Համարը 
ՀՕ-130-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.07.27/56(1236) Հոդ.714
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.06.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.07.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ հոդվածի 4-րդ կետը` 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հունիսի 29-ին

 

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասի «Գործունակ» բառը փոխարինել «16 տարին լրացած» բառերով.

2) 4-րդ մասը`

ա. «համաձայնությամբ» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների և երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.».

3) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.».

4) 8-րդ մասի`

ա. երկրորդ նախադասության «ցուցամատների» բառը փոխարինել «բոլոր մատների» բառերով,

բ. երրորդ նախադասությունը հանել.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, և մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու:».

6) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Սույն հոդվածի 12-րդ մասի 1-2-րդ, 4-6-րդ կետերով նախատեսված հիմքերը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվում քաղաքացուն մինչև նշված հիմքերի վերանալը, իսկ նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության հարցը լուծվելուց հետո:».

9) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), սույն հոդվածի 6-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 6-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ դիմումի և գրավոր համաձայնության), փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 7-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը քաղաքացուն չեն վերադարձվում:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.

«9) տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

10) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն անձնագիրը փոխանակելու համար:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «2014» թիվը փոխարինել «2019» թվով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ հոդվածի 4-րդ կետը` 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-130-Ն