Համարը 
ՀՕ-241-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.11
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.12.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 266-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող չափերը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.4-րդ մասերով.

«5.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչև հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը:

5.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը:

5.3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ, 5.1-ին և 5.2-րդ մասերով սահմանված չափորոշիչները:

5.4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 273-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 273.

Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը».

 

2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ» բառերով և «ապօրինի» բառը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 275-րդ հոդվածում`

1) 2.2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-241-Ն