Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.24
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.04.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/2058/02/13 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2058/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2058/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ`

Ա. Թումանյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Մեգո Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Մարտիրոս Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գենրի Մկրտչյանի ընդդեմ Ընկերության` աշխատավարձի, վերջնահաշվարկի, տոկոսների, տուժանքի և դատական ծախսերի փոխհատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գենրի Մկրտչյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել չվճարված աշխատավարձը և արձակուրդային գումարը` 8.496.290 ՀՀ դրամի չափով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները 01.04.2010 թվականից մինչև 08.08.2010 թվականն ընկած ժամանակահատվածի համար՝ 20.312 ՀՀ դրամի չափով, 0,15 տոկոս տուժանքը` 4.321.091 ՀՀ դրամի չափով, փաստաբանի վճարը՝ 300.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև պարտավորեցնել Ընկերությանը վճարելու 0,15 տոկոս տուժանք` 01.09.2013 թվականից մինչև պարտավորության լրիվ կատարումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 29.11.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.11.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գենրի Մկրտչյանի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, նույն օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 130-րդ հոդվածի 3-րդ կետը և 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` անտեսել է Ընկերության կողմից Գենրի Մկրտչյանին 30.07.2013 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` Ընկերության կողմից չվճարված աշխատավարձի պարտքը 30.07.2013 թվականի դրությամբ կազմում է 4.113.593 ՀՀ դրամ: Դրա փոխարեն հիմք է ընդունել Գենրի Մկրտչյանի կողմից ներկայացված միակողմանի հաշվարկը, ըստ որի՝ Ընկերության պարտքը կազմել է 8.496.290 ՀՀ դրամ:

Գենրի Մկրտչյանի կողմից ներկայացված միակողմանի հաշվարկը հիմք ընդունելու արդյունքում դատական ակտով ավել գումար է բռնագանձվել, մինչդեռ գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման անհրաժեշտությունից ելնելով՝ Ընկերության 30.07.2013 թվականի տեղեկանքը պատշաճ գնահատման արժանացնելու դեպքում Դատարանը նման ակնհայտ սխալ թույլ չէր տա, և Ընկերության վրա չէր դրվի լրացուցիչ, անհիմն ֆինանսական պարտավորություն:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ բողոքին կից ներկայացված Գենրի Մկրտչյանին վճարված աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքները, վճարման հանձնարարագրերը, դրամարկղի ելքի օրդերը, աշխատավարձի վճարացուցակը և հաշվի քաղվածքները համարվում են նոր ապացույցներ, ապա այն անհիմն է, քանի որ այդ փաստաթղթերը ներկայացված են ոչ թե որպես նոր ապացույցներ, այլ 30.07.2013 թվականի տեղեկանքում նշված Գենրի Մկրտչյանի նկատմամբ աշխատավարձի գծով ունեցած 4.113.593 ՀՀ դրամ պարտքի չափը հիմնավորող փաստաթղթեր:

Այսպիսով, նշված տեղեկանքը որպես ապացույց չի գնահատվել ինչպես Դատարանի, այնպես էլ` Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ընկերության կողմից դատավարական իրավունքների չարաշահման արդյունքում խախտվում են Գենրի Մկրտչյանի իրավունքները և օրինական շահերը, քանի որ վերջինս շուրջ երկու տարի ազատված է աշխատանքից և չի կարողանում ստանալ իրեն հասանելիք աշխատավարձը և վեջնահաշվարկն այն պատճառաբանությամբ, որ Ընկերության պարտքն ավելի պակաս է, քան Գենրի Մկրտչյանի պահանջած գումարը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 02.04.2013 թվականին Ընկերության և Գենրի Մկրտչյանի միջև կնքված թիվ 365 աշխատանքային պայմանագրի համաձայն` Գենրի Մկրտչյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի՝ որպես գլխավոր երկրաբան, երկրաբանական ուսումնասիրության և ընդերքօգտագործման գծով տնօրենի տեղակալ` 300.000 ՀՀ դրամ աշխատավարձով (գ.թ 10-14)։

2. Ընկերության տնօրենի 14.06.2013 թվականի թիվ 7924 հրամանի համաձայն՝ Գենրի Մկրտչյանն ազատվել է աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (գ.թ. 17)։

3. Ընկերության 30.07.2013 թվականի տեղեկանքի համաձայն՝ նախկին աշխատակից Գենրի Մկրտչյանի աշխատավարձի պարտքի գումարը 30.07.2013 թվականի դրությամբ կազմում է 4.113.593 ՀՀ դրամ (գ.թ. 19)։

4․ Ընկերությունը չի վիճարկում աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների գծով հայցվորի նկատմամբ պարտավորություն ունենալու հանգամանքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, նույն օրենսգրքի մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 130-րդ հոդվածի 3-րդ կետի, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերության խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ չվճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների բռնագանձման վերաբերյալ գործերով ապացուցման առարկայի սահմանման և ապացույցների գնահատման առանձնահատկություններին` վերահաստատելով դատական ակտերի իրավական հիմնավորվածության վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումը:

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է նույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ աշխատողի աշխատավարձի, այդ թվում՝ օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետներում այն ստանալու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և պաշտպանված է օրենքով, ինչն իր արտացոլումն է գտել ՀՀ աշխատանքային օրենսգրքում այնպիսի դրույթների ամրագրմամբ, ինչպիսիք են՝ աշխատավարձի վճարման ժամկետները, վճարումն այդ ժամկետներից ուշացնելու դեպքում գործատուի պատասխանատվությունը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-191-րդ հոդվածները սահմանում են աշխատանքի վարձատրությունը սովորականից տարբերվող պայմանների դեպքում, օրինակ՝ ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման, արտաժամյա աշխատանքի, պարապուրդի, ոչ լրիվ աշխատաժամանակի, խոտանի դեպքում և այլն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ գործատուն բոլոր աշխատողներին աշխատավարձը վճարելիս պետք է ներկայացնի հաշվարկային թերթիկներ, հաշվարկային թերթիկում նշվում են հաշվարկված, աշխատողին վճարված և պահված գումարները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են` աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները, գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը, աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:

Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բոլոր դեպքերում աշխատողի աշխատավարձը հաշվարկում է գործատուն՝ հաշվի առնելով ինչպես աշխատանքի վարձատրության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-191-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունների առկայությունը կամ բացակայությունը, այնպես էլ՝ նույն օրենսգրքի 213-րդ հոդվածով և այլ օրենքներով նախատեսված աշխատավարձի պահումների հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Գործատուի կողմից աշխատավարձը վերը նշված առանձնահատկությունների հաշվառմամբ հաշվարկելու հետ մեկտեղ օրենսդիրը նախատեսել է աշխատավարձը վճարելիս աշխատողին հաշվարկային թերթիկներ ներկայացնելու պարտականությունը, ինչը ինքնանպատակ չէ, այլ ուղղված է աշխատողի՝ իր աշխատավարձի չափի գոյացման վերաբերյալ տեղեկություն ստանալու և հաշվարկի հետ համաձայն չլինելու դեպքում՝ իր իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինելու հնարավորությունն ապահովելուն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դրանով օրենսդիրն ըստ էության կանխորոշել է ապացույցներ ներկայացնելու, դրանք հետազոտելու և գնահատելու նպատակը, այն է՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը: Հետևաբար քաղաքացիական գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես՝ դատարանները նախևառաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը և դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական գործերով ապացուցման առարկային, նշել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան ձևավորվում է ոչ միայն հայցի կամ դրա դեմ բերվող առարկությունների հիմքում ընկած փաստերից, այլև՝ վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմում մատնանշված փաստերից (տե՛ս, Սեյրան Քոչարյանն ընդդեմ Օնիկ Մալաքյանի, Շուշիկ Ալեքսանյանի թիվ ԵԱՔԴ/0232/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չվճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների բռնագանձման գործերով պարզման ենթակա են, հետևաբար նաև ապացուցման առարկան կազմում են հետևյալ հանգամանքները․

- գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը այն ժամանակահատվածում, որի համար ներկայացվել է բռնագանձման պահանջը,

- աշխատողի՝ հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում վճարված չլինելու փաստը,

- բռնագանձման ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված բռնագաձման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների չափը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուժանքի (իսկ մինչև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.06.2010 թվականի թիվ ՀՕ-117-Ն օրենքով կատարված փոփոխությունները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների) չափը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չվճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձման գործերի առանձնահատկություններով պայմանավորված՝ այդպիսի գործերով ապացույցների հիմնական մասը գրավոր ապացույցներն են, ինչպիսիք են՝ աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունելու մասին հրամանը, աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքը, քաղվածքներ աշխատավարձի վճարացուցակներից, քաղվածքներ աշխատավարձը սպասարկող բանկային հաշվից, տեղեկանք հաշվարկված, սակայն չվճարված աշխատավարձի չափի վերաբերյալ և այլն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով աշխատողին չվճարված գումարների վերաբերյալ գործերով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցին, գտել է, որ տվյալ դեպքում գումարը վճարված լինելու ապացուցման պարտականությունը կրում է գործատուն, քանի որ միայն գործատուն կարող է ներկայացնել համապատասխան ապացույց (տե՛ս, Բաբկեն Սահրադյանն ընդդեմ «Ինտրաքոմ-Հայաստան» ՍՊԸ-ի թիվ 3-1848(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ 02.04.2013 թվականին Գենրի Մկրտչյանն Ընկերությունում ընդունվել է աշխատանքի՝ որպես գլխավոր երկրաբան, երկրաբանական ուսումնասիրության, ընդերքօգտագործման գծով տնօրենի տեղակալ` 300.000 ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ 14.06.2013 թվականին ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն:

 Ընկերության 30.07.2013 թվականի տեղեկանքի համաձայն՝ նախկին աշխատակից Գենրի Մկրտչյանի աշխատավարձի պարտքի գումարը 30.07.2013 թվականի դրությամբ կազմում է 4.113.593 ՀՀ դրամ:

 Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել հայցվոր Գենրի Մկրտչյանի ներկայացրած հաշվարկները՝ չվճարված աշխատավարձի, արձակուրդային վճարների, ինչպես նաև տուժանքների վերաբերյալ, ընդ որում՝ ըստ հայցվորի հաշվարկների՝ աշխատավարձի և արձակուրդայինի չվճարված գումարը կազմել է 8.496.290 ՀՀ դրամ:

 Վերաքննիչ դատարանն Ընկերության բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքին կից որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրել է Ընկերության նախկին աշխատակից Գենրի Մկրտչյանին վճարված աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքներ, վճարման հանձնարարագրեր, դրամարկղի ելքի օրդերներ, Ընկերության աշխատավարձի վճարացուցակ, հաշվի քաղվածքներ, որոնք ընդհանուր իրավասության դատարանում Ընկերության կողմից չեն ներկայացվել և եզրակացրել է, որ նշված ապացույցները չներկայացնելը պայմանավորված չի եղել որևէ օբյեկտիվ հանգամանքով, որի արդյունքում կողմը չի կարողացել դրանք ձեռք բերել և ներկայացնել առաջին ատյանի դատարան, ուստի ներկայացված նոր ապացույցները չի ընդունել և հիմնվելով այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, գտել է, որ Ընկերությունը բարեխղճորեն չի օգտվել իր դատավարական իրավունքներից և պարտականություններից, իսկ Դատարանի վճիռը հիմնավորված է դատական նիստում հետազոտված ապացույցներով:

Մինչդեռ վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը․

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերության համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջիններս չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես՝ հիմնվելով աշխատողի կողմից ներկայացված հաշվարկի վրա, անտեսել են գործատուի կողմից տրված և հայցվորի կողմից Դատարան ներկայացված 30.07.2013 թվականի տեղեկանքն այն մասին, որ Գենրի Մկրտչյանի աշխատավարձի պարտքի գումարը 30.07.2013 թվականի դրությամբ կազմում է 4.113.593 ՀՀ դրամ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված տեղեկանքն էական նշանակություն ունի գործի լուծման համար, քանի որ բոլոր դեպքերում աշխատողի աշխատավարձը հաշվարկում է գործատուն, և միայն գործատուի կողմից հաշվարկված աշխատավարձի չափի հետ անհամաձայնության դեպքում աշխատողը կարող է ներկայացնել իր հաշվարկները՝ ներկայացնելով այդ հաշվարկը հիմնավորող այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող են հերքել գործատուի կողմից իրականացված հաշվարկի հավաստիությունը, և որոնց առկայության պայմաններում միայն Դատարանը կարող է մերժել գործատուի ներկայացրած հաշվարկը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Ընկերության կողմից 30.07.2013 թվականին տրված Գենրի Մկրտչյանի աշխատավարձի պարտքի վերաբերյալ տեղեկանքը որպես ապացույց մերժելու պատճառաբանությունները բացակայում են ինչպես Դատարանի վճռում, այնպես էլ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ՝ այդպիսով նշված դատական ակտերը դարձնելով չպատճառաբանված և իրավական հիմնավորումից զուրկ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով ստորադաս դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմամբ չգնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2014 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

   

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ