Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.17
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.04.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱԴԴ/0134/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0134/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0134/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան

Դատավորներ`

Կ. Հակոբյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ասյա Դավթյանի, Արմեն Բաղդասարյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Լիանա Բաղդասարյանի, Լուսինե Բաղդասարյանի ընդդեմ Կարինե Սիրեկանյանի` 26.02.2009 թվականին կնքված Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` գրավի պայմանագրի կանոնները կիրառելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կարինե Սիրեկանյանի ընդդեմ Ասյա Դավթյանի, Արմեն Բաղդասարյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Լիանա Բաղդասարյանի, Լուսինե Բաղդասարյանի` սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու` զբաղեցրած տարածքից վտարելու և որպես անհիմն հարստացում` խնայված գումարների բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ասյա Դավթյանը, Արմեն Բաղդասարյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Լիանա Բաղդասարյանը, Լուսինե Բաղդասարյանը պահանջել են Ասյա Դավթյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Լիանա Բաղդասարյանի, Լուսինե Բաղդասարյանի, Արմեն Բաղդասարյանի և Կարինե Սիրեկանյանի միջև 26.02.2009 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել անվավեր և որպես անվավերության հետևանք` կիրառել գրավի պայմանագրի կանոնները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինե Սիրեկանյանը խնդրել է զբաղեցրած բնակարանից վտարել Ասյա Դավթյանին, Մարգարիտա Խաչատրյանին, Արմեն, Լիանա և Լուսինե Բաղդասարյաններին, և նրանցից որպես անհիմն հարստացում` բռնագանձել ամսական 250 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` սկսած 26.02.2010 թվականից մինչև սույն գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնական կատարման պահը:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սմբատյան) (այսուհետ՝ Դատարան) 19.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել մասնակիորեն` վճռվել է Ասյա Դավթյանին, Արմեն Բաղդասարյանին, Մարգարիտա Խաչատրյանին, Լիանա Բաղդասարյանին և Լուսինե Բաղդասարյանին վտարել Կարինե Սիրեկանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ բնակարանից: Ասյա Դավթյանից հօգուտ Կարինե Սիրեկանյանի բռնագանձել ամսական 250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` սկսած 11.07.2011 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը, իսկ ՀՀ պետական բյուջե բռնագանձել բռնագանձվող գումարի երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.05.2014 թվականի որոշմամբ Ասյա Դավթյանի, Արմեն Բաղդասարյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Լիանա Բաղդասարյանի, Լուսինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 19.02.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Սիրեկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ և 306-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 562-րդ, 563-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի վերլուծել կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները, դրանց տվել է սխալ իրավական գնահատական, մասնավորապես՝ կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը գնահատել է որպես գրավի պայմանագիր` շինծու գործարք:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել գործով ձեռք բերված ապացույցները և հաշվի չի առել, որ կողմերի միջև 26.02.2009 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով Ասյա Դավթյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Լիանա Բաղդասարյանը վաճառել են, իսկ Կարինե Սիրեկանյանը գնել է Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ հասցեում գտնվող բնակարանը` ընդհանուր 42,3քմ մակերեսով, որի արժեքը կազմում է 9.210.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, կատարելով «շինծու գործարք» հասկացության վերլուծությունը, հանգել է սխալ հետևության և հաշվի չի առել, որ կողմերը վիճելի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս գործել են ազատ կամահայտնության սկզբունքով, այսինքն՝ նրանց կամքը համապատասխանել է պայմանագրում շարադրվածին:

Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է, որ Կարինե Սիրեկանյանի կողմից կազմված առանց վերտառության գրությունը, հարևանների կողմից տրված հայտարարությունները, Ասյա Դավթյանի կողմից կատարված կոմունալ վճարումները նույնպես բավարար չեն գործարքի շինծու լինելը հաստատված համարելու համար:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ և 1095-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 52-րդ հոդվածը, անտեսել է, որ քրեական գործի քննությամբ հաստատվել է, որ կողմերի միջև գործել են նաև վարձակալության իրավահարաբերություններ, որպիսի պայմաններում Դատարանի կողմից ճիշտ է հաշվարկվել նաև անհիմն հարստացման հետևանքով վճարման ենթակա գումարը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.02.2014 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից 02.06.2000 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2578340 վկայականի համաձայն` Կենտրոն համայնքի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Ասյա Դավթյանին, Մարգարիտա Խաչատրյանին, Լուսինե և Լիաննա Բաղդասարյաններին (հատոր 1-ին, գ.թ. 13):

2) 26.02.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Ասյա Դավթյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Լիանա (Լիաննա) Բաղդասարյանը, Լուսինե Բաղդասարյանը (այսուհետ` Վաճառողներ) վաճառում են, իսկ Կարինե Սիրեկանյանը (այսուհետ` Գնորդ) որպես սեփականություն ձեռք է բերում բնակարան՝ 42,3քմ ընդհանուր մակերեսով տարածք (այսուհետ` Օբյեկտ), որը գտնվում է Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ հասցեում: Բնակարանի գինը կազմում է 9.210.000 ՀՀ դրամ և այն սեփականության իրավունքով պատկանում է Վաճառողներին: Պայմանագրի 2.1-րդ կետի համաձայն` Վաճառողները պարտավոր են հանձման-ընդունման ակտով Գնորդին փոխանցել պայմանագրի 1-ին կետում նշված Օբյեկտը պայմանագիրը ստորագրելու օրվանից 240 օրվա ընթացքում, իսկ պայմանագրի 3.2-րդ և 3.3-րդ կետերի համաձայն` Գնորդը պայմանագիրը կնքելու պահին վճարում է Վաճառողներին` Օբյեկտի վաճառքի գինն ամբողջությամբ: Պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է (հատոր 1-ին, գ.թ. 15):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից 02.03.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 257840 վկայականի համաձայն` Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Կարինե Սիրեկանյանին (հատոր 2-րդ, գ.թ. 10):

4) Կարինե Սիրեկանյանի կողմից ստորագրված գրության համաձայն` «Ես` Կարինե Արտավազդի Սիրեկանյանս, պարտավորվում եմ ինձ սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Նար-Դոսի թիվ 73ա շենքի 71-րդ հասցեում գտնվող բնակարանը 2009-2010 թվականների ընթացքում եթե ցանկություն ունենամ վաճառելու, ապա առաջնահերթությունը տալ Դավթյան Ասյային: Պարտավորագիրը գրված է իմ ձեռքով, որի համար ստորագրում եմ (ստորագրություն) Սիրեկանյան, անձնագիր` AF 0459886, 012, 28.11.2001 թվականին»: Միաժամանակ տվյալ փաստաթղթում առկա է հետևյալ գրառումը` «Արմեն Արշավիրի Բաղդասարյանից ստացել եմ 3.200 ԱՄՆ դոլար գումար» (հատոր 1-ին, գ.թ. 11):

5) «Կենտրոն» վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության նախագահի 04.02.2012 թվականի տեղեկանքի համաձայն` Ասյա Դավթյանը բնակվում է «Կենտրոն-1» համատիրության Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 8):

6) Երևանի Նար-Դոսի թիվ 73ա շենքի բնակիչներ Մերի Պոդոսյանի և Ստելլա Շողունցի կողմից 04.02.2012 թվականին տրված նույնաբովանդակ հայտարարությունների համաձայն` վերջիններս չեն իմացել, որ Ասյա Դավթյանը վաճառել է կամ ցանկանում է վաճառել բնակարանը: Միաժամանակ նշել են, որ Ասյա Դավթյանը 1981 թվականից մինչ օրս բնակվում է Նար-Դոսի թիվ 73ա շենքի 71-րդ բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

7) Աղբահանության վճարումների ընդունման 07.02.2012, 05.04.2012, 10.05.2012, 04.07.2012, 06.09.2012, 07.10.2012, 07.11.2012, 09.11.2012, 04.02.2013 թվականների անդորրագրերի համաձայն` Նար-Դոսի թիվ 73ա-71 հասցեի կենցաղային աղբի վճար վճարող է Ասյա Դավթյանը, իսկ Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն-1» համատիրության պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված վճարների վճարման 2010, 2011, 2012 և 2013 թվականների անդորրագրերի համաձայն` պարտադիր վճարների վճարող է Ասյա Դավթյանը (հատոր 1-ին, գ.թ. 22-50):

8) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 16.08.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱԴԴ/0010/01/12 որոշմամբ ճանաչվել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Կարինե Արտավազդի Սիրեկանյանի անմեղությունը և վերջինս արդարացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Միաժամանակ որոշմամբ նշվել է, որ «քրեական գործով ձեռք չի բերվել որևէ այլ գրավոր ապացույց այն մասին, որ ամբաստանյալը տուժողին գումարը տրամադրել է տոկոսով և որ երբևէ տոկոսների դիմաց գումարներ է ստացել: (…) համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի՝ ամբաստանյալը բնակարանի դիմաց տուժողին վճարել է 9.210.000 ՀՀ դրամ, որը զգալիորեն գերազանցում է վերջինիս կողմից նշված 20.000 ԱՄՆ դոլարին: Այն, որ ամբաստանյալը տուժողից միանվագ ստացել է 3.200 ԱՄՆ դոլար և դրա վերաբերյալ տվել է ստացական, համապատասխանում է ամբաստանյալի կողմից նշված ժամանակահատվածի համար պայմանավորված բնակարանի վարձավճարի չափին, և որևէ այլ գրավոր ապացույց ամբաստանյալի կողմից տուժողից գումարներ ստանալու մասին գործում առկա չէ» (հատոր 1-ին, գ.թ. 75-81):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

 1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների քննության առանձնահատկություններին այն պարագայում, երբ որպես շինծու գործարքով քողարկված իրավահարաբերություն վկայակոչվում է հիմնական պարտավորության կատարման ապահովմանն ուղղված լրացուցիչ պարտավորությունը:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե′ս, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ որպես շինծու գործարքով քողարկված իրավահարաբերություն վկայակոչվում է հիմնական պարտավորության կատարման ապահովմանն ուղղված պարտավորությունը (օրինակ` գրավի, երաշխավորության, երաշխիքի և այլն):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը, այդ իսկ պատճառով էլ պարտավորությունների ապահովման միջոցներից որևէ մեկն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող:

Վերը նշված առանձնահատկության հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ որպես շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառում շահագրգիռ անձը դատարանից պահանջել է կիրառել պարտավորության կատարման ապահովման միջոցներից որևէ մեկի կանոնները, վերջինս նախ և առաջ պարտավոր է ապացուցել հիմնական պարտավորության առկայության փաստը:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելու հիմքում դնելով այն հանգամանքը, որ հայցվորները չեն ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց, որ իրականում կողմերի միջև կնքվել է ոչ թե առուվաճառքի, այլ գրավի պայմանագիր, հաստատված է համարել, որ տվյալ դեպքում կողմերի միջև տեղի է ունեցել օրենքով նախատեսված կարգով բնակարանի առուվաճառքի գործարք:

Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատարանը չի անդրադարձել գործարքի շինծու լինելու հանգամանքի գնահատմանը, մասնավորապես՝ գործի քննությունը չի իրականացրել այնպիսի հարցադրումների շուրջ, ինչպիսիք են՝ արդյո՞ք կողմերի կամքն ուղղված է եղել 26.02.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով բնակարանի գրավադրման գործարքը քողարկելուն, արդյո՞ք նշված գործարքն իրականում կնքվել է այն ստորագրած անձանց միջև, այն ստորագրած անձանց կամքը համապատասխանում է պայմանագրում շարադրվածին, թե` ոչ։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ Կարինե Սիրեկանյանի կողմից առանց վերտառության գրության առկայությունը, վիճելի բնակարանում մինչ օրս Ասյա Դավթյանի բնակվելու և վճարումներ կատարելու փաստերն իրական հնարավորություն են ստեղծում հանգել Արմեն Բաղդասարյանի և Կարինե Սիրեկանյանի միջև առկա փոխառության հարաբերությունների և այդ կապակցությամբ բնակարանը գրավադրելու տրամաբանական հետևության:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` 26.02.2009 թվականին Ասյա Դավթյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Լիանա (Լիաննա) Բաղդասարյանի, Լուսինե Բաղդասարյանի (Վաճառողներ) ու Կարինե Սիրեկանյանի (Գնորդ) միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Վաճառողները վաճառել են, իսկ Գնորդը, որպես սեփականություն, ձեռք է բերել բնակարան՝ 42,3քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում է Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ հասցեում: Պայմանագրի համաձայն՝ բնակարանի գինը կազմել է 9.210.000 ՀՀ դրամ, որը Գնորդը պայմանագիրը կնքելու պահին ամբողջությամբ վճարել է Վաճառողներին:

Հայցվորները նշված պայմանագիրը շինծու լինելու պահանջը հիմնավորել են այն փաստարկմամբ, որ կողմերից Արմեն Բաղդասարյանի և Կարինե Սիրեկանյանի միջև առկա են եղել փոխառության իրավահարաբերություններ և, որ վիճելի պայմանագրի կնքումն ըստ էության ուղղված է եղել այդ իրավահաբերությունների ապահովմանը՝ իրականում նպատակ ունենալով նշված պայմանագրի կնքմամբ առաջացնել գրավի հարաբերություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը, սույն գործում առկա ապացույցները գնահատելով համակցության մեջ, արձանագրում է, որ որևէ կերպ չի հիմնավորվում հայցվոր Արմեն Բաղդասարյանի և պատասխանող Կարինե Սիրեկանյանի միջև փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը: Մասնավորապես` սույն գործում առկա չէ որևէ ապացույց՝ ի հավաստումն նշված անձաց միջև փոխառության պայմանագրի կնքման (օրինակ` փոխառուի կողմից տրված ստացական կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար տալը հավաստող այլ փաստաթուղթ):

Անդրադառնալով Կարինե Սիրեկանյանի կողմից առանց վերտառության գրությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանում միայն «Արմեն Արշավիրի Բաղդասարյանից ստացել եմ 3.200 ԱՄՆ դոլար գումար» Կարինե Սիրեկանյանի կողմից գրառում կատարված լինելու հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու, որ կողմերի միջև գործել են փոխառության իրավահարաբերություններ` նկատի ունենալով, որ գրության մեջ առկա չէ որևէ նշում տվյալ գումարի փոխանցման հիմքի վերաբերյալ:

Նման պարագայում հերքվում է նաև հայցվորների փաստարկն առ այն, որ վիճելի պայմանագիրն ուղղված է եղել գրավի իրավահարաբերությունների քողարկմանը: Այսպես, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գրավը, լինելով պարտավորության կատարման ապահովման միջոց, ըստ էության կոչված է ծառայելու գոյություն ունեցող հիմնական պարտավորությանը: Այսինքն՝ առանց հիմնական պարտավորության առկայության (սույն գործով` փոխառության), լրացուցիչ պարտավորությունը (գրավի պայմանագիր) գոյություն ունենալ չի կարող:

Ինչ վերաբերում է վիճելի բնակարանում մինչ օրս Ասյա Դավթյանի բնակվելու և վճարումներ կատարելու փաստերին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստերը բավարար չեն վիճելի գործարքի շինծու լինելը հաստատված համարելու համար:

Անդրադառնալով նաև Կարինե Սիրեկանյանի կողմից առանց վերտառության գրությամբ վիճելի բնակարանն Ասյա Դավթյանին վաճառելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը` Վճռաբեկ դատարանը նշված գրության բովանդակության համակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում արձանագրում է, որ Կարինե Սիրեկանյանը նշված գրությամբ հետվաճառք իրականացնելու իմպերատիվ պարտականություն չի ստանձնել, այլ բնակարանի հետվաճառք իրականացնելը բացառապես պայմանավորված է եղել նրա ցանկությամբ, ինչը քաղաքացիական շրջանառությունում առուվաճառքի իրավահարաբերությունների դեպքում ընդունված վարքագիծ է: Հետևաբար, նշված գրությամբ ևս չի հիմնավորվում կողմերի միջև իրականում գրավի իրավահարաբերությունների առկայության փաստը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի սխալ մեկնաբանության և գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունքում, ոչ ճիշտ եզրահանգման է եկել գործարքի շինծու լինելու փաստի վերաբերյալ, հետևաբար բողոքի առաջին հիմքը հիմնավոր է:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ

Սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք կողմերի միջև առկա են եղել վարձակալության իրավահարաբերություններ, որպիսի պայմաններում Ասյա Դավթյանից 250 ԱՄՆ դոլարի չափով ՀՀ դրամ բռնագանձելն իրավաչափ է.

2. արդյո՞ք սույն գործով առկա է անհիմն հարստացում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե´ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված ապացույցների թույլատրելիությանը, գտել է, որ դատարանը պետք է վերոնշյալ հոդվածը կիրառելիս ցույց տա, թե որ հոդվածով է արգելված ապացույցի նման տեսակով նման փաստի հաստատումը (տե´ս, Վարդիթեր Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի և այլոց թիվ ԱՎԴ/0235/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, Ասյա Դավթյանից հօգուտ Կարինե Սիրեկանյանի ամսական 250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման պահանջը բավարարելու հիմքում դնելով վիճելի բնակարանի գնման և Վաճառողների կողմից այն Գնորդին չհանձնելու, Կարինե Սիրեկանյանի` Արմեն Բաղդասարյանից 3.200 ԱՄՆ դոլար ստանալու փաստերը, հաստատված է համարել, որ կողմերի միջև գործել են վարձակալության պայմանագրից ծագող իրավահարաբերություններ: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Կարինե Սիրեկանյանի` Դատարանին ներկայացրած 1 տարվա վարձավճարի՝ 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի հաշվարկով ստացած գումարի փաստը վկայում է, որ 1 ամսվա հաշվարկով վարձավճարը կազմում է 250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ Դատարանը, հաստատված համարելով կողմերի միջև վարձակալության պայմանագրից ծագող իրավահարաբերությունների առկայությունը, չի պարզել այն հարցը, թե ինչով է հիմնավորվում վարձակալության իրավահարաբերությունների առկայությունը, որ ապացույցով է հիմնավորվում այն հանգամանքը, որ կողմերի միջև առկա է եղել բնակելի տարածության վարձակալության պայմանագիր և վարձավճարը կազմել է 250 ԱՄՆ դոլար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն` վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 610-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն`վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վարձակալության իրավահարաբերությունների փաստի հաստատված լինելը պայմանավորել է գրավոր կնքված վարձակալության պայմանագրի առկայությամբ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում` նաև նոտարական վավերացմամբ: Ընդ որում, անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գրավոր ձևը չպահպանելու դեպքում կողմերը զրկված են ի հավաստում վարձակալության պայմանագրի հիմնվել վկաների ցուցմունքների վրա, բայց զրկված չեն այլ ապացույցներ ներկայացնելուց: Այսինքն` վարձակալության իրավահարաբերությունների փաստի առկայությունը կարող է հաստատվել միայն այդ փաստը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներով, այն է` օրենքին համապատասխան գրավոր կնքված վարձակալության պայմանագրով, այլ ապացույցներով, որոնք իրենց համակցության մեջ գնահատման արդյունքում կարող են վկայել կողմերի միջև առկա վարձակալության իրավահարաբերությունների մասին: Վկաների ցուցմունքերը վերը նշված փաստի հաստատված լինելու մասին թույլատրելի ապացույցներ չեն:

Վերը նշված վերլուծությունների և սույն գործում առկա ապացույցների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ կողմերի միջև առկա են եղել վարձակալության իրավահարաբերություններ, և որ վիճելի բնակարանի ամսական վարձը կազմել է 250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ավելին, գործում առկա` Կարինե Սիրեկանյանի կողմից ստորագրված փաստաթղթի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինե Սիրեկանյանի` Արմեն Բաղդասարյանից 3.200 ԱՄՆ դոլար ստանալու փաստը, չի կարող դիտվել որպես Ասյա Դավթյանի և Կարինե Սիրեկանյանի միջև առկա վարձակալության պայմանագրի պայմանները կատարելուն ուղղված գործողություն:

Ինչ վերաբերում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 16.08.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱԴԴ/0010/01/12 որոշմանը, ապա դրանում բովանդակվող տեղեկությունները ևս բավարար չեն կողմերի միջև վարձակալության իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից վիճելի բնակարանի ամսական վարձը 250 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հաստատված համարելը և այն սկսած 11.07.2011 թվականից Ասյա Դավթյանից հօգուտ Կարինե Սիրեկանյանի բռնագանձելը իրավաչափ չէ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Դատարանի կողմից ճիշտ է հաշվարկվել նաև անհիմն հարստացման հետևանքով վճարման ենթակա գումարը` ամսական 250 ԱՄՆ դոլարի չափով:

Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով`անհիմն հարստացման առկայությունն ինքնին բացառում է վարձակալության իրավահարաբերությունների առկայությունը և դրանից բխող իրավական հետևանքները հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև`

1) անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ.

2) սեփականատիրոջ կողմից իր գույքն ապօրինի տիրապետողից հետ ստանալու պահանջների նկատմամբ.

3) պարտավորության մեկ կողմի` մյուսից այդ պարտավորության կապակցությամբ կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի գույքից` առանց այն ձեռք բերելու մտադրության, կամ ուրիշի ծառայություններից, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:

Սույն գործի փաստերի համաձայն` 26.02.2009 թվականին կնքված պայմանագրի 2.1-ին կետով Վաճառողները` Ասյա Դավթյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Լիանա (Լիաննա) Բաղդասարյանը, Լուսինե Բաղդասարյանը պարտավորվել են պայմանագիրը ստորագրելու օրվանից 240 օրվա ընթացքում հանձման-ընդունման ակտով Գնորդին` Կարինե Սիրեկանյանին փոխանցել Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ հասցեում գտնվող բնակարանը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաճառողները մինչ օրս չեն կատարել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 2.1-ին կետով սահմանված իրենց պարտավորությունը, որպիսի պայմաններում նրանք Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 73ա շենքի 71-րդ հասցեում գտնվող բնակարանը տիրապետում են ապօրինի:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորներն առանց որևէ օրինական հիմքի պայմանագրի 2.1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո շարունակելով բնակվել Կարինե Սիրեկանյանին սեփականության իրավունքով պատկանող վիճելի բնակարանում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի, 1093-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով Կարինե Սիրեկանյանի (տուժողի) հաշվին խնայել են իրենց գույքը (դրամական միջոցները), հետևաբար պարտավոր են նրան վերադարձնել անհիմն խնայած գույքը (անհիմն հարստացումը) այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործի քննության շրջանակներում որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ չի մատնանշվել անհիմն խնայած գումարի հաշվարկման հիմքը և այդ գումարի չափը, գտնում է, որ գործն` անհիմն հարստացման հետևանքով խնայված գումարը բռնագանձելու պահանջի մասով, ենթակա է նոր քննության` վերոնշյալ հանգամանքները պարզելու համար, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումն այդ մասով պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է`հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորների պահանջը 26.02.2009 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելն է և որպես անվավերության հետևանք` գրավի պայմանագրով նախատեսված կանոնները կիրառելն է:

Հակընդդեմ հայցով հայցվոր Կարինե Սիրեկանյանի պահանջն է վիճելի բնակարանից Ասյա Դավթյանին, Մարգարիտա Խաչատրյանին, Արմեն, Լիանա և Լուսինե Բաղդասարյաններին վտարել, և նրանցից որպես անհիմն հարստացում` ամսական 250 ԱՍՆ դոլարին համարժեք վարձավճար բռնագանձել` սկսած 26.02.2010 թվականից մինչև սույն գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնական կատարման պահը:

Սույն գործով հայցվորները հայցադիմումի համար վճարել են 8.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 3), իսկ հակընդդեմ հայցով հայցվորը վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 66): Դատարանի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Հայցվորները, դատական ակտը բողոքարկելով, վերաքննիչ բողոքին կից ներկայացրել են «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ» միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 39), որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 07.04.2014 թվականի որոշմամբ բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2014 թվականի որոշմամբ Ասյա Դավթյանի, Արմեն Բաղդասարյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Լիանա Բաղդասարյանի, Լուսինե Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 19.02.2014 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Հակընդդեմ հայցով հայցվոր Կարինե Սիրեկանյանը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելով` վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: Կարինե Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ ընդունվել է վարույթ:

Հիմք ընդունելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորներ Ասյա Դավթյանից, Արմեն Բաղդասարյանից, Մարգարիտա Խաչատրյանից, Լիանա Բաղդասարյանից, Լուսինե Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և Վերաքննիչ դատարանի կողմից հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև հայցվորներ Ասյա Դավթյանից, Արմեն Բաղդասարյանից, Մարգարիտա Խաչատրյանից, Լիանա Բաղդասարյանից, Լուսինե Բաղդասարյանից հօգուտ Կարինե Սիրեկանյանի ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ անհիմն հարստացման հետևանքով խնայված գումարը բռնագանձելու պահանջի մասով գործը ենթակա է նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2014 թվականի որոշումը` հայցի մասով և հակընդդեմ հայցի՝ վտարման պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասերը, և այդ մասերով օրինական ուժ տալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.02.2014 թվականի վճռին:

Որոշումը` հակընդդեմ հայցի` անհիմն հարստացման գումարի բռնագանձման պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Ասյա Դավթյանից, Արմեն Բաղդասարյանից, Մարգարիտա Խաչատրյանից, Լիանա Բաղդասարյանից, Լուսինե Բաղդասարյանից համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 07.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Ասյա Դավթյանից, Արմեն Բաղդասարյանից, Մարգարիտա Խաչատրյանից, Լիանա Բաղդասարյանից, Լուսինե Բաղդասարյանից հօգուտ Կարինե Սիրեկանյանի համապարտության կարգով բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Անհիմն հարստացման գումարի բռնագանձման պահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
   

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ