Համարը 
ՀՕ-142-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.03.21/20(1378) Հոդ.308
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
01.03.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 1-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 137.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 137.4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը`

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակների տեղադրման) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 150.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր`

առաջացնում է նախազգուշացում:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 150.5-րդ և 227.1-ին հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենսգրքի 150.6-րդ հոդվածում`

1) վերնագրից և 1-ին մասից հանել «ցուցանակների, գովազդային վահանակների» բառերը.

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական կամ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.10-րդ հոդվածով.

 

«Հոդված 150.10. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, դրանց տեղադրման և վերատեղադրման կարգը խախտելը

 

1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները առանց պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցնելու ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատելը, օտարման շերտում դրանց տեղադրելը կամ վերատեղադրելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, կապի, էլեկտրականության գծերով, խողովակաշարերով կամ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով կամ երկաթուղային գծերով հատման, օտարման շերտում դրանց տեղադրման կամ վերատեղադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը կամ տեխնիկական պայմանները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում հողային (շինարարական) աշխատանքների կատարման հետևանքով վնասված հողապաստառի, ճանապարհային կահավորանքի, տեխնոլոգիական կապի նախկին տեսքը չվերականգնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 244.9-րդ հոդվածի 1-ին մասը «56-58-րդ» բառերից հետո լրացնել «, 150.1-150.6-րդ հոդվածներով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.10-րդ հոդվածով (միայն Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով)» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով, 116.1-116.10-րդ, 137.1-137.8-րդ հոդվածներով, 150.1-150.6-րդ հոդվածներով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով), 150.7-150.9-րդ հոդվածներով և 150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երևան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 17

Երևան

ՀՕ-142-Ն