Համարը 
ՀՕ-59-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.03.29/19(1294) Հոդ.318
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
01.03.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 51-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «ժամկետում» բառից հետո լրացնել «, կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով» բառերով, իսկ նույն մասի «Այդ» բառը փոխարինել «Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`

1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված նվազագույն ժամկետը չի տարածվում սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքերի վրա:».

3) 3-րդ մասից հանել «Դատարանը դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այն ներկայացնելու սահմանված կարգը:» նախադասությունը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դատարանը դիմումը քննարկելիս հաշվի է առնում դատապարտյալի կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կհիմնավորեն անձի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպատակների իրականացման տեսանկյունից:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. մարտի 21

Երևան

ՀՕ-59-Ն