյունքում: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ սույն գործի շրջանակներում բարձրացված սահմանադրաիրավական վեճն առնչվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատարանի մատչելիության իրավունքից օգտվելու համար որոշակի իրավական պահանջների բովանդակության սահմանադրականությանը: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 2-րդ կետն իր բովանդակության մեջ չի ներառում միայն փաստաբանի կողմից դիմում չներկայացնելու բացասական հետևանքը, այլ ներառում է նաև ցանկացած այլ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածում նախատեսված սուբյեկտներից բացի այլ սուբյեկտների կողմից դիմում ներկայացնելու հետևանքները: Նման իրավակարգավորումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև չի հանդիսանում միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու ինստիտուտի ամրագրման անմիջական հետևանք: Այսինքն` եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասով միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահանջ նախատեսված չլիներ, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 2-րդ կետը որևէ կերպ չէր կարող սահմանափակել դատարանի մատչելիության իրավունքը և դիմողի համար առաջացնել որոշակի բացասական հետևանքներ: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 2-րդ կետը չի կարող դիտարկվել որպես դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, մասնավորապես` դատարանի մատչելիության իրավունքը, սահմանափակող նորմ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը` դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։

 2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները` վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին պաշտպան չունեցող և օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը։

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ նախադասությունում ամրագրված` «Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

17 մարտի 2015 թ.

ՍԴՈ-1196