Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110).1 Հոդ.287.5
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
16.12.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
16.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0199/01/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0199/01/13

ԵԿԴ/0199/01/13

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

Դատավորներ`

Ա. Պետրոսյան

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատավորներ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

       
 

քարտուղարությամբ

Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ

   
 

տուժող

Ռ. ՂոնՅԱՆԻ

 

տուժողի ներկայացուցիչ

Ա. ԳևորգՅԱՆԻ

 

 2014 թվականի դեկտեմբերի 16-ին  ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Ռուդիկ Լազրի Բալասանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռ.Բալասանյանի պաշտպան Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում 2013 թվականի ապրիլի 4-ին հարուցվել է թիվ 13139213 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Ռ. Բալասանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Ռ. Բալասանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը 2013 թվականի հոկտեմբերի 14-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի մարտի 31-ի դատավճռով Ռ. Բալասանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» թիվ ԱԺՈ-080-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Ռ. Բալասանյանն ազատվել է նշանակված պատժից:

3. Ամբաստանյալ Ռ. Բալասանյանի պաշտպան Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունիսի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 31-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ռ. Բալասանյանի պաշտպան Ա.Ղազարյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Տուժողներ Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի ներկայացուցիչ Վ.Գևորգյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որտեղ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Ռ. Բալասանյանի արարքում խարդախության հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հաստատված են ապացույցների բավարար համակցությամբ և խնդրել ամբողջությամբ մերժել վճռաբեկ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի որոշումը:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2008 թվականի ապրիլի 12-ի ստացականի (այսուհետ նաև՝ Ստացական) համաձայն՝ «Համլետ Գառնիկի Ալոյանի և Ռոլանդ Սուրենի Ղոնյանի պարտքը Ռուդիկ Լազրի Բալասանյանին 12.04.2008 դրությամբ կազմում է 214.800 (երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր) ԱՄՆ դոլար:

12.04.08թ. ես` Ռուդիկ Բալասանյանս Համլետ Ալոյանից (…) և Ռոլանդ Սուրենի Ղոնյանից (…) ստացա 114.800 (հարյուր տասնչորս հազար ութ հարյուր) ԱՄՆ դոլար:

Համլետ Ալոյանը և Ռոլանդ Ղոնյանը մնում են ինձ պարտք 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 21):

Քրեական գործի նյութերում առկա է նաև Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի կողմից 2008 թվականի ապրիլի 12-ին կազմված գրավոր պարտավորագիր (այսուհետ նաև՝ Պարտավորագիր) այն մասին, որ նրանք Ռ. Բալասանյանին պարտք են 100.000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար, որը պարտավորվում են վերադարձնել 2008 թվականի նոյեմբերի 10-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 20):

6. 2011 թվականի սեպտեմբերի 7-ին Ռ. Բալասանյանն իր լիազոր ներկայացուցչի` փաստաբան Սարգիս Խաչատրյանի միջոցով հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով Ռ.Ղոնյանից և Հ.Ալոյանից հօգուտ իրեն բռնագանձել 151.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից` 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես 2008 թվականի ապրիլի 12-ի պարտավորագրում նշված պարտքի մայր գումար, իսկ 51.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես մայր գումարի նկատմամբ կետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումար (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 221-225):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 2-ի՝ թիվ ԵԿԴ/2087/02/11 քաղաքացիական գործով վճռով Ռ. Բալասանյանի հայցը մերժվել է (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 114-126):

Ռ. Բալասանյանի և նրա ներկայացուցիչ Նունե Աճեմյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը և հայցը բավարարել մասնակիորեն՝ որոշելով պատասխանողներ Ռ.Ղոնյանից և Հ.Ալոյանից հօգուտ հայցվոր Ռ. Բալասանյանի բռնագանձել 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, և 100.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ 2008 թվականի նոյեմբերի 11-ից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն: Առաջին ատյանի դատարանի վճիռը` տույժի գումարի մերժման մասով, թողնվել է օրինական ուժի մեջ: Ընդ որում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննարկելով նաև պարտավորությունը կատարմամբ դադարած լինելու վերաբերյալ պատասխանողների փաստարկները, հաստատված չի համարել դրանք (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 128-134):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոգրյալ որոշման դեմ Հ.Ալոյանի, Ռ.Ղոնյանի և նրանց ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 23-ի որոշմամբ վերադարձվել է (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 236-240):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի հիման վրա տրվել է կատարողական թերթ: 2013 թվականի մարտի 1-ին հարուցվել է կատարողական վարույթ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 252):

2013 թվականի մայիսի 8-ին Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի ներկայացուցիչ Հ.Օսեփյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, Ռ.Ղոնյանին և Հ.Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն արգելանքից հանելու պահանջի մասին: Նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ, և դրա հիմքով Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ կատարողական վարույթները 2013 թվականի մայիսի 20-ին կասեցվել են (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 168-169):

7. 2013 թվականի օգոստոսի 26-ին Ռ. Բալասանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «(…) լիազորված անձ Սարգիս Խաչատուրի Խաչատրյանի միջոցով 2011թ. սեպտեմբերի 7-ին իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով` 151.500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.565 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել (…) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խարդախության եղանակով փորձելով հափշտակել Ռոլանդ Սուրենի Ղոնյանին և Համլետ Գառնիկի Ալոյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը:

Այսպես, Ռուդիկ Լազրի Բալասանյանը Սյունիքի մարզի Գյարդ-Աջիբաջ-Գեղիի ՋՄԿ խմելու ջրի ջրատարի վրա «Լեռ-ԷՔՍ-ՀԷԿ-2», «Լեռ-ԷՔՍ-ՀԷԿ-4», «Լեռ-ԷՔՍ-ՀԷԿ-6» ՀԷԿ-երի համատեղ կառուցման և շահագործման նպատակով Ռոլանդ Սուրենի Ղոնյանին և նրա դստեր ամուսնուն` Համլետ Գառնիկի Ալոյանին, կանխիկ տվել է համապատասխանաբար` 2005թ. հոկտեմբերի 20-ին` 20.000 ԱՄՆ դոլար, 2005թ. նոյեմբերի 15-ին` 16.200 ԱՄՆ դոլար, 2006թ. ապրիլի 18-ին` 30.000 ԱՄՆ դոլար գումար: Ընդհանուր առմամբ Ռուդիկ Բալասանյանի կողմից Ռոլանդ Ղոնյանին և Համլետ Ալոյանին կանխիկ տրված 81.200 ԱՄՆ դոլարի վերաբերյալ 2006թ. ապրիլի 26-ին կազմվել է համապատասխան ստացական, որը հաստատվել է Ռոլանդ Ղոնյանի և Համլետ Ալոյանի ստորագրություններով: Հետագայում Ռուդիկ Բալասանյանը որոշել է չշարունակել համատեղ գործունեությունը և պահանջել է վերադարձնել իր տված գումարը հավելավճարով: Ռոլանդ Ղոնյանին ու Համլետ Ալոյանին կանխիկ տրված 81.200 ԱՄՆ դոլարի դիմաց մինչև 2008թ. ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում վերջիններից մաս-մաս ստանալով 196.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, 2008թ. ապրիլի 12-ին նրանցից գրություն է վերցրել ևս 100.000 ԱՄՆ դոլար իրեն պարտք մնալու մասին` հակառակ դեպքում չհամաձայնվելով ստացական գրել 196.000 ԱՄՆ դոլարը ստանալու մասին: 2008թ. դեկտեմբերին Համլետ Ալոյանից իր դստեր ամուսնու` Թորոս Թորոսյանի միջոցով 10.000 ԱՄՆ դոլար, իսկ 2010թ. գարնանը պայմանավորվածության համաձայն Ռոլանդ Ղոնյանից և Համլետ Ալոյանից ստանալով ևս 60.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար` որպես 2008թ. ապրիլի 12-ի ստանձնած պարտավորության ողջ մարում, Ռոլանդ Ղոնյանին և Համլետ Ալոյանին չվերադարձնելով 2008թ. ապրիլի 12-ի ամսաթվով գրությունը` լիազորված անձ Սարգիս Խաչատուրի Խաչատրյանի միջոցով 2011թ. սեպտեմբերի 7-ին իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով 151.000 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.595 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որում նշվել է, որ պատասխանողները չեն կատարել 2008թ. ապրիլի 12-ի պարտավորագրով ստանձնած իրենց պարտավորությունները, այդ կերպ վստահությունը չարաշահելու եղանակով փորձել է հափշտակել Ռոլանդ Ղոնյանին և Համլետ Ալոյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը, սակայն իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԵԿԴ/2087/02/11 քաղաքացիական գործով 2012թ. հուլիսի 2-ին վճիռ է կայացրել Ռուդիկ Լազրի Բալասանյանի հայցն ընդդեմ Ռոլանդ Սուրենի Ղոնյանի և Համլետ Գառնիկի Ալոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին մերժելու վերաբերյալ, իսկ Ռուդիկ Բալասանյանի, որպես հայցվորի ներկայացուցչի` Նունե Աճեմյանի կողմից թիվ ԵԿԴ/2087/02/11 քաղաքացիական գործի վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա թեև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2012թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ մասնակի բեկանել և փոփոխել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. հուլիսի 2-ի վճիռը` որոշելով Ռոլանդ Ղոնյանից և Համլետ Ալոյանից համապարտությամբ հօգուտ Ռուդիկ Բալասանյանի բռնագանձել 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, 100.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ սկսած 2008թ. նոյեմբերի 11-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել տոկոսներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսներին համապատասխան, սակայն 2013թ. մայիսի 8-ին Ռոլանդ Ղոնյանի և Համլետ Ալոյանի ներկայացուցիչ Հայկ Օսեփյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, Ռոլանդ Ղոնյանին և Համլետ Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, որն ընդունվել է վարույթ և որի հիմքով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի վարույթում գտնվող և Ռոլանդ Ղոնյանի ու Համլետ Ալոյանի գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ թիվ 01/02-1304/13 և թիվ 01/02-1303/13 կատարողական վարույթները 2013թ. մայիսի 20-ին կասեցվել են: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 289-303):

8. Դատաքննության արդյունքներով դատարանը հաստատված է համարել, որ. «(…) ամբաստանյալ Ռուդիկ Բալասանյանը տուժողներ Ռոլանդ Ղոնյանի և Համլետ Ալոյանի վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունք է ձեռք բերել վերջիններիս առանձնապես խոշոր չափի գույքի` 151.500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.595 ՀՀ դրամ գումարի նկատմամբ: (…)

Դատարանի համոզմամբ ամբաստանյալ Ռ. Բալասանյանի արարքը համապատասխանում է խարդախության հանցակազմի ավարտված տեսակին, այսինքն՝ պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քանի որ թեև տուժողների գումարն ամբաստանյալ Ռ. Բալասանյանի տիրապետման տակ փաստացի չի անցել, սակայն վերջինիս, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտին հասցնել իր հանցավոր դիտավորությունը, այն է` իրավունք ձեռք բերել տուժողների գույքի` պարտավորագրում նշված գումարի և դրա տոկոսների չափով առանձնապես խոշոր չափի այլ գումարի նկատմամբ` հաշվի առնելով այն, որ այդ գույքի նկատմամբ Ռ. Բալասանյանի սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունքը հաստատվել է դատական իշխանության մարմնի` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Դատարանը նաև արձանագրում է, որ (…) իրավասու չէ իր նախաձեռնությամբ անդրադառնալ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխմանը, քանի որ այդ պարագայում ևս դուրս կգա դատական քննության սահմաններից, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի ամբաստանյալ Ռ. Բալասանյանի վիճակի վատթարացմանը և վերջինիս պաշտպանության իրավունքի խախտման:

Դատարանը փաստում է, որ վերոնշյալ պայմաններում ամբաստանյալ Ռ. Բալասանյանը քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

(…)

Դատարանը փաստում է, որ`

- ամբաստանյալ Ռ. Բալասանյանը մինչ մեղսագրվող արարքի կատարումը` տուժողներ Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի հետ ընդհանուր համատեղ ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնելու և տևական ժամանակ գործակցելու, առանց փաստաթղթային ձևակերպման կամ այդպիսի ձևակերպմամբ վերջիններիս առձեռն գումարներ տրամադրելու և ետ ստանալու ուժով ձեռք է բերել բարեխիղճ և վստահելի գործընկերոջ համբավ և վայելել տուժողներ Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի վստահությունը: (…) Տուժող Ռ.Ղոնյանի և ամբաստանյալ Ռ. Բալասանյանի փոխադարձ վստահության վերոնշյալ հարաբերությունների բնույթը հաշվի առնելով` Դատարանը փաստում է, որ 60.000 ԱՄՆ դոլար գումարը ևս տուժող Ռ.Ղոնյանը կարող էր Ռ. Բալասանյանին հանձնել (ըստ դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքների` հանձնել է) առանց պարտքը մարելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ, այդ թվում` վերջինիս 2008թ. ապրիլի 12-ին տված պարտավորագրի բնօրինակը ետ ստանալու՝ ավելի ուշ այն Ռ. Բալասանյանից ևս ստանալու ակնկալիքով:

(…)

- Տուժողների 151.500 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունք ձեռք բերելուց առաջ ամբաստանյալ Ռ. Բաղդասարյանի մոտ արդեն իսկ ձևավորվել և առկա էր շահադիտական նպատակը, քանի որ վերջինս գիտակցում էր տուժողների 40.000 պարտքը ներելու նախապայմանով 60.000 ԱՄՆ դոլարն առձեռն, ինչպես նաև բանկային փոխանցմամբ ստացված 20.000.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումարները ստանալու, 2010թ. ապրիլի 12-ի պարտավորագրով տուժողների ստանձնած 100.000 ԱՄՆ դոլարի պարտավորությունը պատշաճ և ամբողջությամբ կատարվելու հիմքով փոխառության պայմանագրի դադարեցման, հետևաբար՝ վերոնշյալ պարտավորագրում նշված գումարի և տույժերի չափով տուժողների այլ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու իր հավակնությունների և այն պահանջելու ակնհայտ անհիմն (կրկնակի) լինելու բնույթը, սակայն սկսել և տրամաբանական ավարտին է հասցրել խարդախությամբ տուժողների գույքի` ևս 151.500 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունք ձեռք բերելուն ուղղված իր հանցավոր գործողությունները:

 [Փ]աստացի դադարած փոխառության պայմանագրի պայմաններում մարված վերոնշյալ պարտավորագրի օգտագործմամբ` Ռ. Բալասանյանը չարաշահել է տուժողներ Ռ. Ղոնյանի և Հ. Ալոյանի վստահությունը, որը պայմանավորված էր`

- վերջիններիս կողմից գումարն ու փոխհատուցումն ամբողջությամբ վերադարձնելու, դրանով իսկ Ռ. Բալասանյանի հետ գումարային պարտքուպահանջի հարցը հանգուցալուծվելու (պարտավորության պատշաճ կատարմամբ փոխառության պայմանագրի դադարման փաստը գիտակցելու) փաստով, ինչպես նաև

- այդ գումարները ստացած և առձեռն Ռ. Բալասանյանին փոխանցած վերջինիս լիազորած անձ Վարդան Կարապետյանի բանավոր երաշխիքներով, ով շարունակաբար վստահեցրել է, որ 100.000 ԱՄՆ դոլարի պարտավորագիրը չի կարող վերադարձնել Ռ. Բալասանյանի՝ ՌԴ-ում գտնվելու պատճառով, պարտավորվել է այն վերադարձնել ավելի ուշ, միաժամանակ, Ռ. Բալասանյանի ներազդեցությամբ անձամբ հայտնվելով բարեխիղճ մոլորության մեջ, տուժողներին հավաստիացրել է, որ հետագայում էլ գումարային որևէ խնդիր Ռ. Բալասանյանի հետ չի կարող առաջանալ:

- Նույն ժամանակահատվածում 20.000.000 ՀՀ դրամի պարտքը մարելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթը` փոխադարձ պայմանավորվածությունների մասին 2010թ. ապրիլի 28-ի ակտը, ևս տուժողներին էր տրվել վերջիններիս կողմից Ռ. Բալասանյանի պարտքի վերոնշյալ մասը փաստացի մարելուց հետո, դարձյալ Վ.Կարապետյանի միջոցով:

Դատարանը փաստում է, որ վերոնշյալ հանգամանքները տուժողներին ողջամտորեն հիմքեր են տվել վստահել ամբաստանյալ Ռ. Բալասանյանին և պարտքն ամբողջությամբ մարելուց հետո անհրաժեշտ հետևողականություն չցուցաբերել 100.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ պարտավորագիրը պարտքի մարման պահին նրանից հետ պահանջելու և ստանալու կամ նոր ստացական վերցնելու խնդրով:

(…) Դատարանը փաստում է, որ տուժողների գույքի նկատմամբ իրավունքին խարդախությամբ տիրանալու շահադիտական նպատակը և դիտավորությունը, պայմանավորված հափշտակության առարկայի` գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու առանձնահատկությամբ, ամբաստանյալ Ռ. Բալասանյանի մոտ ծագել է ոչ թե վերոնշյալ պարտավորագիրը պահանջելուց և ստանալուց առաջ, այլ պարտավորության պատշաճ կատարմամբ փոխառության պայմանագրի դադարումից հետո ըստ էության ամբողջությամբ մարված նույն պարտավորագիրն անհիմն պատրվակով գործով տուժողներին չվերադարձնելու պահից, քանի որ Ռ. Բալասանյանն այն չի վերադարձրել շահադիտական նպատակով, մարված այդ պարտավորագրի օգտագործմամբ տուժողների հավելյալ գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ: (…)

Ամբաստանյալ Ռ. Բալասանյանի շահադիտական նպատակի, հետևաբար` նաև խարդախություն կատարելու ուղղակի դիտավորության առկայության մասին է վկայում նաև այն փաստը, որ վերջինս առաջին ատյան ներկայացված հայցադիմումում, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննության ընթացքում պահանջել է պարտավորագրում նշված ողջ գումարը՝ 100.000 ԱՄՆ դոլարը և դրա տույժերը` թաքցնելով ոչ միայն պարտավորագրում նշված գումարից 40.000 ԱՄՆ դոլարի պարտքը ներելու, 60.000 ԱՄՆ դոլարն իրեն վերադարձվելու փաստերը, այլև պարտավորության ծագման իրական նախապատմությունը:

(...)

- տուժողներ Ռ. Ղոնյանը և Հ. Ալոյանը որոշակի ուշացմամբ, սակայն ըստ էության ամբողջությամբ կատարել են այդ պարտավորագրով ստանձնած պարտավորությունները, այն է՝ գործով ամբաստանյալ Ռ. Բալասանյանի հետ ձեռք բերած փոխադարձ համաձայնության շրջանակներում 2010թ. ապրիլ-մայիս ամիսների դրությամբ 40.000 ԱՄՆ դոլար պարտքի ներման պայմանով տուժողները Վ. Կարապետյանի միջնորդությամբ անձամբ Ռ. Բալասանյանին կամ նրա կնոջ հայր Ա. Քոչարյանի միջոցով հանձնել են ընդհանուր 60.000 ԱՄՆ դոլար գումար:

Տվյալ պայմաններում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ և 431-րդ հոդվածների համաձայն, պարտավորությունը համարվում է դադարած, և պարտատերը, տվյալ դեպքում` ամբաստանյալ Ռ. Բալասանյանը պարտավոր էր պարտապանների, տվյալ դեպքում` տուժողների պահանջով նրանց տալ պարտավորությունը լրիվ (կամ համապատասխան մասով) ստանալու մասին ստացական: Սույն գործով հաստատվել է, որ նման պահանջ տուժողների կողմից Ռ. Բալասանյանին ներկայացվել է Վ. Կարապետյանի միջոցով, ինչը սակայն չի կատարվել:

(...)

Ակնհայտ է, որ պարտավորագրի բնօրինակը կամ նոր ստացականը տուժողներին չտրամադրելու, մարված պարտավորագիրը պահպանելու համար գործով ամբաստանյալ Ռ. Բալասանյանը չի գործել քրեական օրենքով արգելված որևէ արարք և մինչև դատական կարգով այդ պարտավորագրի օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը կողմերի փոխհարաբերություններն ենթակա էին կարգավորման, ենթադրաբար խախտված իրավունքները` վերականգնման, մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով, ինչը բխում է Լիա Ավետիսյանի վերաբերյալ 2011թ. փետրվարի 24-ի ԵԿԴ/0176/01/09 քրեական գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման ոգուց և բովանդակությունից: Սակայն 2011թ. սեպտեմբերի 7-ին Ռ. Բալասանյանը խարդախությամբ տուժողների առանձնապես խոշոր չափի այլ գույքի նկատմամբ սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ մարված պարտավորագիրը ներկայացրել է առաջին ատյանի դատարան, որի փաստով այդ իրավահարաբերությունները դուրս են եկել մասնավոր իրավունքի կարգավորման տիրույթից, հետևաբար` ամբաստանյալ Ռ. Բալասանյանի հանցավոր գործողությունների հետևանքով Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի խախտված սեփականության իրավունքն ենթակա է վերականգնման արդեն հանրային տիրույթում` քրեական և քրեադատավարական ընթացակարգով (…):

Դատարանն արձանագրում է, որ խախտված գույքային իրավունքները մասնավոր տիրույթում իրապես վերականգնելու անհնարինության գիտակցման փաստով է պայմանավորված այդ իրավունքների վերականգնումն հանրային տիրույթում փնտրելու տուժողներ Ռ.Ղոնյանի և Հ. Ալոյանի ցանկությունը և այդ հարցն սույն քրեական գործի շրջանակներում քննության առնելու և լուծելու օբյեկտիվ անհրաժեշտություն: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 84-92):

9. 2014 թվականի մարտի 31-ի մեղադրական դատավճռի հիմքում Առաջին ատյանի դատարանը դրել է գործով ձեռք բերված հետևյալ ապացույցները` ամբաստանյալ Ռ. Բալասանյանի, տուժողներ Ռ. Ղոնյանի և Հ. Ալոյանի, վկաներ Վ. Կարապետյանի, Ա. Քոչարյանի ցուցմունքները, «Ղ-Տելեկոմ» և «ԱրմենՏել» ՓԲԸ-ից ստացված` Ռ.Ղոնյանի, Հ.Ալոյանի և Ռ. Բալասանյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները զննելու մասին արձանագրությունները, ապացույց ճանաչված` «Ռուդմետ» և «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ների («ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ), Ռ. Բալասանյանի, Ռ. Ղոնյանի, Հ. Ալոյանի, Վ. Կարապետյանի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքները, ինչպես նաև սույն որոշման 6-րդ կետում հիշատակված`քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 67-80):

10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 2014 թվականի հունիսի 5-ի որոշմամբ մերժել է Ռ. Բալասանյանի և նրա պաշտպան Ա. Ղազարյանի վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 31-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ` ըստ էության կրկնելով Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 63-95):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի, մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 358-րդ, 360-րդ, 365-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 9-րդ և 178-րդ հոդվածների խախտումներ:

Վերոշարադրյալ փաստարկները բողոք բերած անձը հիմնավորել է նրանով, որ ստորադաս դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել ամբաստանյալ Ռ. Բալասանյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները` առանց որևէ օբյեկտիվ պատճառաբանության համարելով դրանք ոչ արժանահավատ, չի համադրել դրանք գործով հետազոտված մյուս ապացույցների հետ:

12. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նաև Ռ. Բալասանյանի արարքի քրեաիրավական որակմանը: Մասնավորապես, վկայակոչելով խարդախության հանցակազմի քրեաիրավական վերլուծությանը վերաբերող Լ.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-32-րդ կետերը` բողոքաբերը եզրահանգել է, որ Ռ. Բալասանյանի և տուժողների միջև առկա են քաղաքացիական իրավահարաբերություններ, որոնք արդեն իսկ լուծում են ստացել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Բողոք բերած անձը, մասնավորապես, փաստարկել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են Վճռաբեկ դատարանի` վերը հիշատակված գործով արտահայտած այն դիրքորոշումը, որ արարքը խարդախություն որակելու համար քրեական գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ պետք է հիմնավորվի, որ անձը նպատակադրված չի եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները և ցանկացել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը: Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվում վերոգրյալը, ապա անձի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, հետևաբար նրան պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով:

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ Ռ. Բալասանյանի մեղքն իրեն մեղսագրվող հանցանքի կատարման մեջ ապացուցված չէ, և հիմնավոր չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ վերջինս կատարել է խարդախություն:

13. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունիսի 5-ի որոշումը, քրեական գործի վարույթը կարճել և Ռ. Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման շրջանակներում քրեաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունների սահմանազատման խնդրի պարզաբանումն է: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ռ. Բալասանյանի արարքում առկա են առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) հանցակազմի հատկանիշներ:

16. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

16.1. Դատական պաշտպանության իրավունքն իրավունքների պաշտպանության միջոցների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Այն անձի անօտարելի իրավունքներից է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Որպես այդպիսին՝ դատական պաշտպանության իրավունքը ճանաչվում և երաշխավորվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ուժով արդար դատաքննությունն իրականացվում է անկախ, անաչառ և օրենքի հիման վրա ստեղծված իրավասու դատարանի կողմից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունն ընդգրկում է ոչ միայն ինքնին դատարանի գոյության իրավական հիմքը, այլ նաև դատարանի կողմից իր կառավարման որոշակի կանոնների պահպանումը (տե՛ս Sokurenko and Strygun v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29456/04, կետ 24): Զենդի գործով Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) դիրքորոշում է արտահայտել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» եզրույթը ենթադրում է դատարանների կազմակերպական ամբողջ կառուցվածքը՝ ներառյալ որոշակի տեսակի դատարանների իրավասության շրջանակներում ընդգրկվող հարցերի շրջանակը (տե՛ս Zand v. Austria, գանգատ թիվ 7360/76, Հանձնաժողովի 1978 թվականի հոկտեմբերի 12-ի զեկույցը):

16.2. Արդարադատության իրականացման սկզբունքները տարածվում են դատավարության բոլոր տեսակների, այդ թվում՝ քրեական և քաղաքացիական դատավարությունների վրա՝ անկախ այն նյութական իրավահարաբերությունների բնույթից և առանձնահատկություններից, որոնք կանխորոշում են յուրաքանչյուր դատավարության առարկան: Միևնույն ժամանակ այդ առանձնահատկություններով, ինչպես նաև քննվող գործերի բնույթով, կիրառվող սանկցիաների էությամբ և նշանակությամբ, դրանց իրավական հետևանքներով պայմանավորվում է դատավարության և գործերի առանձին տեսակների համար կիրառելի դատական պաշտպանության միջոցների և գործընթացների նախատեսումը:

Դատավարության յուրաքանչյուր տեսակի քննության առարկայի առանձնահատկություններից ելնելով էլ որոշվում է իրավասու դատարանը, ինչպես նաև համապատասխան գործերով ապացուցման դատավարական կանոնների առանձնահատկությունը՝ ներառյալ ապացույցներ ներկայացնելու և դրանք հետազոտելու կարգը:

Մասնավորապես, քրեաիրավական բնույթի հարաբերությունների վերաբերյալ գործերը քննվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատարանը քրեական հետապնդման մարմին չէ, հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում (6-րդ հոդվածի 22-րդ կետ, 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր), իսկ մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը (18-րդ հոդվածի 2-րդ մաս): Միևնույն ժամանակ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել նույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (18-րդ հոդվածի 4-րդ մաս):

Քաղաքացիաիրավական բնույթի հարաբերությունների վերաբերյալ գործերը քննվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Քաղաքացիադատավարական օրենսդրությունն իր հերթին ելնում է այն սկզբունքից, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մաս): Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մաս):

Քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական և քրեաիրավական ու քրեադատավարական հարաբերությունների հարաբերակցության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լիա Ավետիսյանի գործով որոշմամբ՝ դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ. «(…) եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից: Այլ կերպ` ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ» (տե՛ս Լիա Արտյոմի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 30-րդ կետը):

17. Վերահաստատելով և 16-16.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և վերլուծությունների լույսի ներքո զարգացնելով Լիա Ավետիսյանի գործով արտահայտած և նախորդ կետում մեջբերված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործերի քննության շրջանակներում դատարանն իրավասու չէ քրեական դատավարության կարգով քննություն իրականացնել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու ուղղությամբ և հաստատել այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստեր: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը հիմնավորվում է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ: Հակառակ դեպքում քրեական վարույթ իրականացնող դատարանը դուրս կգա իր իրավասության սահմաններից, արդյունքում կխաթարվի քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը: Այս առումով անհրաժեշտ է նաև նշել, որ իր իրավասությունների սահմանազանցում թույլ տված դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող հանդիսանալ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» վիճարկվող դատավարության առնչությամբ (տե՛ս Sokurenko and Strygun v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29456/04, կետ 28): Արդյունքում կխախտվի անձի արդար դատաքննության իրավունքը:

Ավելին, կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր: Վերջին իրավիճակն անթույլատրելի է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, ինչը, հանդիսանալով իրավունքի գերակայության հիմնարար տարրերից մեկը, պահանջում է, ի թիվս այլնի, որ եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս Brumarescu v. Romania գործով Մեծ պալատի 1999 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռ, գանգատ թիվ 28342/95, 61-րդ կետը)

18. Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ խարդախության վերաբերյալ գործերով քրեական դատավարության կարգով քաղաքացիաիրավական բնույթի հարաբերությունների (վեճի) պարզման ուղղությամբ քննություն իրականացնելու դատարանի իրավասությանը:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում խարդախության, այն է՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված խարդախությունն առանձնապես խոշոր չափերով կատարելը:

Խարդախության հանցակազմի իրավական վերլուծությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Լ. Ավետիսյանի և Վ. Մաթևոսյանի գործերով կայացրած որոշումներում:

Մասնավորապես, Լ.Ավետիսյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի իմաստով վերոնշյալ հանցավոր ներգործությունն իրականացվում է խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով: Ասինքն՝ օբյեկտիվ կողմից խարդախության հանցակազմը դրսևորվում է կատարման հատուկ եղանակով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով:

(…) Խաբեությունը գույքի սեփականատիրոջը կամ գույքը տիրապետողին մոլորության մեջ գցելու նպատակով իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրումն է կամ ճշմարտության մասին լռելը: Այսպիսով, խաբեությունը դրսևորվում է հետևյալ երկու եղանակով՝

ա) իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրում,

բ) ճշմարտության մասին լռել:

(…)

Վստահությունը չարաշահելն ուրիշի գույքին տիրանալու կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելու նպատակով հանցավորի կողմից, նրա և գույքի սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի միջև ձևավորված վստահության հարաբերությունների օգտագործումն է: Արարքը խարդախություն որակելու համար բավարար չէ, որ անձն իր արարքներով կամ որոշակի հանգամանքների բերումով տուժողի մոտ վստահություն վայելի, այլ անհրաժեշտ է, որպեսզի վերջինս համոզի տուժողին իրեն փոխանցել գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները:

Հանցագործի նկատմամբ տուժողի վստահությունը կարող է ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքեր ունենալ: Այլ կերպ` հանցավորի և տուժողի միջև առկա՝ վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են բխել ինչպես նրանց միջև առկա պայմանագրից, լիազորագրից և այլն, այնպես էլ առաջանալ հանցավորի և գույքը հանձնողի անձնական հարաբերություններից, հանցավորի կողմից նախկինում դրսևորած վարքագծից, հանցավորի անձնավորությունից և այլն:

(…) օբյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:

(…) Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:

(…) Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:

(…) Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:

Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:

 (…) խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը.

բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները (գույքը փոխանցել, կատարել վարկային պարտավորությունը, պարտքը վերադարձնել և այլն) չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը» (տե՛ս Լիա Արտյոմի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-26.2.-րդ և 29-րդ կետերը):

Վ. Մաթևոսյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) խարդախությունը և քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտումն օբյեկտիվ կողմի հատկանիշներով հաճախ համընկնում են: Հետևաբար, այստեղ պետք է նկատի ունենալ, որ խարդախությունը` որպես հանցագործություն, քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքերից տարբերվում է սուբյեկտիվ կողմով: Մասնավորապես՝ խարդախությունը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, ինչը ենթադրում է, որ հանցավորը գիտակցում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև նախատեսում և ցանկանում է դա:

Միևնույն ժամանակ խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքին կամ գույքային իրավունքին տիրանալը հանցավորը նպատակ է ունենում հափշտակել այն, չվերադարձնել գույքը, չկատարել խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները: Մինչդեռ քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքում անձը նման նպատակ չի ունենում:

(…) խարդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորել, որ հանցավորը դիտավորություն է ունեցել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:

Այն դեպքում, երբ առկա է մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտում, ապա նշվածը որպես խարդախություն որակելու համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ անձն ի սկզբանե նպատակ չի ունեցել իրականացնելու գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման հետ կապված իր վրա վերցրած պարտավորությունները:

(…) Անձի կողմից խարդախություն կատարելու դիտավորության առկայության մասին, մասնավորապես, կարող են վկայել պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կամ տեխնիկական միջոցների, համապատասխան արտոնագրերի բացակայությունը, հանցավորի կողմից կեղծ փաստաթղթերի, երաշխավորագրերի օգտագործումը, ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելը, կեղծ ձեռնարկություն ստեղծելը, որը հանդես է եկել որպես պայմանագրի կողմ և այլն:

(…) վերը նշված փաստական հանգամանքների հետ մեկտեղ յուրաքանչյուր դեպքում, գործով ձեռք բերված ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ, պետք է հիմնավորվի, որ անձը նպատակադրված չի եղել իրականացնելու իր վրա վերցված քաղաքացիաիրավական պարտավորությունները և ցանկացել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել ուրիշին պատկանող գույքը:

Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվում վերոգրյալը, ապա անձի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, հետևաբար նրան պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով» (տե՛ս Վարդան Մարատի Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը):

19. Վերահաստատելով խարդախության հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները և սույն որոշման 17-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո զարգացնելով դրանք՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմն արտահայտվում է մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտմամբ, քրեական գործի շրջանակներում դատարանն իրավասու չէ քննարկել և լուծել քաղաքացիաիրավական պարտավորության առկայության կամ բացակայության վերաբերյալ վեճ: Քննարկվող գործերով մասնավոր-իրավական պայմանագրի կամ այլ տեսակի քաղաքացիաիրավական պարտավորության խախտման առկայության դեպքում դատարանի իրավասությունը սահմանափակված է հանցակազմի մնացած հատկանիշները, այդ թվում՝ օբյեկտիվ կողմի մյուս հատկանիշները՝ հանցագործության կատարման եղանակը (խաբեությունը և վստահությունը չարաշահելը), հետևանքը, պատճառահետևանքային կապն արարքի և հետևանքի միջև, սուբյեկտիվ կողմը (ուղղակի դիտավորություն, շահադիտական նպատակ) բնութագրող հանգամանքները պարզելով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վերջին դիրքորոշումը կողմերի միջև քաղաքացիաիրավական վեճի բացակայության դեպքում չի սահմանափակում քրեական գործի շրջանակներում քաղաքացիաիրավական գործարքները որպես գրավոր ապացույցներ գնահատելու վարույթ իրականացնող մարմնի լիազորությունը:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

ա) Ռ. Ղոնյանի հաղորդման հիման վրա 2013 թվականի ապրիլի 4-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որի շրջանակներում Ռ. Բալասանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս «լիազորված անձ Ս.Խաչատրյանի միջոցով (…) իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով` 151.500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.565 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել (…) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խարդախության եղանակով փորձելով հափշտակել Ռոլանդ Սուրենի Ղոնյանին և Համլետ Գառնիկի Ալոյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը).

բ) ամբաստանյալի և տուժողների ցուցմունքների համաձայն՝ նրանց միջև առկա է վեճ 2008 թվականի ապրիլի 12-ին կազմված ստացականում նշված 100.000 ԱՄՆ դոլար պարտքը հետագայում վերադարձնելու, մասնավորապես` 100.000-ի փոխարեն 60.000 ԱՄՆ դոլար վճարելու պայմանավորվածություն ձեռք բերելու և այդ գումարը Վ.Կարապետյանի միջոցով վերադարձնելու հարցի շուրջ (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 289-303).

գ) 2011 թվականի սեպտեմբերի 7-ին Ռ. Բալասանյանն իր լիազոր ներկայացուցչի միջոցով դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտավորագրում նշված պարտքի մայր գումար, և ևս 51.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես մայր գումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումար: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հուլիսի 2-ի վճռով Ռ. Բալասանյանի հայցը մերժվել է: Նշված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատական ակտը և հայցը բավարարել մասնակի: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոգրյալ որոշման դեմ Հ.Ալոյանի, Ռ.Ղոնյանի և նրանց ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունվարի 23-ի որոշմամբ վերադարձվել է: Ընդ որում, Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա է դարձվել և ապացուցված չի համարվել նաև սույն գործով տուժողների փաստարկն այն մասին, որ Պարտավորագրով ստանձնած իրենց պարտավորությունը դադարել է կատարմամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով 2013 թվականի մարտի 1-ին հարուցվել է կատարողական վարույթ: 2013 թվականի մայիսի 8-ին Ռ. Ղոնյանի և Հ.Ալոյանի ներկայացուցիչ Հ. Օսեփյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, Ռ. Ղոնյանին և Հ. Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն արգելանքից հանելու պահանջի մասին: Նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ, և դրա հիմքով Ռ .Ղոնյանի և Հ. Ալոյանի գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ կատարողական վարույթները 2013 թվականի մայիսի 20-ին կասեցվել են (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը).

դ) քրեական գործի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը հաստատված են համարել 2008 թվականի ապրիլի 12-ի պարտավորագրով 100.000 ԱՄՆ դոլար պարտքից 40.000 ԱՄՆ դոլար պարտքը ներելու, 60.000 ԱՄՆ դոլար վճարելու պայմանավորվածություն ձեռք բերելու և այդ գումարը տուժողների կողմից Վ. Կարապետյանի միջոցով ամբաստանյալ Ռ. Բալասանյանին վերադարձնելու, դրա հետևանքով գումար վճարելու պարտավորությունը կատարմամբ դադարելու փաստերը և եզրահանգել, որ «ամբաստանյալ Ռ. Բալասանյանը տուժողների վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունք է ձեռք բերել վերջիններիս առանձնապես խոշոր չափի գույքի` 151.500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.595 ՀՀ դրամ գումարի նկատմամբ» (տե՛ս սույն որոշման 8-րդ և 10-րդ կետերը):

Վերոգրյալ փաստերից հետևում է, որ խարդախության հանցակազմի առկայության մասին ստորադաս դատարանների հետևություններն ու դատական ակտերի հիմքում դրված ապացույցների վերլուծությունն առավելապես վերաբերում են 2008 թվականի ապրիլի 12-ի Պարտավորագրում նշված գումարը վերադարձնելու մասին կողմերի միջև առկա վեճին: Ստորադաս դատարանները կողմերի միջև եղած գումարային վեճը փորձել են լուծել և, ըստ այդմ, անձի ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացրել են քրեաիրավական միջոցներով: Մասնավորապես, դատարանները քննություն են իրականացրել ամբաստանյալի և տուժողների միջև Պարտավորագրի հիման վրա ծագած պարտավորությունների առկայության հարցի կապակցությամբ, հաստատված համարել պարտավորության մի մասը՝ 40.000 ԱՄՆ դոլար գումարը, պարտքը ներելու հիմքով, մնացած մասը՝ 60.000 ԱՄՆ դոլար գումարը, պարտավորությունը կատարելու հիմքով դադարելու, ինչպես նաև տուժողների կողմից ամբաստանյալին պարտքային փաստաթուղթը վերադարձնելու պահանջ ներկայացնելու փաստերը: Ընդ որում, ուշագրավ է, որ քրեադատավարական ընթացակարգով տուժողների և վկաների ցուցմունքների հիման վրա հաստատված համարելով նշված փաստերը՝ դատարանները հղում են կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ և 431-րդ հոդվածներին:

20.1. Նախորդ կետում վերլուծված փաստերը գնահատելով սույն որոշման 17-րդ և 19-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Դատարանի կողմից հաստատված վերոնշյալ իրավաբանական փաստերը քաղաքացիաիրավական բնույթի վեճի առարկան են կազմում, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննարկելու և հաստատելու իրավասությամբ վերջինս օժտված չէր: Այսինքն` տուժողների ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով արդեն իսկ գործադրված քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական գործիքակազմը փոխարինվել է քրեաիրավական և քրեադատավարական միջոցներով: Ավելին՝ այդ փաստերի կապակցությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով իրավասու դատարանի կողմից իրականացվել է քննություն և դրանք ապացուցված չեն համարվել օրինական ուժի մեջ մտած և կատարման համար պարտադիր դատական ակտով:

Վերոգրյալից հետևում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածների խախտում:

21. Անդրադառնալով Ռ. Բալասանյանին մեղսագրվող արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին ստորադաս դատարանների մնացած հետևություններին (տե՛ս սույն որոշման 8-րդ և 11-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերում հանցագործության օբյեկտիվ կողմի նկարագրությունը չի պարունակում հստակ փաստեր առ այն, թե ամբաստանյալի կոնկրետ որ գործողություններն են տուժողներին գցել մոլորության մեջ, որի արդյունքում նրանք կամավոր կերպով իրենց սեփականությունը հանդիսացող գույքը կամ այդ գույքի նկատմամբ իրավունքները հանձնել են Ռ. Բալասանյանին կամ չեն խոչընդոտել վերջինիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը վերցնելուն: Այսինքն` պարզ չէ, թե Ռ. Բալասանյանի արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը հանդիսացող վստահությունը չարաշահելու եղանակը ինչում է դրսևորվել:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ ստորադաս դատարանները հաստատված համարելով, որ Ռ. Բալասանյանը ձեռք է բերել տուժողների վստահությունը, պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի ցուցմունքներն այն մասին, որ նախկինում Ռ. Բալասանյանի և իրենց միջև պարտքը վերադարձնելու մասին փաստաթուղթ գրելու հետ կապված նույնպես խնդիր է առաջացել, որը դրսևորվել է Ռ. Բալասանյանի կողմից մինչ այդ իրեն առձեռն տված գումարը ստանալու մասին ստացական գրելուց հրաժարվելով:

21.1. Անդրադառնալով Ռ. Բալասանյանին մեղսագրվող արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության մասին ստորադաս դատարանների հետևություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակազմի նշված տարրի առկայությունը ստորադաս դատարանները հիմնավորել են հետևյալով. «Դատարանը փաստում է, որ տուժողների գույքի նկատմամբ իրավունքին խարդախությամբ տիրանալու շահադիտական նպատակը և դիտավորությունը, պայմանավորված հափշտակության առարկայի` գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու առանձնահատկությամբ, ամբաստանյալ Ռ. Բալասանյանի մոտ ծագել է ոչ թե վերոնշյալ պարտավորագիրը պահանջելուց և ստանալուց առաջ, այլ պարտավորության պատշաճ կատարմամբ փոխառության պայմանագրի դադարումից հետո ըստ էության ամբողջությամբ մարված նույն պարտավորագիրն անհիմն պատրվակով գործով տուժողներին չվերադարձնելու պահից, քանի որ Ռ. Բալասանյանն այն չի վերադարձրել շահադիտական նպատակով, մարված այդ պարտավորագրի օգտագործմամբ տուժողների հավելյալ գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մեջբերված հիմնավորումից հետևում է, որ ստորադաս դատարանները որպես դիտավորության և շահադիտական նպատակի ծագման պահ են ընդունել պատշաճ կատարմամբ փոխառության պայմանագրի դադարումից հետո ըստ էության ամբողջությամբ մարված պարտավորագիրն անհիմն պատրվակով գործով տուժողներին Ռ. Բալասանյանի կողմից չվերադարձնելու պահը:

Մյուս կողմից, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ «(…) պարտավորագրի բնօրինակը կամ նոր ստացականը տուժողներին չտրամադրելու, մարված պարտավորագիրը պահպանելու համար գործով ամբաստանյալ Ռ. Բալասանյանը չի գործել քրեական օրենքով արգելված որևէ արարք և մինչև դատական կարգով այդ պարտավորագրի օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելը կողմերի փոխհարաբերություններն ենթակա էին կարգավորման, ենթադրաբար խախտված իրավունքները` վերականգնման, մասնավոր իրավունքի տիրույթում` քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով» և որ «2011թ. սեպտեմբերի 7-ին Ռ. Բալասանյանը խարդախությամբ տուժողների առանձնապես խոշոր չափի այլ գույքի նկատմամբ սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ մարված պարտավորագիրը ներկայացրել է առաջին ատյանի դատարան, որի փաստով այդ իրավահարաբերությունները դուրս են եկել մասնավոր իրավունքի կարգավորման տիրույթից, հետևաբար` ամբաստանյալ Ռ. Բալասանյանի հանցավոր գործողությունների հետևանքով Ռ.Ղոնյանի և Հ.Ալոյանի խախտված սեփականության իրավունքը ենթակա է վերականգնման արդեն հանրային տիրույթում` քրեական և քրեադատավարական ընթացակարգով» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Դատարանի նման եզրահանգումից էլ հետևում է, որ մինչև հայցադիմումով դատարան դիմելը Ռ. Բալասանյանը քրեական օրենքով արգելված որևէ արարք չի գործել, տուժողների գույքը հափշտակելու դիտավորություն չի ունեցել, և տուժողների հետ նրա իրավահարաբերությունները ենթակա են եղել կարգավորման զուտ քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական միջոցներով:

Վերոնշյալից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների միջև առկա է ներքին հակասություն, որի արդյունքում պարզ չէ՝ ի վերջո որ պահից է ծագել տուժողներին խաբելու կամ նրանց վստահությունը չարաշահելու եղանակով նրանց գույքը հափշտակելու կամ դրա նկատմամբ իրավունք ձեռք բերելու ամբաստանյալի դիտավորությունը:

21.2. Սույն որոշման 18-19-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները Ռ. Բալասանյանին մեղսագրվող արարքում խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերի առկայությունը պարզելիս պատշաճ չեն գնահատել գործի բոլոր փաստական հանգամանքները, անտեսել են Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքը, որի արդյունքում Ռ. Բալասանյանի կողմից տուժողների առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փորձ կատարելու մասին իրենց հետևությունները հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չեն հիմնավորել:

22. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ նախաքննական մարմինը Ռ. Բալասանյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա «լիազորված անձ Ս.Խաչատրյանի միջոցով (…) իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով` 151.500 ԱՄՆ դոլարին համարժեք 56.165.565 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել (…) դատարան` խարդախության եղանակով փորձելով հափշտակել [տուժողներին] պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), մինչդեռ ստորադաս դատարանները նրան մեղավոր են ճանաչել այն բանի համար, որ «(...) տուժողներ Ռոլանդ Ղոնյանի և Համլետ Ալոյանի վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ սեփականության և այն հարկադրաբար պահանջելու իրավունք է ձեռք բերել վերջիններիս առանձնապես խոշոր չափի գույքի` (...) նկատմամբ» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Այսինքն՝ ստորադաս դատարանները, փոփոխելով մեղադրանքի փաստական կողմի նկարագրությունը, հաստատված են համարել, որ Ռ. Բալասանյանը կատարել է ավարտված խարդախություն: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ «(…) իրավասու չէ իր նախաձեռնությամբ անդրադառնալ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փոփոխմանը, քանի որ այդ պարագայում ևս դուրս կգա դատական քննության սահմաններից, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի ամբաստանյալ Ռ. Բալասանյանի վիճակի վատթարացմանը և վերջինիս պաշտպանության իրավունքի խախտման», փաստել է, որ «(…) ամբաստանյալ Ռ. Բալասանյանը քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել իր նախադեպային որոշումներում ձևավորած և բազմիցս վերահաստատած այն դիրքորոշումը, որ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը: Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը և թե՛ վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը» (տե՛ս Արթուր Սերոբյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշումը, ի թիվս այլոց Արկադի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 23-րդ կետը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, փոփոխելով Ռ. Բալասանյանին առաջադրված մեղադրանքի փաստական կողմի նկարագրությունը, մասնավորապես, հաստատված համարելով նրա կողմից ավարտված հանցագործություն կատարելը, դուրս են եկել մեղադրանքի սահմաններից՝ թույլ տալով Ռ. Բալասանյանի պաշտպանության իրավունքի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդված) խախտում:

24. Սույն որոշման 20.1-րդ, 21.2-րդ և 23-րդ կետերում շարադրված եզրահանգումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Ռ. Բալասանյանի արարքում առկա են առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) հանցակազմի հատկանիշներ, հիմնավորված և պատճառաբանված չեն:

25. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 19-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածները, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված դատավարական իրավունքի խախտումները, որոնք կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Նոր քննության ընթացքում անհրաժեշտ է գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում պարզել սույն որոշմամբ արձանագրված հակասությունները, վերացնել թույլ տրված թերությունները և դրանց արդյունքներով օրենքով սահմանված կարգով հանգել համապատասխան հետևության:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ռուդիկ Լազրի Բալասանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունիսի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Ս. ՕՀԱՆՅԱՆ