Համարը 
ՀՕ-318-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) Հոդ.691
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
04.05.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մայիսի 4-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենսգիրք) 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23. Նախընտրական քարոզչության սահմանափակումները

 

1. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը`

1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.

3) դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին.

4) ընտրական հանձնաժողովների անդամներին.

5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.

6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց.

7) Մարդու իրավունքների պաշտպանին.

8) Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին.

9) Հաշվեքննիչ պալատի անդամներին.

10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին.

11) ինքնավար մարմինների անդամներին։

2. Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով սույն հոդվածի 1-ին մասում նշված վարչական ռեսուրսների օգտագործումը:

3. Հանրային ծառայող հանդիսացող թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում է թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

4. Եթե իրականացվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների գործունեությունը լուսաբանելիս` սույն օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում «կոմիտեի, հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «մարմիններում» բառով, իսկ նույն մասը «քրեակատարողական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում «կոմիտեի, հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «մարմիններում» բառով, իսկ նույն մասը «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի, փրկարար» բառերով:

 

Հոդված 6. Oրենսգրքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը՝ որպես փորձարարական ծրագիր, տեխնիկական սարքավորումներով կազմակերպելու և անցկացնելու մասին: Փորձարարական ծրագիր իրականացնելիս, պայմանավորված տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիական առանձնահատկություններով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է սահմանելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության կազմակերպման և անցկացման և արդյունքների ամփոփման նոր կարգ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փորձարարական ծրագիրը կարող է իրականացվել ոչ ավելի, քան 2000 ընտրող ունեցող համայնքներում, և տարեկան ոչ ավելի, քան տասը համայնքում:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասում «լիազոր մարմնին» բառերը փոխարինել «բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով, իսկ «գործուղվելու» բառը՝ «արտերկրում գտնվելու» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 82-րդ, 107-րդ և 126-րդ հոդվածները «քրեակատարողական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայությունում, փրկարար ծառայությունում» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. մայիսի 24

Երևան

ՀՕ-318-Ն