Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.12
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.04.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/0221/02/11 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0221/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0221/02/11

2015 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ի. Վարդանյան

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Ռուբեն Հլղաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2014 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 77/16 հասցեում գտնվող բնակարանի` Վահե և Ռոստոմ Բարսեղյանների համատեղ սեփականությունից առանձնացնել Վահե Բարսեղյանի բաժնեմասը և 23.09.2009 թվականի թիվ ԵՄԴ/0668/02/09 վճռով բռնագանձման ենթակա գումարի բռնագանձումը տարածել այդ բաժնեմասի վրա, իսկ դրա անհնարինության դեպքում վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, ինչպես նաև բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 09.04.2014 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչ Ռուբեն Հլղաթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ տվյալ դեպքում բացակայում է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը շուկայական գնով ձեռք բերելուց հրաժարվելու պարտադիր պայմանը, հանգել է այն հետևության, որ նման պայմաններում Դատարանի համար չէր կարող ծագել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իրավունք: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե նույնիսկ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները կամ նրանց մի մասը չեն հրաժարվել գնելու պարտապանի բաժինը, դա դեռևս չի նշանակում, որ Դատարանը Բանկի հայցը պետք է մերժեր, քանի որ պարտապանի բաժինը գնելուց հրաժարվել կամ չհրաժարվելը հանդիսանում է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքը և նրանք կարող են ընդհանրապես չհրաժարվել պարտապանի բաժինը գնելուց, բայց և չգնել այն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենքը հստակ սահմանել է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պահանջ ներկայացնելու պարտատիրոջ իրավունքը, և ոչ թե` պարտականությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 23.09.2009 թվականի թիվ ԵՄԴ/0668/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի հայցն ընդդեմ Կարինե Նազարյանի և Վահե Բարսեղյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ.10-12):

2) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի պետի 25.11.2009 թվականի թիվ 13770 գրությամբ պարտատիրոջը` Բանկին, հայտնվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի թիվ 77/16 հասցեի բնակարանը համասեփականության իրավունքով պատկանում է պարտապանին, և առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան` վերջինիս բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար (հատոր 1-ին, գ.թ.13 ):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու տարածքային ստորաբաժանման կողմից 26.08.2009 թվականին տրված թիվ 1/3-2737 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Վահե Բարսեղյանի անվամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 77/16 հասցեում գտնվող բնակարան, որի նկատմամբ համասեփականատեր է նաև Ռոստոմ Բարսեղյանը (հատոր 2-րդ, գ.թ. 90):

4) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 20.07.2013 թվականին տրված մասնագիտական եզրակացության համաձայն` Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 77/16 հասցեում գտնվող բնակելի տնից Վահե Բարսեղյանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել` առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու և առանց լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնելու (հատոր 3-րդ, գ.թ. 13-18):

5) Դատարանը Վանաձորի քաղաքապետ պարոն Ս. Դարբինյանին հասցեագրված 26.02.2014 թվականի գրությամբ հայտնել է, որ համաձայն փոստից ստացված նամակների` Վահե և Ռոստոմ Բարսեղյանները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի թիվ 77/16 հասցեում չեն բնակվում, տեղափոխված են: Միաժամանակ, Դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 94-րդ հոդվածի 1-ին կետը, առաջարկել է համայնքի ղեկավարին դատարան ուղարկել ծանուցում ստանալու փաստը հավաստող մակարգրությամբ հաղորդագրություն, ինչպես նաև հնարավորության դեպքում` տեղեկություններ հայտնել նրանց գտնվելու վայրի մասին, բնակվելու դեպքում` ապահովել ծանուցագրի հանձնումը և դատարանին տրամադրել համապատասխան ստացական (հատոր 4-րդ, գ.թ.7):

6) ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի՝ Դատարանին հասցեագրված 04.03.2014 թվականի գրությամբ հայտնվել է, որ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի թիվ 77/16 հասցեում Վահե և Ռոստոմ Բարսեղյանները չեն բնակվում (հատոր 4-րդ, գ.թ. 16):

7) Բանկի ներկայացուցչի 05.03.2014 թվականի միջնորդության համաձայն` Բանկը դատարանին հայտնել է, որ սույն գործով պատասխանողներ Ռոստոմ և Վահե Բարսեղյանների հնարավոր բնակության հասցեն է նաև քաղաք Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի թիվ 39-16 հասցեն և միջնորդել է պատշաճ ծանուցումն ապահովելու համար ծանուցագրերն ուղարկել նաև այդ հասցեով (հատոր 4-րդ, գ.թ.7):

8) Դատարանը 04.04.2014 թվականին, ժամը 15:20-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վահե Բարսեղյանին 14.03.2014 թվականին ուղարկել է ծանուցում: Ծանուցագիրն ուղարկվել է ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի թիվ 39-16 հասցեով: Դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել «տեղափոխված է, բնակարանը վաճառված է» նշումով (հատոր 4-րդ, գ.թ. 10, 12):

9) Դատարանը 04.04.2014 թվականին, ժամը 15:20-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ռոստոմ Բարսեղյանին 14.03.2014 թվականին ուղարկել է ծանուցում: Ծանուցագիրն ուղարկվել է ք. Վանաձոր, Տիգրան Մեծի թիվ 77/16 հասցեով: Դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել «տեղափոխված է» նշումով (հատոր 4-րդ, գ.թ. 11, 14):

10) Դատարանի 04.04.2014 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` կողմերը դատական նիստին չեն ներկայացել: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 94-րդ հոդվածի 1-ին կետով և 118-րդ հոդվածով, որոշել է գործի քննությունը շարունակել կողմերի բացակայությամբ: Նույն օրը Դատարանը հայտարարել է դատաքննությունն ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակել 09.04.2014 թվականի ժամը 17:15-ը (հատոր 4-րդ, գ.թ. 21-22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ, 197-րդ հոդվածների սխալ մեկնաբանության, դրա արդյունքում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ խնդրին. արդյո՞ք Դատարանի կողմից ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու հայցապահանջը կարող է մերժվել այն հիմքով, որ պարտատերը չի ապացուցել ոչ պարտապան համասեփականատիրոջ հրաժարումը՝ գնելու պարտապան համասեփականատիրոջ բաժինը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով վկայակոչված հոդվածները, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում:

Օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը՝ պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել՝ դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով (տե՛ս, Լուարա Դավթյանն ընդդեմ Արսեն Մակարյանի և մյուսների թիվ ԼԴ4/0280/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այն իրավական հարցին, թե երբ է կարելի պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով վաճառել: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Դերենիկ Մարգարյանի և մյուսների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ համասեփականատեր պարտապանի բաժինը ձեռք բերելու մյուս համասեփականատիրոջ (համասեփականատերերի) ցանկության դրսևորումն առաջնահերթ պայմանավորված է նրան գործի քննությանը պատշաճ ծանուցելու հանգամանքի հետ, այսինքն` գործի քննության ընթացքում նրա` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված «լսված լինելու» իրավունքի ապահովման հետ:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորը չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որը կհիմնավորեր փաստն այն մասին, որ Բանկը պահանջ է ներկայացրել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 77 շենքի 16-րդ բնակարանի ընդհանուր համատեղ սեփականության ոչ պարտապան մասնակից Ռոստոմ Բարսեղյանին` շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը, իսկ Ռոստոմ Բարսեղյանը ստացել է և հրաժարվել նշված բաժինը ձեռք բերելուց: Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ գործի քննության ընթացքում հնարավոր չի եղել պատշաճ ծանուցել Ռոստոմ Բարսեղյանին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ համապատասխանող Ռոստոմ Բարսեղյանը չունի որևէ պարտավորություն հայցվորի նկատմամբ և վիճելի գույքում նրա բաժնի սեփականության իրավունքի դադարեցումը, առանց նրա գիտության, չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 197-րդ և 200-րդ հոդվածների դրույթներից: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ քննարկվող գործում բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված թույլատրելի և վերաբերելի ապացույցներ այն փաստի մասին, որ Ռոստոմ Բարսեղյանը հրաժարվել է ձեռք բերել Վահե Բարսեղյանի բաժինը, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքերը բացակայում են:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը հարկ է գնահատել ոչ պարտապան համասեփականատիրոջը գործի քննությանը պատշաճ ծանուցելու հանգամանքի համատեքստում՝ նկատի ունենալով, որ արդեն իսկ հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում պարտատիրոջ կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը գնելու առաջարկ ներկայացնելը և համապատասխանաբար այդ առաջարկին արձագանքելն իրականացվում են դատարանի անմիջական մասնակցությամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով` նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի կիրառման հարցին և նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե´ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, նշել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե´ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0351/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը՝ վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը 05.03.2014 թվականի միջնորդությամբ Դատարանին հայտնել է, որ սույն գործով պատասխանողներ Ռոստոմ և Վահե Բարսեղյանները հնարավոր է բնակվում են Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի թիվ 39-16 հասցեում և միջնորդել է պատշաճ ծանուցումն ապահովելու համար ծանուցագրերն ուղարկել նաև այդ հասցեով:

04.04.2014 թվականի ժամը 15:20-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վահե Բարսեղյանին հասցեագրված ծանուցումը Դատարանի կողմից ուղարկվել է ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի թիվ 39-16 հասցեով: Նշված ծանուցագիրը հետ է վերադարձվել «տեղափոխված է, բնակարանը վաճառված է» նշումով:

Մինչդեռ, Ռոստոմ Բարսեղյանին 04.04.2014 թվականի ժամը 15:20-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումը դատարանի կողմից ուղարկվել է ք. Վանաձոր, Տիգրան Մեծի թիվ 77/16 հասցեով: Դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրը հետ է վերադարձվել «տեղափոխված է» նշումով:

Գործում առկա չէ որևէ ապացույն այն մասին, որ 04.04.2014 թվականի ժամը 15:20-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումը Ռոստոմ Բարսեղյանին ուղարկվել է նաև ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի թիվ 39-16 հասցեով:

Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատշաճ ծանուցումն ապահովելու համար Դատարանն պարտավոր էր ձեռնարկել դրա համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:

Մասնավորապես` Ռոստոմ Բարսեղյանին 04.04.2014 թվականի, ժամը 15:20-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումն ուղարկելով ք. Վանաձոր, Տիգրան Մեծի թիվ 77/16 հասցեով և հետագայում այն «տեղափոխված է» նշումով Դատարան վերադարձվելու պայմաններում Դատարանը գործում պատասխանողի այլ հասցեի առկայության պայմաններում պետք է ծանուցումն ուղարկեր նաև ք. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի թիվ 39-16 հասցեով: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում պատասխանողի ծանուցման այլ հասցեի առկայության պայմաններում Դատարանը պարտավոր էր ապահովել նաև այդ հասցեով վերջինիս ծանուցումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր Դատարանի կողմից օրենքով սահմանված գործողություններ ձեռնարկելու և ոչ պարտապան պատասխանողին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցելու փաստերը, որպիսի պայմաններում միայն Դատարանը կարող էր հաստատված համարել, որ հայցվորը չի ապացուցել ոչ պարտապան համասեփականատեր Ռոստոմ Բարսեղյանի կողմից պարտապան համասեփականատիրոջ` Վահե Բարսեղյանի բաժինը գնելուց հրաժարվելու փաստը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան