Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.6
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
27.11.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
27.11.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/1320/02/10 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1320/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1320/02/10
2015 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Հերիքնազ Տիգրանյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վնասը փոխհատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վարդան Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել իր կրած նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցում` 1.564.225 ՀՀ դրամի չափով` նյութական վնասի դիմաց, և 2.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով` ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև նշված գումարի վրա հաշվարկել բոլոր տեսակի հարկերը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 1.000.000 ՀՀ դրամ նյութական վնասի հատուցման պահանջի մասով, 2.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ոչ գույքային (բարոյական) վնասի հատուցման պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.07.2012 թվականի որոշմամբ Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 02.05.2012 թվականի վճռի՝ 564.225 ՀՀ դրամի չափով վնասի հատուցման պահանջը մերժելու մասը բեկանվել է և փոփոխվել` հայցն այդ մասով բավարարվել է: Վճիռը՝ մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.07.2012 թվականի որոշման դեմ Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի ներկայացուցիչները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

 Սույն գործի քննության ընթացքում ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերում հայցի մերժման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, որը ՀՀ սահմանադրական դատարանի 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր, ուստի առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքը՝ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 19.09.2012 թվականին կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 26.07.2012 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 26.07.2012 թվականի որոշման՝ ոչ գույքային (բարոյական) վնասի հատուցման պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել Դատարան՝ նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վարդան Խաչատրյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել իր կրած նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցում` 1.564.225 ՀՀ դրամի չափով` նյութական վնասի դիմաց, և 2.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով` ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ հաշվարկված բոլոր տեսակի հարկերը (հատոր 1-ին, գ.թ 36-61).

 2) Դատարանի 02.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 1.000.000 ՀՀ դրամ նյութական վնասի հատուցման պահանջի մասով, 564.225 ՀՀ դրամ նյութական վնասի և նյութական վնասի նկատմամբ հաշվարկվող հարկերի բռնագանձման պահանջի մասով հայցը մերժվել է, իսկ 2.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ոչ գույքային վնասի հատուցման պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը` որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում (հատոր 3-րդ, գ.թ 49-78).

3) Վերաքննիչ դատարանի 26.07.2012 թվականի որոշմամբ Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 02.05.2012 թվականի վճռի` 564.225 ՀՀ դրամի չափով վնասի հատուցման պահանջը մերժելու մասը բեկանվել և փոփոխվել է` հայցն այդ մասով բավարարվել է, իսկ 2.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ոչ գույքային վնասի հատուցման պահանջի մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ՝ նույնաբովանդակ պատճառաբանությամբ (հատոր 4-րդ, գ.թ. 39-42).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.07.2012 թվականի որոշման դեմ Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 4-րդ, գ.թ. 61-64).

5) Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»: Նույն որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 01.10.2014 թվականը (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

Գործի քննության պահին գործող խմբագրությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Սույն գործով Դատարանը, բարոյական վնասի հատուցման պահանջի մասով կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, ուստի այդ հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերաքննիչ դատարանը, բարոյական վնասի հատուցման պահանջի մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, համաձայնել է Դատարանի հետևությունների հետ և գտել, որ բարոյական վնասի հատուցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չլինելու պարագայում այդ մասով գործի վարույթը կարճելու անհրաժեշտության մասին Դատարանի եզրահանգումը հիմնավոր է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.07.2012 թվականի որոշման դեմ Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդված 2-րդ կետը այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 01.10.2014 թվականը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի որոշման վերանայման հիմք:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 26.07.2012 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.09.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.07.2012 թվականի որոշման՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2012 թվականի վճիռը՝ 2.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ ոչ գույքային վնասի հատուցման պահանջի մասով գործի վարույթը կարճելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ