Համարը 
ՀՕ-119-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.07.20/55(1235) Հոդ.684
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.07.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 30-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝

1) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում:

 Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք:

Տեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող» բառերը փոխարինել «Հանրային ծառայող» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մինչև հավատարմագրվելու համար դիմում ներկայացնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ընդունել իրենց դիտորդների վարքագծի կանոններ, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և սույն օրենսգրքի կանոնակարգումներին:

Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման մասին:».

2) 4-րդ մասը «որոշման պահանջներին» բառերից հետո լրացնել «, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունը հանել.

2) 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել.

3) 5-րդ մասը «31-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերից հետո լրացնել «, 8-րդ մասով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում՝

 

1) առաջին նախադասության «և Հայաստանի Հանրապետությունում գրանցված դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների» բառերը հանել.

2) երկրորդ նախադասության «, հասարակական կազմակերպությունների» բառերը հանել:

 

Հոդված 6. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «անձինք» բառից հետո լրացնել «, մասնագետը» բառով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում, ինչպես նաև 14-րդ մասում «9.00-ից մինչև ժամը 9.30-ը» բառերը փոխարինել «9.00-ից մինչև ժամը 11.00-ն» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի վերջին պարբերությունում «9.00-ից մինչև ժամը 9.30-ը» բառերը փոխարինել «9.00-ից մինչև ժամը 11.00-ն» բառերով.

2) 6-րդ մասի «վերջնաժամկետի օրը` ժամը 12.00-ից» բառերը փոխարինել «վերջնաժամկետի օրը` ժամը 14.00-ից» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի «կամ դիտորդական առաքելություն իրականացնելու» բառերը հանել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի առաջին նախադասությունը «լիազոր մարմնի կողմից,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը,» բառերով.

2) 2-րդ մասի վեցերորդ պարբերության «երբ ընտրողն ունի» բառերը փոխարինել «երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում՝

 

1) առաջին պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցման ժամանակ չի հաջողվել ճանաչել մատնահետքը, և գրանցումն իրականացվել է միայն անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:».

2) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «լուսանկարելու այն» բառերից հետո լրացնել «, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկանքն ստորագրում է և կնքում հանձնաժողովի կնիքով» բառերով.

3) երրորդ պարբերությունը «Վստահված անձանց» բառերից հետո լրացնել «դիտորդներին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին» բառերով, իսկ նույն պարբերության «ընդհանուր 20 րոպե» բառերը փոխարինել «ընդհանուր 30 րոպե» բառերով.

4) չորրորդ պարբերության «9.00-ից մինչև ժամը 9.30-ը» բառերը փոխարինել «9.00-ից մինչև ժամը 11.00-ն» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 9-րդ մասում՝

 

1) «այդ ընտրական տարածքի յուրաքանչյուր 15 000 ընտրողի հաշվարկով» բառերը փոխարինել «ըստ ընտրողների ռեգիստրի այդ ընտրական տարածքում ընդգրկված յուրաքանչյուր 15 000 քաղաքացու հաշվարկով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նշված թիվը յուրաքանչյուր ընտրական տարածքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Սույն մասում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Սույն կետում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 115-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Սույն հոդվածում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 144-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ մասի առաջին նախադասությունը «համապատասխան» բառից հետո լրացնել «, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որը կարգավորվում է սույն օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան» բառերով.

2) 3-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները կազմվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, որոնցում ընդգրկվում են սույն օրենսգրքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հավատարմագրումն իրականացվում է 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դիտորդներից որակավորման վկայականներ չեն պահանջվում, իսկ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից:».

3) 14-16-րդ մասերի «2022 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 12

Երևան

ՀՕ-119-Ն