Համարը 
N 878-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.895
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.08.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2007 թվականի N 878-Ն

ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և 9-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան


 

Հավելված

 ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է ինովացիոն գործունեության սուբյեկտների կողմից ներկայացված գիտական հետազոտությունների, մշակումների, փորձակոնստրուկտորական աշխատանքների կամ այլ գիտատեխնիկական արդյունքի օգտագործմամբ, տնտեսական շրջանառության մեջ իրացվելուն, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված ծառայության կամ արտադրանքի ստեղծմանն ուղղված գործունեության նախագծերի (այսուհետ՝ ինովացիոն նախագծեր) մրցույթների անցկացման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման կարգը:

 

II. ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

2. Ինովացիոն բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը հրապարակային ծանուցումը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով՝ ինովացիոն նախագծերի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 40 աշխատանքային օր առաջ: Մրցույթի հրապարակային ծանուցումը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի՝ մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` նաև մրցույթի հայտի ձև ստանալու, ինովացիոն նախագծերը կազմելու և ներկայացնելու կարգի մասին:

(2-րդ կետը փոփ. 12.11.15 N 1311-Ն)

3. Լիազոր մարմինը հրապարակային ծանուցումը հրապարակելու հետ միաժամանակ մրցույթի հայտի ձևը տեղադրում է իր ինտերնետային կայքում՝ ապահովելով հայտի ներբեռնման հնարավորություն:

(3-րդ կետը խմբ. 12.11.15 N 1311-Ն)

4. Մրցույթի հրապարակային ծանուցումը պետք է պարունակի՝

1) մրցույթի հայտերի ներկայացման պայմանները` վայրը, ժամկետը.

2) մրցույթի հայտերին ներկայացվող հիմնական պահանջները.

3) մրցույթի հայտի ֆինանսական նախահաշվի ձևը.

4) մրցույթի մասնակիցներից պահանջվող որակավորման մասին տվյալներ.

5) մրցույթի հայտերի քննարկման և գնահատման ժամկետները.

6) մրցույթի հայտերի նախապատրաստման և ներկայացման մասին պահանջվող այլ տեղեկատվություն՝ լիազոր մարմնի հայեցողությամբ:

5. Մրցույթի հայտը պետք է պարունակի տեղեկություններ ինովացիոն նախագծում ներկայացվող խնդրի դրվածքի և նրա արդի վիճակի, ակնկալվող արդյունքների, խնդրի լուծման ճանապարհների ու թեմայի կատարման ժամկետների, դրա կատարման նպատակով առկա և ձեռք բերվող սարքավորումների և դրա համար անհրաժեշտ գումարների մասին։ Ինովացիոն նախագծերի կատարման ժամկետները նախատեսվում են մինչև 3 տարի։

6. Լիազոր մարմինն ընդունում է ինովացիոն նախագծերի հայտերը (այսուհետ՝ մրցույթի հայտ) և 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում  լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին` հայտերի նախնական ընտրության և մասնագիտական փորձաքննության երաշխավորելու համար: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի, շահագրգիռ նախարարությունների ու պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև, լիազոր մարմնի հայեցողությամբ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները սահմանում է լիազոր մարմինը:

(6-րդ կետը լրաց., խմբ. 12.11.15 N 1311-Ն)

7. Մրցութային հանձնաժողովի կողմից երաշխավորված մրցույթի հայտերը դրանք ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան մասնագիտական փորձաքննության՝ մեկից ավելի փորձագետների:

(7-րդ կետը լրաց. 12.11.15 N 1311-Ն)

8. Մրցութային հանձնաժողովի որոշմամբ լիազոր մարմինը կարող է պատվիրել լրացուցիչ շուկայագիտական կամ այլ կարգի փորձաքննություն:

9. Փորձագետները լիազոր մարմնի սահմանած կարգով փորձաքննության են ենթարկում ներկայացված յուրաքանչյուր հայտը` մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված չափանիշների հիման վրա, և եզրակացություն տալիս դրա հաստատման նպատակահարմարության մասին: Հայտերի փորձաքննության ժամանակ փորձագետների կողմից գնահատվում է ներկայացված հայտը։

10. Ինովացիոն նախագծերի հայտերի մասին եզրակացությունները հայտերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում փորձագետները ներկայացնում են լիազոր մարմին՝ մրցութային հանձնաժողովի կողմից հայտերի վերջնական ընտրություն կատարելու նպատակով: Մրցութային հանձնաժողովը լիազոր մարմնի կողմից սահմանված գնահատման չափանիշների հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է հայտերի վերջնական ընտրություն և ներկայացնում լիազոր մարմին՝ հաստատման:

(10-րդ կետը լրաց. 12.11.15 N 1311-Ն)

11. Փորձագետների դրական եզրակացությունն ստացած և մրցութային հանձնաժողովի կողմից վերջնական ընտրված ինովացիոն նախագծերի ցանկը հաստատում է լիազոր մարմինը: Հաստատված ինովացիոն նախագծերի ծախսերի նախահաշիվները ներառվելու են տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում՝ որպես ինովացիոն գործունեությանը պետական աջակցության տարեկան ծրագրի (այսուհետ` տարեկան ծրագիր) բյուջետային ֆինանսավորման հայտ:

(11-րդ կետը խմբ. 12.11.15 N 1311-Ն)

12. Ինովացիոն նախագծերի հեղինակները փորձագետների եզրակացությունների մասին տեղեկացվում են եզրակացություններն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ լիազոր մարմնի կողմից նախագծի հաստատման մասին՝ հաստատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

(12-րդ կետը խմբ. 12.11.15 N 1311-Ն)

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Լիազոր մարմնի կողմից հաստատված տարեկան ծրագիրը լիազոր մարմնի կողմից բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ՝ հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(13-րդ կետը փոփ. 12.11.15 N 1311-Ն)

14. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո օրենքում ընդգրկված տարեկան ծրագրի առանձին ինովացիոն նախագծերի իրականացման համար դրանց ղեկավարների հետ լիազոր մարմինը կնքում է պայմանագրեր:

15. Պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատասխան ինովացիոն նախագծի անվանումը, նրա ղեկավարը, կազմակերպությունը, որտեղ պետք է իրականացվի նախագիծը, նախագծի իրականացման ժամկետները և պայմանները, ֆինանսավորման չափը, ինչպես նաև հաշվետվության ձևերը, ներկայացնելու կարգը և ժամկետը, նախագծի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները և արդյունքների գնահատման կարգը:

(15-րդ կետը լրաց. 12.11.15 N 1311-Ն)

16. Ինովացիոն նախագծի իրականացման համար հատկացված գումարներով ձեռք բերված սարքավորումները տնօրինում է տվյալ նախագծի ղեկավարը՝ առանց օտարման իրավունքի։ Նախագծի ավարտից հետո մեկամսյա ժամկետում լիազոր մարմինն առաջարկ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն կետում նշված սարքավորումների հետագա տնօրինման վերաբերյալ:

(16-րդ կետը խմբ. 12.05.16 N 483-Ն)

 

IV. ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼԸ

 

17. Ինովացիոն նախագծերի կատարման մասին նախագծերի ղեկավարները լիազոր մարմին են ներկայացնում ընթացիկ (եռամսյակային), տարեկան և ամփոփիչ հաշվետվություններ:

Հաշվետվությունները ներկայացնելու ժամկետներ են սահմանվում՝

1) ընթացիկ (եռամսյակային) և տարեկան հաշվետվությունների համար՝ հաշվետու ժամկետի ավարտից հետո 10 աշխատանքային օր.

2) ամփոփիչ հաշվետվությունների համար՝ նախագծի իրականացման ժամկետի ավարտից հետո 20 աշխատանքային օր:

(17-րդ կետը լրաց. 12.11.15 N 1311-Ն)

18. Լիազոր մարմինը հաշվետվություններն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է մրցութային հանձնաժողովին՝ քննարկման, որին մասնակցում են տվյալ նախագծի փորձաքննությունն իրականացրած փորձագետները: Հաշվետվությունները քննարկելիս՝ գնահատվում են նախագծերի իրականացման ամբողջական և առանձին փուլերի արդյունքները, դրանց համապատասխանությունը նախագծերի առաջադրանքներին, միջոցների օգտագործման արդյունավետությունը, նախագծերը շարունակելու նպատակահարմարությունը, ինչպես նաև ավարտվող աշխատանքների վերջնական արդյունքները ներդրման և կիրառման երաշխավորելու հնարավորությունները: Մրցութային հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում, որը 2 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Լիազոր մարմինը որոշման հաստատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է ինովացիոն նախագծերի ղեկավարներին։

(18-րդ կետը խմբ. 12.11.15 N 1311-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 12.11.15 N 1311-Ն, խմբ. 12.05.16 N 483-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան