Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.9
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.04.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՐԴ1/0956/02/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0956/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0956/02/11

2015 թ.

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ`

Տ. Նազարյան

Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հովհաննես Երիցյանի և Բադալ Պողոսյանի ներկայացուցիչ Արտավազդ Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գայանե Թումասյանի ընդդեմ Հովհաննես Երիցյանի, Վահե Վարդանյանի, Լուսաբեկ Սամվելյանի, Երևանի Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Վաղարշապատ» տարածքային ստորաբաժանման, Բադալ Պողոսյանի` 06.11.2009 և 16.11.2011 թվականների առուվաճառքի պայմանագրերը 1/2 մասով անվավեր ճանաչելու և որպես հետևանք` 1/2 մասով սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե Թումասյանը պահանջել է անվավեր ճանաչել Լուսաբեկ Սամվելյանի և Հովհաննես Երիցյանի միջև 06.11.2009 թվականին կնքված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող տան առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` անվավեր ճանաչել նաև նշված վիճելի տան նկատմամբ Հովհաննես Երիցյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

25.06.2012 թվականին Գայանե Թումասյանը դատարան է ներկայացրել հայցապահանջի չափը փոփոխելու մասին դիմում, որով պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 տան 1/2 բաժնեմասի նկատմամբ, 1/2 մասով անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 տան նկատմամբ 06.11.2009 թվականին Լուսաբեկ Սամվելյանի և Հովհաննես Երիցյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` 1/2 մասով անվավեր ճանաչել Հովհաննես Երիցյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը նշված տան նկատմամբ: Պահանջել է նաև 1/2 մասով անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 տան նկատմամբ Հովհաննես Երիցյանի և Բադալ Պողոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք` 1/2 մասով անվավեր ճանաչել Բադալ Պողոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը նշված տան նկատմամբ, ինչպես նաև պարտավորեցնել Հովհաննես Երիցյանին վերադարձնելու Գայանե Թումասյանի սեփականությունը հանդիսացող շարժական գույքը՝ ըստ ներկայացված ցուցակի, կամ Հովհաննես Երիցյանից հօգուտ Գայանե Թումասյանի բռնագանձել 15.646.000 ՀՀ դրամ` որպես վիճելի բնակարանում թողնված շարժական գույքի գումար:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2013 թվականի որոշմամբ Գայանե Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն բեկանվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.12.2012 թվականի վճիռը` 06.11.2009 և 16.11.2011 թվականների առուվաճառքի պայմանագրերը 1/2 մասով անվավեր ճանաչելու և որպես հետևանք` 1/2 մասով սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու հայցապահանջների մերժման և Գայանե Թումասյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 8.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասերով, և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության: Վճիռը` մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Ֆիդանյան) (այսուհետ` Դատարան) 05.12.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2014 թվականի որոշմամբ Գայանե Թումասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 05.12.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հովհաննես Երիցյանի և Բադալ Պողոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածները, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն փաստերի և ապացույցների ծավալը, որը որոշել է նոր քննության առարկա դարձնել, արդեն իսկ քննվել և բազմակողմանի հետազոտվել ու գնահատվել է առաջին ատյանի դատարանի կողմից: Մասնավորապես` դատարանը լսել է հայցվորի ներկայացուցչին, պատասխանողներին և նրանց ներկայացուցիչներին, երրորդ անձանց ներկայացուցիչներին, հարցաքննել է Վահե Վարդանյանին, որը հայտնել է, որ իրեն Լուսաբեկ Սամվելյանն է տեղեկացրել, որ արդեն 5 տարի բաժանված է կնոջից և ներկայումս ամուսնացած չէ: Վահե Վարդանյանը հայտնել է նաև, որ ինքը տեղյակ չի եղել, որ Լուսաբեկ Սամվելյանն ամուսնացած է եղել, ուստի այդ պատճառով էլ նման հայտարարություն է տվել նոտարական գրասենյակում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հովհաննես Երիցյանի ներկայացուցիչը բազմիցս հայտնել է, որ Հովհաննես Երիցյանը տեղյակ չի եղել Լուսաբեկ Սամվելյանի ամուսնացած լինելու փաստի մասին, ինչպես նաև այն մասին, որ Վահե Վարդանյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հովհաննես Երիցյանը տեղյակ է եղել, որ Վահե Վարդանյանի տված հայտարարությունը չի համապատասխանել իրականությանը, և որ իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանար անշարժ գույքի համասեփականատերերի միջև դրա տնօրինման վերաբերյալ համաձայնության բացակայության մասին:

Ավելին, հայցվորի ներկայացուցիչը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն այլևս որևէ ապացույց չի կարող ներկայացնել դատարանին, որը կարող է հաստատել այն փաստը, որ Հովհաննես Երիցյանը տեղյակ է եղել Լուսաբեկ Սամվելյանի ամուսնացած լինելու մասին:

Վերը նշված քննության ենթակա հարցերի շուրջ իրենց դիրքորոշումներն են հայտնել վարույթի բոլոր մասնակիցները: Դատարանը բազմիցս հարցեր է ուղղել բոլոր կողմերին նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այսինքն` սպառվել են բոլոր այն միջոցները, որոնց օգնությամբ կարելի է պարզել այն փաստերի առկայությունը կամ բացակայությունը, որոնք Վերաքննիչ դատարանը որոշել է նոր քննության առարկա դարձնել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ոչ թե պատասխանողը պետք է ապացուցեր իր տեղյակ չլինելու փաստի մասին, այլ հայցվորը` պատասխանողի տեղյակ լինելու մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.12.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 26 Կոմիսարների շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալութան կողմից 07.12.1984 թվականին տրված ամուսնության վկայականի համաձայն` Լուսաբեկ Սամվելյանը և Գայանե Թումասյանն ամուսիններ են (հատոր 1-ին, գ.թ. 7):

2) Լուսաբեկ Սամվելյանի կողմից Վահե Վարդանյանին 26.10.2009 թվականին տրված լիազորագրի համաձայն` Լուսաբեկ Սամվելյանը լիազորել է Վահե Վարդանյանին իր անվամբ «Միջազգային բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկության ՓԲԸ-ից գնել ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Բաղրամյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքը, իր փոխարեն հանդես գալ նոտարական գրասենյակում, ստորագրել առուվաճառքի պայմանագիրը, հանդես գալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում, իր անվամբ գրանցել վերոհիշյալ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, ստանալ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, որից հետո վաճառել ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Բաղրամյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 10 հասցեում գտնվող անշարժ գույքը, իր փոխարեն հանդես գալ նոտարական գրասենյակում, ստորագրել առուվաճառքի պայմանագիրը, ստանալ առուվաճառքից ստացած գումարները, հանդես գալ քաղաքապետարանում, թաղապետարանում, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում և այլ անհրաժեշտ հիմնարկ ձեռնարկություններում, տալ իր անունից դիմումներ, ստանալ տեղեկանքներ, կատարել վճարումներ, անել հայտարարություններ և բոլոր գործողությունները՝ կապված հանձնարարության հետ: Նշված լիազորագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 8):

3) 30.11.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Լուսաբեկ Սամվելյանը, որի անունից հանդես է եկել լիազորված անձ Վահե Վարդանյանը, «Միջազգային Բիզնես Կենտրոն» համատեղ ձեռնարկություն ՓԲԸ-ից գնել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող տունը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 10-13):

4) 06.11.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Լուսաբեկ Սամվելյանը, որի անունից հանդես է եկել լիազորված անձ Վահե Վարդանյանը, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող տունը վաճառել է Հովհաննես Երիցյանին: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 15):

5) 06.11.2009 թվականի նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ Վահե Վարդանյանը` որպես Լուսաբեկ Սամվելյանի ներկայացուցիչ, Հովհաննես Երիցյանի հետ վիճելի առուվաճառքի պայմանագիրը կնքելու կապակցությամբ հայտնել է, որ անշարժ գույքը ձեռք բերելու պահին Լուսաբեկ Սամվելյանն ամուսնացած չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 100):

6) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 03.11.2009 թվականի թիվ 2379100 վկայականի համաձայն` Լուսաբեկ Սամվելյանը ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 բնակելի տան սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 105):

7) 16.11.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Հովհաննես Երիցյանը ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող տունը վաճառել է Բադալ Պողոսյանին: Նշված տան նկատմամբ գրանցվել է Բադալ Պողոսյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 55, 57):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի, 201-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք համատեղ սեփականության մասնակցի կողմից կնքված գործարքը մյուս մասնակցի պահանջով կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, երբ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն կարող էր իմանալ վաճառողի մոտ գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորության բացակայության փաստի մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վերը նշված իրավադրույթների մեկնաբանությանը, արձանագրել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես` գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ`

1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը,

2. գործարքի մյուս կողմի այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս, Թագուշ Պետրոսյանն ընդդեմ Ժաննա Ղազարյանի թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, Հասմիկ Ղազարյանն ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, Սարգիս Թերզյանի, երրորդ անձ Խորեն Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնը, միաժամանակ նկատի ունենալով, որ վիճելի իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրությունն ապացուցման պարտականության բաշխման որևէ հատուկ դրույթ չի նախատեսել, գտնում է, որ վերը նշված հանգամանքների ապացուցման պարտականությունը և դրանից բխող բացասական հետևանքները կրում է այդ հանգամանքները վկայակոչող կողմը, տվյալ պարագայում՝ հայցվորը:

Սույն գործի փաստերի համաձայն` Լուսաբեկ Սամվելյանը և Գայանե Թումասյանն ամուսիններ են: Լուսաբեկ Սամվելյանը, որի անունից հանդես է եկել լիազորված անձ Վահե Վարդանյանը, 06.11.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող տունը վաճառել է Հովհաննես Երիցյանին: 06.11.2009 թվականի նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ Վահե Վարդանյանը` որպես Լուսաբեկ Սամվելյանի ներկայացուցիչ, Հովհաննես Երիցյանի հետ վիճելի առուվաճառքի պայմանագիրը կնքելու կապակցությամբ հայտնել է, որ անշարժ գույքը ձեռք բերելու պահին Լուսաբեկ Սամվելյանն ամուսնացած չի եղել: Հովհաննես Երիցյանը 16.11.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վերը նշված անշարժ գույքն օտարել է Բադալ Պողոսյանին:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ 06.11.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս Հովհաննես Երիցյանը տեղյակ չի եղել մյուս համասեփականատիրոջ մասին, ինչպես նաև տեղյակ չի եղել տան առուվաճառքի գործարքի վերաբերյալ համասեփականատիրոջ համաձայնության բացակայության մասին, հանգել է այն հետևության, որ 06.11.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքին համապատասխան, հետևաբար և հայցը մերժել է: Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով 16.11.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման անվավերության հիմքերին, արձանագրել է, որ Բադալ Պողոսյանը վիճելի գույքը ձեռք է բերել այդ բնակարանի սեփականատեր Հովհաննես Երիցյանից, ուստի այդ պայմանագիրն անվավեր ճանաչելու որևէ իրավական և փաստական հիմք առկա չէ:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ Դատարանը, եզրահանգելով, որ դատաքննությամբ չի ապացուցվել, որ Հովհաննես Երիցյանը վիճելի առուվաճառքի պայմանագիրը կնքելու ժամանակ իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանար պայմանագրի առարկա անշարժ գույքի համասեփականատերերի միջև դրա տնօրինման վերաբերյալ համաձայնության բացակայության մասին, հետազոտման և գնահատման առարկա չի դարձրել Վահե Վարդանյանի հայտարարությունը, ուստիև գործն ուղարկել է նոր քննության:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով չի հիմնավորվել Հովհաննես Երիցյանի՝ Լուսաբեկ Սամվելյանի և Գայանե Թումասյանի՝ ամուսիններ լինելու փաստի վերաբերյալ տեղեկացված լինելու հանգամանքը: Ավելին, անգամ նման հանգամանքի հաստատումը դեռևս բավարար հիմք չէ ենթադրելու, որ Լուսաբեկ Սամվելյանը համատեղ գույքը տնօրինելու լիազորություն չի ունեցել, քանի որ ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար գործարք կնքելու անհրաժեշտ լիազորության բացակայության մասին: Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Հովհաննես Երիցյանը 06.11.2009 թվականի վիճելի պայմանագիրը կնքելիս իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանար Լուսաբեկ Սամվելյանի մոտ գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորության բացակայության մասին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 11.04.2013 թվականի որոշմամբ առաջին անգամ դատական ակտը բեկանելով և գործի նոր քննության ծավալը սահմանելով, մատնանշել է վերը նշված հանգամանքների պարզման անհրաժեշտությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատարանը գործի նոր քննության փուլում հայցվորին կրկին հնարավորություն է տվել ներկայացնելու իր պահանջը հիմնավորող ապացույցներ, մինչդեռ վերջինս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` որևէ ապացույց չի ներկայացրել: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` Վահե Վարդանյանի` 06.11.2009 թվականի նոտարական կարգով վավերացված հայտարարությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության փուլում նշված ապացույցը հետազոտվել և գնահատվել է Դատարանի կողմից` համապատասխան եզրահանգումներ անելով Դատարանի վճռի պատճառաբանական մասում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ 06.11.2009 թվականի վիճելի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը 1/2 մասով անվավեր ճանաչելու որևէ հիմք, հետևաբար հիմնավոր է Դատարանի եզրահանգումը՝ հայցը նշված պահանջի մասով մերժելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը, միաժամանակ նկատի ունենալով, որ հայցվորը ներկայացրել է նաև 16.11.2011 թվականի առուվաճառքի պայմանագիրը 1/2 մասով անվավեր ճանաչելու և որպես հետևանք` 1/2 մասով սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջներ, որոնք իրենց բնույթով ածանցվում են 06.11.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը 1/2 մասով անվավեր ճանաչելու հիմնական պահանջից, գտնում է, որ հիմնական պահանջի մերժման պայմաններում հիմնավոր են նաև ածանցյալ պահանջների մերժման վերաբերյալ Դատարանի եզրահանգումները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է`հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Նկատի ունենալով, որ Հովհաննես Երիցյանը և Բադալ Պողոսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել են 80.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Երիցյանի և Բադալ Պողոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Գայանե Թումասյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հովհաննես Երիցյանի և Բադալ Պողոսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2013 թվականի վճռին։

2. Գայանե Թումասյանից հօգուտ Հովհաննես Երիցյանի և Բադալ Պողոսյանի բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան