Համարը 
N 180-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.05.23/15(618) Հոդ.127
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
07.05.2018
Ստորագրող մարմինը 
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
07.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 մայիսի 2018 թ.

ք. Երևան

N 180-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով.

Հրամայում եմ՝

1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերը պաշտոնական հրապարակման ներկայացնելու կարգը՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պաշտոնակատար`

Դավիթ Հարությունյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի մայիսի 7-ի

N 180-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ նորմատիվ իրավական ակտերը պաշտոնական հրապարակման ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու, իսկ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքում ընդունվելուց հետո ստորագրման ենթակա նորմատիվ իրավական ակտերը՝ ստորագրվելու օրվան հաջորդող, որպես կանոն, 7 օրվա ընթացքում ուղարկվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով հրապարակելու նպատակով:

3. Նորմատիվ իրավական ակտերը նախարարություն են ուղարկվում բնօրինակ թղթային տարբերակով՝ մեկ օրինակից, կնքված ուղարկող մարմնի կնիքով, կամ նորմատիվ իրավական ակտը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությամբ, բոլոր էջերը ամրացված, իսկ վերջին էջը կնքված, և էլեկտրոնային (MS Office Word (ԷՄԷՍ Օֆֆիս Վորդ) կամ Excel (Էքսել)) խմբագրվող տարբերակով` կից նամակով:

4. Նորմատիվ իրավական ակտերը պաշտոնական հրապարակման նպատակով նախարարություն կարող են ուղարկվել կից նամակով միայն էլեկտրոնային տարբերակով, եթե`

1) էլեկտրոնային (MS Office Word կամ Excel) խմբագրվող տարբերակի հետ միաժամանակ ներկայացվում է 3-րդ կետի պահանջներին բավարարող բնօրինակ թղթային տարբերակի տեսաներածված (սկանավորված) ՓիԴիԷֆ (PDF) տարբերակը կամ,

2) ներկայացված փաստաթուղթը՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան հանդիսանում է էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը:

5. Նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային խմբագրվող տարբերակները հրապարակման են ուղարկվում 12 տառաչափով, տեղեկատվական նյութերի արտացոլման Յունիկոդ (Սnicode) կոդով և հավաքման ՋիԷյջԻԷյ Գրապալատ (GHEA Grapalat) կամ ՋիԷյջԻԷյ Մարիամ (GHEA Mariam) տառատեսակներով:

6. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը ակտը հրապարակման ուղարկելիս նախարարությանը հասցեագրված նամակին կցում է ամփոփաթերթ՝ տվյալ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ պետական-իրավական փորձաքննության եզրակացությամբ արված դիտողությունների և առաջարկությունների՝ դրանք ընդունելու կամ չընդունելու, չընդունելու դեպքում՝ չընդունելու հիմնավորումների, իսկ դիտողություններ և առաջարկություններ ստացված չլինելու դեպքում դրա մասին տեղեկությունների վերաբերյալ` նշելով նախարարության եզրակացության ամսաթիվը և համարը:

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը սահմանելուն ուղղված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, ինչպես նաև եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ, կամ առկա է դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն, նաև բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման և ֆինանսական գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ որոշումները հրապարակվում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում, իսկ ինտերնետի բացակայության դեպքում՝ կապի այլ միջոցներով, ինչը համարվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի իմաստով պաշտոնական հրապարակում և դրանից հետո այդ ակտերը կարող են ուժի մեջ մտնել: