Համարը 
ՀՕ-327
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.399
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.05.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.06.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.04.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին

 

ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքն ուղղված է օդանավերի թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաև ավիացիայի բնագավառում էկոլոգիական անվտանգության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕրԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է ավիացիայի բնագավառում վերահսկողության մեխանիզմները, ծառայություններին և ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջները և իրավական կարգավորման հիմքերը:

 

Հոդված 2.

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ավիացիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ցամաքային ու ջրային տարածքները, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունը (այսուհետ` օդային տարածք), իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պահին օդանավի գտնվելու երկրի օրենքներին:

 

Հոդված 3.

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման մարմինները սույն օրենքի համաձայն իրականացվող ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում`

ա) քաղաքացիական ավիացիային առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու կանոնակարգեր մշակելիս և ընդունելիս ապահովում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի դրույթներին (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) դրանց համապատասխանությունը, և առավել հնարավոր չափով համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին.

բ) կանոնակարգման գործընթացի պարզեցման և արագացման նպատակով իրավասու են ճանաչել և կիրառել եվրոպական երկրների Համատեղ ավիացիոն իշխանությունների սահմանած Համատեղ ավիացիոն կանոնակարգերը (ՀԱԿ), որոնք պարտադիր են Եվրոպական միության երկրների համար, ինչպես նաև ԻԿԱՕ-ի և քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի կանոնակարգերը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի «ա» կետի պահանջներին: Սույն կետում նշված կանոնակարգերը կարող են կազմվել ԻԿԱՕ-ի կողմից որպես աշխատանքային ճանաչված անգլերեն կամ ռուսերեն լեզուներով.

գ) կարող են սահմանված կարգով ճանաչել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) տված սերտիֆիկատները, հավաստագրերը, թույլտվություններն ու օգտագործել տեխնիկական եզրակացությունները.

դ) բոլոր կանոնները, հրամանները, հրահանգները և այն կանոնակարգերը, որոնք առնչվում են քաղաքացիական ավիացիային, պետք է համապատասխանեն Կոնցեսիոն պայմանագրին և այդ պայմանագրի փոփոխություններին, ինչպես նաև դրան առնչվող այլ պայմանագրերին` ուղղված լինելով դրանց պայմանների ապահովմանը:

Սույն օրենքի իմաստով`

- Կոնցեսիոն Պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կնքված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրն է և դրանում փոփոխությունները,

- «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` կազմակերպությունն է, որը Կոնցեսիոն Պայմանագրին համապատասխան իրականացնում է օդանավակայանի շահագործումը,

- Օդանավակայանի կոնցեսիոները` «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն է և այն անձինք են, որոնք լիազորված են շահագործելու և (կամ) կառավարելու այլ օդանավակայաններ:

 

Հոդված 4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 5.

ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով քաղաքացիների և տնտեսության կարիքների բավարարման նպատակով օգտագործվող օդանավերը համարվում են քաղաքացիական օդանավեր: Նշված նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է քաղաքացիական ավիացիա:

2. Ռազմական, մաքսային և ոստիկանության բնագավառներում, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից ոչ առևտրային նպատակներով օգտագործվող օդանավերը համարվում են պետական օդանավեր: Նշված բնագավառներում և նպատակներով օգտագործվող ավիացիան համարվում է պետական ավիացիա:

 

Հոդված 6.

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործունեությունն իրականացվում է սույն օրենքի 4-րդ գլխի համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական օդանավերով: Ավիացիոն գործունեություն կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության պետական օդանավերով:

2. Օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավը կարող է մուտք գործել և թռչել օդային տարածքում միայն համապատասխան միջազգային պայմանագրի (համաձայնագրի) կամ սույն օրենքով սահմանված կարգով տրված թույլտվության առկայության դեպքում:

3. Սույն օրենքի դրույթները, որոնք վերաբերում են օտարերկրյա պետություններում գրանցված օդանավերին, հավասարապես կիրառվում են նաև համատեղ կամ միջազգային գրանցում ունեցող օդանավերի նկատմամբ:

 

Հոդված 7.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմական ավիացիայի) և օդային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը (այսուհետ` Քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիա` ՔԱԱ) պետական կառավարման հանրապետական մարմինն է, որն իրականացնում է ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականությունը, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունը: Օդանավակայանի Կոնցեսիոն Պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողությունը ՔԱԱ-ն կարող է իրականացնել միայն ԻԿԱՕ-ի ապահովության և անվտանգության պահանջների կատարման նկատմամբ:

2. ՔԱԱ-ի հիմնական խնդիրներն են`

ա) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների, ներքին և միջազգային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

բ) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային և կոնցեսիոն պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

գ) խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.

դ) քաղաքացիական ավիացիայում մանրամասն և համապարփակ կանոնակարգերի հաստատումը և ներդնումը` չխախտելով Օդանավակայանի կոնցեսիոների օդանավակայանի ներքին կանոնակարգերի մշակման, ընդունման և ներդրման իրավունքները` ռազմական ավիացիային առնչվող մասով համաձայնեցնելով դրանք պաշտպանության նախարարության հետ.

ե) սույն օրենքով սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը` անհրաժեշտության դեպքում համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

զ) սույն օրենքի համաձայն քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնողների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներին առնչվող տեսչական ստուգումներն իրականացվում են միայն ԻԿԱՕ-ի անվտանգության և ապահովության պահանջներին համապատասխանության նկատմամբ.

է) քաղաքացիական ավիացիայում վթարների և պատահարների մասնագիտական քննությունը (վթարների և պատահարների քննություն), ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը.

ը) Հայաստանի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.

թ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:

3. ՔԱԱ-ն գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

4. ՔԱԱ-ի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՔԱԱ-ն ունի արտաբյուջետային հաշիվ, որում միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների համար ՔԱԱ-ի ֆինանսավորումն ապահովելու համար հարկեր, տուրքեր կամ այլ վճարումներ չեն կարող սահմանվել:

 

Հոդված 8.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Քաղաքացիական ավիացիայում պետական վերահսկողությունն իրականացվում է թռիչքային և ավիացիոն անվտանգության (ավիացիոն հսկողություն) նպատակով` չխախտելով Օդանավակայանի կոնցեսիոների` համապատասխան պայմանագրով սահմանված իրավունքները:

2. Սույն հոդվածում նշված նպատակներով ավիացիոն հսկողություն իրականացնող համապատասխան անձինք իրավունք ունեն, ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնողի ներկայացուցչի մասնակցությամբ, անարգել մուտք գործել քաղաքացիական ավիացիայի ծառայությունները, միջոցները, շինությունները, գտնվել օդանավում` ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում` անհրաժեշտության դեպքում համապատասխան նախարարության կամ գերատեսչության համաձայնությամբ, ինչպես նաև պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ, ներառյալ` համակարգիչներում պահվող տեղեկությունները` չխոչընդոտելով օդանավակայանի բնականոն գործունեությանը: ՔԱԱ-ն իրավասու չէ քաղաքացիական ավիացիայում գործունեություն իրականացնող մասնավոր անձանցից պահանջել տրամադրելու որևէ փաստաթուղթ կամ այլ տեղեկատվություն` առևտրային գործառույթների, ծրագրերի կամ հաշվետվությունների վերաբերյալ, բացի ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալներից:

 

Հոդված 9.

ՊԵՏԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ռազմական ավիացիայի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` քաղաքացիական օդանավերի անվտանգության ապահովության մասով համաձայնեցնելով սահմանվող կանոնները և կարգերը ՔԱԱ-ի հետ:

2. Հայաստանի Հանրապետության ոչ ռազմական պետական օդանավերի վրա տարածվում են սույն օրենքի 2-րդ բաժնի դրույթները:

3. Օտարերկրյա պետական օդանավերը կարող են մուտք գործել օդային տարածք և թռչել օդային տարածքում միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում և համաձայն այդ թույլտվության գործողության ժամկետների ու պայմանների:

4. Օտարերկրյա պետական օդանավերի կողմից տարանցիկ չվերթերի իրականացման թույլտվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է տալ ՔԱԱ-ն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ, ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

Հոդված 10.

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԹՌԻՉՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո: Օդային տարածք օդանավերի մուտքն ու թռիչքների իրականացումը, ինչպես նաև օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնացող գործողությունները, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան թույլտվության, արգելվում են:

2. Օդային տարածքի կազմակերպումը պետք է բավարար չափով ապահովի դրա արդյունավետ օգտագործումը քաղաքացիական օդանավերի կողմից` միաժամանակ հաշվի առնելով ռազմական նպատակներով օդային տարածքի օգտագործման պահանջները: Օդային տարածքի կազմակերպումը և օդային երթևեկության թռիչքային կանոնները սահմանվում են Չիկագոյի կոնվենցիայի 2-րդ և 11-րդ հավելվածների հիման վրա: Ռազմական օդային երթևեկության թռիչքային կանոնները սահմանվում են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու պայմանով:

Օդային տարածքի կազմակերպման կարգը և թռիչքային կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Օդային տարածքի օգտագործման հատուկ պայմաններում օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենքի իմաստով օդային տարածքի օգտագործման պայմանները համարվում են հատուկ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռազմական դրության հայտարարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալու, պետական սահմանի և օդային տարածքի օգտագործման կարգի խախտումները կանխարգելելու կամ խափանելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքերում:

4. Ելնելով երկրի պաշտպանունակության կամ ապահովության նկատառումներից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, օդային տարածքի որոշ մասեր կարող են համարվել ավիացիայի համար արգելված, սահմանափակ օգտագործման կամ վտանգավոր գոտիներ: Նշված գոտիների սահմանումը կատարվում է ՔԱԱ-ի առաջարկությամբ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Արգելքները և սահմանափակումներն ըստ հնարավորին սահմանվում են դրանց սահմանման նպատակների իրականացման համար իրապես պահանջվող ժամանակահատվածից ոչ ավելի երկար ժամանակով:

5. Օդային տարածքի օգտագործման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են օդային երթևեկության սպասարկման մարմինները և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

6. Թռիչքների ռադիոտեխնիկական ապահովմանը խանգարող սարքեր կամ սարքավորումներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ռադիոհաճախությունների տիրույթի օգտագործման կարգն իրականացնող մարմնի պահանջով, պարտավոր են սեփական միջոցների հաշվին վերացնել խանգարումները: Մինչև խանգարումների վերացումը նրանք պարտավոր են ընդհատել նշված սարքերի և սարքավորումների աշխատանքը:

7. Օդային տարածքի կազմակերպումը, թռիչքային կանոնների ներդրումը, կիրառումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության` ավիացիայի բնագավառում կնքած բոլոր կոնցեսիոն և դրանց առնչվող այլ պայմանագրերին և ուղղված լինեն դրանց պայմանների ապահովմանը:

Օդային երթևեկության ծավալի աճի վրա ազդող կամ դրանց առնչվող այլ որոշումներ կայացնելուց առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները պետք է խորհրդակցեն Օդանավակայանի կոնցեսիոների հետ:

 

Հոդված 11.

ՕԴԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ և ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` ապահովելով օդային երթևեկության սպասարկումն օդային մայրուղիներում (օդային երթևեկության շրջանային կառավարում)`

ա) միջազգային չվերթերի համար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով ներդրված ԻԿԱՕ-ի տարածաշրջանային աերոնավիգացիոն պլանի համաձայն.

բ) ներքին առևտրային չվերթերի, ռազմական ավիացիայի, ընդհանուր օգտագործման ավիացիայի և ավիացիայի այլ տեսակների համար, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Նշված նպատակների իրականացման համար սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք: Օդային երթևեկության ծավալի աճի վրա ազդող կամ դրան առնչվող այլ որոշումներ կայացնելուց առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները պետք է խորհրդակցեն Օդանավակայանի կոնցեսիոների հետ:

2. Այն աերոդրոմները, որոնք նախատեսված են միջազգային առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային չվերթերի իրականացման համար, համարվում են կառավարվող աերոդրոմներ, որոնցում ՔԱԱ-ի սահմանած կարգով ապահովվում են օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայությունները: Այլ աերոդրոմներ հայտարարվում են կառավարվող ՔԱԱ-ի կողմից, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Կառավարվող աերոդրոմների գործունեության համար սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք:

3. Խաղաղ ժամանակ ռազմաքաղաքացիական համագործակցությունն օդային տարածքում իրականացվում է օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի (այսուհետ` միասնական համակարգ) միջոցով: Միասնական համակարգի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Օդային երթևեկության սպասարկման և հարակից միջոցների ապահովման կարգերը սահմանում է ՔԱԱ-ն: Նշված ծառայությունների մատուցումն իրականացնում է ՔԱԱ-ի կողմից համապատասխան թույլտվություն ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում օդային երթևեկության սպասարկումն ու հարակից միջոցները կարող են ապահովել ՔԱԱ-ի կողմից համապատասխան թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ:

5. Հայաստանի Հանրապետությունում օդային երթևեկության սպասարկման կարգավարի գործունեությամբ կարելի է զբաղվել միայն սույն օրենքով սահմանված կարգով տրված կամ ճանաչված ատեստավորման վկայականի հիման վրա: Կարգավարների ատեստավորումն իրականացվում է սույն օրենքի 30-33-րդ հոդվածներին համապատասխան: Բացառապես ռազմական օդանավերի կառավարում իրականացնող կարգավարների ատեստավորումն իրականացվում է միասնական համակարգի գործունեության կարգի հիման վրա:

6. Օդային երթևեկության սպասարկման գործընթացի պարզեցման նպատակով ՔԱԱ-ն կարող է օդային երթևեկության սպասարկման ծառայության մատուցման և այլ հարակից գործառույթների իրականացման որոշ իրավասություն փոխանցել մեկ այլ երկրի, կամ միջազգային կազմակերպության, կամ այլ համապատասխան մարմնի` օդային տարածքի որոշակի մասերում և որոշակի բարձրությունների սահմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր, որով սահմանված է, թե ինչ պայմաններով է իրականացվում իրավասության այդպիսի փոխանցումը: Համապատասխանաբար, ՔԱԱ-ն կարող է օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայությունների մատուցման իրավասություն ստանալ հարևան երկրներից, եթե Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր:

7. Քաղաքացիական ավիացիային մատուցվող հիդրոօդերևութաբանական անհրաժեշտ ծառայությունների տեսակները և չափանիշները սահմանում է ՔԱԱ-ն` ելնելով տվյալ տարածքում սպասարկվելիք օդային երթևեկության հոսքերի տեսակներից:

8. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնում է ՔԱԱ-ն ինքնուրույն, կամ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան թույլտվություն ստացած մասնագիտացված կազմակերպությունը` Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի համաձայն, վճարովի հիմունքներով:

9. Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի համաձայն աերոնավիգացիոն տեղեկատվության աղբյուր հանդիսացող բոլոր կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք պարտավոր են համապատասխան տեղեկատվությունը ժամանակին, ճշգրիտ և անվճար տրամադրել ՔԱԱ-ին:

 

Հոդված 12.

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով աերոդրոմ է համարվում հողային տարածքը կամ ջրային մակերեսը (ներառյալ` բոլոր շենքերը, շինություններն ու սարքավորումը), որն ամբողջովին կամ մասնակիորեն նախատեսված է օդանավերի ժամանման, մեկնման և երթևեկության նպատակներով:

2. Սույն օրենքի իմաստով օդանավակայան է համարվում շինությունների համալիրը, որը ներառում է աերոդրոմը, բեռնահամալիրը, օդակայարանը և բոլոր այլ շինությունները, ինչպես նաև աերոդրոմին պատկանող շինությունները, որոնք նախատեսված են օդանավերի ընդունման, ուղարկման, օդային փոխադրումների սպասարկման, առևտրային գործունեության, մաքսային հատուկ առևտրի գոտիների և այլ օդանավակայանային գործունեության նպատակներով և համալրված է համապատասխան սարքավորումներով:

3. Միջազգային առևտրային օդային փոխադրումները և ներքին կանոնավոր առևտրային օդային փոխադրումները թույլատրվում են իրականացնել միայն այն օդանավակայաններից, որոնք սույն օրենքով սահմանված կարգով ստացել են համապատասխան սերտիֆիկատ:

4. ՔԱԱ-ի կողմից օդանավակայանի սերտիֆիկատ կարող է տրվել, եթե բավարարված են ներքոհիշյալ պայմանները`

ա) հայտատուն օդանավակայանի օրինական օգտագործողն է.

բ) օդանավակայանի ֆիզիկական բնութագրերը և տեսողական միջոցները, ինչպես նաև շրջապատող տեղանքը, շինություններն ու օբյեկտները և դրանց նշագծումները համապատասխանում են ԻԿԱՕ-ի ստանդարտների ու առաջարկվող գործելաձևերի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով հաստատված ընթացակարգերին օդանավերի այն դասերի համար, որոնցով ենթադրվում է շահագործել օդանավակայանը.

գ) նավիգացիոն, վայրէջքի և հեռահաղորդակցության միջոցներն ու օդանավակայանի էներգամատակարարման համակարգը համապատասխանում են օդանավակայանի շահագործման պայմաններին.

դ) ՔԱԱ-ի հետ համատեղ իրականացված են միջոցառումներ` ուղղված օդանավակայանում օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայությունների իրականացմանը` համաձայն սույն օրենքի 11-րդ հոդվածի.

ե) իրականացված են օդանավակայանում մատուցվող օդերևութաբանական սպասարկման ապահովմանն ուղղված միջոցառումները.

զ) հաստատված է օդանավակայանի անվտանգության ծրագիրը` համաձայն սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ կետի.

է) իրականացված է օդանավակայանի վթարային պլանավորում և ապահովված է դրա մշտական պատրաստությունը.

ը) գործում են համապատասխան հրշեջ և փրկարարական ծառայություններ.

թ) ներկայացված է օդանավակայանի թռիչքների ապահովության վրա ներազդող ծառայությունների գործունեության կազմակերպման նկարագրությունը.

ժ) իրավասու մարմինների հետ համատեղ սահմանված է անհրաժեշտ հսկողություն` օդանավակայանի շրջակայքում կառուցվող շենքերի, այլ օբյեկտների հարկայնության և ուղղորդիչ լուսավորության նկատմամբ, որոնք կարող են վտանգ սպառնալ օդային երթևեկությանը:

Կոնցեսիոն Պայմանագրով նախատեսված իրավունքների փոխանցումը ենթադրում է «Զվարթնոց» օդանավակայանի սերտիֆիկատի միաժամանակյա տրամադրումը կոնցեսիոներին: Նշված սերտիֆիկատն ուժի մեջ է մնում մինչև Կոնցեսիոն Պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից կատարված օդանավակայանի բարեփոխումները պետք է համապատասխանեն ապահովության և անվտանգության ԻԿԱՕ-ի պահանջներին, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետով և 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան:

Ապահովության և անվտանգության նպատակով ՔԱԱ-ն կարող է սահմանել օդանավակայանի օգտագործման որոշակի պայմաններ ու սահմանափակումներ, բացառապես հիմնվելով ապահովության և անվտանգության վերաբերյալ ԻԿԱՕ-ի պահանջների վրա, առանց խախտելու համապատասխան Օդանավակայանի կոնցեսիոների իրավունքները` Կոնցեսիոն Պայմանագրին համապատասխան: Օդանավակայաններում և այլ վերգետնյա միջոցներով ավիացիային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դրույթները: ՔԱԱ-ն ըստ անհրաժեշտության սահմանում է այդ անձանց որակավորմանը վերաբերող մանրամասն պահանջներ` բացառապես հիմնվելով ԻԿԱՕ-ի պահանջների վրա, ապահովության և անվտանգության նպատակներով` առանց խախտելու Օդանավակայանի կոնցեսիոների Կոնցեսիոն Պայմանագրով սահմանված իրավունքները:

5. ՔԱԱ-ն անցկացնում է միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի սերտիֆիկացված օդանավակայանների, վերգետնյա միջոցների և ծառայությունների ուսումնասիրություն և տեսչական ստուգումներ` բացառապես ԻԿԱՕ-ի ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման ուսումնասիրությունները և տեսչական ստուգումները պետք է հիմնավորված լինեն և չխոչընդոտեն օդանավակայանի կոնցեսիոների բնականոն գործունեությանը: Կոնցեսիոների կատարած օդանավակայանի բարեփոխումները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի ապահովության և անվտանգության բոլոր պահանջներին:

6. Սույն հոդվածի հիման վրա տրված օդանավակայանի սերտիֆիկատի գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել ՔԱԱ-ի կողմից, եթե օդանավակայանը կամ դրա կազմակերպումը, սարքավորումները, միջոցները կամ ծառայությունները չեն համապատասխանում սահմանված պայմաններին կամ սահմանափակումներին: ՔԱԱ-ն սերտիֆիկատը կրողից իրավասու է պահանջել վերացնելու թերությունները սահմանված ժամկետում, եթե դա հնարավոր է իրականացնել առանց թռիչքների ապահովության վրա ներազդելու: Թերությունների վերացման համար տրված ժամանակահատվածում ՔԱԱ-ն սահմանում է օդանավակայանի գործունեության սահմանափակումներ:

7. Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների ցանկը և դրանց օգտագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համատեղ բազավորման և օգտագործման աերոդրոմները պետք է համապատասխանեն քաղաքացիական աերոդրոմներին ներկայացվող պահանջներին և այդ նպատակով ենթակա են վերահսկման ՔԱԱ-ի կողմից:

8. Օդանավակայանի կոնցեսիոները մասնավոր անձ է, որը լիազորված է Հայաստանի Հանրապետության կողմից օդանավակայանը շահագործելու, տնօրինելու և ղեկավարելու, կառավարելու այն Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրած լիազորությունների շրջանակներում:

9. Կոնցեսիոն պայմանագիրը ենթադրում է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների իրավունքը`

- օգտագործելու օդանավակայանի տարածքը և գույքը,

- գործելու որպես օդանավակայանի կառավարիչ` սահմանելով և կիրառելով օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերը,

- շահագործելու օդանավակայանը և ստանալու շահույթ դրա շահագործումից,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության տված լիազորությունների շրջանակներում տրամադրելու լիցենզիաներ օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնելու համար կամ իրականացնելու այդ գործունեությունն ուղղակիորեն` Կոնցեսիոն Պայմանագրին համապատասխան:

10. Օդանավակայանները սեփականության իրավունքով կարող են պատկանել Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին և իրավաբանական անձանց: Օդանավակայանների անշարժ գույքի միավորների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև կոնցեսիայի միջոցով:

Իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող օդանավակայանները շահագործվում են սեփականատիրոջ կողմից անմիջականորեն կամ այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից նաև կոնցեսիայի միջոցով:

Կոնցեսիայի միջոցով օդանավակայանի շահագործման նպատակով օդանավակայանի սեփականատիրոջ և շահագործողի միջև կնքվում է օդանավակայանի կոնցեսիայի պայմանագիր, որով շահագործողին են փոխանցվում օդանավակայանի շահագործման իրավունքները և գույքի միավորների օգտագործման իրավունքը: Կոնցեսիայով շահագործողին կարող է հանձնվել օդանավակայանի շահագործումը կամ օդանավակայանային առանձին ծառայությունների մատուցումը:

Կոնցեսիայի պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա շահագործողներն օդանավակայանային առանձին ծառայություններ կարող են հանձնել ենթակոնցեսիայի:

Ենթակոնցեսիայի պայմանները սահմանվում են օդանավակայանների սեփականատերերի կամ շահագործողների կողմից, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնի Օդանավակայանի կոնցեսիոների գործունեության նկատմամբ` Կոնցեսիոն Պայմանագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները կանխելու նպատակով:

 

Հոդված 13.

ՈՐՈՆՈՒՄԸ և ՓՐԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Աղետալի իրավիճակում հայտնված օդանավերին օգնելու և ավիացիոն պատահարից հետո ողջ մնացածներին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվում են որոնման և փրկարարական ծառայություններ` Չիկագոյի կոնվենցիայի 12-րդ հավելվածի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը սահմանելիս ապահովվում է, որպեսզի տեղերում առկա միջոցներն ու ծառայությունները, որոնք որոնողափրկարարական ծառայության անմիջական մաս չեն կազմում, ըստ հնարավորին ներառվեն իրականացվող աշխատանքներում` պատահարից հետո ողջ մնացածներին օգնելու հնարավորություններն ընդարձակելու նպատակով:

3. Որոնման և փրկարարական ծառայությունն ապահովում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքներում` համաձայն միջազգային պայմանագրերի (որոնման և փրկարարական շրջան):

4. Որոնման և փրկարարական շրջանում հիմնվում է Փրկարարական համակարգող կենտրոն: Որոնողական և փրկարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով` կարող են հիմնվել փրկարարական համակարգող ենթակենտրոններ:

5. Օդային երթևեկության կառավարման միավորները տեղերում, ինչպես նաև բոլոր սերտիֆիկացված օդանավակայանները, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում հանդիսանում են որոնողափրկարարական ծառայության մաս և ապահովում են Փրկարարական համակարգող կենտրոնի կամ փրկարարական համակարգող ենթակենտրոնի պահանջած աջակցությունն ու տեղեկատվությունը:

6. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, օդանավի սեփականատերերը և շահագործողները, օդանավում, օդանավակայանում, աերոդրոմներում կամ այլ միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին և մինչև որոնման և փրկարարական ուժերի ժամանումը միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և նրանց անհետաձգելի բժշկական և այլ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տվյալ օդանավի և դրանում գտնվող փաստաթղթերի ու գույքի պահպանության ուղղությամբ: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում նրանց կատարած համապատասխան ծախսերը հատուցում է օդանավը շահագործողը:

Պատահարից հետո օդանավի տարահանումն իրականացվում է շահագործողի կամ այլ ուժերով` շահագործողի միջոցների հաշվին:

Որոնման և վթարափրկարարային միջոցներով չապահովված օդանավերի թռիչքներն արգելվում են:

7. Որոնողափրկարարական ծառայությունները համագործակցում են պատահարը քննողների և պատահարից տուժած անձանց օգնություն ցուցաբերողների հետ: Պատահարի քննությունը հեշտացնելու նպատակով որոնողափրկարարական ծառայությանը, հնարավորության դեպքում, ուղեկցում են օդանավերի վթարների քննության հարցերում իրազեկ անձինք:

8. Մինչև սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված` պատահարը քննող հանձնաժողովի ժամանումը, օդանավի ջարդված մասերը չպետք է տեղաշարժվեն ավելի, քան դա անհրաժեշտ է օդանավում գտնվողներին փրկելու կամ զոհվածների մարմինները տեղափոխելու համար:

Տեղաշարժված բոլոր առարկաները պահվում են պատահարի վայրում:

9. Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱ

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ

 

Հոդված 14.

ՕԴԱՆԱՎԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԸ

 

1. Օդանավը սարք է, որը մթնոլորտում պահվում է օդի հետ փոխազդեցության հաշվին, ի տարբերություն երկրի մակերևույթից անդրադարձած օդի հետ փոխազդեցության:

2. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցումը, հաշվառումը, օդանավերի ռեգիստրի և դրա հավելվածի վարումն իրականացնում է ՔԱԱ-ն` իր սահմանած կարգով:

 

Հոդված 15.

ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Օդանավը կարող է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, եթե`

ա) օդանավի սեփականատեր են հանդիսանում`

- Հայաստանի Հանրապետությունը,

- Հայաստանի Հանրապետության համայնքները,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

- Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք.

բ) օդանավն ունի ՔԱԱ-ի տված կամ սույն օրենքի հիման վրա ՔԱԱ-ի ճանաչած թռիչքային պիտանիության սերտիֆիկատ.

գ) օդանավը գրանցված չէ այլ երկրում:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի պայմանները չբավարարող, սակայն Հայաստանի Հանրապետությունից կանոնավոր թռիչքներ իրականացնող օդանավը կարող է իբրև բացառություն սահմանված կարգով գրանցվել Հայաստանի Հանրապետությունում:

3. Օդանավի գրանցման հայտը ներկայացնում է օդանավի սեփականատերը:

 

Հոդված 16.

ԳՐԱՆՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցվում է օդանավին, սեփականատիրոջը և օդանավի ձեռքբերմանը, օդանավը շահագործողին (եթե նա տարբերվում է սեփականատիրոջից), օդանավը գրավի առարկա հանդիսանալու վերաբերող տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները:

2. Օդանավի հետ կապված գրավային պարտավորությունների և օդանավի նկատմամբ որոշակի իրավունքների միջազգային ճանաչման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

 

Հոդված 17.

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից սահմանված կարգով ներկայացված գրավոր հայտի հիման վրա օդանավը կարող է ժամանակավորապես ընդգրկվել Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում` անկախ օդանավի դրսում գտնվելու և նրա վերջնական գրանցման համար ոչ բոլոր պայմանները բավարարված լինելու հանգամանքից: Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում օդանավը ժամանակավորապես ընդգրկելու համար սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի պահանջները պարտադիր են:

 

Հոդված 18.

ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈԽՎԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը դրա սեփականատեր չհանդիսացող շահագործողի տրամադրելու դեպքում օդանավի սեփականատերը պարտավոր է մինչև օդանավի տրամադրումը դրա և օդանավի գտնվելու վայրի մասին տեղեկությունները տրամադրել օդանավի գրանցումն իրականացնող մարմնին` ՔԱԱ-ին: Տեղեկությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում, եթե համաձայնությունը կայացվում է մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար:

2. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցված տեղեկության փոփոխությունների մասին օդանավի սեփականատերը պարտավոր է հայտնել ՔԱԱ-ին:

Օդանավի սեփականատիրոջ փոխվելու դեպքում նախկին սեփականատերը նույնպես պարտավոր է այդ փոփոխության մասին հայտնել ՔԱԱ:

3. Եթե օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը շահագործելու իրավունքով գտնվում է Հայաստանի Հանրապետության շահագործողի տրամադրության տակ, ապա վերջինս պարտավոր է ՔԱԱ-ին տրամադրել օդանավին վերաբերող փաստաթղթերն ու համապատասխան համաձայնագիրը, ինչպես նաև տեղեկացնել համաձայնագրում ցանկացած փոփոխության մասին: Նմանատիպ օտարերկրյա օդանավերի և դրանց շահագործողների ցանկը (օտարերկրյա օդանավեր շահագործողների ցանկ) վարում է ՔԱԱ-ն:

 

Հոդված 19.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԸ ՌԵԳԻՍՏՐԻՑ ՀԱՆԵԼԸ

 

1. Օդանավը հանվում է Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից կամ դրա հավելվածից`

ա) օդանավի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի հիման վրա.

բ) եթե օդանավի գրանցման պայմանները չեն համապատասխանում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերի պահանջներին և սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՔԱԱ-ն համապատասխան որոշում չի կայացրել.

գ) եթե օդանավը գրանցվել է որպես ռազմական օդանավ.

դ) եթե օդանավն ապամոնտաժվել, վերացվել կամ անհետ կորած է համարվել, և որոնողական աշխատանքներն ավարտված են.

ե) եթե օդանավը վերջին երեք տարվա ընթացքում չի ունեցել պիտանիության սերտիֆիկատ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատերը ՔԱԱ-ի սահմանած ժամկետում ապացուցում է օդանավի պիտանիությունը:

2. Եթե Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում նշված է, որ օդանավը հանդիսանում է գրավի առարկա, ապա օդանավը չի հանվում ռեգիստրից առանց գրավառուի գրավոր համաձայնության:

 

Հոդված 20.

ՕԴԱՆԱՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

1. Համաձայն Չիկագոյի կոնվենցիայի` Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն: ՔԱԱ-ն տալիս է օդանավի ազգային պատկանելության և գրանցման վկայական (գրանցման սերտիֆիկատ):

2. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում գրանցված օդանավն ունի Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն այնքան ժամանակ, որքան գրառումը վավերական է: Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրի հավելվածում գրանցված լինելու մասին ՔԱԱ-ն տալիս է գրանցման ժամանակավոր վկայական (գրանցման ժամանակավոր սերտիֆիկատ), որը վավերական է դրանում սահմանված ժամանակահատվածում:

3. Օդանավի սեփականատիրոջ փոխվելու մասին տեղեկության գրանցումից հետո տրվում է գրանցման նոր սերտիֆիկատ: Ընդ որում, նախկին սերտիֆիկատը ենթակա է վերադարձման ՔԱԱ:

4. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից օդանավի հանվելու դեպքում գրանցման սերտիֆիկատը ենթակա է վերադարձման ՔԱԱ:

5. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն նպատակներով շահագործվող օդանավը պետք է ունենա գրանցման սերտիֆիկատ կամ գրանցման ժամանակավոր սերտիֆիկատ:

6. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավը պետք է ունենա գրանցման երկրի կողմից տրված համապատասխան սերտիֆիկատ:

 

Հոդված 21.

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ և ԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՆՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում կամ հավելվածում գրանցված օդանավը նշվում է ԻԿԱՕ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված ազգային նիշով` EK-, որին պետք է հաջորդի ՔԱԱ-ի սահմանած գրանցումային նշումը:

2. Գրանցման նիշերի հատկացման և ԻԿԱՕ-ի ստանդարտներին համապատասխան այդ նիշերն օդանավի վրա արտապատկերելու կարգը սահմանում է ՔԱԱ-ն:

3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավերը պետք է ունենան նշումներ` համաձայն գրանցման երկրի կանոնակարգերի:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 22.

ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օդանավը պետք է լինի թռիչքների համար պիտանի և շրջակա միջավայրի պահպանության կանոններին համապատասխան:

Օդանավը թռիչքների համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է թռիչքային անվտանգության պահանջներին համապատասխան և ունի բավարար թռիչքային որակներ:

Սույն օրենքի իմաստով օդանավը շրջակա միջավայրի պահպանության համար համարվում է պիտանի, եթե այն նախագծվել, արտադրվել, սարքավորվել և սպասարկվել է այնպես, որ համապատասխանում է աղմուկի ու արտանետումների գործող սահմանափակումներին և շրջակա միջավայրի պահպանության այլ պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում գրանցված օդանավը պետք է բավարարի սահմանված թռիչքային պիտանիության պահանջները և ունենա ՔԱԱ-ի կողմից տրված կամ ճանաչված թռիչքային պիտանիության սերտիֆիկատ:

3. Թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման, գործողության ժամկետի երկարաձգման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը սահմանում է ՔԱԱ-ն:

4. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա օդանավը պետք է ունենա թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ, որոնք տրված են կամ ճանաչված են ՔԱԱ-ի կողմից, կամ միջազգային կոնվենցիայի կամ այդ երկրի հետ կնքված համաձայնագրի հիման վրա ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 23.

ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ և ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող օդանավի թռիչքային պիտանիության, ինչպես նաև ապահովության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասերի, հարմարանքների և սարքավորումների (աերոնավտիկական արտադրատեսակներ) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՔԱԱ-ն:

2. Թռիչքների համար պիտանի օդանավին, դրա սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա, ՔԱԱ-ի կողմից տրվում է թռիչքային պիտանիության սերտիֆիկատ` գործողության որոշակի ժամկետով: Օդանավի գործունեության հետ կապված` ՔԱԱ-ի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պետք է նշվեն թռիչքային պիտանիության սերտիֆիկատում:

3. Օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա ՔԱԱ-ն կարող է երկարաձգել թռիչքային պիտանիության սերտիֆիկատի գործողության ժամկետը, եթե սահմանված կարգով իրականացված թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների արդյունքում պարզվի օդանավի պիտանիությունը:

4. ՔԱԱ-ի կողմից իրականացվող թռիչքային պիտանիության ուսումնասիրությունները և ստուգումները կարող են պարունակել հետևյալ գործողություններից ցանկացած մեկը կամ մի քանիսը`

ա) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման և այլ տեխնիկական հաշվետվությունների ու ներկայացրած տեղեկանքների ուսումնասիրությունը.

բ) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման փաստաթղթերի ուսումնասիրությունը.

գ) օդանավի ֆիզիկական վիճակի տեսչական ստուգումը.

դ) օդանավի թռիչքային փորձարկումը:

5. Թռիչքային պիտանիության սերտիֆիկատի վավերականության ժամանակահատվածում թռիչքային պիտանիության ստուգումներ կարող են անցկացվել ՔԱԱ-ի որոշմամբ, ինչպես նաև օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի պահանջով:

6. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է ՔԱԱ-ին տրամադրել օդանավի թռիչքային պիտանիությանը, սպասարկմանը, ձևափոխումներին և վերանորոգմանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև նրա գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ու վիճակագրությունը:

7. Թռիչքային ստուգումների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվում են սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից` ՔԱԱ-ի ներկայացուցչի մասնակցությամբ:

 

Հոդված 24.

ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օդանավի թռիչքային պիտանիության համար պատասխանատվությունը կրում է սեփականատերը կամ շահագործողը, եթե այն չի շահագործում սեփականատերը:

2. Եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը կամ դրա սարքավորումները չեն սպասարկվում սահմանված կարգով, պարտադիր վերափոխումներն իրականացված չեն, իրականացվել են թռիչքային պիտանիության տեսակետից նշանակալի ոչ արտոնված վերափոխումներ օդանավում կամ դրա սարքավորումներում, կամ չեն անցկացվել տեսչական և այլ ստուգումները, ապա օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը սահմանված կարգով համարվում է անվավեր` մինչև օդանավը կրկին կհամարվի պիտանի թռիչքների համար:

3. Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է ՔԱԱ-ին անմիջապես հայտնել հանգամանքների, իրադարձությունների ու խափանումների մասին, որոնք կարող են ազդել օդանավի թռիչքային պիտանիության վրա:

 

Հոդված 25.

ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Եթե թռիչքային պիտանիության տեսչական ստուգումների արդյունքում կամ այլ պատճառներով ՔԱԱ-ն գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավը թռիչքների համար պիտանի չէ, ապա նա դադարեցնում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ կասեցնում է դրա գործողությունը, մինչև օդանավը կրկին կհամարվի թռիչքների համար պիտանի: Գործողությունը դադարեցված կամ կասեցված թռիչքային պիտանիության սերտիֆիկատը պետք է վերադարձվի ՔԱԱ:

 

Հոդված 26.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կարող են անցկացվել օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ, որպեսզի`

ա) ճանաչվի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ երկարաձգվի դրա գործողության ժամկետը.

բ) տրվի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ ՔԱԱ-ի կողմից.

գ) տրվի օդային տարածքում օդանավի թռիչքային թույլտվություն, եթե այդպիսին պահանջվում է:

2. Օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ կարող են անցկացվել նաև, եթե`

ա) առկա են կասկածներ օդանավի թռիչքային պիտանիության վերաբերյալ.

բ) դա պահանջվել է օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից.

գ) դա պահանջվել է օդանավի թռիչքային պիտանիության վերահսկողությունն իրականացնող երկրի համապատասխան իրավասու մարմնի կողմից:

3. Եթե օտարերկրյա օդանավի թռիչքային պիտանիության տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ օդանավը թռիչքների համար պիտանի չէ կամ օդանավին հասցվել է այնպիսի վնասվածք, որն ազդում է նրա թռիչքային պիտանիության վրա, ապա ՔԱԱ-ն կարող է արգելել օդանավի օդ բարձրանալը: Եթե օդանավը գրանցված է Չիկագոյի կոնվենցիայի անդամ հանդիսացող երկրում, ապա ՔԱԱ-ն տեղեկացնում է այդ երկրի համապատասխան իրավասու մարմնին օդանավի վիճակի և իր ընդունած որոշման մասին: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ իր օդանավը թռիչքների համար պիտանի է, ապա օդանավին տրվում է օդ բարձրանալու թույլտվություն: Եթե այդ երկրի համապատասխան իրավասու մարմինը որոշում է, որ օդանավը չի բավարարում թռիչքային պիտանիության պահանջները, սակայն որոշակի պայմաններով կարելի է թույլատրել դրա թռիչքը մինչև այլ վայր, որտեղ կիրականացվի դրա վերանորոգումը, ապա ՔԱԱ-ն թույլատրում է օդանավի օդ բարձրանալը` այդ երկրի համապատասխան իրավասու մարմնի սահմանած պայմանների համաձայն: Այդպիսի թռիչքի ընթացքում չի թույլատրվում կատարել ուղևորների վճարովի փոխադրումներ:

 

Հոդված 27.

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում պետական կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` համապատասխան պետական կառավարման մարմինները:

 

Հոդված 28.

ՀԱՏՈՒԿ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Օդանավին կարող է տրվել Հայաստանի Հանրապետությունում հատուկ թռիչքի թույլտվություն, եթե թռիչքային պիտանիության սերտիֆիկատ օդանավին չի կարող տրվել, սակայն օդանավը ՔԱԱ-ի կողմից համարվում է թռիչքների համար պիտանի և անվտանգ` սահմանված սահմանափակումների շրջանակներում թռիչքներ իրականացնելու համար: Հատուկ թռիչքի թույլտվություն կարող է տրվել թռիչքային փորձարկումների, օդանավի փոխանցման և թույլատրելի համարվող այլ նպատակներով` ՔԱԱ-ի սահմանած կարգով:

 

Հոդված 29.

ՕԴԱՆԱՎԻ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ և ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում օդանավերի կառուցումը, աերոնավտիկական արտադրատեսակների, ինչպես նաև դրանց սպասարկման, ձևափոխման կամ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են միայն համապատասխան լիցենզիայի, սերտիֆիկատի, թույլտվության և վկայականների հիման վրա:

2. Ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման, կազմակերպությունների սերտիֆիկացման, օդանավի և աերոնավտիկական արտադրատեսակների վրա տեխնիկական աշխատանքների իրականացման կարգը սահմանում է ՔԱԱ-ն:

3. Սույն օրենքի 30-33-րդ, ինչպես նաև 39-րդ հոդվածների դրույթները կիրառվում են նաև օդանավի կամ աերոնավտիկական արտադրատեսակների վրա աշխատանքներ իրականացնող ինժեներատեխնիկական անձնակազմի ատեստավորման նկատմամբ:

4. Սույն գլխի համաձայն տրված սերտիֆիկատների, վկայականների ու թույլտվությունների գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել, եթե դրանց տալու պայմանները չեն համապատասխանում սույն օրենքով նախատեսված պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 30.

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Օդանավի սեփականատերը, իսկ եթե այն չի շահագործվում սեփականատիրոջ կողմից, ապա` շահագործողը պարտավոր է ապահովել օդանավի անձնակազմը համապատասխան մասնագետներով:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի անդամ կարող է հանդիսանալ սույն օրենքով սահմանված կարգով տրված կամ ճանաչված համապատասխան ատեստավորման վկայական (այսուհետ` վկայական) ունեցող անձը:

3. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը Հայաստանի Հանրապետությունում կարող է կառավարվել օտարերկրյա պետության կողմից համապատասխան վկայական ստացած անձանց կողմից, եթե դա սահմանված կարգով ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում ՔԱԱ-ի կողմից, կամ միջազգային կոնվենցիայի, կամ օդանավի գրանցման պետության հետ կնքված համաձայնագրի համաձայն:

4. Օդանավի անձնակազմի ձևավորման և անձնակազմի անդամների ատեստավորման կարգը սահմանում է ՔԱԱ-ն: Կարգը ներառում է թռիչքային անձնակազմի անդամի տարիքին, գիտելիքներին, հմտություններին, փորձառությանը, ֆիզիկական ու մտավոր առողջությանը և ընդհանուր պատրաստականությանը վերաբերող պահանջներ:

5. Վկայական ստանալու հայտ ներկայացրած կամ վկայական կրող անձանց բժշկական զննումն իրականացնում են ավիացիոն բժշկության բնագավառի բժշկական գործունեության որակավորում ունեցող համապատասխան մասնագետները: Զննման արդյունքները վավերացվում են բժշկական վավերագրով, որը տրվում է ՔԱԱ-ի սահմանած կանոնակարգերի համաձայն:

6. Վկայական կրողը պարտավոր է դրանում նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացնելու պիտանիության վրա անդրադարձող հանգամանքների մասին հայտնել ՔԱԱ:

7. Վկայականը տրվում է դրանում նշված որոշակի գործողության ժամկետով: Վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե անձն այդ պահին բավարարում է ատեստավորման համար ներկայացվող պահանջները:

8. Օտարերկրյա պետությունների տված վկայականները Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավում տվյալ անձի կողմից համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով, եթե օտարերկրյա պետության կողմից վկայականը տրված է Հայաստանի Հանրապետությունում վկայականների տրման կարգի պահանջներին համապատասխան: Օտարերկրյա պետության տված վկայականի ճանաչումն իրականացվում է վավերագրի ձևով: Օտարերկրյա պետությունների տված վկայականների ճանաչման պայմաններն ու կարգը սահմանում է ՔԱԱ-ն: Օտարերկրյա վկայականները կարող են ծառայել որպես հիմք` Հայաստանի Հանրապետությունում համապատասխան վկայականների տրման համար (օտարերկրյա վկայականների փոխանակում):

9. Ատեստավորում անցած անձին տրվող արտոնությունների, ինչպես նաև սահմանված հատուկ պայմանների և սահմանափակումների մասին նշումները կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով տրված վկայականներում կամ դրանք Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին վավերագրերում:

 

Հոդված 31.

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

ՔԱԱ-ն վարում է սույն օրենքի համաձայն ատեստավորված ավիացիոն անձնակազմի վկայականների գրանցամատյանը (անձնակազմի վկայականների գրանցամատյան), որը ներառում է օդանավերի անձնակազմի անդամների, օդային երթևեկության կառավարման կարգավարների և ինժեներատեխնիկական անձնակազմի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների տված և Հայաստանի Հանրապետությունում ճանաչված վկայականների մասին տեղեկատվությունը: Գրանցամատյանին կից պահում են վկայականի կամ դրա գործողության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև օտարերկրյա վկայականների ճանաչման վավերագրերն ստանալու համար համապատասխան փաստաթղթերը:

 

Հոդված 32.

ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. ՔԱԱ-ն կարող է կասեցնել կամ դադարեցնել վկայականի գործողությունը, եթե վկայական կրողը`

ա) թռիչքային կամ ավիացիոն անվտանգության ապահովումը կամ վկայականով նախատեսված մասնագիտական գործունեությունն իրականացրել է ոգելից խմիչքի, թմրադեղի կամ այլ դեղամիջոցի ազդեցության տակ, ինչը կարող է անդրադառնալ նրա պարտականությունների պատշաճ կատարման վրա.

բ) կրկնակի խախտել է սույն օրենքի, քաղաքացիական ավիացիայի բնագավառի այլ իրավական ակտերի պահանջները.

գ) բժշկական կամ հոգեբանական քննության հիման վրա ճանաչվել է վկայականով նախատեսված գործունեության համար ոչ պիտանի.

դ) ցուցաբերել է վկայականով նախատեսված մասնագիտական ոչ բավարար գիտելիքներ կամ ունակություն.

ե) այլ օբյեկտիվ պատճառներով անկարող է իրականացնել վկայականով նախատեսվող գործունեությունը, որը նախատեսված է օրենքով կամ կանոնադրությամբ:

2. Վկայականի գործողությունը կարող է կասեցվել մինչև ավիացիոն պատահարի քննության ավարտը և վերջնական որոշման ընդունումը:

3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետությունների կողմից տրված և Հայաստանի Հանրապետությունում ճանաչված վկայականների նկատմամբ:

 

Հոդված 33.

ԹԵՍՏԵՐԸ և ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքով սահմանված կարգով տրված կամ ճանաչված վկայական կրող անձանցից սահմանված դեպքերում ՔԱԱ-ն կարող է պահանջել անցնել տեսական և գործնական թեստեր, ինչպես նաև բժշկական կամ հոգեբանական զննում:

 

Հոդված 34.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ

 

Ուսումնական թռիչքներն իրականացվում են ՔԱԱ-ի սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 35.

ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

1. Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և դրա անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Օդանավի հրամանատարը թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է: Սույն օրենքի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում այն ժամանակահատվածը, երբ ցանկացած անձ օդանավ է մտնում թռիչքի նպատակով, և ընդհուպ մինչև այն ժամանակը, երբ բոլոր նման անձինք լքում են օդանավը:

2. Օդանավի հրամանատարը և, եթե նախատեսված է, նրան փոխարինողը (երկրորդը անձնակազմում) նշանակվում են օդանավի սեփականատիրոջ կողմից: Եթե օդանավն օգտագործվում է սեփականատեր չհանդիսացող շահագործողի կողմից, ապա օդանավի հրամանատարին և նրան փոխարինողին նշանակում է շահագործողը` սեփականատիրոջ համաձայնությամբ:

 

Հոդված 36.

ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Օդանավի հրամանատարը պարտավոր է`

ա) նախքան թռիչքը ստուգել, որ`

- օդանավը թռիչքի համար պիտանի, պատրաստ, լրակազմ և բեռնված է` սահմանված պահանջներին համապատասխան,

- թռիչքը նախապատրաստված է սահմանված կանոնակարգերին համապատասխան.

բ) թռիչքն իրականացնել սահմանված կանոնակարգերին համապատասխան և հետևել օդանավի վիճակին:

2. Օդանավի հրամանատարը և անձնակազմը պարտավոր են հոգ տանել օդանավում գտնվող ուղևորների, ուղեբեռի և բեռի նկատմամբ:

3. Օդանավի հրամանատարը պարտավոր է վերահսկել օդանավի համար նախատեսված փաստաթղթերի առկայությունն օդանավում և դրանցում կատարված գրառումների համապատասխանությունը ՔԱԱ-ի սահմանած կարգերին:

4. Օդանավի հրամանատարը, ինչպես նաև օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր են ՔԱԱ-ին հայտնել օդանավի թռիչքային պիտանիությանն առնչվող բոլոր դեպքերի, պատահարների և անսարքությունների մասին:

5. Եթե օդանավի վթարային վիճակի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով` հրամանատարն իր գործողություններում չի առաջնորդվել կիրառվող պահանջներով և կարգերով, ապա այդ մասին անձնակազմն անմիջապես պետք է զեկուցի օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայությանը: Թռիչքի ավարտից հետո միջադեպի հանգամանքների մասին հրամանատարը պարտավոր է զեկուցագիր ներկայացնել ՔԱԱ:

6. Ավիացիայի թռիչքների համար արգելված գոտում օդանավի հայտնվելու դեպքում այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո հրամանատարը պարտավոր է ապահովել օդանավի դուրսբերումն այդ գոտուց:

 

Հոդված 37.

ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ: ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ և ՈՒՂևՈՐՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Օդանավի անձնակազմի անդամները պարտավոր են կատարել հրամանատարի` սահմանված կարգով տրված հրամանները` անկախ այն հանգամանքից, թե դրանք ընդգրկում են նրանց անմիջական պարտականությունները, թե ոչ:

2. Օդանավի ուղևորները պարտավոր են օդանավում պահպանել կարգ ու կանոն, կատարել թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման կարգը պահպանելու վերաբերյալ հրամանատարի հրամանները:

3. Օդանավի հրամանատարը, անհրաժեշտության դեպքում, իրավունք ունի արգելել օդանավի անձնակազմի անդամների, ուղևորների մուտքն օդանավ, կամ օդանավի բեռնավորումը, և պահանջել, որ նրանք լքեն օդանավը, կամ որոշում կայացնել օդանավի բեռնաթափման մասին` ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում:

4. Օդանավի հրամանատարն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցներն օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ նրա անվթարությունն ու անվտանգությունը: Օդանավի հրամանատարն իրավունք ունի օգտագործել ուժային միջոցներ, եթե իրավիճակն այլ կերպ չի հարթվում:

5. Օդանավի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է աջակցել օդանավի հրամանատարին` օդանավում սահմանված կարգը, անվթարությունը և անվտանգությունը պահպանելու համար: Օդանավի ուղևորները նույնպես կարող են ցուցաբերել նման աջակցություն, եթե դա պահանջի օդանավի հրամանատարը` օդանավի անձնակազմի ցանկացած անդամի միջոցով: Նման դեպքերում օդանավի անձնակազմի անդամները և ուղևորները, ինչպես նաև օդանավի հրամանատարը կարող են կիրառել ուժային միջոցներ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 38.

ՕԴԱՆԱՎՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

1. Օդանավի հրամանատարը սահմանված կարգով և դեպքերում նախաձեռնում և իրականացնում է օդանավում հանցագործության կամ այլ իրավախախտման կանխմանն ու խափանմանն ուղղված անհետաձգելի միջոցներ:

2. Օդանավի հրամանատարը համապատասխան միջոցներ է ձեռնարկում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձին Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնին հանձնելու ուղղությամբ: Թռիչքի ընթացքում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձի նկատմամբ հնարավորության դեպքում սահմանում է հսկողություն, իսկ վայրէջքից հետո միջոցներ է ձեռնարկում նրա հնարավոր փախուստը խափանելու նպատակով:

3. Օդանավի հրամանատարն ապահովում է հանցագործության կամ այլ իրավախախտման հետ առնչվող, հետաքննության կամ նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող իրերի, առարկաների, հետքերի կամ նյութերի պահպանությունը` դրանք սույն հոդվածի 2-րդ կետում նշված իրավասու մարմնին տրամադրելու համար:

 

Հոդված 39.

ՕԴԱՆԱՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Օդանավում աշխատանքներ իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է իր աշխատանքային պարտականությունները կատարել սահմանված կանոնակարգերի պահանջներին համապատասխան:

2. Օդանավում արգելվում է աշխատանքներ իրականացնել ոգելից խմիչքների, թմրադեղերի, ինչպես նաև այլ դեղերի ու դեղամիջոցների ազդեցության տակ, որոնք կարող են անդրադառնալ պարտականությունների պատշաճ կատարման վրա:

3. Հիվանդության, հոգնածության կամ համանման այլ պատճառով պարտականությունների անվտանգ կատարման անհնարինության դեպքում օդանավում աշխատանքներ իրականացնելն արգելվում է:

 

Հոդված 40.

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ և ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ

 

1. Օդանավի հրամանատարը միջոցներ է ձեռնարկում ՔԱԱ-ին հայտնելու, մարդկանց մահվամբ կամ ծանր մարմնական վնասվածքներով, օդանավին կամ դրանով չտեղափոխվող գույքին պատճառված էական վնասով ուղեկցվող ավիացիոն պատահարների մասին և դրանց վերաբերյալ ներկայացնում է գրավոր զեկուցագիր (զեկուցագիր պատահարի մասին): Զեկուցագիր ներկայացվում է նաև նման պատահարի լուրջ վտանգ առաջանալու դեպքերում (զեկուցագիր միջադեպի մասին):

2. Եթե օդանավի հրամանատարը չի կարող տեղեկացնել և զեկուցել պատահարի մասին, ապա դա պարտավոր է իրականացնել օդանավի սեփականատերը կամ շահագործողը:

3. Պատահարների և միջադեպերի մասին զեկուցագրերի ներկայացման կարգը սահմանում է ՔԱԱ-ն:

 

Հոդված 41.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

 

Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավի հրամանատարը, որը օդանավի թռիչքային պիտանիության վերահսկման համար պատասխանատու պետության օրենսդրության համաձայն ունի սույն օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով սահմանված իրավունքներ և կրում է պարտականություններ, ունի նույն լիազորությունները նաև Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունում գրանցված օդանավի նկատմամբ սույն գլխի այլ դրույթները կիրառվում են սահմանված դեպքերում և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

 

Հոդված 42.

ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարովի օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել միայն սույն գլխով սահմանված կարգով` օդանավի շահագործողի սերտիֆիկատի, օդային հաղորդակցության իրականացման լիցենզիայի և թույլտվության հիման վրա:

2. Վճարովի օդային հաղորդակցություններ իրականացնելը Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում կամ դրանից դուրս արգելվում է, եթե հաղորդակցությունն իրականացնողը չունի ՔԱԱ-ի կողմից տրված օդանավի շահագործողի սերտիֆիկատ` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 6-րդ հավելվածում նշված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի հիման վրա մշակված պահանջների, կամ համանման պայմանների կիրառմամբ օտարերկրյա պետության համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված սերտիֆիկատը, որը, միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համաձայն, ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 43.

ՕԴԱՆԱՎԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Օդանավի շահագործողի սերտիֆիկատը տալիս է ՔԱԱ-ն`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

բ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:

2. Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով` ՔԱԱ-ն սույն հոդվածի 1-ին կետի պայմաններից կարող է կիրառել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ, և օդանավի շահագործողը բազավորվելու է Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 44.

ՕԴԱՆԱՎԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Օդային տրանսպորտի ապահովության նպատակով օդանավի շահագործողի սերտիֆիկատի նկատմամբ պահանջները և տալու կարգը` օդային հաղորդակցությունների տարբեր տեսակների համար, սահմանում է ՔԱԱ-ն: Օդանավի շահագործողի սերտիֆիկատ է տրվում, եթե հայտատուն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՔԱԱ-ի սահմանած կարգով պահանջվող ֆինանսական միջոցներ, հմտություններ, գիտելիքներ, փորձառություն, անձնակազմ, հարմարություններ և սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են սերտիֆիկատով նախատեսված գործունեությունն անվտանգ և հուսալիորեն իրականացնելու համար:

2. Օդանավի շահագործողի սերտիֆիկատը տրվում է դրանում նշված որոշակի գործողության ժամկետով: Օդանավի շահագործողի սերտիֆիկատի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե սերտիֆիկացված անձն այդ պահին բավարարում է սերտիֆիկացման համար ներկայացվող պահանջները:

3. Օդանավի շահագործողի սերտիֆիկատի հետ տրվում է նաև գործունեության մասնագիր, որտեղ նշվում են թույլատրվող գործունեության մանրամասները և սերտիֆիկատի նկատմամբ կիրարկելի հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Գործունեության մասնագրի գործողության ժամկետի սահմանափակումները, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է ՔԱԱ-ն:

4. Օդանավի շահագործողի սերտիֆիկատ ստացած անձը պարտավոր է ծանուցել սերտիֆիկատ կամ շահագործման մասնագիր տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Սերտիֆիկատ ստացած անձն իրավունք չունի իրականացնել սերտիֆիկատով նախատեսվող գործունեությունը` մինչև շահագործողի սերտիֆիկատում սահմանված կարգով համապատասխան փոփոխության կատարումը:

 

Հոդված 45.

ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԸ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Օդաչուների թռիչքային ուսուցմամբ կամ ավիացիոն հատուկ բնույթի գործունեությամբ զբաղվելու համար օդանավի շահագործողի սերտիֆիկատ տալու կարգը սահմանում է ՔԱԱ-ն:

2. Օդային ցուցադրական ելույթների, օդային մրցումների և այլ հատուկ գործունեության իրականացման համար տրվող հատուկ թույլտվությունների կարգը սահմանում է ՔԱԱ-ն: Թույլտվությունները տրվում են, եթե օդային ցուցադրական ելույթները, օդային մրցումները կամ այլ հատուկ գործունեությունը չի վնասում շրջակա միջավայրին և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը գետնի վրա:

 

Հոդված 46.

ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ և ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

 

Տրված թույլտվությունների և օդանավի շահագործողի սերտիֆիկատներ ունեցող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ՔԱԱ-ն իրավասու է անցկացնել ուսումնասիրություններ և տեսչական ստուգումներ` սույն օրենքի համաձայն, որքանով որ դրանք վերաբերում են սերտիֆիկատներով և թույլտվություններով սահմանված պահանջների պահպանմանը:

Օդանավի շահագործողներն օդանավակայանում տարածքների օգտագործման և գործունեության իրականացման հարցերում առաջնորդվում են օդանավակայանի կառավարչի սահմանած կանոններով և ենթարկվում են նրա սահմանած պայմաններին:

 

Հոդված 47.

ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ և ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Օդանավի շահագործողի սերտիֆիկատով կամ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի, սերտիֆիկատում կամ թույլտվությունում նշված հատուկ պայմանների և սահմանափակումների խախտումներով կամ շահագործման մասնագրի շրջանակներից դուրս իրականացնելու դեպքում օդանավի շահագործողի սերտիֆիկատի կամ թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Անվտանգության պահանջներից ելնելով` ՔԱԱ-ն իրավունք ունի մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, շահագործման մասնագրի նկատմամբ սահմանել լրացուցիչ սահմանափակումներ:

 

Հոդված 48.

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Միջազգային և ներքին օդային հաղորդակցություններ իրականացնելու համար օդանավի շահագործողին կարող է տրվել օդային հաղորդակցության լիցենզիա: Օդային հաղորդակցության լիցենզիա տալու համար ներկայացվող պահանջները, պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Օտարերկրյա օդանավի շահագործողի կողմից կանոնավոր օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և դրա ներսում, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրով, կամ եթե օդային հաղորդակցություններ իրականացնելու համար ՔԱԱ-ի կողմից տրվել է համապատասխան թույլտվություն` սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի պահպանմամբ:

3. ՔԱԱ-ն սահմանում է տրված թույլտվության, Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է կիրառվող սակագներն ու չվերթերի ծրագրերը` համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով:

 

Հոդված 49.

ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների լիցենզիա ունեցող անձինք կարող են ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնել առանց լրացուցիչ թույլտվության, եթե նրանք ունեն օտարերկրյա պետությունների պահանջվող թույլտվությունները:

2. Օտարերկրյա օդանավի շահագործողի կողմից կանոնավոր օդային հաղորդակցություններ չհանդիսացող այլ առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու համար ՔԱԱ-ի սահմանած կարգով տրվում են օդային երթևեկության թույլտվություններ, եթե ՔԱԱ-ն համարում է, որ օտարերկրյա օդանավ շահագործողի սերտիֆիկատը բավարարում է սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները: Ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու իրավունքը կարող է տրվել նաև սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետում նշված համաձայնագրերով և թույլտվություններով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված թույլտվությունների տրման կարգը հաստատում է ՔԱԱ-ն:

4. Օդային հաղորդակցությունների որոշակի տեսակների ցանկը, որոնց համար թույլտվություն չի պահանջվում, հաստատում է ՔԱԱ-ն:

 

Հոդված 50.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ՔԱԱ-ի կողմից տրամադրված օդանավը շահագործողի սերտիֆիկատն ստացած անձը, առանց համապատասխան ապահովագրության կամ ՔԱԱ-ի կողմից սահմանված ընդունելի համարժեք գրավի, որը նախատեսված է նրա գործունեության հետևանքով պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար, չի կարող իրականացնել իր սերտիֆիկատով նախատեսված գործունեությունը: Օդանավի շահագործողների նշված հնարավոր փոխհատուցման գումարները ներառում են օդանավի անձնակազմի անդամների նկատմամբ պատասխանատվությունը, որը չի կարող սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված չափից ցածր լինել:

2. Օդանավերի օտարերկրյա շահագործողները դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության սահմաններում գործունեություն իրականացնելիս չեն օգտվում սույն գլխի դրույթների հիման վրա իրենց տրամադրված արտոնություններից, առանց համապատասխան ապահովագրության կամ ՔԱԱ-ի սահմանած ընդունելի համարժեք գրավի, որը նախատեսված է նրանց գործունեության հետևանքով պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Հոդված 51.

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ

 

1. Օդանավերի շահագործման կարգն ավիացիոն պատահարների, ինչպես նաև օդանավերի վնասումների ու խափանումների կանխարգելման նպատակով սահմանում է ՔԱԱ-ն:

2. Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների օդային փոխադրման կարգը հաստատում է ՔԱԱ-ն` Չիկագոյի կոնվենցիայի 18-րդ հավելվածի հիման վրա, օգտագործելով դրանից բխող ԻԿԱՕ-ի կանոնակարգերը:

3. Հասարակական կարգի պահպանման և անվտանգության պահանջներից ելնելով` ՔԱԱ-ն իրավասու է օդային երթևեկության կառավարման ծառայության միջոցով օդանավի հրամանատարից պահանջել անմիջապես վայրէջք կատարել նպատակահարմար հանդիսացող ամենամոտ օդանավակայանում:

4. Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ սույն օրենքի 4-7-րդ գլուխների դրույթները չեն տարածվում: Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ առումով արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ պահանջները սահմանում է ՔԱԱ-ն: Սահմանվող պահանջները չպետք է սպառնան հասարակական կամ թռիչքային և ավիացիոն անվտանգությանը:

5. Օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները հաստատում է ՔԱԱ-ն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Օդանավի փաստաթղթերին և օդանավում դրանց առկայությանը ներկայացվող պահանջները սահմանում է ՔԱԱ-ն: Անհրաժեշտության դեպքում ՔԱԱ-ն կարող է ստուգել օդանավը, օդանավի, օդանավի անձնակազմի կամ այլ փաստաթղթերը:

 

Հոդված 52.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից բխող` քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի անվտանգության, անխափան և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագիրը և ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակում է ավիացիոն անվտանգության բնագավառում վարվող պետական քաղաքականության հիմնադրույթները և բնագավառին վերաբերող իրավական ակտերի նախագծերը, իրականացնում է քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը:

Օդանավակայանի կոնցեսիոներները, ինչպես նաև օդային երթևեկության կոնցեսիոներներն իրավասու են մասնակցել և իրենց տեսակետը ներկայացնել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին:

3. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է ՔԱԱ-ին, որը`

ա) պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի իրականացման համար.

բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների և քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավի շահագործողների և այլ անձանց հետ համատեղ իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրով նախատեսված խնդիրները.

դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ` ըստ անհրաժեշտության քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրերի փոխհամաձայնեցման նպատակով:

Սույն հոդվածով նախատեսված պարտականությունների կատարման նպատակով ՔԱԱ-ն սահմանում է կանոնակարգեր` հիմնվելով Չիկագոյի կոնվենցիայի 17-րդ հավելվածի դրույթների վրա:

4. Միջազգային և ներքին օդային երթևեկության պահանջներին համապատասխանող օդանավակայանային անվտանգության ծրագրերը սահմանվում և վարվում են այդ երթևեկությունն սպասարկող յուրաքանչյուր օդանավակայանի համար և, որպես օդանավակայանի սերտիֆիկատի տրամադրման նախապայման, հաստատվում են ՔԱԱ-ի կողմից:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն է կրում օդանավակայանի անվտանգության համար:

6. Հայաստանի Հանրապետության տարածքից միջազգային օդային հաղորդակցություններ կամ ներքին կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնող յուրաքանչյուր օդանավի շահագործող ՔԱԱ է ներկայացնում և ներդնում ավիացիոն անվտանգության ծրագիր, որը պետք է համապատասխանի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջներին:

7. Ավիացիոն անվտանգությունն ապահովում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները, որոնք հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ: Ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել և կիրառել ծառայողական զենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Ավիացիոն անվտանգությունն իրականացվում է`

ա) օդանավով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութերի և այլ վտանգավոր առարկաների ու նյութերի ապօրինի փոխադրումը բացառելու նպատակով, իսկ դրանց օրինական փոխադրման ընթացքում` նախազգուշական միջոցառումների կիրառմամբ.

բ) ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների, շահագործողի համաձայնությամբ` նաև օդանավի ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողության իրականացման միջոցով: Անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղևորի անձնական զննում, ինչպես նաև ուղևորի զննում օդանավում` օդանավի հրամանատարի պահանջով.

գ) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային ու ներօբյեկտային վերահսկողություն սահմանելու ճանապարհով.

դ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողություններին հակազդելու միջոցառումների, այդ թվում նաև` իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումների կիրառմամբ:

9. Ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողությունից` զննումից ուղևորի հրաժարվելու դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի:

 

Հոդված 53.

ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

 

1. Քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող օդանավի ուղևորային բաժանմունքում հրազեն տեղափոխելն արգելվում է, բացառությամբ, եթե այն գտնվում է այդ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված ծառայողական պարտականություններ կատարող անձի մոտ` այդ մասին նախապես տեղեկացնելով օդանավի շահագործողին և օդանավի հրամանատարին:

3. Հասարակական կարգի պահպանման և անվտանգության անհրաժեշտությունից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է արգելել նաև ռազմամթերքից բացի այլ հատուկ միջոցների օդային փոխադրումը:

4. Արգելվում է քաղաքացիական օդանավով Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս կամ տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված կամ առանձնապես վտանգավոր համարվող ցանկացած գույքի փոխադրումը` առանց նման փոխադրման համար օրենքով սահմանված կանոնների պահպանման:

5. ՔԱԱ-ի պետը կամ նրա լիազորած անձինք կարող են արգելել օդանավի օդ բարձրանալը, եթե հիմք կա ենթադրելու, որ օդանավը թռիչքի համար պիտանի չէ կամ համալրված չէ անհրաժեշտ անձնակազմով, կամ պահպանված չեն սույն օրենքով կամ սույն օրենքին համապատասխան սահմանված` թռիչքի կանոնները:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐ

 

Հոդված 54.

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ և ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Եթե օդանավի թռիչքի ժամանակահատվածում տեղի է ունենում պատահար, որն առաջացնում է մարդկային զոհ կամ ծանր մարմնական վնասվածք, կամ էական վնաս է պատճառում օդանավին կամ օդանավում չգտնվող գույքին, ապա պատահարի պատճառները և պատճառված վնասի չափը պարզելու համար անցկացվում է պատահարի մասնագիտական քննություն (այսուհետ` քննություն):

2. Քննությունն իրականացվում է նաև պատահարի վտանգ պարունակող միջադեպեր առաջանալիս, կամ եթե տեղի է ունեցել օդանավում, վերգետնյա ավիացիոն միջոցներում կամ ծառայություններում առկա լուրջ թերությունների մասին վկայող որևէ դեպք:

3. Պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման նպատակն է դրանց կանխարգելումը և պատճառների բացահայտումը: Քննությունը նպատակ չունի ճանաչել մեղավորներին և որոշել նրանց պատասխանատվության աստիճանը:

4. Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձին դեպքերում նշանակում է քննություն անցկացնող հատուկ հանձնաժողով: Մնացած դեպքերում հանձնաժողովը նշանակում է ՔԱԱ-ն:

5. Հանձնաժողովը քննություն անցկացնելու նպատակով պետք է անհրաժեշտ գործնական, տեխնիկական և իրավական փորձաքննություն անցկացնելու հնարավորություն ունենա: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը նշանակող մարմինը կարող է աջակցություն խնդրել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմիններից կամ պատահարներ քննող այլ մարմիններից:

6. Պատահարի կամ միջադեպի հետ առնչություն ունեցող անձինք քննության աշխատանքներն սկսելու ու ավարտի մասին ծանուցվում են ՔԱԱ-ի կողմից: Նրանք տեղյակ են պահվում քննության ընթացքի մասին այնքանով, որքանով որ դա չի խանգարում քննությանը:

7. Հանձնաժողովը կարող է քննության ներգրավել բոլոր այն անձանց, ովքեր կարող են տրամադրել քննության ընթացքի համար կարևոր տեղեկություններ, ինչպես նաև կարող է հետազոտել կարևորություն ունեցող փաստաթղթերը, գրառումները և համակարգչային տեղեկությունները:

 

Հոդված 55.

ԾԱՆՈՒՑՈՒՄԸ և ԶԵԿՈՒՑՈՒՄԸ

 

1. Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն ՔԱԱ-ն օդանավերի պատահարների մասին ծանուցում է ԻԿԱՕ-ին և պայմանավորվող պետություններին:

2. Պատահարի կամ միջադեպի քննության արդյունքների վերաբերյալ կազմվում է զեկույց` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում սահմանված ձևի, որը համապատասխան հանձնաժողովը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ ՔԱԱ: Զեկույցի ուսումնասիրության հիման վրա դրանում զետեղված առաջարկությունների վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:

 

Հոդված 56.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պատահարի վայրում անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն աջակցում է հանձնաժողովին:

2. Մինչև դեպքի վայրում հանձնաժողովի գործունեության սկիզբը ոստիկանությունը և (կամ) որոնողափրկարարական ծառայությունները ձեռնարկում են միջոցներ` պատահարի վայրը պաշտպանելու և դրա ուսումնասիրությանն աջակցելու նպատակով:

3. Օդանավ, դրանում տեղափոխվող իրեր կամ օդանավին կամ նման իրերին առնչվող այլ առարկաներ հայտնաբերելիս, եթե հիմքեր կան ենթադրելու, որ տեղի է ունեցել օդանավի վթար, արգելվում է դրանք տեղաշարժել կամ տեղափոխել առանց ոստիկանության կամ հանձնաժողովի թույլտվության, բացառությամբ մարդկանց կյանքը փրկելու նպատակով կամ այլ բացառիկ դեպքերի:

4. Եթե հայտնվում է սույն հոդվածի 3-րդ կետում նշված գույքի սեփականատերը, ապա վերջինս այդ մասին անհապաղ տեղեկացնում է ոստիկանությանը կամ հանձնաժողովին, որն իրավասու է գույքը պահել իր հսկողության ներքո` մինչև դրա անհրաժեշտության վերանալը:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

 

Հոդված 57.

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն գլխի դրույթները կիրառվում են օդային տրանսպորտով ինչպես վճարովի, այնպես էլ անվճար իրականացվող ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման ժամանակ:

2. Օդային փոխադրումների իրականացման ժամանակ փոխադրողները պարտավոր են պահպանել ուղևորների, ուղեբեռի, բեռների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված` օդային փոխադրումների ընդհանուր կանոնները:

Փոխադրողներն իրավունք ունեն սահմանել օդային փոխադրումների իրենց կանոնները, որոնք չեն կարող հակասել օդային փոխադրումների ընդհանուր կանոններին և վատթարացնել դրանցով սահմանված ուղևորների, բեռների առաքողների և ստացողների սպասարկման պայմանները:

3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում օդային տրանսպորտով փոստի փոխադրումների վրա: Օդային տրանսպորտով փոստի փոխադրման կանոնները հաստատում է ՔԱԱ-ն` համաձայնեցնելով այդ բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ:

 

Հոդված 58.

ՈՒՂևՈՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՄՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ուղևորի փոխադրման նպատակով տրվում է տոմս, որտեղ`

ա) նշվում են մեկնման և ժամանման վայրերը.

բ) եթե մեկնման և ժամանման վայրերը գտնվում են միևնույն պետության տարածքում, և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.

գ) ուղևորին հանձնվում է գրավոր նշում առ այն, որ «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման կոնվենցիան» Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (հետագայում` Վարշավյան կոնվենցիա) և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ Վարշավյան կոնվենցիան ու օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մահվան կամ վնասվածքի և ուղեբեռի կորստի, վնասվելու կամ ոչնչացման դեպքում:

2. Տոմսի բացակայությունը, սխալ լրացված լինելը կամ կորուստը չի ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին:

3. Եթե փոխադրողի համաձայնությամբ ուղևորն օդանավ է մտել առանց տոմսի, կամ եթե տոմսի հետ ուղևորին չի հանձնվել սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահել սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:

 

Հոդված 59.

ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Գրանցված ուղեբեռի փոխադրման համար տրվում է ուղեբեռի կտրոն: Եթե ուղեբեռի կտրոնը զետեղված կամ կցված չէ սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները բավարարող տոմսին, ապա այն պետք է պարունակի սույն օրենքի 58-րդ հոդվածով պահանջվող տեղեկատվությունը:

2. Ուղեբեռի կտրոնի բացակայությունը, սխալ լրացված լինելը կամ կորուստը չի ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին: Եթե փոխադրողն իր վրա է վերցրել ուղեբեռի փոխադրման պարտականությունը` առանց տրամադրելու ուղեբեռի կտրոն, կամ եթե ուղեբեռի կտրոնը կամ տոմսը, որում զետեղված կամ կցված է կտրոնը, չի պարունակում սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահել սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:

 

Հոդված 60.

ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Բեռի փոխադրման նպատակով բեռ առաքողը լրացնում և փոխադրողին է հանձնում բեռի վերաբերյալ փաստաթուղթ` բեռնագիր:

2. Բեռնագրի բացակայությունը, սխալ լրացնելը կամ կորուստը չի ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է սույն օրենքի 63-րդ հոդվածից բխող բացառությունների հետ միասին համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին:

3. Բեռնագիրը կազմվում է բեռ առաքողի կողմից երեք օրինակից և հանձնվում է բեռի հետ միասին: Առաջին օրինակը կրում է «փոխադրողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի կողմից: Երկրորդ օրինակը կրում է «բեռն առաքողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի ու փոխադրողի կողմից և ուղեկցում է բեռը: Երրորդ օրինակն ստորագրվում է փոխադրողի կողմից և բեռի ստացումից հետո նրա կողմից հանձնվում է բեռն առաքողին:

4. Փոխադրողը և բեռն առաքողն ստորագրում են բեռնագիրը` նախքան բեռի օդանավ բարձելը:

5. Եթե բեռն առաքողի պահանջով բեռնագիրը կազմել է փոխադրողը, ապա համարվում է, որ նա արել է այդ բանը բեռն առաքողի անունից, եթե հակառակը չի ապացուցված:

6. Եթե փոխադրումն ընդգրկում է մեկից ավելի տեղերով բեռներ, ապա փոխադրողը կարող է պահանջել բեռն առաքողից կազմելու առանձին բեռնագրեր:

7. Բեռնագրում`

ա) նշվում են մեկնման և ժամանման վայրերը.

բ) եթե մեկնման և ժամանման վայրերը գտնվում են միևնույն պետության տարածքում և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.

գ) տրվում է ծանուցում առ այն, որ Վարշավյան կոնվենցիան և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ կոնվենցիան կամ օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունը բեռի կորստի, փչացման կամ վնասվելու դեպքում:

8. Եթե փոխադրողի համաձայնությամբ բեռը բարձվել է օդանավ առանց բեռնագիր կազմելու, կամ եթե բեռնագիրը չի ընդգրկում սույն հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահել սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:

9. Եթե հակառակը չի ապացուցված, ապա բեռնագիրը հանդիսանում է բեռի ընդունման և փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն:

10. Եթե հակառակը չի ապացուցված, ապա բեռնագրում նշված քաշին, չափերին, բեռի տեղերի քանակին և փաթեթավորմանը վերաբերող տվյալները համարվում են հավաստի: Միաժամանակ, բեռնագրում նշված այլ նշումները, որոնք վերաբերում են բեռի քանակին կամ ծավալին, ինչպես նաև բեռի վիճակին, չեն կարող ծառայել որպես ապացույց ընդդեմ փոխադրողի, բացառությամբ այն դեպքերի, եթե նա բեռն առաքողի ներկայությամբ ստուգում է տեղեկությունները և հաստատում է այդ փաստը բեռնագրում, կամ երբ նշումները վերաբերում են բեռի արտաքին վիճակին:

11. Բեռն առաքողը փոխհատուցում է իր կողմից բեռնագրում զետեղված բեռի մասին սխալ, ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների պատճառով փոխադրողի կամ ցանկացած այլ անձի կողմից կրած վնասները, որի առջև փոխադրողը պատասխանատվություն է կրում:

 

Հոդված 61.

ԲԵՌՆԱԳՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Բեռն առաքողի համաձայնությամբ բեռնագրի փոխարեն կարող է օգտագործվել փոխադրման մասին գրառումը պահպանող ցանկացած այլընտրանքային միջոց: Այլընտրանքային միջոց օգտագործելիս փոխադրողը բեռն առաքողի պահանջով նրան է փոխանցում բեռնային անդորրագիրը, որը հնարավորություն է տալիս որոշարկել բեռը և նրան հասանելի է դարձնում այլընտրանքային միջոցներով պահպանվող գրառումներում պարունակվող տեղեկությունները:

2. Տարանցիկ կետերում և ժամանման վայրում սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխադրման մասին գրառումները պահպանող այլընտրանքային միջոցների օգտագործման անհնարինությունն իրավունք չի տալիս փոխադրողին մերժել բեռի փոխադրումը:

 

Հոդված 62.

ԲԵՌԻ ԱՌԱՔՈՒՄԸ

 

Բեռի տիրապետման և առաքման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Վարշավյան կոնվենցիայով:

 

Հոդված 63.

ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորի ստացած վնասվածքների համար, եթե միջադեպը, որի հետևանքով հասցվել է վնասվածքը, տեղի է ունեցել օդանավում կամ ուղևորի օդանավ նստելու և իջնելու ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:

2. Փոխադրողը պատասխանատվություն է կրում գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, ոչնչացման կամ վնասման համար, եթե պատճառ հանդիսացող միջադեպը տեղի է ունեցել ուղեբեռի կամ բեռի` փոխադրողի հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում` օդանավակայանում կամ օդանավում կամ, եթե օդանավը վայրէջք է կատարում օդանավակայանից դուրս, բեռի գտնվելու վայրում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:

3. Բեռնման, առաքման կամ վերաբեռնման նպատակով օդանավակայանից դուրս իրականացված վերգետնյա, ծովային փոխադրման գործողությունների ընթացքում ուղեբեռի և բեռի վնասվելը համարվում է որպես սույն հոդվածի 2-րդ կետում նշված ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարի արդյունք միայն այն դեպքում, եթե այդ փոխադրումները նախատեսված են փոխադրման պայմանագրով, և եթե փոխադրողի կողմից հակառակը չի ապացուցվել:

4. Եթե ստորև այլ կերպ նախատեսված չէ, փոխադրողը պատասխանատու է ուղևորների, գրանցված ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ցանկացած ուշացմամբ պայմանավորված վնասի համար:

5. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե կարողանում է ապացուցել, որ ինքը և իր գործակալները վնասումներից խուսափելու նպատակով ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, կամ որ անհնար էր իր կամ գործակալի կողմից ձեռնարկել նման միջոցներ:

6. Փոխադրողը կարող է պատասխանատվություն չկրել, կամ նրա պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել, եթե ապացուցվում է, որ վնաս կրած անձն իր անփութությամբ նպաստել է դրան:

 

Հոդված 64.

ՓՈԽԱԴՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ուղևորի մահվան կամ անձնական վնասվածքի, գրանցված ուղեբեռի կամ բեռի, ինչպես նաև ուղևորի հսկողության ներքո պահվող իրերի համար փոխադրողը կրում է սահմանափակ պատասխանատվություն: Փոխադրողի պատասխանատվության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե ուղևորի մահվան կամ անձնական վնասվածքի դիմաց ամբողջական փոխհատուցումն իրականացվում է պարբերաբար կատարվող վճարումների միջոցով, ապա նշված վճարումների ընդհանուր գումարային արժեքը չպետք է գերազանցի սույն հոդվածի 1-ին կետում նշված չափը:

3. Եթե ուղևորը (առաքողը) ուղեբեռը կամ բեռը փոխադրողին հանձնելիս կազմել է ժամանման վայր առաքման շուրջ շահագրգռվածության մասին հատուկ հայտարարագիր և վճարել լրացուցիչ վճար, ապա փոխադրողը պարտավոր է վճարել հայտարարագրված գումարը չգերազանցող գումար, եթե չի ապացուցվում, որ այդ գումարն ավելի մեծ է, քան առաքման կապակցությամբ ուղևորի (առաքողի) իրական շահագրգռվածությունը:

4. Եթե առկա է գրանցված ուղեբեռի կամ բեռի կորուստ, վնասվածք կամ ուշացում, ապա փոխադրողի պատասխանատվության չափը որոշելիս հաշվի է առնվում համապատասխան բեռնային տեղի կամ տեղերի միայն ընդհանուր քաշը: Եթե վնասն անդրադարձել է միևնույն ուղեբեռի կտրոնում կամ բեռնագրում զետեղված այլ տեղերի արժեքի վրա, ապա պատասխանատվության չափը որոշելիս նման տեղի կամ տեղերի ընդհանուր քաշը նույնպես հաշվի է առնվում:

 

Հոդված 65.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Փոխադրողի պատասխանատվությանը, ինչպես նաև ըստ պայմանագրի փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող օդային փոխադրմանը, համատեղ փոխադրմանը և այլ հատուկ խնդիրներին վերաբերող լրացուցիչ կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՕԴԱՆԱՎՈՎ ՉՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՆՁԻՆ ԿԱՄ ԳՈՒՅՔԻՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 66.

ՕԴԱՆԱՎԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ և ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Օդանավի սեփականատերը պատասխանատվություն է կրում օդանավով չտեղափոխվող անձին կամ գույքին օդանավի շահագործմամբ պատճառված վնասի կամ վնասվածքի նկատմամբ, եթե նույնիսկ նա չի պատճառել վնասը և կարիք չունի արդարացման: Պատասխանատվության չափը կարող է նվազեցվել, եթե տուժած անձը որևէ կերպ նպաստել է վնասին կամ վնասվածքին:

2. Եթե վնասը կամ վնասվածքը պատճառվել է երկու կամ մի քանի օդանավերի շահագործման հետևանքով, ապա օդանավերի սեփականատերերը կիսում են վճարման պատասխանատվությունը` դատարանի որոշման համաձայն: Եթե նման շահագործման պատճառով օդանավերից որևէ մեկին կամ օդանավերից որևէ մեկով տեղափոխվող անձին կամ գույքին պատճառվել է վնաս կամ վնասվածք, ապա նման վնասի կամ վնասվածքի առնչությամբ սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում:

3. Եթե անձն օգտագործում է օդանավն առանց դրա սեփականատիրոջ հետ համաձայնության, ապա դրա հետևանքով առաջացած վնասի կամ վնասվածքի դիմաց պատասխանատվությունը սեփականատիրոջ փոխարեն կրում է օգտագործողը:

4. Օդանավն ապառիկ գնման հիմունքներով, հետ վերադարձնելու իրավունքով տնօրինելու դեպքում պատասխանատվությունը կրում է գնորդը` սույն օրենքի համաձայն:

5. Օդանավն օգտագործման իրավունքով ձեռք բերելու դեպքում օդանավի սեփականատիրոջ փոխարեն պատասխանատվությունը կրում է օգտագործողը, եթե`

ա) սեփականատիրոջ և օգտագործողի միջև կնքված է պայմանագիր, ըստ որի պատասխանատվությունն ընկնում է օգտագործողի վրա.

բ) օգտագործման իրավունքը վավերական է առնվազն մեկ տարի.

գ) օգտագործողը պայմանագրի համաձայն իրավունք ունի նշանակել օդանավի օդաչուներին կամ օգտագործել օդանավը վարձավճար ստանալու նպատակով.

դ) օդանավերի ռեգիստրում օգտագործման իրավունքի վերաբերյալ կատարվել է գրառում:

6. Եթե օդանավը ձեռք է բերվել օգտագործման իրավունքով, սակայն չեն պահպանված սույն հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմանները, ապա օգտագործողն ու սեփականատերը պատասխանատվություն են կրում սույն օրենքի համաձայն, եթե օգտագործողը`

ա) օդանավի սեփականատիրոջ հետ կնքած պայմանագրի համաձայն իրավունք ունի նշանակել օդանավի օդաչուներին.

բ) չունենալով օդաչու նշանակելու իրավունք` նշանակել է օդանավի սեփականատիրոջ մոտ չաշխատող օդաչուի, և վնասը տեղի է ունեցել այդ պատճառով:

7. Օդանավի սեփականատերը կամ այլ անձինք, որոնք սույն օրենքի հիման վրա կատարել են վճարումներ, կարող են հետ ստանալ այդ գումարները վնաս կամ վնասվածք պատճառած անձից` դատական կարգով:

8. Օդանավում իր աշխատանքային պարտականությունները կատարող անձն իր պարտականությունները սխալ կամ թերի կատարելու համար ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են նաև օդանավակայանում, օդային երթևեկության ծառայություններում կամ այլ տեղ իրենց աշխատանքային պարտականությունները կատարող անձանց նկատմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 67.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕԴԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության օդային օրենսդրության խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 68.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Օդային տարածքի օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հոդված 69.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
1 հունիսի 2002 թ.
ՀՕ-327