ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2018 թվականի N 937-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը համապատասխան`
1. Սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ վերահսկողական գործառույթի ավարտման արդյունքում 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական վերահսկողական ծառայություն ներկայացնել մանրամասն տեղեկատվություն` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետով նախատեսված բոլոր հարցադրումների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 11
Երևան |
|
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 11-ի N 937-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից վերահսկվող ոլորտներում իրավասու մարմինների կողմից վերահսկողական գործառույթներ նախաձեռնելու և իրականացնելու նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) իրավասու մարմնին է ներկայացնում միջնորդություն (այսուհետ՝ միջնորդություն): Միջնորդությունը ծառայության ղեկավարի կողմից ուղարկվում է իրավասու մարմնի ղեկավարին:
2. Միջնորդությունը պետք է պարունակի տեղեկատվություն՝ վերահսկողական գործառույթի առիթի, նպատակի, վերահսկվող օբյեկտի, պարզաբանման ենթակա հարցադրման, վերահսկման ենթակա ժամանակահատվածի, ենթադրյալ խախտման, արդյունքները ծառայությանը տրամադրելու ակնկալվող ժամկետի և վերահսկողության անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների վերաբերյալ: Միջնորդությամբ ենթակա են սահմանման իրավասու մարմնի կողմից պարզաբանման կամ բացահայտման ենթակա, ինչպես նաև ծառայության կողմից իրավասու մարմնից ակնկալվող հարցերը:
3. Ծառայության կողմից իրավասու մարմնին միջնորդությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի կամ այդ մարմնի իրավասության ոլորտում «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության պահանջների խախտումների կամ դրանց հավանական առկայության վերաբերյալ ծառայության գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվության հիման վրա:
4. Միջնորդության հիման վրա վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, նոր հանգամանքներ առաջանալու դեպքում, իրավասու մարմնի գրավոր հիմնավորմամբ և ծառայության համաձայնությամբ սույն կարգի 2-րդ կետով սահմանված միջնորդության հարցադրումներն ու պայմանները կարող են փոփոխվել: Տվյալ պարագայում նոր միջնորդության ներկայացումը պահանջվում է միայն վերահսկման նպատակի և վերահսկվող օբյեկտի փոփոխության դեպքում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |