Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.16
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.04.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵՄԴ/0563/02/12 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական 

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0563/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0563/02/12

2015 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Միություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 3.594.050 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձվող գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 22.11.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 3.594.050 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման շրջանակներում կատարված վճարումների գումար, ինչպես նաև 3.594.050 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 22.11.2011 թվականից մինչև գումարն ամբողջությամբ հայցվորին փաստացի վճարման օրը` հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.12.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 24.09.2013 թվականի վճիռը մասնակիորեն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարների հաշվարկի և բռնագանձման մասով, բեկանվել և փոփոխվել է՝ որոշվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 3.594.050 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը` սկսած 11.07.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը: Վճիռը՝ մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին, և Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վթարի ենթարկված «ՎԱԶ 21070-120-20» մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված է եղել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիր (այսուհետ՝ ԱՊՊԱ պայմանագիր) (թիվ SD 012931 վկայագիր), որը գործել է վթարի պահին: Սույն գործով ներկայացված հայցի փաստական հիմքը հայցվորի և պատասխանողի միջև 12.07.2011 թվականին «կնքված» թիվ SD 012931 ԱՊՊԱ պայմանագիրն է, որը դրվել է նաև Դատարանի 24.09.2013 թվականի վճռով հայցի բավարարման հիմքում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով անվավեր է ճանաչվել Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD012931 վկայագիրը):

Հետևաբար օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականի ԱՊՊԱ պայմանագրի (թիվ SD012931 վկայագրի) անվավեր ճանաչված լինելու հանգամանքը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է և էական նշանակություն ունի գործի լուծման համար, քանի որ դատական ակտով գումար բռնագանձելու հիմքում դրված է եղել նշված պայմանագիրը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև կնքված թիվ 0706 007-1 լիզինգային պայմանագրով «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշով ավտոմեքենան լիզինգով տրամադրվել է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 9):

2) Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիր (թիվ SD 012931 վկայագիր): Նշված պայմանագրի համաձայն` ապահովագրվել է «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշի ավտոմեքենան, նույնացման համարը` XTA2107007271124 (հատոր 1-ին, գ.թ. 71):

3) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 29.07.2011 թվականին տրված գրության համաձայն` 22.07.2011 թվականին ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Ղուկասյանն իր կողմից վարած «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի աջ կողմի կանաչապատ տարածքում գտնվող ծառին, ինչի հետևանքով վարորդը և մեքենայի դիմացի աջ նստատեղի ուղևորներից մեկը մահացել է, իսկ հետևի նստատեղի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ (հատոր 2-րդ, գ.թ. 77):

4) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» կողմից նշված վթարի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած անձանց վճարվել է 3.594.050 ՀՀ դրամ հատուցում, ինչը որպես վնաս Կազմակերպության կողմից հետվճարման գումարի տեսքով վերադարձվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին» (հատոր 1-ին, գ.թ. 10):

5) Դատարանի 24.09.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Հայցի բավարարման և գումարի բռնագանձման հիմքում դրվել է Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) (հատոր 2-րդ, գ.թ. 175-176):

6) Վերաքննիչ դատարանի 25.12.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ իրականում հայցվորի և պատասխանողի միջև առկա է կնքված ԱՊՊԱ պայմանագիր, այն գտնվում է գործի նյութերում, դատական կարգով վիճարկված և անվավեր ճանաչված չէ, ուստի Ընկերությունը հանդիսանում է ապահովադիր, կրում է դրանից բխող բոլոր իրավական հետևանքները (հատոր 3-րդ, գ.թ. 119-124):

7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ մերժվել է Ընկերության` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 25.12.2013 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը (հատոր 4-րդ, գ.թ. 45):

8) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած (օրինական ուժի մեջ է մտել 15.10.2014 թվականին) թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության`12.07.2011 թվականի ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է և անվավեր է ճանաչվել Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր երևան եկած հանգամանք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/09 որոշումը

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած` թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) անվավեր ճանաչված լինելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիր (թիվ SD 012931 վկայագիր): Նշված պայմանագրի համաձայն` ապահովագրվել է «Վազ 21070-120-20» մակնիշի 845 LL 64 պետական համարանիշի ավտոմեքենան, որը 22.07.2011 թվականին` ժամը 04:30-ի սահմաններում, վթարի է ենթարկվել: Վթարի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած անձանց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի» կողմից վճարվել է 3.594.050 ՀՀ դրամ հատուցում, որը, որպես վնաս, Կազմակերպության կողմից հետվճարման գումարի տեսքով վերադարձվել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին»:

Կազմակերպությունը վերը նշված փաստական հանգամանքների հաշվառմամբ, հիմք ընդունելով նաև 12.07.2011 թվականին կնքված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիրը, դիմել է դատարան ընդդեմ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Դատարանի 24.09.2013 թվականի վճռով Կազմակերպության հայցը` Ընկերությունից հօգուտ Կազմակերպության 3.594.050 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման շրջանակներում կատարված վճարումների գումար, բռնագանձելու և այդ գումարի նկատմամբ սկսած 22.11.2011 թվականից մինչև գումարն ամբողջությամբ հայցվորին փաստացի վճարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է ամբողջությամբ:

Հայցի բավարարման և գումարի բռնագանձման հիմքում դրվել է նաև Կազմակերպության և Ընկերության միջև 12.07.2011 թվականին կնքված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը):

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելիս արձանագրել է, որ «նշված պայմանագիրը, և առհասարակ ցանկացած վիճահարույց գործարք, շարունակում է ուժի մեջ մնալ, քանի դեռ այն անվավեր ճանաչված չէ։ Տվյալ պարագայում առկա չէ որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով անվավեր է ճանաչվել 12.07.2011 թվականին կնքված թիվ SD012931 վկայագիրը, որպիսի պայմաններում այն շարունակում է գործել և համապատասխան իրավունքներ ու պարտականություններ առաջացնել դրա կողմերի համար։ 12.07.2011 թվականին կնքված վկայագրում որպես ապահովադիր է հանդիսանում Ընկերությունը, ուստի վերջինս էլ կրում է ԱՊՊԱ պայմաններով սահմանված պարտավորությունները, քանի դեռ ապահովագրության վկայագիրն օրենքով սահմանված կարգով անվավեր ճանաչված չէ։ Ուստի նշված վկայագիրը դատական կարգով վիճարկված չլինելու պայմաններում որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող ինչպես դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքները, այնպես էլ՝ ավտոմեքենայի իրական սեփականատիրոջ պարզման հանգամանքները, իսկ նման հանգամանքները կարող էին հիմք տալ պատասխանողին սահմանված կարգով վիճարկել պայմանագիրը, ինչը, սակայն, չի կատարվել»։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.12.2013 թվականի որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության`12.07.2011 թվականի ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը) անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է, և անվավեր է ճանաչվել Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված ԱՊՊԱ պայմանագիրը (թիվ SD 012931 վկայագիրը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2014 թվականի թիվ ԵԱՔԴ/0242/02/14 վճռով Ընկերության և Կազմակերպության միջև 12.07.2011 թվականին կնքված պայմանագրի (թիվ SD012931 վկայագիրն) անվավեր ճանաչված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշումը վերանայելու համար՝ նկատի ունենալով, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից պատասխանողի մոտ գումար վճարելու պարտականություն կրելու փաստը հիմնավորվել է հենց այդ պայմանագրի առկայությամբ և այն վիճարկված չլինելու փաստով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
   

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ