Համարը 
ՀՕ-386-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.09.26/71(1429) Հոդ.983
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
11.09.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 204-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, ապա քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 202-րդ և 203-րդ հոդվածներով սահմանված պահանջները, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:

2. Եթե նախաքննության ընթացքում մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, ապա քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և դրա մասին հայտարարում մեղադրյալին, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում համապատասխան փոփոխություն է կատարում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 259-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:

2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

3. Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:

4. Հետաքննության մարմինը հետախուզում հայտարարելու մասին որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կազմում է հետախուզական գործ, որի տվյալները եռօրյա ժամկետում հայտնում է քննիչին:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. սեպտեմբերի 18

Երևան

ՀՕ-386-Ն