Համարը 
N 5
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.05.15/12(524)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
30.04.2015
Ստորագրող մարմինը 
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 ապրիլի 2015 թ.

N 5

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարողները նույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:

ԱԱՀ-ի հաշվարկի ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևերը, դրանց լրացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 14-ի N 1423-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2034-Ն հրամանով:

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին անդամակցելու հետ կապված Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքներից ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված համապատասխան կարգավորումներ սահմանված են պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» 18-րդ հավելվածով ներկայացված արձանագրությամբ («Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն), «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

ԱԱՀ-ի հաշվարկմանը և վճարմանը վերաբերվող կարգավորումների շրջանակներում համապատասխան տեղեկատվությունը պետք է արտացոլվի նաև ԱԱՀ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով և նպատակ ունենալով պարզաբանելու ԱԱՀ-ի հաշվարկի լրացման հետ կապված որոշ հարցեր` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման դեպքում` ապրանքների արտահանման գործարքների շրջանառությունը (արտահանման մաքսային արժեքը) լրացվում է ապրանքների փաստացի արտահանման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ հաշվարկի 9-րդ կետում: Ընդ որում, ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների շրջանառությունը` ապրանքների արտահանման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկի 9-րդ կետում արտացոլելուց հետո ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենք) 3-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը` օրենքով սահմանված ժամկետներում:

2. Այն դեպքերում, երբ ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների նկատմամբ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի համաձայն առաջադրվում (հաշվարկվում) է ԱԱՀ պարտավորություն, արտահանման գործարքի շրջանառության (արտահանման մաքսային արժեքի) նկատմամբ կիրառելով 20 % դրույքաչափ, արտահանման գործարքի շրջանառությունը և դրա հիման վրա հարկային մարմնի կողմից առաջադրված (հաշվարկված) ԱԱՀ-ի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ԱԱՀ-ի հաշվարկի 11-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում չեն արտացոլվում:

3. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով` ապրանքների փաստացի ներմուծելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է օրենքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց ներմուծման համար ԱԱՀ չի գանձվում), իսկ [Բ] վանդակում՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարը:

«Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ներկայացրած գրավոր ծանուցագրի հիման վրա` ծանուցագրում նշված հարկման բազայի 80 տոկոսի և հարկ վճարողի կողմից հաշվարկված հարկման բազայի տարբերությունից ԱԱՀ-ի հաշվարկման դեպքում, ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հարկման բազայի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում՝ այդ տարբերությունից հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Հարկման բազայի տարբերությունը և այդ տարբերությունից հաշվարկվող ԱԱՀ-ի գումարները արտացոլվում են ծանուցագրի ներկայացման օրը կամ ծանուցագրի ներկայացման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում:

4. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկային մարմիններին վճարման ենթակա, ինչպես նաև «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հարկման բազաների տարբերությունից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, որոնք չեն վճարվել տվյալ հաշվետու ժամանակաշրջանում և որոնց մասով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն հետաձգվում է մինչև վճարման պահը, լրացվում են ԱԱՀ-ի հաշվարկի 16.1-րդ կետում (ձեռքբերված ապրանքների մասով դեբետի հետաձգում):

5. ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով ներմուծման հարկային հայտարարագրերում (այդ թվում՝ ճշտված ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկային մարմիններին վճարած ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում, արտացոլվում է ԱԱՀ-ի այդ գումարների վճարման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկի 16.2-րդ կետում (ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները արտացոլելով 16.2 տողի [Ա] վանդակում` որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացում):

6. ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված և Օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն հարկային մարմիններին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգված ապրանքների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասին համապատասխան ԱԱՀ-ի վճարման պարտավորություն առաջանալու դեպքում ԱԱՀ-ի հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը: ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով ևս ԱԱՀ հաշվարկի 18-րդ կետը հաշվարկին չի մասնակցում:

 

Նախարար`

Գ. Խաչատրյան