ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 212-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով զսպել լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրողների ռիսկերը` սահմանափակելով ոչ պրոֆեսիոնալ ներդրողների մուտքն այս շուկա, ինչպես նաև պրոֆեսիոնալ հաճախորդների դասակարգման չափանիշները համապատասխանեցնել Եվրոպական Միության հրահանգներով և կանոնակարգերով ամրագրված մոտեցումներին,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածի 3-րդ մասը, 70-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Կանոնակարգի 1-ին կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-19-րդ ենթակետերով.
«10) «Լեվերիջ». գործարք կնքելու համար նախապես ներդրված ապահովվածության գումարի (մարժայի) և գործարքի ամբողջ գումարի հարաբերություն, որը փոքր է մեկից:
11) «Ֆորեքս գործարք». «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք չհանդիսացող ցանկացած ածանցյալ ֆինանսական գործիք (ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք (գործարք)), որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է արտարժույթի փոխարժեքից և որը կնքվում է լեվերիջով:
12) «Լեվերիջով գործարք». ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործարք, որը կնքվում է լեվերիջով, այդ թվում՝ ֆորեքս գործարք:
13) «Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին». որևէ անձին ուղղված անհատական բնույթի խորհրդատվություն, առաջարկություն կամ նմանատիպ բնույթի այլ գործողություն կամ ծառայություն (այսուհետ՝ խորհրդատվություն)՝ կապված արժեթղթերով կամ ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների կնքման հետ, մասնավորապես՝
ա. խորհրդատվության տրամադրումը որևէ արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների գնման, վաճառքի, բաժանորդագրման, մարման, պահելու, երաշխավորելու կամ նմանատիպ բնույթի գործարքի վերաբերյալ, կամ
բ. խորհրդատվության տրամադրումը կոնկրետ արժեթղթից կամ ածանցյալ ֆինանսական գործիքներից բխող որևէ իրավունքի իրականացման կամ չիրականացման վերաբերյալ, որը կապված է արժեթղթի գնման, վաճառքի, բաժանորդագրման, մարման, պահելու, երաշխավորելու կամ նմանատիպ բնույթի գործարքի հետ, կամ
գ. կրթումը, վերապատրաստումը, ուսուցումը, դասընթացը և վերլուծությունների ու այլ տեղեկությունների տրամադրումը լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների վերաբերյալ (բացառությամբ, եթե տվյալ գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գործող հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից), ինչպես նաև տվյալ գործարքների կնքման նպատակով ստեղծված օնլայն առևտրային հարթակների (էլեկտրոնային հաղորդակցման համակարգերի, տերմինալների և այլ ծրագրերի) վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:
14) «Պրոֆեսիոնալ հաճախորդ». հաճախորդ, որն ունի համապատասխան փորձ և գիտելիք ինքնուրույն ներդրումային որոշումներ իրականացնելու և դրանցից բխող ռիսկերը գնահատելու համար: Պրոֆեսիոնալ հաճախորդներ համարվելու մանրամասն չափանիշները սահմանված են սույն կանոնակարգի 3.1-րդ գլխում:
15) «Կանոնակարգ 4/05». Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05:
16) «Կանոնակարգ 4/06». Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 69-Ն որոշմամբ հաստատված «Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց՝ որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» կանոնակարգ 4/06:
17) «Գործընկեր». Ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ համագործակցող կազմակերպություն, որի կողմից տրամադրված օնլայն առևտրային հարթակների (էլեկտրոնային հաղորդակցման համակարգերի, տերմինալների և այլ ծրագրերի) միջոցով կամ որի հետ կնքվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի հաճախորդների լեվերիջով գործարքները, այդ թվում՝ ֆորեքս գործարքները:
18) «Ռեզիդենտ». ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության»:
19) «Ոչ ռեզիդենտ». ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակության»:»,
2) Կանոնակարգի 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր վերնագիր.
«ԳԼՈՒԽ 3.1 ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՎ ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»,
3) Կանոնակարգի 13-րդ և 14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Նախքան ներդրումային ծառայությունների պայմանագրի կնքումը և ներդրումային ծառայությունների մատուցումը ներդրումային ծառայություններ մատուցող անձը դասակարգում է հաճախորդներին՝ որպես պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ներդրումային ծառայություններից որևէ մեկի կամ բոլոր ծառայությունների մասով, կամ որևէ գործարքի կամ արժեթղթի որևէ տեսակով (դասով) գործարքների մասով: Ընդ որում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պետք է ունենան հաճախորդների դասակարգման ներքին իրավական ակտերով սահմանված կանոններ՝ դասակարգման պատշաճ գործընթացն ապահովելու համար:
14. Պրոֆեսիոնալ հաճախորդ են համարվում.
1) ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային ֆոնդերը և ներդրումային ֆոնդի կառավարիչները, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք, տվյալ պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով սահմանված որևէ անձի գործունեություն.
2) Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը.
3) միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը.
4) իրավաբանական անձինք, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին.
ա. ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմանը նախորդող տարվա վերջի դրությամբ անձի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,
բ. ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմանը նախորդող տարվա գործունեությունից ստացված անձի իրացման շրջանառությունը (համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի) գերազանցում է մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը,
գ. ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման պահին նախորդող ամսվա վերջի դրությամբ (հայտնի չլինելու դեպքում վերջին ամսվան նախորդող ամսվա դրությամբ) անձի ընդհանուր կապիտալը կազմում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:»,
4) Կանոնակարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 14.1-14.14-րդ կետերով.
«14.1 Հաճախորդի նախաձեռնությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից պրոֆեսիոնալ հաճախորդ կարող են դասակարգվել սույն կանոնակարգի 14-րդ կետում չնշված այն անձինք, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին.
1) հաճախորդը դիմումի ներկայացմանը նախորդող 4 եռամսյակների ընթացքում արժեթղթերի շուկայում իրականացրել է 10 և ավելի գործարք միջին եռամսյակային կտրվածքով, ընդ որում` մեկ գործարքի ծավալը միջին հաշվով կազմում է առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ,
2) հաճախորդի արժեթղթերի փաթեթի մեծությունը դիմումի ներկայացման պահին գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,
3) հաճախորդը ֆինանսական շուկայում ունի առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որը պահանջում է հաճախորդին մատուցվող այն ծառայությունների հետ կապված գիտելիքներ, որոնց հետ կապված վերջինս նախաձեռնություն է իրականացնում պրոֆեսիոնալ դասակարգվելու համար:
14.2 Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց պրոֆեսիոնալ հաճախորդի դասակարգումը համարվում է վավեր, եթե հաճախորդի գիտելիքների և փորձի վերաբերյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից իրականացված գնահատումը հավաստիացնում է, որ հաճախորդը ներդրումային ծառայություններից օգտվելու, ներդրումային որոշում կայացնելու և դրանց հետ կապված ռիսկերն ընկալելու համապատասխան ունակություն և գիտելիք ունի: Կազմակերպությունների դեպքում գիտելիքի և փորձի վերաբերյալ գնահատումն իրականացվում է կազմակերպության այն ղեկավարի, աշխատակցի կամ անձի նկատմամբ, որն իրավասու է կազմակերպության անունից գործարքներ կնքել: Ընդ որում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձն իր ներքին իրավական ակտերով սահմանում է հաճախորդի՝ սույն կետով սահմանված գնահատման ընթացակարգ: Յուրաքանչյուր հաճախորդի ունակության և գիտելիքի գնահատման դեպքում նշված ընթացակարգի հիման վրա կազմվում է գնահատող ղեկավարի (աշխատակցի) կողմից ստորագրված արձանագրություն (փաստաթուղթ), որը ներառում է հաճախորդի գնահատման արդյունքները՝ պատշաճ հիմնավորմամբ:
14.3 Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ղեկավարների և ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց համար Կանոնակարգ 4/05-ով սահմանված որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները կարող են ուղեցույց հանդիսանալ հաճախորդների՝ սույն կանոնակարգի 14.2-րդ կետում նշված գիտելիքների և փորձի գնահատման համար:
14.4 Նախքան պրոֆեսիոնալ հաճախորդների հետ ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը կամ սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգելը ներդրումային ծառայություններ մատուցող անձն այդ հաճախորդին գրավոր տեղեկացնում է այն մասին, որ սույն կանոնակարգով սահմանված որոշակի պահանջներ չեն գործելու իր և հաճախորդի փոխհարաբերություններում՝ ներկայացնելով այդ պահանջների էությունը:
14.5 Սույն կանոնակարգի 14.1-րդ կետում սահմանված հաճախորդները, որոնք Օրենքում նշված ներդրումային ծառայություններից որևէ մեկի մասով կամ բոլոր ծառայությունների, կամ որևէ գործարքի կամ արժեթղթի որևէ տեսակով (դասով) գործարքներին վերաբերող ծառայության կամ ծառայությունների մասով նախաձեռնել են պրոֆեսիոնալ դասակարգվել, համապատասխան գրավոր հայտարարություն են ներկայացնում ներդրումային ծառայություններ մատուցող անձին այն մասին, որ.
1) համաձայն են դասակարգվել որպես պրոֆեսիոնալ հաճախորդ՝ տվյալ ծառայության կամ գործարքի մասով,
2) տեղյակ են, որ որևէ ծառայության կամ որևէ գործարքի մասով որպես պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգվելու դեպքում հաճախորդների պաշտպանությանն ուղղված օրենսդրական որոշակի պահանջներ չեն գործում իրենց նկատմամբ տվյալ ծառայության կամ գործարքի մասով, և այդ պատճառով իրենք կորցնում են որոշակի պաշտպանվածություն:
14.6 Նախքան պրոֆեսիոնալ հաճախորդների հետ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելը կամ սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց՝ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների մասով պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգելը.
1) ներդրումային ծառայություններ մատուցող անձը հաճախորդին ծանուցում է տվյալ գործարքներին առնչվող ռիսկերի մասին: Ընդ որում՝ լեվերիջով գործարքներ, այդ թվում՝ ֆորեքս գործարքներ կնքելու նպատակով օնլայն առևտրային հարթակներին (էլեկտրոնային հաղորդակցման համակարգերին, տերմինալներին և այլ ծրագրերին) մուտք գործելու հնարավորության տրամադրումը համարվում է հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման հետ կապված ներդրումային ծառայություն կամ իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
2) տվյալ հաճախորդները գրավոր հայտարարություն են ներկայացնում ներդրումային ծառայություններ մատուցող անձին այն մասին, որ տեղյակ են լեվերիջով գործարքներին, այդ թվում՝ ֆորեքս գործարքներին առնչվող ռիսկերի մասին, ընդ որում՝ այս հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել սույն կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված բովանդակությամբ՝ հաճախորդի ստորագրությամբ:
14.7 Պրոֆեսիոնալ համարվող հաճախորդի նախաձեռնությամբ, կամ եթե առկա է հաճախորդի համաձայնությունը՝ նաև ներդրումային ծառայություններ մատուցող անձի նախաձեռնությամբ, թույլատրվում է պրոֆեսիոնալ համարվող հաճախորդին վերաբերվել որպես ոչ պրոֆեսիոնալ և տվյալ հաճախորդի նկատմամբ կիրառել ոչ պրոֆեսիոնալ հաճախորդների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջները:
14.8 Ներդրումային ծառայություններ մատուցող անձը իր և հաճախորդի միջև կնքվող պայմանագրում պարտադիր կերպով ներառում է դրույթ, որի համաձայն նշվում է, որ եթե պրոֆեսիոնալ համարվող հաճախորդը կարծում է, որ ի վիճակի չէ գնահատել և կառավարել ներդրումային ծառայություններից կամ ներդրումներից բխող ռիսկերը, պրոֆեսիոնալ հաճախորդի պարտավորությունն է դիմել ներդրումային ծառայություններ մատուցող անձին՝ իրեն որպես ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ վերաբերվելու համար, ինչը հնարավորություն կտա օգտվել ոչ պրոֆեսիոնալ հաճախորդների պաշտպանությանն ուղղված օրենսդրական պահանջներից:
14.9 Պրոֆեսիոնալ հաճախորդ համարվող անձը սույն կանոնակարգի 14.7-րդ և 14.8-րդ կետերի համաձայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից դասակարգվում է ոչ պրոֆեսիոնալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագրում հստակ ամրագրվում է, թե արդյոք հաճախորդի ոչ պրոֆեսիոնալ դասակարգումը վերաբերում է ներդրումային ծառայություններից որևէ մեկին, բոլոր ծառայություններին, որևէ գործարքին, թե արժեթղթի որևէ տեսակով (դասով) գործարքներին:
14.10 Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների հետ ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելիս կամ սույն կանոնակարգի 14.1-րդ կետում նշված անձանց պրոֆեսիոնալ հաճախորդ դասակարգելիս գրավոր հարցում են կատարում տվյալ հաճախորդներին նաև որակավորված ներդրող համարվելու համաձայնության վերաբերյալ: Եթե առկա է հաճախորդի համաձայնությունը, ապա վերջինս ստորագրում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից տրամադրված Կանոնակարգ 4/06-ի Հավելված 1-ով սահմանված որակավորված ներդրող գրանցվելու դիմումը: Ստորագրված դիմումը ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկ դիմումը ստորագրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով (Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով): Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում դիմումը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում ներկայացնում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
14.11 Պրոֆեսիոնալ համարվող հաճախորդները, որոնք սույն կանոնակարգի 14.10-րդ կետի համաձայն ստորագրել են որակավորված ներդրող գրանցվելու դիմում, Կանոնակարգ 4/06-ով սահմանված գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում գրանցումից դուրս գալու համար ստորագրում և տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձին են ներկայացնում Կանոնակարգ 4/06-ի հավելված 2-ով սահմանված Տեղեկատվական բազայում գրանցումից հանելու մասին դիմումը: Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք ստորագրված դիմումը էլեկտրոնային՝ սույն կանոնակարգի 14.10-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ անհապաղ, բայց ոչ ուշ, քան պրոֆեսիոնալ հաճախորդի կողմից ստորագրված դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
14.12 Ներդրումային ծառայություն մատուցող անձինք պրոֆեսիոնալ հաճախորդներին դասակարգելիս պարտավոր են այդ հաճախորդի հետ պայմանագրում ներառել դրույթ, համաձայն որի պրոֆեսիոնալ համարվող հաճախորդները պարտավոր են ներդրումային ծառայություններ մատուցող անձին տեղեկացնել այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել հաճախորդի պրոֆեսիոնալ դասակարգման վրա: Եթե հաճախորդի կողմից տրամադրված կամ այլ կերպ ներդրումային ծառայություններ մատուցող անձին հասանելի դարձած տեղեկատվության հիման վրա ներդրումային ծառայություններ մատուցող անձի գնահատականով հաճախորդն այլևս չի բավարարում այն պայմաններին, որոնց հիման վրա դասակարգվել է պրոֆեսիոնալ հաճախորդ, կամ եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարզում է, որ հաճախորդի կողմից տրամադրված տեղեկությունները եղել են անարժանահավատ, ներդրումային ծառայություններ մատուցող անձն անհապաղ դադարեցնում է հաճախորդի պրոֆեսիոնալ դասակարգումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաճախորդին:
14.13 Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք սույն կանոնակարգի 14.12-րդ կետի համաձայն իրենց հաճախորդների պրոֆեսիոնալ կարգավիճակի դադարեցման վերաբերյալ, ինչպես նաև սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելու վերաբերյալ (միայն այն հաճախորդների մասով, որոնք սույն կանոնակարգի 14.10-րդ կետի համաձայն համաձայնություն են տվել ներդրումային ծառայություններ մատուցող անձին համարվել որակավորված ներդրող) տեղեկացում են ներկայացնում Կենտրոնական բանկ անհապաղ, բայց ոչ ուշ, քան պրոֆեսիոնալ կարգավիճակի դադարեցումից (սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների դեպքում ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծելուց) հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկացումը ներկայացվում է էլեկտրոնային՝ սույն կանոնակարգի 14.10-րդ կետով սահմանված կարգով և ներառում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը, հաճախորդի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը), հաճախորդի հանրային ծառայության համարանիշը, բացակայության դեպքում՝ անձին նույնականացնող այլ փաստաթղթի համարը (հարկ վճարողի հաշվառման համարը), պրոֆեսիոնալ հաճախորդի պրոֆեսիոնալ կարգավիճակի դադարեցման ամսաթիվը (սույն կանոնակարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պրոֆեսիոնալ հաճախորդների դեպքում ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի լուծման ամսաթիվը), դադարեցման (պայմանագրի լուծման) հիմքը (հիմքերը):
14.14 Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք Կանոնակարգ 4/06-ի 23-րդ կետի համաձայն իրենց պրոֆեսիոնալ հաճախորդներից ստացված տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային՝ սույն կանոնակարգի 14.10-րդ կետով սահմանված կարգով:»,
5) Կանոնակարգի 38-րդ կետը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ ենթակետով.
«8.1) լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների մատուցման պայմանագրի դեպքում լրացվում է նաև.
ա. լեվերիջի առավելագույն մեծությունը, դրա փոփոխության պայմանները,
բ. ծառայության կամ գործարքի արդյունքում կորուստների դեպքում փոխհատուցման մեխանիզմների վերաբերյալ տեղեկություններ,
գ. մարժայի և այլ միջոցների փոխանցման կարգը,
դ. գործարքին բնորոշ այլ առանձնահատուկ պայմանները:»,
6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 16. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
76. Արգելվում է լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցել ոչ պրոֆեսիոնալ հաճախորդներին:
77. Մինչև լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցելը ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարզում է հաճախորդի ռեզիդենտությունը։
78. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ռեզիդենտ պրոֆեսիոնալ հաճախորդներին կարող են տրամադրել առավելագույնը 1:300 լեվերիջ:
79. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ոչ ռեզիդենտ պրոֆեսիոնալ հաճախորդներին կարող են տրամադրել առավելագույնը 1:400 լեվերիջ:
80. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված կարող են ծառայություններ մատուցել միայն այն դեպքում, եթե ծառայության շրջանակում ռեզիդենտ հաճախորդի կողմից ներդրվող նվազագույն ապահովվածության գումարը (մարժան) առնվազն 5 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ է:
81. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված կարող են ծառայություններ մատուցել միայն այն դեպքում, եթե ծառայության շրջանակում ոչ ռեզիդենտ հաճախորդի կողմից ներդրվող նվազագույն ապահովվածության գումարը (մարժան) առնվազն 2 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ է:
82. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ծառայություններ մատուցելիս պետք է ապահովեն, որպեսզի հաճախորդի կորուստը չլինի ավելին, քան իր կողմից ներդրված նվազագույն ապահովվածության գումարն (մարժան) է:
83. Հաճախորդներին լեվերիջով գործարքների, այդ թվում, ֆորեքս գործարքների կատարման հետ կապված ծառայություններ մատուցելու դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործընկեր կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են սույն կետով սահմանված չափանիշներից առնվազն երկուսին.
1) միջազգային լավագույն կարգավորման ստանդարտներին համապատասխանություն (գործընկերոջ կարգավորող մարմինը IOSCO-ի Հավելված Ա-ի անդամ է),
2) առնվազն 10 տարվա գործունեության պատմության առկայություն,
3) վարկանիշի առկայություն (առնվազն Մուդիս վարկանշող կազմակերպության տրամադրած Բաա1/Պ-2 վարկանիշ, կամ Ստանդարտ և Փուրզ վարկանշող կազմակերպության տրամադրած ԲԲԲ+/Ա-2 վարկանիշ, կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպության տրամադրած ԲԲԲ+/Ֆ2 վարկանիշ):»,
7) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 1-ով` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2019 թվականի մարտի 31-ը ներդրումային ծառայություններ մատուցող անձինք իրականացնում են իրենց կողմից արդեն իսկ դասակարգված պրոֆեսիոնալ հաճախորդների վերադասակարգում՝ հաշվի առնելով սույն կանոնակարգով սահմանված չափանիշները և դասակարգման այլ պայմանները:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք ապահովում են սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված 14.6-րդ կետի 2-րդ ենթակետով նշված հայտարարության ստորագրությունը այն պրոֆեսիոնալ հաճախորդների կողմից, որոնք լեվերիջով գործարքներ, այդ թվում՝ ֆորեքս գործարքներ կնքելու նպատակով պրոֆեսիոնալ հաճախորդ են դարձել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2018 թ. դեկտեմբերի 18
Երևան |
|
|
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 10-ի
թիվ 212-Ն որոշմամբ |
|
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշման հավելվածի |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների ռիսկայնության տեղեկացվածության վերաբերյալ
Ես՝ -----------------------------------------------------------------------------------------------------------------,
անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անունը, ազգանունը, հայրանունը)
տեղյակ եմ, որ լեվերիջով գործարքները, այդ թվում՝ ֆորեքս գործարքներն ունեն բարձր ռիսկայնություն, և այս գործարքների կնքումը համապատասխանում է միայն այն հաճախորդներին, որոնք պատրաստ են կորցնել իրենց կողմից նախապես ներդրված ապահովվածության գումարը (մարժան): Գիտակցում եմ նաև, որ այս գործարքներին բնորոշ են զգալի գնային տատանումներ, որոնց արդյունքում կարող եմ ինչպես բարձր եկամուտներ ստանալ, այնպես էլ զգալի կորուստներ կրել:
———————————
(ստորագրություն)
_____ ____________ 20 թ.»: